Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 79

մոխրահողեր և մարգագետնային մոխրահողեր են՝ աղուտային բծերով, նախալեռներում (200–500 մ)՝ շագանակագույն, լեռնալանջերին (500–2200 մ)՝ գորշ և դարչնագույն, լեռնաանտառային, մերձալպյան և ալպյան գոտիներում՝ լեռնամարգագետնային հողեր, Լենքորանում և Թալիշի նախալեռներում՝ դեղնահողեր։ Ա֊ի ցածրադիր մասերն ունեն կիսաանապատային բուսականություն՝ օշինդրի, աղաբույսի, Էֆեմերների գերակշռությամբ։ Կուրի և Արաքսի ափերը պատված են ողողատային անտառներով, լեռնալանջերը՝ կիսաանապատային բուսականությամբ և թփուտներով, ավելի բարձրադիր մասերում՝ լայնատերև անտառներով (հաճարենի, բոխի, կաղնի)։ Անտառից բարձր մերձալպյան կամ բարձր լեռնային (չոր շրջաններում) մարգագետիններ են։ Թալիշի լեռնալանջերին և Լենքորանի դաշտավայրում տարածված են խոնավաջերմասեր բույսեր, որոնցից շատերը պալեոգեն֊նեոգենի ռելիկտներ են։ Ա֊ի հարթավայրերում շատ են կրծողները, հանդիպում են օձեր, կրիաներ, անտիլոպ֊ջեյրան, թռչուններից՝ մեծ արոս, փասիան։ Անտառներում կան կովկասյան արջ, գորշուկ, կզաքիս, լեռներում՝ դաղստանյան վայրի ցուլ, կովկասյան եղջերու, այծյամ, վարազ, քարայծ, մուֆլոն (Նախիջևանի շրջանում), խոզուկ, վարազ, ընձառյուծ (Թալիշում)։ Ծովափնյա շրջանը հարուստ է թռչուններով (ձմեռող կարմրաթևիկներ, հավալուսն, բադեր, սագեր ևն)։ Կասպից ծովը առատ է ձկներով՝ սաղմոն, զութխի, թառափ, մորե։ Ստեղծված են արգելավայրեր (Զաքաթալա, Կըզլաղաջ)։ Ա. բաժանվում է ֆիզիկաաշխարհագրական հինգ մարզերի՝ Կուր֊Արաքսյան, Մեծ Կովկասի, Փոքր Կովկասի, Թալիշի և Նախիջևանի։

Պատկերազարդումը տես աղ. II, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

IV. Բնակչությունը

Հիմնական բնակիչները ադրբեջանցիներ են՝ 73,8%, ռուսները կազմում են բնակչության 10%, հայերը՝ 9,4%, լեզգիները՝ 2,7%, մյուս ազգությունները՝ 4,1% (1970)։ Միջին խտությունը 1 կմ² վրա 59,1 մարդ է։ Բնակչության 57,5% բանվորներ ու ծառայողներ են, 42,4% կոլտնտեսային գյուղացիություն։ Առավել խիտ են բնակեցված Ապշերոնյան թերակղզին, Կուր գետի միջին ավազանի աջափնյա մասը, Լենքորանի հարթավայրը։ Մեծ քաղաքներ են՝ Բաքուն, Կիրովաբադը, Սումգաիթը, Նուխին, Մինգեչաուրը, Նախիջևանը, Ստեփանակերտը։

