Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

գիտ․ հարաբերությունների նշանավոր կենտրոններ են։

X․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը

Դեռևս հին Ռուսիայի տարածքում գոյություն են ունեցել ձեռագիր գրքերի ստեղծման կենտրոններ։ Պահպանվող թվակիր ռուս. ձեռագիր գրքերից ամենահինը «Օստրոմիրի Ավետարան»-ն է, որը Նովգորոդի մարզպան Օստրոմիրի համար գրել է Գրիգոր սարկավագը, 1056–57-ին։ XI–XV դդ․ ձեռագրակենտրոններ են ստեղծվել Նովգորոդում, Պսկովում, Մոսկվայում, Ռյազանում, Սմոլենսկում, Տրոիցե–Սերգիևյան, Սոլովեցյան, Իոսիֆո–Վոլոկոլամսկյան, Կիրիլո–Բելոզերսկյան և այլ վանքերում։ Ռուս. պարբերական մամուլի պատմությունը սկսվում է ձեռագիր տեղեկագրերից (այսպես կոչված լրատու նամակներ՝ «Կուրանտի»-ներ, 1621)։ Ռուս. առաջին տպարանը հիմնվել է Մոսկվայում, 1553-ին, որի հրատարակած գրքերից հայտնի է յոթը։ 1564-ի մարտի 1-ին Իվան Ֆեոդորովն ու Պյոտր Մստիսլավեցը ավարտել են ստույգ թվագրված ռուս. առաջին գրքի՝ «Ապոստոլ»-ի տպագրությունը։ 1570-ական թթ․ տպարան է հիմնվել Ալեքսանդրովյան սլոբոդայում (այժմ՝ ք․ Ալեքսանդրով)։ XVI դ․ վերջին և XVII դ․ տպագրական արհեստանոցներ են գործել Կազանում, Նովգորոդում, Իվերի վանքում։ Սակայն տպագրական արտադրանքի հիմնական մասը թողարկվել է Մոսկվայի Պեչատնի դվորում (ռուս. առաջին պետ․ տպարանը հիմնվել է 1563-ին Իվան IV-ի և մետրոպոլ Մակարի աջակցությամբ, մինչև 1700-ը տպագրել է շուրջ 500 գիրք)։ 1708-ին գործածության մեջ է դրվել քաղաքացիական տառատեսակը։ XVIII դ․ 1-ին քառորդում տպագրական խոշոր կենտրոն է դարձել Պետերբուրգը, որտեղ առաջին տպարանը հիմնվել է 1711-ին, Պետերբուրգի ԳԱ տպարանը 1727-ից հրատարակել է գիտ․ գրականություն։ XVIII դ․ վերջին քառորդում տպարաններ են հիմնվել Ցարոսլավլում (1784), Կալուգայում (1785), Կուրսկում (1792), Պերմում (1792), Կոստրոմայում (1793), Սմոլենսկում (1795) և նահանգական այլ քաղաքներում։ 1801-ին Կազանում սկսել է գործել թաթար, առաջին տպարանը։ Ազգ․ գրատպության զարգացման գործում կարևոր դեր է կատարել Կազանի համալսարանի տպարանը (1809), որտեղ գրքեր են տպագրվել թաթարերեն, չուվաշերեն, մարիերեն, կալմիկերեն, ուդմուրտերեն և այլ լեզուներով։

