Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանումների հետևանքով կորցրեց հեղինակությանը լայն հասարակության շրջանում։ 1966-ի հունիսի 28-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Իշխանությունը զավթելով «հեղափոխական խունտան» արձակեց Ազգային կոնգրեսը և արգելեց բոլոր քաղաքական կուսակցությունները։ Պրեզիդենտ նշանակվեց գեներալ Խ. Օնգանիան։ Նրա ներքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն էր պայքարը «կոմունիստական գործունեության» դեմ։ Արտաքին քաղաքականության բնագավառում Օնգանիայի կառավարությունը հետևում էր ԱՄՆ–ի գծին։ Միևնույն ժամանակ նա ընդլայնեց տնտ. կապերը սւրևմտաեվրոպական երկրների (ԳՖՀ, Անգլիա, Իսպանիա, Ֆրանսիա ևն) հետ։ 1970-ի հունիսին Ա–ում տեղի ունեցավ հեղաշրջում։ Խռովարար զինվորականները Օնգանիային հեռացրին իշխանությունից և նրա տեղը նշանակեցին գեներալ Ռ. Լևինգստոնին։ Նոր վարչակարգի ծրագիրը սահմանափակում էր պրեզիդենտի լիազորությունները և ընդլայնում զինված ուժերի երեք զորատեսակների հրամանատարների խորհրդի իշխանությունը։

1970-ի վերջերին Ա–ում ստեղծվեց հակաիմպերիալիստական լայն շարժում՝ «Արգենտինացիների ազգային հանդիպում» (ԱԱՀ) անվամբ, որի մեջ մտան բազմաթիվ կուսակցությունների (այդ թվում նաև կոմկուսի), արհմիությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 1971-ի մարտին, հերթական քաղաքական ճգնաժամից հետո, իշխանության գլուխ անցավ գեներալ Ա. Լանուսեի կառավարությունը։ 1973-ի մարտի 11-ի ընտրություններում հաղթանակ տարան պերոնականները։ Նորընտիր պրեզիդենտ Էկտոր Կամպորան մայիսի 25-ին Ազգային կոնգրեսին հղած ուղերձում հայտարարեց, որ իր կառավարության ներքին և արտաքին քաղաքականության գաղափարական հիմքը լինելու է «երրորդ դիրքը»։ Նա ողջունեց «անձնազոհ վիետնամական ժողովրդին, որը տասնամյակներ շարունակ պայքարում է իր անկախության համար»։ Կամպորան ընդգծեց, որ իր կառավարությունը համերաշխելու է ամեն տեսակ հակաիմպերիալիստական պայքարին և երբեք չի անցնի շահագործողական կառավարությունների և երկրների կողմը։ Մայիսի 28-ին վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ։ Ա–ի կառավարությունը ծրագրում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՎԴՀ, ԿԺԴՀ և ԳԴՀ հետ։ Մայիսի 25-ին համընդհանուր ներում շնորհվեց քաղաքական բանտարկյալներին, պառլամենտը միաձայն որոշում կայացրեց զինվորական բռնատիրական վարչակարգը օրոք ընդունված քաղաքական հետապնդումների օրենսդրությունը վերացնելու մասին։ Ա–ի կոմկուսը դուրս եկավ ընդհատակից և առաջին անգամ երկրի պատմության մեջ ունի ներկայացուցչություն պառլամենտում։ Պերոնականների գլխավորած Ազատագրական խուստիսիալիստական ճակատի (ԱԽՃ.) ծրագիրը նախատեսում է արտաքին առևտրի ազգայնացում, բանկերի և օտարերկրյա կապիտալի ներդրումների նկատմամբ վերահսկողության սահմանում, ազգային արդյունաբերության զարգացում, քաղաքական կյանքի դեմոկրատացում։ Հուլիսի 13-ին Է. Կամպորան հրաժարական տվեց, որպեսզի Խ. Պերոնին հնարավորություն տա 18 տարվա ընդմիջումից հետո նորից զբաղեցնել պրեզիդենտի պաշտոնը։ Նոր ընտրությունները տեղի ունեցան սեպտ. 23-ին, և 78-ամյա Խուան Դոմինգո Պերոնը, շահելով քվեների 62 տոկոսը, հոկտ. 12-ից ստանձնեց Ա–ի պրեզիդենտի պոստը։ Այդ ընտրություններում կոմկուսը պաշտպանեց Պերոնի թեկնածությունը՝ նկատի ունենալով նրա ծրագրի համեմատաբար առաջադիմական բնույթը։

VI. Քաղաքական կուսակցությունները

1966-ի հունիսի վերջին «հեղափոխական խունտան», որը տապալել էր երկրի սահմանադրական կառավարությունը, քաղաքական բոլոր կուսակցությունները հայտարարեց արձակված։ Սակայն դրանք շարունակում էին գործել կիսալեգալ պայմաններում։ Պերոնականների հաղթանակից հետո (1973-ի մարտ) քաղաքական կուսակցությունները դարձել են լեգալ։ Դրանցից գլխավորներն են.

