Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ՍՍՀՄ տարբեր թանգարաններում [այդ թվում՝ Արևելքի ժողովուրդների արվեստի պետ․ թանգարանում (Մոսկվա) և Հայաստանի պետ․ պատկերասրահում]։

ՌՈՒԿԱՎԻՇՆԻԿՈՎ Նիկոլայ Նիկոլաևիչ (ծն․ 1932), ՍՍՀՄ տիեզերագնաց-օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (1971, 1974), Բուլղարիայի ժող․ հանրապետության հերոս (1979)։ ՍՄԿԿ անդամ 1970-ից։ Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստ–ը (1957)։ Տիեզերագնացների ջոկատում է 1967-ից։ 1971-ի ապրիլի 23–25–ը, Վ․ Ա․ Շատալովի և Ա․ Ս․ Ելիսեևի հետ, որպես հետազոտող ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–10» տիեզերանավով։ Ապրիլի 24-ին տիեզերանավը կցվել է տիեզերքում գտնվող «Սալյուտ» գիտակայանին, և համատեղ թռիչքը տևել է 5 ժ 30 ր։ 1974-ի դեկտ․ 2–8-ը Ա․ Վ․ Ֆիչիպչենկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–16» տիեզերանավով։ 1979-ի ապրիլի 10–12-ը, Բուլղարիայի ժող․ հանրապետության տիեզերագնաց–օդաչու Գ․ Ի․ Իվանովի հետ, որպես հրամանատար, Ռ․ երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ–33» տիեզերանավով։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ՌՈՒՀՈՒԼԼԱ Սիդգի (կեղծանուն, իսկական անուն ազգանունը՝ Ռուհուլլա Ֆաթուլլա օղլի Ախունդով) (1886–1959), ադրբեջանցի սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1949)։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1906-ին։ Աշակերտել է ազգ․ թատրոնի հիմնադիրներ Զ․ Զեյնալովին և Հ․ Արաբլինսկուն։ 1924-ից եղել է Ազիզբեկովի անվ․ թատրոնի (Բաքու) առաջնակարգ դերասաններից։ Ազգ․ բեմի խոշոր վարպետ Ռ․ ստեղծել է բարդ կերպարներ ինչպես ադրբ․, այնպես էլ ռուս, և համաշխարհային դասական դրամատուրգիայում։ Նրա արվեստին բնորոշ էր կերպարների ներքին աշխարհի խոր վերլուծությունը, մեծ զգացմուքայնությունը և արտահայտչականությունը։ Լավագույն դերերից են՝ Նադիր շահ (Ն․ Նարիմանովի «Նադիր շահ»), Հաջի Կարա (Մ․ Ախունդովի «Հաջի Կարա»), Աթաքիշի (Զ․ Ջաբարլիի «Սևիլ»), Կաջար (Ս․ Վուրղունի «Վագիֆ»), Աղալարով (Մամեդխանլիի «Արևելքի առավոտը», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), Դիկոյ (Ա․ Օստրովսկու «Անտառ»), Օթելլո, Լիր արքա (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»)։ Հանդես է եկել նաև օպերաներում, օպերետներում, նկարահանվել կինոյում։ 1906–07-ին, 1954-ին, 1957-ին Ռ․ ելույթներ է ունեցել Երևանում։ 1913-ին Նախիջևանի հայ թատերասերների հետ բեմադրել է Մ․ Բելայայի «Ծաղրածուներ» (Ա․ Պարզյանի թարգմանությամբ) պիեսը։ Մտերիմ կապեր է ունեցել Հ․ Աբելյանի, Արուս և Հովսեփ Ոսկանյանների, Շիրվանզադեի և այլոց հետ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ՌՈՒԶՈՒՏԱԿ Յան Էռնեստի «Լիբիխ» [3(15)․8․1887, Խուտոր Ցաունի (Կուռլանդիայի նահանգի Գոլդինգենյան գավառի Կուրսիտենի գավառակում, այժմ՝ Լատվ․ ՍՍՀ)–29․7․1938], սովետական պետ․ և կուս․ գործիչ։ ՄՄԿԿ անդամ 1905-ից։ 1906-ից՝ ՌՍԴԲԿ Ռիգայի կոմիտեի անդամ։ 1907-ին ղեկավարել է Վինդավայի կուսակցական կազմակերպությունը։ Նույն տարվա հունիսին ձերբակալվել և դատապարտվել է երկարաժամկետ տաժանակրության։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է տեքստիլագործների միության համառուսաստանյան կենտր․ խորհրդի նախագահության անդամ և քարտուղար։ Մասնակցել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը։ 1917-ից՝ Մոսկվայի ժողտնտխորհի նախագահ, ԺՏԲԽ–ի նախագահության անդամ, Տեքստիլկենրոնի նախագահ, ՀԱՄԿԽ–ի անդամ։ 1920-ից՝ Տրանսպորտի աշխատողների արհմիության կենտկոմի, ՌԿ(բ)Կ Թուրքմենբյուրոյի և Համամիութենական կենտգործկոմի Թուրքմեն–հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԿԽ–ի գլխ․ քարտուղար և նախագահության անդամ։ 1922-ից ՌԿ(բ)Կ ԿԿ–ի Միջինասիական բյուրոյի նախագահ։ Սովետական պատվիրակության կազմում մասնակցել է Ջենովայի կոնֆերանսին (1922)։ 1923–24-ին Ռ․ ՌԿ(բ)Կ ԿԿ–ի քարտուղար էր, 1924–30-ին՝ ՍՍՀՄ ճանապարհային հաղորդակցության ժողկոմ։ 1926–37-ին՝ ԺԿԽ–ի և Աշխատանքի ու պաշտպանության խորհրդի նախագահի տեղակալ, կապիտալ շինարարության և երկրի ինդուստրացման կազմակերպիչներից։ 1928-ից՝ ԺԿԽ–ին առընթեր ՍՍՀՄ ժողտնտեսության քիմիացման կոմիտեի նախագահը։ 1931-ին Ռ․ ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿՎՀ–ի նախագահ և նշանակվել ՍՍՀՄ ԲԳՏ–ի Ժողկոմ։ Եղել է կուսակցության IX–XVII համագումարների պատգամավոր, Կենտկոմի անդամ (1920-ից), ԿԿ–ի քաղբյուրոյի անդամության թեկնածու և ԿԿ–ի կազմբյուրոյի անդամ (1923–24), ԿԿ քաղբյուրոյի անդամ (1926–32), Համկ(բ)Կ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամության թեկնածու (1934-ից), ՍՍՀՄ կենտգործկոմի և համամիութենական կենտգործկոմի անդամ։

