Ուշ պրոտերոզոյի վերջում ՍՍՀՄ տարածքի երկրբ․ կառուցվածքը բնութագրվում էր ցամաքային կեղևի երկու խոշոր՝ Արևելա–եվրոպական և Սիբիրական բլոկների գոյությամբ, որոնք եզրավորված են օվկիանոսային («անգրանիտ») կեղևի զարգացման գոտիներով՝ Ուրալ–Մոնղոլական, Միջերկրածովյան և Խաղաղօվկիանոսյան։
Ռիֆեյում Արևելա–եվրոպական պլատֆորմի զգալի հատվածներ բարձրացված էին։ Պլատֆորմի եզրերը և գծավոր գրաբենանման ճկվածքները ծածկված էին ծանծաղ ծովերով, որտեղ կուտակվում էին գորշ ու կարմրավուն նստվածքներ։
Քեմբրիի ժամանակաշրջանի սկզբի հնէաաշխարհագրությունը քիչ է տարբերվում վենդից։ Սիբիրական պլատֆորմը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր
կարբոնատային նստվածքներով ծովային ավազանը։ Արևելա–Եվրոպական պլատֆորմի կենտրոնական և հս․ մասերը ծածկված էին ծովով միայն քեմբրիի առաջին կեսում։ Ուշ քեմբրիում գեոսինկլինալային գոտիների հսկայական տարածություններ ենթարկվեցին լեռնակազմական շարժումների (Սալաիրյան օրոգենեզ), որոնք ուղեկցվում էին գրանիտային մագմատիզմով (Անղրբայկալ, Սայաններ, Տուվա, Անդրկովկաս, Հեռավոր Արևելք ևն)։ Սալաիրյան օրոգենեզը հանգեցրեց երիտասարդ պլատֆորմների ընդարձակմանը և գեոսինկլինալային մարզերում գեոսինկլինալային զոնաների մակերեսի
մեծացմանը։ Ուշ քեմբրիում պլատֆորմներում նույնպես տեղի է ունենում ռելիեֆի երիտասարդացում, տեղ–տեղ կուտակվում են ցամաքային նստվածքներ (Հվ․ Սիբիր)։
Վաղ օրդովիկում պլատֆորմներում և գեոսինկլինալային մարզերում սկսվում է նստվածքա-կուտակման նոր փուլ, որը շարունակվում է սիլուրում։
Սիլուրում Ուրալում զարգանում է հատկապես ինտենսիվ հրաբխականությունը։ Ծովի հատակի բարձրություններում ձևավորվում են խոշոր խութային կորալային կառուցվածքներ։ Տերիգեն և տերիգեն–կարբոնատային նստվածքները կուտակվում են Հս–Արլ․ Ասիայի ծովային ավազաններում։ Լայն տարածում
են ստանում գրապտոլիտային թերթաքարերը։
Ուշ օրդովիկում՝ Հս․ Տյան Շանում, սիլուրում՝ Կենտր․ Ղազախստանում,
Ալթայում, Սայաններում սկսվում են լեռնակազմական շարժումներ (կալեդոնյան օրոգենեզ), որն ուղեկցվում է հզոր գրանիտային մագմատիզմով։ Կալեդոնյան օրոգենեզով ավարտվում է ցամաքային կեղևի ձևավորման վաղ պալեոզոյան փուլը։ Ցամաքի բազմաթիվ տեղամասեր են
առաջանում ժամանակակից Ուրալի, Ալթայի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Սայանների, Տուվայի, Անդրբայկալի տարածքում։
Միջին դևոնից սկսվում է ընդհանուր խորասուզումների հաջորդ փուլը,