Ժողովրդի քաղաքացիական ռադիկալ միությունը, որը գլխավոր օպոզիցիոն կուսակցությունն է (ստեղծվել է 1957) և միավորում է բուրժուազիային, ինչպես նաև միջակ ու հարուստ գյուղացիներին, բանվորների ու մտավորականների։ Անհաշտների քաղաքացիական ռադիկալ միությունը (ստեղծվել է 1957)։ Պրոգրեսիվ դեմոկրատական կուսակցությունը (ստեղծվել է 1909) ունի հակաիմպերիալիստական դիրքորոշում։ Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը (ստեզծվել է 1954) միավորում է միջին ու մանր բուրժուաոհայի մի մասին և ոստում է կաթոլիկական եկեղեցուն։ Արգենտինայի սոցիալիստական կուսակցությունը և Արգենտինական սոցիալիստական կուսակցությունը ստեղծվել են 1961-ին՝ Ա–ի սոցիալիստական կուսակցության պառակտման հետեվանքով։ Խուստիսիալիստական կուսակցությունը ստեղծվել է 1958-ին, միավորում է մանր ու միջին բուրժուազիայի, բանվորների և մտավորականների մի մասին։ Արգենտինայի կոմունիստական կուսակցությունը (ԱԿԿ) ստեղծվել է 1918, սոցիալիստական կուսակցության ձախ թևից։ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (ԱՀԿ) ստեղծվել է 1930-ին և ընդգրկում է մի շարք խոշորագույն արհմիութենական միավորումներ, որոնց ղեկավարում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները։ Կոմունիստական երիտասարդության շարժումը ստեղծվել է 1921-ին և գտնվում է ԱԿԿ ազդեցության տակ։ Համընդհանուր էկոնոմիկական կոնֆեդերացիան ստեղծվել է 1951-ին և միավորում է ազգային միջին և մանր ձեռնարկատերերին։ Ազատ ձեռնարկատերերի միավորումների կոորդինացված գործունեությունը ստեղծվել է 1958-ին և միավորում է խոշոր ձեռնարկատեր–արդյունաբերողներին, առևտրականներին, ֆինանսիստներին, որոնք կապված են օտարերկրյա կապիտալի հետ։ Արգենտինայի խաղաղության խորհուրդն ստեղծվել է 1948-ին։ Արգենտինայի կանանց միությունն ստեղծվել է 1947-ին։

VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ

Ընդհանուր տեղեկություններ։ Ա. ագրարային–ինդուստրիալ երկիր է, Լատինական Ամերիկայի զարգացած երկրներից մեկը։ Նրա տնտեսությանը բնորոշ են՝ հիմնական ճյուղերի ենթարկումը արտասահմանյան կապիտալին, կախումը արտաքին շուկայից և ագրարային հարաբերությունների հետամնացությունը։ XIX դ. 2-րդ կեսին եվրոպական երկրներում գյուղատնտ. մթերքների պահանջարկի ավելացման ազդեցությամբ ձևավորվեց Ա–ի միակողմանի գյուղատնտ. մասնագիտացումը։ XX դ. սկզբին Ա. դարձավ աշխարհի հացահատիկային և անասնապահական մթերքների արտադրության խոշոր կենտրոններից մեկը։ Արտասահմանյան կապիտալի ներթափանցումը (սկզբում գլխավորապես անգլ., հետագայում ԱՄՆ–ի) Ա–ին դրեց կախյալ վիճակի մեջ։ Ա–ում օտարերկրյա մասնավոր կապիտալ ներդրումները կազմում էին 2,5 մլրդ. դոլար (1970), որի 50% բաժին էր ընկնում ԱՄՆ–ին, 20% Մեծ Բրիտանիային և 15% Իտալիային։ Օտարերկրյա կապիտալը վերահսկում է անասունների սպանդի 30% , մսի արտահանության 80%, նավթամթերքների ներքին շուկայի 39%, կաուչուկի արտադրության 85%, ցեմենտի 50%, ավտոմեքենաների 90% , տրակտորների 100%, նավթաքիմիայի 95%, ալյումինի ձուլման 100%, ողջ դեղագործական արդյունաբերությունը և արհեստական թելի արտադրությունը։

Ա–ի էկոնոմիկայի կառուցվածքում զգալի տեղաշարժեր կատարվեցին երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած և նրանից հետո։ Դա արտահայտվեց առաջին հերթին արդյունաբերության նոր ճյուղերի ստեղծմամբ, որով և արդյունաբերական արտադրանքի արժեքը գերազանցեց գյուղատնտեսական արտադրանքի արժեքին։ 1971-ին համախառն ազգային արդյունքն ավելացավ 3,8%-ով և կազմեց 1426 մլրդ. պեսո (1960-ի գներով): Նույն թվականին համախառն ագգային արդյունքի 13,5% տվել են գյուղատնտեսությունն ու ձկնորսությունը, 44,0% արդյունաբերաթյանը (արդյունահանող արդյունաբերությունը՝ 1,7%, մշակողը՝ 35,6% շինարարությունը՝ 4,4%, էլեկտրականության, գազի և ջրի մատակարարումը 2,3%), տրանսպորտը և կապը՝ 7,5% առևտուրը՝ 17,8%, պետական ադմինիստրացիան, կոմունալ և այլ ծառայությունները՝ 17,2%։ Սակայն աշխատանքի միջազգային բաժանման մեջ առաջվա պես Ա–ի տեղը որոշվում է գյուղատնտ. արտադրությամբ։ Երկրորդ համաշխարհային