Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դիրեկտոր։ Ա-ի աշխատությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսությանը, Հայաստանի տնտեսության և հայ տնտեսագիտական մտքի պատմությանը։ Եղել է ՀՍՍՀ VI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Երկ. Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը XX դարի սկզբին, Ե., 1968։ Экономическое развитие Восточной Армении в XIX веке, Е., 1957.

ԱԴՈՆՑ Նիկողայոս Գևորգի (իսկական ազգանունը՝ Տեր֊Ավետիքյան, 1871–1942), հայ ականավոր պատմաբան, բյուզանդագետ, բանասեր։ Ծնվել է հունվարի 10-ին, Զանգեզուրի Բռնակոթ գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջան)։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1892–94)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա֊բանասիրական ֆակուլտետները ոսկե պարգևանշանով (1899)։ Աշակերտել է Ն. Մառին։ 1899–1901-ին Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ։ 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերենը, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ա. գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908, ռուս.) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ֊դոցենտ։ 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915, ռուս.) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին։ 1917-ին ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920-ին մեկնել է Լոնդոն, ապա՝ Փարիզ։ 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» («Byuzantion») հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Ա. մահացել է հունվարի 27-ին, Բրյուսելում։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին։ Ա. թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ֊բյուզանդական հարաբերություններին, հայ֊հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ Ա֊ի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը XX դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Նրանում մանրազնին հետազոտված են Հայաստանի պատմաշխարհագրական և հասարակական֊քաղաքական կառուցվածքի, հայ֊բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության են ենթարկված հայկական ֆեոդալիզմի, հայ գյուղացիության հարցերը։ Հետագայում Ա. գյուղացիության պատմության խնդիրներն ավելի հանգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927) ուսումնասիրության մեջ։ Մյուս ծավալուն աշխատությունը՝ «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ֊հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է։ Գիտական բարձր մակարդակով Ա. վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ։ Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ֊բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը։ Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները՝ բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, կայսրուհի Թեոդորա I, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլ I և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948)։ Մեծ արժեք են ներկայացնում Ա֊ի աղբյուրագիտական ն բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն։ «Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925) աշխատության մեջ Ա. ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը՝ մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382–392-ի միջև։ Ա. ձեռնարկել էր գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս տեսավ ֆրանսերեն և հայերեն (1946, 1972)։ Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ա֊ի հոդվածները։ Ա. նաև հմուտ գրականագետ էր․ գրել է մի շարք հոդվածներ, 1903–04-ին Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը։

Հայ հասարակական֊քաղաքական հարցերում Ա. ազգային֊պահպանողական կողմնորոշում ուներ, գտնում էր, որ դեռ հայ ժողովուրդը հասունացած չէ ազգային֊ազատագրական պայքարի համար։ Նա կողմնակից էր խաղաղ ստեղծագործ կյանքի, ժողովրդի լուսավորությանը՝ առանց քաղաքական ցնցումների։ Շատ հարցերում Ա. հաղթահարել է կղերաֆեոդալական պատմագրության սահմանափակությունը՝ Հայաստանի պատմության պարբերացման հիմքում դնելով ժողովրդի ներքին կյանքի զարգացումը։ Ա֊ի պատմահայեցողությունը շարադրված է «Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում» (1927) ուսումնասիրության մեջ, որտեղ նա հին Հայաստանի պատմության հիմնական շարժիչ ուժը համարում է ազնվականությանը և փաստորեն անտեսում ժողովրդական զանգվածների դերը։

Գրկ. Ուսուցչապետ Նիկողայոս Ադոնց (աշխատութ. ամբողջական ցանկը), «ՀԱ», 1947, № 5 Յուզբաշյան Կ., Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը, «ՊԲՀ», 1962, № 4։ Կ. Յուզբաշյան


ԱԴՍՈՐԲՈՒՄ (<լատ. ad–վրա+sorbeo— կլանում եմ), սորբման մասնավոր դեպք։ Ա. գազի և հեղուկում լուծված նյութի կլանումն է պինդ մարմնի կամ հեղուկի՝ ադսորբենտի (կլանիչի) մակերևույթի կողմից։ Կլանվող նյութի մոլեկուլները ծածկում են ադսորբենտի մակերևույթը՝ երբեմն քիմիապես փոխազդեցության մեջ մտնելով նրա հետ (տես Քեմասորբում)։ Ա. կախված է նյութերի բնույթից, ջերմաստիճանից, կլանվող գազի ճնշումից, լուծույթի կոնցենտրացիայից, ադսորբենտի մակերևույթի մեծությունից։ Կարևոր է ընտրողական Ա.։ Ա֊ի երևույթ է թունավոր գազերի կլանումն ակտիվացրած ածուխով (օր. օդի մաքրումը քլորից)։ Ա. կիրառվում է գազային և հեղուկ խառնուրդների բաժանման (տես Քրոմատագրաֆիական անալիզ), չորացման և մաքրման համար։ Տարածված ադսորբենտներ են ակտիվացրած ածուխը, սիլիկաժելը, որոշ կավեր։ Անհամասեռ կատալիզը և կենսաքիմիական շատ երևույթներ տեղի են ունենում Ա֊ի շնորհիվ։


ԱԴՎԵԿՑԻԱ (< լատ. advectio — տեղ հասցնելը) օդերեվութաբանության մեջ, օդի և նրա հատկությունների հորիզոնական փոխանցում, ի տարբերություն կոնվեկցիայի, որն է օդի ուղղաձիգ փոխանցումը։ Օդային զանգվածների Ա֊ից բացի կա նաև նրա հետ կապված ջերմության, ջրային գոլորշու, շարժման պահի, դեպի օդ գնացող հեղուկ և կոշտ նյութերի Ա.։ Սառը և տաք, չոր և խոնավ օդային զանգվածների Ա. կարևոր ղեր է խաղում օդերևութաբանական պրոցեսներում և ազդում եղանակի վրա։ Ա֊ի հետևանքով առաջացած մթնոլորտային երևույթները կոչվում են ադվեկտիվ. օրինակ, ադվեկտիվ ամպեր, ցրտահարություն ևն։


ԱԴՎԵՆՏԻՍՏՆԵՐ (<լատ. adventus — գալուստ), քրիստոնեական աղանդի ներկայացուցիչներ, որոնց դավանանքի հիմքում ընկած է «Քրիստոսի երկրորդ գալստյան» և երկրի վրա «աստծու հազարամյա թագավորության» ստեղծման հավատը։ Ա֊ի ուսմունքի համաձայն «ահեղ դատաստանի» ժամանակ մահացածները պետք է հարություն առնեն, որպեսզի «արդարները», այսինքն՝ Ա. ստանան «հավիտենական կյանք», իսկ «մեղավորները» ոչնչացվեն։ Այս աղանդն առաջացել է ԱՄՆ֊ում, XIX դ. 30-ական թթ.։ Նրա ուղղություններից առավել բազմամարդը «յոթերորդ օրվա» Ա. են, որոնք իբրև «աստծու հանգստյան օր» տոնում են շաբաթ օրը։ Այդ ուղղությունն ընդգրկում է գրեթե 1,6 մլն. մարդ (1966), որոնք սփռված են աշխարհի շատ երկրներում։ ՍՍՀՄ֊ում նույնպես Ա. կան։ Ա֊ի