Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

սուֆիական–փիլ․ մի շարք տրակտատներ։ Վաղ շրջանի շատ գազելներ, ի պատիվ իր հոգևոր ուսուցիչ Շամսե Թավրիզիի, ստորագրել է նրա անունով։ Ռ–ի կարևորագույն ստեղծագործությունը (6 մատյան, 26․660 երկտող) վերնագրված է «Մասնավի մաանավի» («Պոեմ բարոյագիտական»), բովանդակում է սուֆիզմի հիմնական դրույթների մեկնաբանություններ՝ մատուցված Արևելքի ժողովուրդների բանահյուսությունից փոխառված առակներով ու զրույցներով։ Ռ–ի ստեղծագործությունը նշանակալի ազդեցություն է գործել Արևելքի գրականության զարգացման վրա։

Ռ–ից առայժմ հայտնի հայերեն առաջին թարգմանությունը՝ մեկ երկտող, պահպանվել է 1700-ին գրված մի ձեռագիր մատյանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N« 6146)։ Մեր օրերում Ռ–ից գազելներ են թարգմանել Ս․ Տարոնցին, Ս․ Ումառյանը։

ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ԽՈՍՎԱԾՔ, տես Առտիալի բարբառ։

ՌՈՒՄԻՆԵՐԵՆ, ռումինների լեզուն։ Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության պետ․ լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի արլ–ռոմանական ենթախմբին։Խոսողների թիվը ՌՍՀ–ում՝ մոտ 18 մլն։ Տարածված է նաև ՍՍՀՄ–ի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Հունաստանի մի շարք շրջաններում, ԱՄՆ–ում, Կանադայում և այլուր։ Տրոհված է բարբառների (ՌՍՀ–ում), որոնցից մոլդավականը մոտ է մոլդավերենին։ Զարգացել է բարբառային–խոսակցական լատ–ի հիմքի վրա։ Հնչյունական առանձնահատկություններից են լատ․ Õ-ի և Ũ–ի տարբերակումը, ձայնավորից և բաղաձայնից առաջ an>iո, ինչպես նաև amx բաղաձայն > im (բացառությամբ սլավ․ փոխառությունների), ձայնավորների ձևաբանական նոր հերթագայության առաջացումը։ Տիպաբանական շատ ընդհանրություններ ունի Բալկանյան թ–կղզու մյուս լեզուների հետ (անորոշ դերբայի կորուստ․ ապառնի ժամանակի նկարագրական ձև), սակայն գոյականների, ածականների, դերանունների թվի և սեռի ձևերը, խոնարհման հարացույցը հիմնականում պահպանել են ժող․ լատ–ի ձևաբանական առանձնահատկությունները։ 11 –19 թվական անունները կազմվում են սլավ․ լեզուների կաղապարով։ Բառապաշարում շատ են սլավ․ և հուն․ փոխառությունները։ Ռ–ով գրական ամենահին հուշարձանները XVI դարից են։ Գրական Ռ–ի ձևավորումն ավարտվել է XIX դ․․ Այբուբենը՝ մինչև XIX դ․՝ սլավոնագիր (կիրիլիցա), ապա՝ լատինագիր։

ՌՈՒՄԻՆԻԱ (Romania), Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՌՍՀ (Republica Socialists Romania)

Բովանդակություն

  • I. Ընդհանուր տեղեկություններ․ 17
  • II․ Պետական կարգը ... ... .. 17
  • III․ Բնությունը ... ... ... ... 17
  • IV․ Բնակչությունը ... ... ... 18
  • V․ Պատմական ակնարկ ... ... 18
  • VI․ Կոմունիստական կուսակցությունը, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները .. 20
  • VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ .. 20
  • VIII Զինված ուժերը ...... ..... 21
  • IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը ... 21
  • X․ Ժողովրդական կրթությունը ... 22
  • XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները ... 22
  • XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը .. 25
  • XIII․ Գրականությունը...... ..... 25
  • XIV․ ճարտարապետությունը և կերպարվեստը ... 26
  • XV․ Երաժշտությունը... ... ... ... 28
  • XVI․ Բալետը... ... ... ... ... 29
  • XVII․ Թատրոնը ... ... ... ... 29
  • XVIII․ Կինոն... ... ... ... ... 29
  • XIX․ Հայերը Ռումինիայում ... .. 29

I․ Ընդհանուր տեղեկություններ Ռ․ սոցիալիստական պետություն է ևռոպաի հվ-ում, հիմնականում Դանուբի ստորին ավազանում։ Արլ–ում ողողվում է Սև ծովով։ Սահմանակից է ՍՍՀՄ–ին, ԲԺՀ–ին, ՀՍՖՀ–իցն, ՀԺՀ–ին։ Տարածությունը 237,5 հզ․ կմ2 է, բն․ 22,5 մլն (1983)։ Մայրաքաղաքը՝ Բուխարեստ։ Վարչականորեն բաժանվում է 41 գավառների և Բուխարեստ մունիցիպիայի։ Քարտեզները տես 32–33-րդ էջերի միջև՝ ներդիրում։