XIX դ․, գլխավորապես Պետերբուրգում և Մոսկվայում, գործել են Ա․ Ֆ․ Սմիրդինի, Մ․ Օ․ Վոլֆի, Ա․ Ֆ․ Մարքսի, Ի․ Դ․ Սիտինի, Ա․ Ս․ Սուվորովի և այլոց խոշոր հրատարակչական ֆիրմաները։ 1860-ական թթ․ հիմնադրվել են Ն․ Սերնո–Սոլովևիչի և Ն․ Պոլյակովի հեղափոխական–դեմոկրատական հրատարակչությունները, իսկ 70–80-ական թթ․ արդեն ակտիվորեն գործել են «Զեմլյա ի վոլյա», «Նարոդնայա վոլյա», «Չյոռնի պերեդել», «Ռուսաստանի բանվորների հյուսիսային միություն» հեղափոխական կազմակերպությունների անլեգալ տպարանները (Պետերբուրգ, Մոսկվա, Նովոչերկասկ, Դոնի Ռոստով, Տուլա, Տագանրոգ)։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պայմաններ են ստեղծվել հրատարակչական գործի (մասնավորապես ազգ․ լեզուներով) լայն ծավալման համար։ 1919-ին կազմակերպվել է ՌՍՖՍՀ պետհրատը։ Ազգ․ լեզուներով գրքեր սկզբում հրատարակել են ազգ․ հանրապետությունների լուսժողկոմատների գրահրատարակչական բաժինները, իսկ 1920-ից հետո՝ ՌՍՖՍՀ պետհրատի ազգ․ կենտրոնների բաժանմունքները (1921-ին 60 բաժանմունք)։ Ռուսաստանում բնակվող շատ ժողովուրդներ գիր և տպագրություն են ստեղծել միայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի «ՌՍՖՍՀ պետհրատի աշխատանքի և հրատարակչական գործի միավորման մասին» որոշման (1930, հուլիս) համաձայն ստեղծվել է պետ․ հրատարակչությունների միավորումը՝ ՌՍՖՍՀ ՕԳԻԶ։ 1963-ին կազմավորվել է ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի մամուլի պետ․ կոմիտեն (1972-ից՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետ․ կոմիտե)։ Մասսայական–քաղ․, գիտամատչելի գեղարվեստական գրականության հանրապետական խոշորագույն հրատարակչությունը «Սովետսկայա Ռոսիա»-ն է, գյուղատնտ․ գրականություն է հրատարակում «Ռոսսելխոզիզդատը», 1970-ին ստեղծվել է «Սովրեմեննիկ» հրատարակչությունը, որը հրատարակում է ռուս դասականների և ՌՍՖՍՀ ժամանակակից հեղինակների գործերը։ Գործում են նաև «Դետսկայա լիտերատուրա», «Մալիշ», «Պրոսվեշչենիյե», «Խուդոժնիկ ՌՍՖՍՀ» հանրապետական հրատարակչությունները։ Մարզային հրատարակչություններից խոշորագույններն են․ «Մոսկովսկի ռաբոչի»-ն և Լենհրատը։ 1982-ին հանրապետությունում լույս է տեսել 49262 անուն գիրք և բրոշյուր, գործել է 55 հրատարակչություն։

Ռուս. առաջին թերթը՝ «Վեդոմոստի»-ն, տպագրվել է 1702-ի դեկտեմբերից (կանոնավորապես՝ 1703-ից), Մոսկվայի Պեչատնի դվորում։ Ռուսաստանում հրատարակվել է շուրջ 200 պարբերական։ Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ 1900-ի սկզբներին ստեղծվեց «Իսկրա»-ն։ Հոկտեմբերյան հեղափոխության նախապատրաստման փուլում կարևոր դեր է կատարել բոլշևիկյան մամուլը։ XX դ․ սկզբին բոլշևիկյան թերթեր էին լույս տեսնում բազմաթիվ արդ․ կենտրոններում։ 1912-ի մայիսի 5-ին (ապրիլի 22) Պետերբուրգում լույս տեսավ «Պրավդա»–ի առաջին համարը։ 1913-ին Ռուսաստանում հրատարակվել է 856 անուն թերթ և 1331 հանդես։ 1982-ին ՌՍՖՍՀ–ում լույս է տեսել 4498 անուն թերթ և լրագրային այլ հրատարակություն (29․332 մլն տպաքանակով), այդ թվում 30 կենտր․ (միութենական), 1 հանրապետական, 160 երկրամասային, մարզային, օկրուգային, 81 ինքնավար հանրապետական և մարզային, 468 քաղաքային, 1587 շրջանային։ ՌՍՖՍՀ–ում լույս է տեսնում 4066 թերթ․ ՍՍՀՄ այլ ժողովուրդների լեզուներով՝ 296։ Հրատարակվում են (ռուս․) 3927 հանդես, բյուլետեն, շարունակական գիտ․ հրատարակություններ, ՍՍՀՄ այլ ժողովուրդների լեզուներով՝ 57, արտասահմանյան երկրների ժողովուրդների լեզուներով՝ 166։ 1956-ից լույս է տեսնում «Սովետական Ռոսիա» օրաթերթը։ Կարևորագույններից են «Մոսկվա» (1957-ից), «Նևա» (Լենինգրադ, 1955-ից), «Դալնի Վոստոկ» (Խաբարովսկ, 1933-ից), «Դոն» (Դոնի Ռոստով, 1957-ից) հանդեսները։

