Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1920-ի օգոստոսին դաշնակցական կառավարությունը պետականացրեց Շուստովի՝ Երևանի գործարանը և սպիրտն ու կոնյակը սկսեց արտահանել արտասահման։ Միայն սովետական իշխանության հաստատումով պահպանվեցին կոնյակի սպիրտի սուղ պաշարները։ Պետականացված սպիրտը բոլոր գործարաններից տեղափոխվեց Երևան, ստեղծվեց հին կոնյակի սպիրտի ֆոնդ։ Շուստովի Երևանի գործարանը, որը կոչվել է «Արարատ», դարձավ գինեգործության հիմնական ձեռնարկությունը։ 1921-ի օգոստոսին պետականացվեց ևս 5 գինու և կոնյակի գործարան, որոնք մտան «Արարատ» գործարանի կազմի մեջ։ Այս գործարանները սկզբում չէին գործում՝ կիսաքանդ լինելու և հումքի բացակայության պատճառով։ 1921-ին վերամշակվել է ընդամենը 50 տ խաղող։ 1922-ի օգոստ. 16-ին հիմնվեց գինու և կոնյակի «Ա.» տրեստը, որին հանձնվեցին գինու, կոնյակի, օղու արտադրության հանրապետության բոլոր գործարանները։ «Ա.» տարալցման գործարաններ ստեղծեց Մոսկվայում («Հայաստանի գինիների պետական մառաններ», 1922), Լենինգրադում (1923), Ռոստովում (1950), Ռոստովում (1924) և Կիևում (1936)։ Վերջին երկուսը հետագայում լուծարվեցին։ 1924-ին վերականգնվեց Արտաշատի գինու գործարանը։ 1926–32-ին այգեգինեգործական կոոպերացիային հանձնվեց խաղողի վերամշակման և տնտեսություններից գինեմթերման գործը։ «Ա.» տրեստին թողնվեց գինու հետագա վերամշակումը, կոնյակի արտադրությունը և պատրաստի արտադրանքի առաքումը։ 1930-ին «Ա.»–ին հանձնվեցին № 1 և № 3 սովետական տնտեսությունները։ Հետագայում «Ա.» տրեստը խաղողագործական սովետական տնտեսություններ կազմակերպեց Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արարատի, Արովյանի շրջաններում։ Խաղողագործության զարգացման հետ միասին «Ա.» կառուցեց նոր գինեգործարաններ և ընդլայնեց հին գործարանները։ Վերջիններից մի քանի փոքր շինություններ են մնացել Երևանի գինու կոմբինատում և Արտաշատի գինու գործարանում։ Այժմ Հայաստանի բոլոր այգեգործական շրջաններում կառուցվում են գինու և կոնյակի գործարաններ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով։ «Ա.» թողարկում է գինեգործական արդյունաբերության արտադրանքի բոլոր տեսակները՝ սեղանի չոր և կիսաքաղցր, թնդեցրած, աղանդերային գինիներ, գազով գինի, շամպայն, կոնյակներ, օղի։ Ըստ որակի արտադրվում է սովորական և տեսակավոր արտադրանք։ Սովետական Միության բոլոր շրջաններում և արտասահմանում առանձնապես հարգի են հայկական կոնյակները, «Այգեշատ», «Արևիկ», «Արևշատ», «Մուսկատ», «Օշական», «Աշտարակ», «Էջմիածին», «Ոսկեվազ», «Բյուրական», «Արենի» գինիները։ Հայկական գինիները, շամպայնը և կոնյակը միջազգային բազմաթիվ մրցույթներում ստացել են ավելի քան 120 ոսկե և արծաթե մեդալ։ «Ա.» արտադրում է կոնյակներ, որոնք ըստ որակի բաժանվում են երկու խմբի՝ սովորական կոնյակներ՝ «3 աստղ», «4 աստղ», «5 աստղ» (պատրաստված կոնյակի 3, 4 և 5 տարեկան սպիրտներից), տեսակավոր կոնյակներ՝ «Ընտիր» (6–7 տարեկան), «Հոբելյանական», «Հայաստան», «Դվին», «Երևան», «Ախթամար» (10 տարեկանից վեր), «Տոնական» (14 տարեկան), «Նաիրի» (20 տարեկան), «40 տարի» և «50 տարի» (պատրաստված 40 և 50 տարեկան սպիրտներից)։ 1972-ին «Ա.» վերամշակել է 163 հզ. տ խաղող, արտադրել 8 մլն. դկլ գինի, 645 հզ. դկլ կոնյակ, 550 հզ. շիշ շամպայն, 113 տ գինեթթու, 1 մլն. դկլ օղի։ «Ա.»–ի արտադրանքը կազմում է Հայաստանի սննդի արդյունաբերության արտադրանքի 50%: Թողարկվող արտադրանքի զգալի մասն ուղարկվում է Սովետական Միության տարբեր շրջանները, ինչպես նաև արտահանվում արտասահման։ Արտասահման ուղարկվող 5 աստղանի կոնյակը «Բրենդի»–ի փոխարեն անվանվել է «Արարատ»։ «Ա.»–ի գինեգործարաններում պայմաններ են ստեղծվում 200 հզ. տ խաղող մշակելու համար։ 8 գործարանում տեղադրված են թորման սարքեր՝ կոնյակի սպիրտներ ստանալու համար։ Նոր գործարաններ են կառուցվում Իջևանում՝ սեղանի գինիներ Ա շամպայնի գինենյութ ստանալու համար, Երևանում, Աշտարակի շրջանի Սասունիկ ավանում, կոնյակի խոշոր գործարաններ՝ Հոկտեմբերյանում և Այգավանում։ Վերակառուցվում է Երևանի գինու կոմբինատը։ Շամպայն գինիների գործարանում ստեղծվում է նոր արտադրամաս, որը թողարկելու է 1,7 մլն. շիշ շամպայն (անընդհատ եղանակով)՝ մշակված լենինյան մրցանակի դափնեկիրներ Դ. Աղաբալյանցի, Ա. Մերժանյանի և Ս. Բրուսիլովսկու կողմից։