II․ Պետական կարգը Ռ․ սոցիալիստական պետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1965-ից (1968–75-ի փոփոխություններով)։ Պետության գլուխը պրեզիդենտն է (1974-ից)։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարն է, Պետ․ խորհրդի և Պաշտպանության խորհրդի նախագահը։ Պետ․ իշխանության բարձրագույն և միակ օրենսդիր մարմինը միապալատ Ազգային մեծ ժողովն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ Պետ․ խորհուրդը։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Ազգային մեծ ժողովն ընդունում է ժողտնտեսության պետ․ պլանը, պետ․ բյուջեն, նրա կատարման մասին հաշվետվությունը, կազմում կառավարություն և կառավարման այլ կենտր․ մարմիններ, սահմանում է վարչատերիտորիալ կառուցվածքը, վավերացնում միջազգային պայմանագրերը, ընտրում գերագույն դատարան ու գլխ․ դատախազին ևն։ Պետ․ կառավարման բարձրագույն մարմինը Մինիստրների խորհուրդն է, պետ․ իշխանության տեղական մարմինները՝ ժող․ խորհուրդները, որոնք ստեղծում են մշտական գործող մարմիններ՝ գործադիր կոմիտեներ (մայրաքաղաքում և գավառներում) և գործադիր բյուրոներ (մյուս տերիտորիալ միավորներում)։ Դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը, գավառային, տեղական և զինվորական դատարանները։ Դատարանները գործերը լսում են ընտրովի ժող․ ատենակալների մասնակցությամբ։ Օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են դատախազության մարմինները։

III․ Բնությունը Ռ–ի տերիտորիայում գրեթե հավասար տարածքներ են զբաղեցնում միջին բարձրության լեռները (բարձրությունը ավելի քան 800 մ), բլրային կամ սարավանդային բարձրությունները (200–800 մ) և դաշտավայրերը։ Լեռնագրական հիմնական համակարգը Կարպատներն են, որոնք Ռ–ի սահմաններում բաժանվում են Արլ․ Կարպատների, Հվ․ Կարպատների և Արևմտա–Ռումինական լեռների։ Արլ․ Կարպատները (բարձրությունը՝ մինչև 2305 մ, Պիետրոս լեռ) ձգվում են հս–արմ–ից հվ–արլ․ մոտ 300 կմ։ Հվ․ Կարպատները ձգվում են 270 կմ, հիմնականում արլ–ից արմ․ ուղղությամբ (Մոլդովյանու լեռ, 2543 մ, երկրի ամենաբարձր կետը)։ Արևմտա–Ռումինական լեռները վերջանում են սարավանդանման Բիհոր զանգվածով (1848 մ)։ Հվ․ և Արլ․ Կարպատների միջև գտնվում է Տրանսիլվանյան սարավանդը (գերակշռող բարձրությունը՝ 500–800 մ)։ Արլ–ում Մոլդովական բարձրությունն է, հվ–արլ–ում՝ Դոբրուջայի սարավանդը։ Կարպատների հվ․ ստորոտներին է գտնվում Ստորին Դանուբյան հարթավայրը։ Արմ–ում Միջին Դանուբյան հարթավայրի արլ․ ծայրամասն է։

Ռ–ի տարածքը մտնում է Ալպյան գեոսինկլինալային մարզի մեջ։ Երկրի մեծ մասը զբաղեցնում է Կարպատների ծալքավոր մարզը։ Ընդերքը հարուստ է նավթով և գազով։ Կան քարածխի, երկաթի, բոքսիտների, բազմամետաղների, պղնձի, ոսկու, քարաղի հանքավայրեր։

Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափնյա շրջաններում մոտ 0°C է, հարթավայրերում՝ մինչև –5°C, լեռներում՝ մինչև – 10°C (տեղ–տեղ ավելի ցածր)։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հարթավայրերում 20–23°C է, լեռներում՝ 8–16°C ։ Տարեկան տեղումները 600–700 մմ են (լեռներում՝ մինչև 1500 մմ)։

Ներքին ջրերը։ Գլխ․ գետը Դանուբն է, ավելի քան 1000 կմ հոսում է Ռ–ի տարածքով։ Առավել խոշոր վտակներն են ժիուն, Օլթը, Արճեշը, Ցալոմիցան, Սիրետը և ՈԻՍՍՀ ու Մոլդ․ ՍՍՀ հետ սահմանային Պրուտը։ Արմ–ում Ռ–ի խոշորագույն գետը՝ Մուրեշը, թափվում է Տիսայի մեջ երկրի սահմաններից դուրս։ Գետերը հիմնականում