Ռադիոհաղորդումները տրվում են 1922-ից, հեռուստահաղորդումները՝ 1930-ից։ Գործում է Մոսկվայի ռադիոյի 5 ծրագիր՝ օրական 178,4 ժ ընդհանուր տևողությամբ (1980)։ Տեղական ռադիոհաղորդումները տրվում են 46 լեզվով (402 ժ)։ Մոսկվայի հեռուստակենտրոնն ունի 4 ծրագիր (ավելի քան 80 ժ)։ ՌՍՖՍՀ տարածքում (բացի Մոսկվայի համամիութենական հեռուստակենտրոնից) գործում են նաև 78 հեռուստակայան, 135 հզոր վերահաղորդիչ կայան (1980), կաբելային և ռելեային գծերի լայն ցանց։ Հեռավոր շրջանների համար (Սիրիր, Հեռավոր Աիևելք, ՌՍՖՍՀ–ի հյուսիս) «Վոստոկ» և «Օրբիտա» համակարգերով հաղորդվում են հատուկ ծրագրեր։

XI․ Գրականությունը

ՌՍՖՍՀ գրականությունը ստեղծում են ռուս և ՌՍՖՍՀ կազմի մեջ մտնող մյուս ժողովուրդները (ոչ ռուս ժողովուրդների գրականության զարգացումը լուսաբանվում է ՌՍՖՍՀ ինքնավար հանրապետություններին և ինքնավար մարզերին վերաբերող հոդվածներում)։

Ռուս հարուստ բանահյուսության հիմնական ժանրերն ու ձևերը կազմավորվել են XI–XVII դդ․։ Բանահյուսությունը ստեղծվել և գոյություն է ունեցել հիմնականում գյուղացիական միջավայրում։ Պահպանված բանահյուսական ստեղծագործությունների մեծ մասը գրառվել է XVIII–XIX դդ․։ Առավել նշանակալի և տարածված ժանրերն են քնարական երգերը, հեքիաթները, չափածո էպիկա–հերոսական ստեղծագործությունները (բիլինա), օրացուցային ծիսական բանահյուսությունը, հարսանեկան ծիսական բանահյուսությունը ևն։ XIX դ․ լայնորեն տարածվել են չաստուշկաներն ու ռոմանսները։ XVIII դ․ ավանդական գեղջկական բանահյուսության կողքին սկսել է ձևավորվել բանվորականը, XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին լայնորեն տարածվել են հեղափոխական երգերը։

Հին ռուս. գրականությունը (X դ․ վերջ– XVII դ․) սկզբնավորվել է Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանում։ Այդ գրականությունը հիմք է դարձել ոչ միայն ռուս, այլև ուկր․ և բելոռուս, գրկ–ների համար։ X դ․ վերջերին, երբ քրիստոնեությունը թափանցել է Ռուսաստան, սկսել են տարածվել եկեղեց․ սլավոներենով ժամերգության տեքստերը, որոնք կազմվել են Բուլղարիայում։ Հետագայում, XI դ․ 2-րդ քառորդից բուն Կիևյան Ռուսիայում թարգմանվել են եկեղեց․ տեքստեր, և ստեղծվել ինքնատիպ գրավոր հուշարձաններ՝ տարեգրություններ («Անցած տարիների պատմություն», մոտ 1113), վարքագրություններ, խրատներ ու քարոզներ,