78 ԱԴՎԵՆՏԻՎ
ուսմունքը ծայրահեղ հետադիմական է, սերմանում է հոռետեսություն, տարակուսանք վաղվա օրվա նկատմամբ, մարդուն ետ է պահում ակտիվ հասարակական գործունեությունից: Հակակոմունիզմի ջատագովները Ա֊ի ուսմունքն օգտագործում են որպես գաղափարական պայքարի միջոց։
- Ադվենտիվ օրգաններ բույսերի ##]
ԱԴՎԵՆՏԻՎ ՕՐԳԱՆՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ (<լատ. adventicus – օտարամուտ), տես Հավելյալ օրգաններ բույսերի։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Մ. Ազիզբեկովի անվան ակադեմիական, հիմնադրվել է 1920-ին, Բաքվում, որպես Միացյալ (ադրբ., հայկ. և ռուս.) թատրոնի ադրբեջանական խումբ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1922-ի նոյեմբ. 17-ին՝ Մ. Ֆ. Ախունդովի «Հաջի Կարա» ներկայացումով։ 1925-ին բեմադրվեց Շեքսպիրի «Համլետ»֊ը։ Մինչև 1929 կոչվել է Ակադեմիական դրամատիկ․ թատրոն, ապա՝ Գեղարվեստական թատրոն, 1935-ից՝ Դրամատիկական թատրոն, իսկ 1950-ից՝ այժմյան անունով։ Թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1949-ին)։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՄԵՐԻՆՈՍ, նրբագեղմ, բրդամսատու ոչխարի ցեղ։ Հաստատվել է 1948-ին։ Ա. լ. մ. հարմարված է լեռնային պայմաններին, դիմացկուն է։ Խոյերի միջին բրդատվությունը 8–10 կգ է, մաքիներինը՝ 4,5–5, կենդանի քաշը, համապատասխանաբար՝ 80–90 և 45–55 կգ։ Ա. լ. մ. բուծվում է Ադրբ. ՍՍՀ֊ում (գլխավորապես՝ Գետաբեկի և Շամքորի շրջաններում)։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ս. Մ. Կիրովի անվան, հիմնադրվել է Բաքվում, 1919-ին։ Կոչվել է Բաքվի, 1924-ից՝ Ադրբեջանի, իսկ 1934-ից՝ Ադրբեջանի Ս. Մ. Կիրովի անվան համալսարան։ Ունի ցերեկային, երեկոյան և հեռակա բաժիններ՝ ֆիզիկայի, մեխանիկա֊մաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, երկրաբանա֊աշխարհագրական, պատմության, բանասիրական, իրավաբանական, արևելագիտության, գրադարանային, ժուռնալիստիկայի ֆակուլտետներով (1970), բուհերի դասախոսների կատարելագործման ֆակուլտետ և ասպիրանտուրա։ Դասավանդումը՝ ադրբեջաներեն և ռուսերեն։ 1955-ից հրատարակում է «Գիտական տեղեկագիր»։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Ազարբայջան Սովյեթ Սոսիալիսթ Րեսփուբլիքասը), Ադրբեջան։
Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն
I. Ընդհանուր տեղեկություններ
Ադրբեջանական ՍՍՀ կազմավորվել է 1920-ի ապրիլի 28-ին։ 1922-ի մարտի 12-ից մինչև 1936-ի դեկտ. 5-ը մտել է Անդրկովկասյան Ֆեդերացիայի մեջ, 1936-ի դեկտ. 5-ից անմիջապես մտել է ՍՍՀՄ կազմի մեջ։ Գտնվում է Անդրկովկասի արլ֊ում։ Հյուսիսից սահմանակից է ՌՍՖՍՀ֊ին (Դաղստանի ԻՍՍՀ), հյուսիս֊արևմուտքից՝ Վրացական ՍՍՀ֊ին, հարավ֊արևմուտքից՝ Հայկական ՍՍՀ֊ին և Թուրքիային, հարավից՝ Իրանին։ Արևելքում Ադրբ. ՍՍՀ տերիտորիան ձգվում է մինչև Կասպից ծովը։ Տարածությունը 86,6 հզ. կմ2 է, Կասպից ծովի կղզիների հետ միասին (Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիվ տերիտորիան ավելացել է 3,5 հզ. կմ²)։ Բնակչությունը 1972-ի հունվ. 1-ի դրությամբ՝ 5323 հզ.։ Մայրաքաղաքը՝ Բաքու։ Ադրբ. ՍՍՀ կազմում են Նախիջևանի ԻՍՍՀ և Լեռնային Ղարաբաղի ԻՄ։ Հանրապետությունը բաժանված է 60 շրջանի, ունի 57 քաղաք (1913-ին՝ 13) և 119 քաղաքատիպ ավան։