ՌՈՒՄԲ, 1․ հրետանային արկի հնացած անվանումը։ XIX դարից ռուսական հրետանիում Ռ․ էին անվանում 1 փթից (16 կգ) ավելի զանգված ունեցող արկերը։ 2․ Ավիացիոն Ռ․, վերերկրյա և ծովային նպատակակետերի խոցման համար ինքնաթիռից կամ որևէ այլ թռչող ապարատից նետվող ավիացիոն ռազմամթերքի Ավիացիոն ռումբի սխեմա տեսակ։ Բաղկացած է 1 իրանից, 2 կախովի կանթերից, 3 հանդերձանքից, 4 կայունարարից և 5 բալիստիկ օղակից։ Ավիացիոն Ռ․ օգտագործման նախապատրաստելիս դրա մեջ տեղադրում են մեկ կամ մի քանի պայթուցիչներ։ Կայունարարն ու բալիստիկ օղակն ապահովում են օդում Ռ–ի կայուն թռիչքը նետելուց հետո։ Ավիացիոն Ռ–երը լինում են միջուկային (տես Միջուկային ռումբ), ֆուգասային (զանգվածը՝ 50 կգ–ից մինչև 10տ), բեկորային (1-ից մինչև 100 կգ), հակատանկային (2,5–5 կգ), հականավային (սուզանավերի խոցման համար), բռնկիչ (1-ից մինչև 500 կգ), քիմ․, ինչպես նաև օժանդակ նշանակման (ծխածածկույթ առաջացնելու, հակառակորդին շլացնելու համար ևն)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին անգամ կիրառվեցին կառավարվող ավիացիոն Ռ–եր և ատոմային ռումբեր: 3․ Խորքային Ռ․, ջրի տակ գտնվող սուզանավերի խոցման արկ, որի մետաղական իրանը (գլանաձև, գնդագլանաձև, կաթիլաձև) պարունակում է ուժեղ պայթուցիկ նյութ կամ ատոմային լիցք։ Տարբերում են ավիացիոն և նավային խորքային Ռ–եր։ Առաջին անգամ խորքային Ռ–երը կիրառվել են առաջին համաշխարհային պատերազմում, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմում ծառայել են որպես հականավային զենքի կարևորագույն տեսակ։

ՌՈՒՄԲԱ (իսպան․ rumba), մեքսիկական ծագումով պարահանդեսային պար, որտեղ օգտագործված են սուր սինկոպացված ռիթմով կուբայական ժող․ պարի տարրեր։ 1920-ական թթ․ վերջին տարածում է գտել ԱՄՆ–ում և Արմ․ Եվրոպայում։ Չափը 4/4 է, տեմպը՝ չափավոր, վերջին 4 մասը կտրուկ արագանում է։

ՌՈՒՄԻ Ջալալեդդին [պատվանունը՝ Մոուլավի կամ Մովլավի, տիտղոսը՝ Մաուլանա՝ «մեր տեր», նաև Մավլավի, 30․9․1207, Բալխ (այժմ՝ Աֆղանստանում)–17․12․1273, Իկոնիա (Թուրքիայում)], պարսկալեզու սուֆի–բանաստեղծ։ Հայրը՝ անվանի աստվածաբան Բահաեդդին Վալադը (մահ․1231), խուսափելով Խորեզմշահի հետապնդումներից, ընտանիքով հեռացել է Բալխից և 1212-ից ապրել Նիշափուրում, Բաղդադում և այլուր, 1220-ից հաստատվել Ռումի սուլթանության մայրաքաղաք Իկոնիայում (Կոնիա)։ Ռ․ նախնական կրթությունն ստացել է հոր մոտ, այնուհետև սովորել Դամասկոսում ու Հալեպում, որպես ուսուցիչ փոխարինել հորը՝ Իկոնիայի իսլամական կրոն, դպրոցում (մեդրեսե), հիմնել և գլխավորել է մավլավիե սուֆիական համայնքը, որը մեծ դեր է կատարել իր ժամանակի և հաջորդ դարերի հասարակական ու քաղ. կյանքում։ Գրել է քնարական «Դիվանը» և