Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղատնտեսությամբ (ձիթենի, խաղող, շաքարի ճակնդեղ, անջրդի հոդերում՝ հացահատիկ)։ Արդյունահանվում են քարածուխ (Ուտրիլյսւս), երկաթ (Օխոս–Նեգրոս), ծծումբ (Լիբրոս), գործում են խոշոր ՀԷԿ–եր և ՋԷԿ, կան գինեգործական, ալրաղաց, շաքարի, յուղի և քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։

IX դ. հիմնադրվել է Ա–ի կոմսությունը։ 1035-ին Ա. ինքնուրույն թագավորություն էր։ 1118-ին Ալֆոնս I (1104-34) նվաճեց Սարագոսան և ընդարձակեց պետության սահմանները։ 1479-ին Ա–ի և Կաստիլիայի թագավորությունները միավորվեցին Իսպանիա միասնական պետության մեջ։

ԱՐԱԳՈՆԻՏ (<լատ. Aragon – մարզ Իսպանիայում), միներալ, կալցիումի բնածին կարբոնատ՝ ։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է պրիզմայաձև կամ ասեղնաձև բյուրեղներ, երբեմն՝ նուրբ, կեղևաձև ագրեգատներ (սիսեռաքար)։ Գույնը՝ սպիտակ, դեղին, կանաչ, մոխրագույն։ Կարծրությունը՝ 3,5–4, խտությունը՝ 2950 կգ/մ³։ Ա. Երկրի մակերևույթին անկայուն է և վերածվում է կալցիտի։ Ա. նստվածքի ձևով անջատվում է տաք լուծույթներից, երբեմն հանդիպում է հրաբխային ապարների դատարկություններում։ Ա. մարգարիտի հիմնական բաղադրամասն է, հաճախ կազմում է փսւփկսւմորթների խեցու սադափային շերտը։


ԱՐԱԳՈՆՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, միջլեռնային իջվածք Պիրենեյան թերակղզու հյուսիս–արևեւքում՝ Պիրենեյների, Իբերական և Կատալոնյան լեռների միջև։ Ալիքավոր հարթավայր է։ Բարձրությունը մոտ 250 մ է, լեռների մոտ՝ 500–700 մ։ Ոռոգվում է էբրո գետի և նրա վտակների ջրերով։ Կլիման մերձարևադարձային ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300–500 մմ։ Տիրապետում է չոր տափաստանը, տեղ–տեղ՝ կիսաանապատը և աղուտները։


ԱՐԱԳՎԻ, գետ Արևելյան Վրաստանում, Կուրի ձախ վտակը։ Կազմավորվում է Մեծ Կովկասի լանջերից սկիզբ առնող Սպիտակ և Սև Ա–ների միախառնումից։ Երկարությունը 66 կմ է, ավազանը՝ 2740 կմ²։ Լեռնային գետ է, սնումը՝ խառը։ Ա–ի հովտով է անցնում Ռազմավիրական ճանապարհը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ա–ի գետաբերանում է գտնվում Մցխեթ քաղաքը։


ԱՐԱԳՎԻՍՊԻՐԵԼԻ (Դեդաբրիշվիլի) Շիո Զախարի (1867–1926), վրացի գրող։ Ծնվել է դեկտեմբերի 4(16)–ին, Կարիսխևի գյուղում։ Հիմնսւդրել է ազգային հոգեբանական նովելագրությունը։ Առաջին գործերը տպագրվել են «Ջեջելի», «Կվսւլի» և «Իվերիա» պարբերականներում։ Հարել է նարոդնիկությանը, գրել գյուղական կյանքը պատկերող պատմը–վածքներ («Իմ մեղքը չէ, տեր աստված», «Վեր կաց», «Այս է մեր կյանքը» ևն)։ «Հող» և «Շղթայված Ամիրանը» նովելներում խարազանել է բուրժուական աշխարհի բարքերը, դրսևորել հակացարական տրամադրություններ։ Ա. փոքր պսւտմը–վածքի վարպետ է։ Մահացել է հունվ. 2-ին։

Երկ. Պատմվածքներ, Ե., 1931։ (վրացերեն), 1–2, ???, 1947.


ԱՐԱԳՈՒԱՅԱ (Araguaya), գետ Բրազիլիայում, Տոկանտինս գետի ձախ վտակներից (Ամազոնի համակարգ)։ Երկարությանը 2630 կմ է։ Սկիզբ է առնում Բրազիլական բարձրավանդակի հվ–արմ. եզրից և հոսում դեպի հս.։ Ստորին հոսանքում բաժանվում է 2 բազուկի՝ առաջացնելով աշխարհի ամենամեծ գետային կղզին՝ Բանանալը (երկարությունը՝ ավելի քան 300 կմ, լայնությունը՝ 75 կմ)։ Վարարումը՝ նոյեմբերից մարտ։ Միջին հոսանքում մոտ 1300 կմ նավարկելի է, ստորին մասում՝ սահանքավոր (Մարտիրիուս սահանք)։


ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, նյութական կետի շարժման հիմնական կինեմատիկական բնութագրիչներից մեկը ( ռավիղ վեկտորն է)։ Ա. վեկտոր է, որի ուղղությունը համընկնում Է հետագծի համապատասխան կետին տարած շոշափողի ուղղությանը։ Եթե նյութական կետը շարժվում է հավասարաչափ, ապա Ա–յան մեծությունը թվապես հավասար է անցած ճանապարհի () և այդ ճանապարհն անցնելու ժամանակամիջոցի () հարաբերությանը՝ : Անհավասարաչափ շարժումը բնութագրելու համար մտցվում է միջին արագության (միջ․) գաղափարը։ Այդ արագությունը որոշելու համար շարժման տևողությունը բաժանում են այնպիսի փոքր ժամանակամիջոցների, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում շարժումը կարելի է ընդունել հավասարաչափ միջ․ = )։ Եթե ժամանակամիջոցը անվերջ փոքրացվի, ապա միջին Ա. կձգտի ինչ–որ սահմանի, որն անվանում են կետի Ա. ժամանակի տվյալ պահին (ակնթարթային Ա.՝ ): Ա–յան պրոյեկցիաները դեկարտյան ուղղանկյուն կոորդինատական համակարգի առանցքների վրա հավասար են կոորդինատների առաջին կարգի ածանցյալներին ըստ ժամանակի՝ , իսկ բացարձակ մեծությունը՝ ։ Պտտական շարժման դեպքում մտցվում է անկյունային արագության գաղափարը՝ պտտման անկյան առաջին կարգի ածանցյալը ըստ ժամանակի՝ ։ Բոլոր այս Ա–ները ընդհանրացված արագության մասնավոր դեպքեր են։


ԱՐԱԴ (Arad), քաղաք Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետությունում, Մուրեշ գետի ափին։ 136 հզ. բն. (1970)։ Տրանսպորտային հանգույց և արդ. կենտրոն։ Ունի մեքենաշինական (վագոններ, հաստոցներ), տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։


ԱՐԱԶ, գետ։ Տես Արաքս։


«ԱՐԱԶ», շաբաթաթերթ, ապա եռօրյա, հրատարակվել է 1932–44-ին, Բուխարեստում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Հ. Սիրունի։ Տպագրել է քաղաքական լուրեր, տեղեկություններ ռումինահայ գաղթօջախի, սփյուռքահայության և Սովետական Հայաստանի մասին, պատմա–բանասիրական, գրական, կենսագրական հոդվածներ։ «Ա.»–ում հրապարակվել են հայ գրականությանն ու պատմությանը, ռումինահայ գաղութի նորագույն շրջանին վերաբերող բազմաթիվ ուսումնասիրություններ։ «Ա.» թարգմանական նյութեր է տպագրել ռումինական և հունգարական գրականությունից։ Ուշագրավ են նաև ժամանակի թուրք, մամուլից հայերին վերաբերող հոդվածների թարգմանությունները։ Պարբերականը տարբեր առիթներով լույս է ընծայել նաև պատկերազարդ բացառիկ համարներ։ Ս. Քոլանջյան


ԱՐԱԶԱՓ (մինչև 1947՝ Էվջիլար), գյուղ Հայկական ԱՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, Արաքս գետի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևելք։ 882 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեպտղաբուծությսւմբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք։ Ա–ում է ծնվել բանաստեղծ Թ. Հուրյանը։

ԱՐԱԶ–ԳԵՂ, Արազ–Օղլի, գյուղ Կարսի մարզում։ Անիի ավերակներից 5–6 կմ հեռավորության վրա։ 1907-ին ուներ 492 հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Կարս քաղաքի հետ։ Ա.–Գ–ում կար նախակրթական վարժարան և եկեղեցի։ Ավերվել է 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ։ Բնակիչների մի մասը փրկվել է կոտորածներից և բնակություն հաստատել Սովետական Հայաստանում։


ԱՐԱԶԴԱՅԱՆ, Երասխ ավանի նախկին (մինչև 1968) անվանումը։


ԱՐԱԶԴԱՅԱՆԻ ԴԱՇՏ, տես Արածո դաշտ։


ԱՐԱԶԴԱՅԱՆԻ ՈՌՈԳՄԱՆ–ՉՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, Հայկական ՍՍՀ Արազդայանի դաշտում հողաբարելավման և ջրատեխնիկական կառույցներ։ Համակարգի մեջ մտնող մայր ջրանցքը կառուցվել է դեռևս ուրարտական ժամանակաշրջանում և ոռոգել է մի քանի հարյուր հա հողեր։ Նւղատակ ունենալով ապահովել 11 հզ. հա հողատարածության ոռոգումը՝ 1872–1874-ին ջրանցքր մեծացվել է, իսկ Արաքս գետի երկայնքով կառուցվել հողապատնեշներ։ 1950-ին ջրանցքը վերակառուցվել է, իսկ հետագայում կիրառվել հողաբարելավման միջոցառումներ (աղազերծում, ստորերկրյա ջրերի իջեցում)։ Բարելավված տարածություններում կառուցվում է ոռոգման ցանց։


ԱՐԱԶԻ (իսկական անունը՝ Հարությունյան Մովսես Մելիքի) (1878–1964), հայ սովետական գրող, պրոլետարական գրականության սկզբնավորողներից։ Ծնվել է մարտի 20(ապրիլի 1)–ին, Շուլավերում (այժմ՝ Վրացական ՍՍՀ, Շահումյան ավան)։ Սկզբնական կրթությունն ստացել է Շուլսւվերում, ապա Թիֆլիսի ռեալական դպրոցում։ 1899-ին տեղա–