II. Պետական կարգը
Ադրբ. ՍՍՀ բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետություն է, միութենական սովետական սոցիալիստական հանրապետություն, որը մտնում է ՍՍՀՄ կազմի մեջ։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1937-ի մարտի 14-ին, սովետների համաադրբեջանական IX համագումարում։ Իշխանությունը պատկանում է աշխատավորների դեպուտատների սովետներին։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, ընտրվում է 4 տարին մեկ (յուրաքանչյուր 12,5 հազար բնակչից՝ 1 դեպուտատ)։ Գերագույն սովետի նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում բարձրագույն իշխանությունն իրականացնում է Գերագույն սովետի նախագահությունը։ Գերագույն սովետը կագմում է հանրապետության կառավարությունը՝ Մինիստրների սովետը, և ընտրում է գերագույն դատարանը։
III. Բնությունը
Կասպից ծովի ափերը թույլ են կտրտված։ Խոշորագույն թերակղզին Ապշերոնյանն է։ Հարմարավետ են Ապշերոնյան, Կիրովի անվ. ծոցերը և Բաքվի խորշը։ Կղզիներից նշանավոր են Ապշերոնյան և Բաքվի արշիպելագները։ Հանրապետության տարածության մոտ կեսը գրավում են լեռները։ Հս֊արլ֊ում ձգվում են Մեծ Կովկասի Ջրբաժան և Կողքի լշ֊ները՝ մինչև 4480 մ բարձր. (Բազար֊Դյուզյու)։ Արմ֊ում և հվ֊արմ֊ում՝ Սևանի (Շահդաղ), Մռովդաղի, Ղարաբաղի (Փոքր Կովկաս), Զանգեզուրի (Կապուտջուղ, 3904 մ) լշ֊ները և Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակը։ Մեծ և Փոքր Կովկասյան սիստեմների միջև գտնվում է Կուր֊Արաքսյան դաշտավայրը, հվ֊արլ֊ում՝ Լենքորանի դաշտավայրը և Թալիշի լեռները։ Ա. ալպյան ծալքավոր գոտու առավել բարդ և յուրահատուկ մարզերից է։ Կազմված է տարբեր հասակի ապարներից, տիրապետող են յուրայի, կավճի և կայնոզոյի նստվածքները (Մեծ Կովկասում՝ թերթաքարեր, Փոքր Կովկասում՝ հրաբխային, ներժայթքային և նստվածքային ապարներ, Կուր֊Արաքսյան դաշտավայրում՝ անթրոպոգենի ծովային և ալյուվիալ֊պրոլյուվիալ նստվածքներ)։ Ա. հարուստ է օգտակար հանածոներով (նավթ, գազ, երկաթ, ալունիտ, պղինձ, պղնձային հրաքար, աղ, շինանյութեր) և հանքային աղբյուրներով (Իստիսու, Բադամլի, Թորշուսու)։ Կլիման Կուր֊Արաքսյան դաշտավայրում չոր մերձարևադարձային է (հունվ. 0°C֊ից 3°C, հուլիսին՝ 25°C֊ից 27° C, տեղումները՝ 200–300 մմ), Լենքորանի դաշտավայրում և Թալիշի նախալեռնային շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային (1000–1700 մմ տեղումներով), լեռների ստորոտներում և ցածրադիր լանջերին՝ բարեխառն տաք, 1000–2000 մ բարձր․ վրա՝ բարեխառն ցուրտ, ավելի բարձր՝ ցուրտ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Ա֊ով հոսում են Կովկասի ամենախոշոր գետերը՝ Կուրը և Արաքսը։ Կուրի վրա կառուցված է Մինգեչաուրի ՀԷԿ, որի ջրամբարից (605 կմ²) անցկացված են Վերին Ղարաբաղի և Վերին Շիրվանի ջրանցքները։ Խոշոր գետերից են նաև Թարթառը, Սամուրը, Սումգաթը, Կուսարչայը։ Հողերը բազմազան են. Կուր֊Արաքսյան դաշտավայրում՝