V. Պատմական ակնարկ

Ադրբ. ՍՍՀ տերիտորիայում նախամարդը բնակվել է դեռևս հին քարի դարում։ Գետաբեկից, Դաշքեսանից (Քարհատ), Խոջալուից, Կիրովաբադից, Մինգեչաուրից, Շամխորից և այլ տեղերից պեղված նյութերը վկայում են այդ վայրերի նախաբնիկների զարգացած մշակույթի մասին։ Քարե գործիքներից բրոնզին, ապա երկաթին անցնելը պայմաններ ստեղծեց տոհմատիրական կարգերի քայքայման, դասակարգային հասարակության առաջացման համար։ Մ. թ. ա. VIII–VII դդ. Կուր֊Արաքսյան միջագետքում բնակվող ցեղերը ներգրավվեցին ուրարտական պետության ոլորտը։ Մ. թ. ա. VII դ. սկզբին Կովկաս ներխուժած «սակերի» քոչվոր սկյութական ցեղը (տես Ասքանազ) բնակություն հաստատեց Կուր գետի հովտում, որի անունը Շակաշեն ձևով մնաց գավառի վրա։ Սկյութական այլ ցեղեր հիմնվեցին այժմյան» Բաքվի և Դարբանդի միջև՝ ծովամերձ շրջաններում (տես Արշակունիներ մազքթաց)։ Կուր և Ալազան գետերի, Կովկասյան լշ֊ի և Կասպից ծովի միջև ընկած տարածություններում, անտիկ շրջանում, ըստ Ստրաբոնի, բնակվում էին աղվանական շուրջ 26 ցեղեր (տես Աղվաններ)։ Մոտ մ. թ. ա. I դ. նրանք ստեղծեցին միացյալ թագավորություն (տես Աղվանք), որը դաշնակցում էր Մեծ Հայքի հետ։ Մեծ Հայքի առաջին բաժանումից (387) հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյանները միացրին Աղվանքին՝ կազմելով առանձին կուսակալություն (տես Աղվանից մարզպանություն)։ VIII դ. Աղվանքը մտավ խալիֆայության «Արմինիա» վարչական միավորի մեջ։ Վերոհիշյալ շրջաններում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով արաբական նվաճողները ռազմական կարևոր նշանակություն ունեցող վայրերում հիմնեցին զինվորական գաղութներ, հետզհետե այդ վայրերի բնակչության ազգային կազմը փոփոխության ենթարկվեց։ Արդեն IX դ. եկվոր մահմեդական ցեղերի հիմքի վրա առաջացան Շիրվանշահերի (Շամախիում) և Շադդադյանների (Գանձակում) ամիրայությունները։ ժողովրդական զանգվածները անհաշտ պայքար էին մղում նվաճողների դեմ, որոնք ծանր լուծ էին հաստատել և բռնությամբ տարածում էին մահմեդականությունը։ 780–790-ական թթ. ապստամբություններ բռնկվեցին Շիրվանում, Պարտավում, Բայլականում։ Խուրամյանների հուժկու շարժումը հարևան Ատրպատականում (809–837), որ գլխավորում էր Բաբեկը (տես Բաբեկի ապստամբություն), ընդգրկեց Արաքսից հյուսիս ընկած շրջանները։ Երբ քայքայվող խալիֆայությունը IX դ. երկրորդ կեսին հարկադրված ճանաչեց Բագրատունիների գերիշխանությունը Հայաստանում, Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Բայլականի, Դիզակի և այլ իշխանություններ մտան Բագրատունյաց թագավորության մեջ։ Կուրից հյուսիս հիմնվեց Աղվանից թագավորությունը՝ Շաքե կենտրոնով։ XI դ. սելջուկ նվաճողներն իրենց հպատակեցրին այժմյան Ադրբեջանական ՍՍՀ֊ի տերիտորիայում եղած իշխանությունները։ Սելջուկյան տիրապետության քայքայումից (XII դ.) հետո այդ իշխանությունները վերականգնեցին իրենց ինքնուրույնությունը և հզորացան։ Սակայն թաթար֊մոնղոլական նվաճումների հետևանքով խափանվեց նրանց վերընթաց զարգացումը։ Թուրքական քոչվոր ցեղերը (հայկ. աղբյուրներում «թուրքմանք») Կուրի և Արաքսի ստորին ավազանում երևացին XI դ. կեսերին՝ սելջուկյան արշավանքների ժամանակ։ Նրանց հոսանքը դեպի Անդրկովկաս ուժեղացավ հատկապես թաթար֊մոնղոլների տիրապետության և հետագա շրջանում (XIII–XV դդ. մինչև XVII դ.)։ Արևելյան Անդրկովկասում հետզհետե տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա֊թուրքմենական ցեղերը։ XVI–XVII դդ. Անդրկովկասը գտնվում էր սուլթանական Թուրքիայի և Սեֆևյան Պարսկաստանի գերիշխանության ներքո։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին Շիրվանի (Շամախի և Բաքու կենտրոններով), Շաքիի (Նուխի կենտրոնով) և Ղարաբաղի խանությունները։ Լեռնային Ղարաբաղում ընդհուպ մինչև XIX դ. գոյատևեցին Խամսայի մելիքությունները։ XVIII դ. կեսին այժմյան Ադրբեջանական ՍՍՀ֊ի տերիտորիայում, որը ենթակա էր Սեֆևյան Պարսկաստանին, առաջացել էին ավելի քան 15 կիսանկախ խանություններ։

