Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հատկացվող ծախսերի մոա 10%–ը։ Սան–տեխ․ հարմարանքների մոնտաժումը, որպես կանոն, իրականացվում է ինդուստրիալ մեթոդով, երբ բոլոր նախապատրաստական գործողությունները կատարվում են գործարաններում կամ կենտրոնական նախապատրաստական արհեստանոցներում։ Ներքին Ս–տ․ ա–ները ավարտվում են սան–տեխ․ հարմարանքների աշխատանքի կարգավորմամբ և արդյունավետության ստուգմամբ։


ՍԱՆԻՏԱՐԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ, կեղտաջրերի ընդունիչներ, որոնք տեղադրվում են բնակելի, հասարակական և արտադրական շենքերում։ Ըստ նշանակման Ս–տ․ ս․ լինում են հիգիենիկ նպատակների (լվացարաններ, վաննաներ, ջրացնցուղի տակնոցներ, գուգարանակոնքեր են), տնտ․ կարիքների (խոհանոցային լվացարաններ, լվացամեքենաներ են), հատուկ նպատակների (լաբորատորիաների, մանկական և բժշկ․ հիմնարկների, արտադրական շենքերի կենցաղային մասերի Ս–տ․ ս․) համար։ Ս–տ․ ս․ պատրաստում են թուջից, կերամիկայից (հախճապակի, կիսաճենապակի), թերթավոր պողպատից, գունավոր մետաղներից և համաձուլվածքներից, պլաստմասսայից։ Ս–տ․ ս․ սարքավորում են ջրառու կամ խառնման ծորակներով, ինչպես նաև ջրի փակաղակ ունեցող սիֆոններով։


ՍԱՆԻՏԱՐՍ-ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, զանգվածային ախտահարման զենքերից պաշտպանություն, միջոցառումների համախումբ, որը կիրառվում է երկրի զորքը, բնակչությունը և ժող․ տնտեսության օբյեկտները հակառակորդի միջուկային, քիմ․ և բակտերիալոգիական զենքից պաշտպանելու նպատակով։ Զորքի պաշտպանությունը կազմակերպում են բոլոր հրամանատարները և շտաբները, որոնց հիմնական խնդիրներն են՝ հակառակորդի միջուկային, քիմ․ և բակտերիալոգիական զենքի կիրառման արդյունավետության առավելագույն նվազեցումը, զորքի մարտունակության արագ վերականգնումը ևն։ Զորքի պաշտպանության միջոցներն են՝ տեղանքի վրա նրանց տարակենտրոնացումը, խնամքով քողարկումը, օդանավակայանների տեղաբաշխման շրջանները պարբերաբար փոխելը, ռադիոակտիվ, քիմ․ և բակտերիալոգիական զենքերով տեղանքի վարակվածության մասին հատուկ ազդանշաններով զորքին հայտնելը, պաշտպանության անհատական մի– ջոցներից, խրամատներից, թաքստոցներից, հատուկ սարքավորված ապաստարաններից օգտվելը։ Զինամթերքները, տեխնիկան և նյութական միջոցները պահպանվում են տարբեր թաքստոցներում։ Հակառակորդի զանգվածային ախտահարման զենքի օգտագործման հետևանքների մասին տեղեկություններ ստանալու նպատակով զորքի գործողությունների գոտիներում և տեղաբաշխման շրջաններում անցկացվում է ռադիացիոն, քիմ․ և բակտերիալոգիական հետախուզություն։ Որոշվում են անձնակազմի, զինամթերքների, նյութական միջոցների մոտավոր կորուստները, վարակման, ավերածությունների, հրդեհների, նավերի ջրասուզման հնարավոր գոտիները և հարձակման հետևանքների վերացման աշխատանքների բնույթն ու ծավալը։ Անցկացվում են հակահամաճարակային, սանիտարահիգիենային, հատուկ կանխարգելիչ և բժշկ․ այլ միջոցառումներ։ Անձնակազմի ճառագայթահարումը կանխելու նպատակով սահմանվում է հսկողություն, որոշվում են մարդկանց, զինամթերքների, մարտական տեխնիկայի, տրանսպորտի, նյութական միջոցների և ջրի վարակվածության աստիճանը։ Զանգվածային ախտահարման զենքերի օգտագործման հետևանքները վերացնելու միջոցառումներն են․ ախտահարվածներին օգնություն կազմակերպելը, փրկարար աշխատանքները, անձնակազմի և ռազմ. տեխնիկայի հատուկ մշակումը, զորաշարժի (մանյովր) ճանապարհների վերականգնումը, բակտերիալոգիական ախտահարման օջախներում՝ հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարը։ Քաղաքների և ժող․ տնտեսության օբյեկտների պաշտպանության հիմնական խնդիրը հակառակորդի հարձակման առավել հավանական քաղաքներից բնակչության էվակուացումն է, ապաստարաններով և պաշտպանության անհատական միջոցներով ապահովումը, կանխարգելիչ, սանիտարա–հիգիենային և այլ միջոցառումների անցկացումը, ժող․ տնտեսության օբյեկտների կայուն աշխատանքի պայմանների, պարենամթերքի, ջրի մաքրության ապահովումը, բույսերի, կենդանիների պաշտպանությունը ևն։ Տես նաև Քաղաքացիական պաշտպանություն։

«ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», Ռուսաստանի ս–դ․ առաջին կազմակերպություններից։ Ստեղծվել է Պետերբուրգում, 1885-ին, Պ․ Վ․ Տոչիսկու կողմից։ «Ընկերության» նպատակն է եղել գործադուլների և այլ կոլեկտիվ ելույթների միջոցով պայքարել պրոլետարիատի նյութական դրության բարելավման համար, ինքնակրթության խմբակների, գրադարանների, բանվորական փոխօգնության դրամարկղերի ըստեղծման միջոցով բարձրացնել բանվորների կուլտուրական մակարդակը և զարգացնել դասակարգային ինքնագիտակցությունը։ Գլխավոր խնդիրը մասսայական պրոլետարական շարժումը ղեկավարելու ընդունակ բանվոր–առաջնորդներ պատրաստելն էր։ «Ընկերության» մեջ մտնում էին ինչպես մտավորականներ, այնպես էլ բանվորներ, սակայն նրա անդամները ձգտում էին հիմնական աշխատանքները կենտրոնացնել բանվորների ձեռքում։ Ըստ կանոնադրության, կազմակերպության անդամները բաժանվում էին իսկական և մրցորդ–անդամների։ Վերջիններս, հիմնականում, մտավորականներ էին, որոնք պետք է «Ընկերության» կարիքների համար միջոցներ հայթայթեին։ «Ընկերության» աշխատանքներին եռանդուն մասնակցել են առաջավոր բանվորներ Ե․ Ա․ Կլիմանովը (Աֆանասև), Վ․ Ա․ Շելգունովը, Վ․ Ս․ Բույանովը, Ն․ Վասիլևը, Ի․ Ի․ Տիմոֆեևը, ինչպես նաև Լ․ Վ․ Արկադսկայան, Գ․ Լ․, Լ․ Լ․ և է․ Լ․ Բրեյտֆուսները, Մ․ Վ․ Տոչիսկայան և ուրիշն հր։ Աշխատանքներն ընթանում էին խստագույն գաղտնապահության պայմաններում։ Չնայած հիմնական կազմի սակավաթիվ լինելուն, այն աշխատանքներ է ծավալել (բանվորական խմբակների, գրադարանների ստեղծում, անլեգալ գրականության տարածում են) Պետերբուրգի խոշորագույն ձեռնարկություններում։ «Ընկերության» անդամները քննադատել են նարոդնիկներին (տես Նարոդնիկություն), հատկապես նրանց անհատական տեռորի տակտիկան, եղել են ինքնակալության և բուրժուազիայի դեմ պայքարի կողմնակիցներ։ Սակայն, հնարավոր են համարել հասարակության վերափոխման բուրժուա–դեմոկրատական էտասյի շրջանցումը։ Բանվոր դասակարգին դիտելով որպես պայքարի վճռական ուժ, նրանք միաժամանակ ժխտել են մտավորականության դերը հեղափոխական շարժման մեջ։ «Ընկերությունը» փորձել է ստեղծել տպարան, սակայն 1888-ի փետրվար–մարտին սկսված ձերբակալությունները և աքսորները խանգարել են իրականացնելու այն։ «Ս․ Պ․ ա․ ը․»-յան տեղական բանվորական խմբակներից աճեցին բանվոր–հեղափոխականներ, որոնք նրա ջախջախումից հետո մտան հետագայում ստեղծված ս–դ․ կազմակերպությունների մեջ։


ՍԱՆԿՅՈՒԼՈՏՆԵՐ (ֆրանս․ sans-culottes, < sans – առանց և culotte – կարճ տաբատ), տերմին, որն օգտագործվել է Ֆրանս. մեծ հեղափոխության ժամանակ։ Սկզբում արիստոկրատները արհամարհանքով Ս․ են անվանել իրենց քաղ․ հակառակորդներին՝ քաղաքային չքավորության ներկայացուցիչներին, որոնք ի տարբերություն ազնվականների և բուրժուաների (որ հագնում էին կարճ տաբատներ մետաքսյա գուլպաների հետ) հագնում էին կոպիտ կտորից երկար տաբատներ, հետագայում (հատկապես յակոբինյան դիկտատուրայի տարիներին) «Ս․» տերմինը դարձել է հայրենասերի, հեղափոխականի ինքնանվանում։

ՍԱՆԿՑԻԱ (լատ․ sanctio – խստագույն որոշում) իրավունքում, 1․ նախապահպանական միջոցառում, որը կիրառվում է իրավախախտողի նկատմամբ և նրա համար առաջացնում որոշակի անբարենպաստ հետևանքներ։ Ըստ ներգործության միջոցների բնույթի և կիրառող մարմինների՝ լինում է քրեաիրավական (օրինակ, ազատազրկում, աքսոր, արտաքսում, ուղղիչ աշխատանքներ), վարչաիրավական (տուգանք, վարչական կալանք), կարգապահական (դիտողություն, նկատողություն, ցածր աշխատանքի իջեցում, աշխատանքից ազատում), գույքային (վնասի հատուցում, տուգանքի վճարում)։ Քրեաիրավական Ս․ կիրառում են բացառապես դատարանները, վարչաիրավական Ս․՝ միլիցիայի, վերահսկողության մարմինները, պետ․ տեսչությունները, կարգապահականը՝ ադմինիստրացիան, գույքայինը՝