Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրամանագրով արգելվել է հայկ․ թատրոնների գործունեությունը Թուրքիայում։ 1879-ին հայոց թատերական կոմիտեի հրավերով Ս․ տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել տեղի հայկ․ մշտական թատերախմբում։ Անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա (Հյուգոյի «Անջելո», 1879), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ», 1880), Յուլինկա (Օստրովսկու«Եկամտաբեր պաշտոն», 1880), Անանի (Սունդուկյանի «էլի մեկ զոհ», 1881) ևն։ Այստեղ նա ստեղծագործաբար ընկալել է հայ և ռուս թատրոնների ռեալիստական ավանդույթները։ 1881-ին Ս․ վերադարձել է Կ․ Պոլիս, մասնակցել թատերական ընկերության կազմակերպած ներկայացումներին։ 1882-ին հրավիրվել է Ս․ Պենկլյանի նորաստեղծ օպերետային թատրոն։ Հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Եգիպտոս։ Ս․ մեծ հաջողություն է ունեցել հատկապես Տ․ Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր–հոր աղա» օպերետում (Ֆաթիմե)։ 1891-ին կրկին հրավիրվել է Թիֆլիսի մշտական թատերախումբ, 1892-ի վերջին վերադարձել է Կ․ Պոլիս, 1895-ից հանդես եկել տարբեր խմբերի հետ, երբեմն՝ սեփական խմբով, հյուրախաղերով եղել Բուլղարիայում, Եգիպտոսում և Ռումինիայում։ Այղ տարիներին Ս․ թեև դեռևս իրեն լիովին չէր դրսևորել, բայց բեմական վառ տվյալներով հասել էր խոշոր հաջողությունների։ Կենսափորձով հարստացած դերասանուհին թևակոխել է բեմական գործունեության երկրորդ շրջափուլը։ 1897-ին Ս․ հրավիրվել է Բաքվի նորակազմ դերասանական ընկերության խումբը։ Այստեղ Ս․ հանդես է եկել դրամատիկ, գլխավորապես ողբերգական դերերով, որոնցով էլ կարճ ժամանակամիջոցում Ս․ հռչակվել է որպես մի դերասանուհի, որի անզուգական մարմնավորումների հմայքն ու ներգործությունը Պ․ Ադամյանի մահից հետո հանդիսատեսին վերստին մեծ ուժով կապել են թատրոնի հետ։ Նա լայն գործունեություն է ծավալել Թիֆլիսում և Բաքվում իբրև թատերախմբի կենտր․ դեմք, երբեմն էլ՝ ղեկավար, ներկայացումներ է տվել նաև Զուբալովի ժողովրդական տանը, Բաքվի բանվ․ ակումբներում։ 1901-ին Թիֆլիսում Ս․ անձնավորել է Համլետի կերպարը (Շեքսպիրի «Համլետ»), որը անսովոր իրադարձություն է եղել (երբ կինը մարմնավորել է տղամարդու դեր), թեև Սառա Բեռնարը և ուրիշներ արել էին նույնը։ Նրա Համլետը, որն ստեղծվել է ռուս, հեղափոխությանը նախորդող տարիներին, արտացոլել է դեմոկրատական տրամադրությունների աշխուժացումը հայ մտավորականության մեջ։

Ս․ խաղացել է շուրջ 300 դեր․ լավագույններից են՝ Օֆելյա, Համլետ, Պորցիա (Շեքսպիրի «Համլետ», 1880, 1901, «Վենետիկի վաճառականը», 1898), Մարգարիտ Գոթիե (Ա․ Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը», 1880), Թերեզա (Կամոլետտիի «Քույր Թերեզա», 1881), Մադլեն (Դոնիչետտիի «Զավակ», 1892), Հովհաննա դ’Արկ, Մարի Ստյուարտ (Շիլլերի «Օռլեանի կույսը», 1892, «Մարի Ստյուարա», 1899), Ռուզան (Մուրացանի «Ռուզան», 1892), Մարգարիտ (Սունդուկյանի «Ամուսիններ», 1897), Կրուչինինա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», 1898), Ադրիեն (Սկրիբի և Լեգուվեի «Ադրիեն Լեկուվրյոր», 1898), Մագդա (Զուդերմանի «Հայրենական տուն», 1898), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա», 1898), Աննա Դեմուրինա (Նեմիրովիչ-Դանչենկոյի «Կյանքի արժեքը», 1899), Սաֆո 1(Գրիլպարցերի «Սաֆո», 1900), Իզեիլ (Սիլվեստրի և Մորանի «Իզեիլ»,