1975-ին «Ա.»–ի ձեռնարկությունները կարտադրեն 15,7 մլն. դկլ գինենյութ և կթողարկեն 8,8 մլն. դկլ գինի, 720 հզ. դկլ կոնյակ, 2300 հզ. շիշ շամպայն գինիներ և այլ արտադրանք։ Լ. Ջանփոլադյան, Հ. Եպիսկոպոսյան

(նկ․) ՀՍՍՀ սննդի արդյունաբերական մինստրության գինու և կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչության («Արարատ») շենքը Երևանում։

«ԱՐԱՐԱՏ», հիդրոկարբոնատային կալցիում–մագնեզիումային բաղադրության թույլ ռադիոակտիվ հանքային ջուր։ Բացի և գերակշռող բաղադրամասերից ոչ մեծ քանակություններով ներկա են , միկրոքանակություններով՝ ։ «Արարատ» հանքային ջրի բնական ելքը հայտնի է վաղ ժամանակներից։ Այն դուրս է գալիս ՀՍՍՀ համանուն քաղաքից մոտ 0,8 կմ հվ–արլ՝. պալեոզոյան հասակի կարբոնատային նստվածքային ապարների տարածման վայրում, բնական աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ձևով։ Ջրի ընդհանուր հանքայնացումը կազմում է 1–1,5 գ/լ, ջերմաստիճանը 20°C–ից 25°C է, գազերի ընդհանուր պարունակությունը մինչև 1,2 գ/լ։ Դեբիտը շատ մեծ է։ Աղբյուրների ելքի շուրջը գտնվում են տրավերտինների հսկայական կուտակներ, որոնք օգտագործվում են որպես ցեմենտի հումք։

«Արարատ» հանքային ջուրն օգտագործվում է երիկամների հիվանդությունները բուժելու համար։ Արարատ քաղաքում գործում է պրոֆիլակտորիում։ Ա. Անանյան


«ԱՐԱՐԱՏ» (Երևան), ֆուտբոլի թիմ։ Կազմակերպվել է 1935-ին։ 1935–37-ին անվանվել է «Սպարտակ», 1937–54-ին՝ «Դինամո», 1954–62-ին՝ կրկին «Սպարտակ» և համապատասխանաբար եղել է նույնանուն մարզական ընկերությունների կազմում։ 1963-ից հանդես է գալիս «Ա.» անունով՝ ներկայացնելով «Աշխատանք» արհմիութենական կամավոր մարզական ընկերությունը։ 1949-ից մասնակցում է ՍՍՀՄ ֆուտբոլի Ա խմբի առաջնությանը, որից դուրս է մնացել 1951–59-ին և 1964–1965-ին։ 1965-ին երկրի ֆուտբոլի Ա խմբի 2-րդ լիգայի մրցումներում գրավելով առաջին տեղը և նվաճելով «Փոքր ոսկե մեդալներ»՝ վերադարձել է 1-ին (այժմ բարձրագույն) լիգա։

ՍՍՀՄ ֆուտբոլի գավաթի 1954-ի մրցումներում «Ա.» նվաճել է եզրափակիչում խաղալու իրավունք (պարտվել է Կիևի «Դինամո»–ից)։ «Ա.» ունեցել է բազմաթիվ միջազգային ընկերական հանդիպումներ Երևանում և արտասահմանյան մի շարք երկրներում (Հունգարիա, Ֆրանսիա, Իրան, Իրաք, Լիբանան, Սիրիա, Ալժիր ևն)։

Տարբեր խաղաշրջաններում «Ա.»–ի կազմում հանդես են եկել անվանի ֆուտբոլիստեեր Ա. Աբրահամյանը, Հ. Աբրահամյանը, Ֆ. Աբրահամյանը, Հ. Անդրեասյանը, Վ. Անտոնյանը, Հ. Ասատրյանը, Ս. Բաբայանը, Կ. Բեգլարյանը, Ա. և Հ. Դուրգարյան եղբայրները, Ա. Զատիկյանը, Ղ. Թեքնեջյանը, Վ. Կակոսյանը, Ս. Կապիդին, Հ. Կարմիրյանը, Գ. Համբարձումյանը, Բ. Հայկյանը, Ֆ. Հարությունյանը, Ս. Հովիվյանը, Լ. Հովսեփյանը, Ռ. Մաթևոսյանը, Հ. Մանթարլյանը, . Վ. Մերկուլովը, Ի. Մկրտչյանը, Հ. Մխոյանը, Հ. Չալիկյանը, Մ. Սեմերջյանը, Ժ. Սուփրիկյանը, Է. Վարդանյա-