որոնց հետ կապված են ավելի վաղ գոյություն ունեցած գեոսինկլինալային ճկվածքների համակարգերի նորացումը և նորերի հիմնադրումը Ուրալում, Ալթայում, Կովկասում, Տյան Շանում, Անդրբայկալում և Հեռավոր Արևելքում։ Ուրալ–Մոնղոլական, Միջերկրածովյան և Խաղաղօվկիանոսյան գոտիների տեղում գտնվող ընդարձակ օվկիանոսային ավազանները զգալիորեն խորասուզված էին։ Միայն կղզիների առանձին խմբեր վաղ պալեոզոյան ծալքավորության զոնաներում տեղադրված էին օվկիանոսի մակարդակից բարձր։ Պլատֆորմներում սկսվում է ժամանակակից կարևորագույն ճկվածքների (սինեկլիզների) և բարձրությունների (անտեկլիզների) առանձնացումը, կուտակվում են հիմնականում ծովային տերիգեն–կարբոնատային, կարբոնատային և աղաբեր նստվածքներ (միջին և վերին դևոն)։ Ստրուկտուրաների առաջացումն ուղեկցվում էր բեկվածքներով՝ հիմքային
և ալկալիական մագմայի ներդրմամբ։ Մի շարք շրջաններում ակտիվ էր բազալտային մագմատիզմը։
Քարածխային ժամանակաշրջանի սկզբում ժառանգաբար զարգանում էին դևոնում առաջացած ստրուկտուրային տարրերը։ Սակայն կլիման դառնում է հումիդային, որի մասին են վկայում լայնարձակ մակերեսների վրա տարածված ածխաբեր սերիաները (Արևելա–Եվրոպական պլատֆորմ, Ուրալ, Ղազախստան)։ Սիբիրական պլատֆորմի մեծ մասը (Տունգուսկայի սինեկլիզը) լճաճահճային հարթավայր էր։ Նման պայմանները, որոնք այստեղ պահպանվել են մինչև պերմի վերջը, հանգեցրին Սիբիրական պլատֆորմի վերին պալեոզոյան
նստվածքներում ածխի խոշոր պաշարների ձևավորմանը։ Ուշ պալեոզոյում այստեղ սկսվում են հրաբխային ժայթքումներ։ Արևելա–Եվրոպական պլատֆորմում պահպանվում են ծովային պայմանները, և կուտակվում սպիտակ կրաքարեր և դոլոմիտներ։
Պերմի ժամանակաշրջանում տեղի է ունենում Արևելա–Եվրոպական պլատֆորմի ծովային ավազանի մակերեսի աստիճանական կրճատում։
Տրիասի սկզբում ՍՍՀՄ տարածքի մեծ մասը ցամաք էր։ Սիբիրական պլատֆորմում, Կուզբասում, Պեչորայի իջվածքում ակտիվ է հրաբխականությունը, որի հետևանքով առաջանում են Սիբիրական պլատֆորմի տրապները։ Արևելա–Եվրոպական պլատֆորմում կուտակվում են կարմրավուն ցամաքային նստվածքներ։
Յուրայի և կավճի ժամանակաշրջաններում Արևելա–Եվրոպական պլատֆորմում ձևավորվում են մի քանի նոր առաջացած իջվածքներ, որոնք տեղադրվում են ավելի հին պալեոզոյան ճկվածքների և բարձրությունների վրա։ Համեմատաբար կայուն ծովային ռեժիմ պահպանվում է հվ․ մարզերում, որոնք ողողված են Թետիս օվկիանոսի ջրերով։ Արևմտա–Սիբիրական սալը յուրայի և կավճի ժամանակաշրջաններում ծածկված էր բորեալ ծովի հսկայական ծոցով, որտեղ կուտակվում էին ավազակավային և կավասիլիցիումային նստվածքներ։ Սիբիրական պլատֆորմի հս–արլ․ եզրը ողողվում էր ծովով, որը թափանցում էր Վիլյույի սինեկլիզը։ Պլատֆորմի հվ․ և կենտր․ շրջանները, Հվ․ Սիբիրի, Ալթայի, Ղազախստանի, Տյան Շանի, Անդրբայկալի