XVIII–XIX դդ. ուժեղացավ կողմնորոշումը դեպի Ռուսաստանը։ Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Գանձակի, Ղարաբաղի, Շիրվանի, Շաքիի, Բաքվի, Դարբանդի, Ղուբայի, Թալիշի, Նախիջևանի խանությունները և Օրդուբադի շրջանն անցան Ռուսաստանին։ Խանությունների փոխարեն ստեղծվեցին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները։ Հիշյալ շրջանների բնակչությունը փրկվեց ինչպես արտաքին ասպատակություններից, այնպես էլ ներքին երկպառակտիչ պատերազմներից։ Չնայած ցարիզմի վարած գաղութային քաղաքականությանը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ռուսական առաջադեմ մշակույթին հաղորդակից լինելու համար։ Ադրբեջանական մի շարք ականավոր մտածողների (Ա. Բաքիխանով, Մ. Թոփչիբաշև, Միրզա֊Քյազումբեկ, Մ. Ախունդով) ստեղծագործություններում իր արտացոլումը գտավ ռուսական հեղափոխական֊դեմոկրատական միտքը։ 1870-ին անցկացվեց գյուղացիական ռեֆորմ։ Զարգացավ ապրանքային արտադրությունը, կառուցվեց Թբիլիսի–Բաքու (շահագործման հանձնվեց 1883-ին) երկաթուղին։ Բաքուն դարձավ նավթարդյունաբերության խոշոր կենտրոն։ 1872-ի 26 հզ. տ դիմաց 1901-ին արդյունահանվեց 11,4 մլն. տ նավթ (նավթի համաշխարհային հանույթի մոտ 50%)։ Նավթարդյունաբերության մեջ խոշոր դեր էր խաղում արտասահմանյան (Նոբել, Ռոտշիլդ և ուրիշներ), ինչպես նաև տեղական (Մանթաշև, Լիանոզով, Թաղիև, Նաղիև, Ղուկասով, Միրզոև) կապիտալը։ Սակայն տնտեսության զարգացումն ընթանում էր անհավասարաչափ, Ա. մնում էր հետամնաց, ագրարային երկիր։

Կապիտալիստական հարաբերությունների սկզբնավորումով պայմաններ ստեղծվեցին ադրբեջանական ազգի կազմավորման համար։ Ա֊ի ներգրավումը համառուսական կապիտալիստական սիստեմի մեջ պայմանավորեց ադրբեջանական ժողովրդի տնտեսական կյանքի ընդհանրության ձևավորումը։ Կապիտալիզմի զարգացումը բնակչության սոցիալական կազմի մեջ փոփոխություններ մտցրեց։ Առաջացան նոր դասակարգեր՝ բուրժուազիա և պրոլետարիատ։ 80–90-ական թթ. բանվորական առաջին ելույթները կրում էին տարերային բնույթ։ Բաքուն իր բազմազգ (30 ազգությունների ներկայացուցիչներ) պրոլետարիատով (XX դ. սկզբին 60 հզ. ավելի) ներգրավվեց ցարիզմի ու կապիտալիզմի