ծալքավոր մարզերը ցամաք էին, որի առանձին ճկվածքներում կուտակվում էին յուրայի հասակի ածխաբեր հաստվածքները։ Տեղ–տեղ դրանք հասնում են մեծ հզորության և պարունակում ածխի հսկայական պաշարներ։ Յուրայի և կավճի ժամանակաշրջանների սահմանագծում ՍՍՀՄ տարածքի հս–արլ–ամ, Անդրբայկալում, Ալդանի վահանում, Պամիրում տեղի են ունենում լեռնակազմական շարժումներ, որոնք ուղեկցվում են թթու ինտրուզիվ մագմատիզմով։
Պալեոգենի ժամանակաշրջանը ՍՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ բնութագրվում է համեմատաբար հանդարտ տեկտոնական իրադրությամբ։ Ծովային նստվածքակուտակումը պահպանվում է Արևելա–եվրոպական պլատֆորմի հվ․ մարզերում, Սկյութական և Թուրանի սալերում, Ալպյան գեոսինկլինալային մարզում, Արևմտա–Սիբիրական սալը ծածկված էր ծովով։ Ծովային նստվածքների կուտակումը գեոսինկլինալային ստրուկտուրաների պայմաններում բնորոշ է Խաղաղօվկիանոսյան գոտու եզրային արլ․ շրջաններին (Կամչատկա, Սախալին, Կուրիլյան կղզիներ)։ Գեոսինկլինալային մարզերում ծովային նստվածքակուտակումը ուղեկցվում էր
հրաբխականությամբ։ Ակտիվ պալեոգենյան հրաբխականություն էր դրսևորվում
Փոքր Կովկասի տարածքում, որտեղ գոյություն ուներ ճկվածքների համակարգ։
Ճկվածքների եզրերով տեղադրված էին հրաբխային ապարատները։ Կովկասում
բազմաթիվ ճկվածքներում կուտակվում էին ֆլիշային սերիաներ։
Պալեոգենի ժամանակաշրջանի ավարտի հետ է կապված բարձրացումների ալպյան օրոգենեզով պայմանավորված սկիզբը, որն առավել ակտիվության է հասնում նեոգենի ժամանակաշրջանում։ Լեռնակազմական պրոցեսների ազդեցության ոլորտն են ներքաշվում ոչ միայն գեոսինկլինալային մարզերը (Կարպատներ, Ղրիմ, Կովկաս, Կոպետդաղ), այլև այն շրջանները, որոնց տեկտոնական ռեժիմը մեզոզոյի և պալեոգենի ընթացքում մոտենում էր տիպիկ պլատֆորմայինին (Տյան Շան, Հվ․ Սիբիրի լեռներ, Սիբիրական պլատֆորմի հվ․)։ Ալպյան լեռնակազմությունը ուղեկցվում էր խոշոր ներքին ճկվածքների ձևավորմամբ, որոնք լցված էին ծովային ավազաններով (Սև ծով, Կասպից ծովի հվ․ մաս) և լճերով (Արալյան, Բալխաշ, Բայկալ)։ Մի շարք իջվածքներ տիպիկ ռիֆտային ստրուկտուրաներ են։ Եզրային ծովերի (ճապոնական, Բերինգի, Օքսոտի) զգալի մակերեսներ նույնպես նոր են առաջացել։ Խաղաղօվկիանոսյան գոտու արլ․ շրջաններում շարունակվում է գեոսինկլինալային զարգացումը, որն ուղեկցվում է ակտիվ հրաբխականությամբ (Կուրիլյան կղզիներ, Կամչատկա)։ Չորրորդական հասակի անդեզիտային լավաների հզոր սերիաները հոծ զրահով ծածկում են Կամչատկայի պալեոգենյան և նեոգենյան ստրուկտուրաները։ Հրաբխային ապարատները տեղադրված են շղթաներով ըստ բեկվածքների զոնաների։