Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մկաններն ամրապնդող և օրգանիզմի ընդհանուր տոնուսը բարձրացնող ֆիզիկական վարժություններ, խիստ նիհարելիս՝ ուժեղացրած սնունդ, ջրային պրոցեդուրներ։ Առողջարանային բուժում։ Հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո՝ անհրաժեշտ հիգիենային կանոնների պահպանում։ Տես նաև Ընդերքի իջվածք։

ՍՏԱՄՊ (Stamp) Լորենս Դադլի (1898–1966), անգլիացի աշխարհագրագետ և երկրաբան։ Ավարտել է Լոնդոնի համալսարանը, կատարել երկրաբանական հետազոտություններ Հնդկաստանում և Քիրմայում։ 1923-ից դասավանդել Ռանգունի համալսարանում։ 1930-ական թթ․ զբաղվել է Մեծ Բրիտանիայի հողային ֆոնդի ուսումնասիրությամբ։ 1933-ին հրատարակել է «Բրիտանական կղզիներ։ Աշխարհագրական և տնտեսական ակնարկ»-ը։ «Բրիտանիայի հողերը: Նրանց օգտագործումը և չարաշահումը» (2 հրտ․, 1950) աշխատությունով, հիմք է դրել հողօգտագործման տնտեսա–աշխարհագրական ուղղությանը։ Ստամպը եղել է Թագավորական աշխարհագրական ընկերության, Աշխարհագրական ասոցիացիայի և Բրիտանական աշխարհագրագետների ինստիտուտի պրեզիդենտ։ 1949-ին ղեկավարել է Միջազգային աշխարհագրական միության՝ Աշխարհի հողատարածությունների հաշվառման և օգտագործման հանձնաժողովը։ 1952–56-ին եղել է Միջազգային աշխարհագրական միության պրեզիդենտը։

ՍՏԱՆԴԱՐՏ (անգլ․ standard – նորմ, նմուշ, չափանիշ), լայն իմաստով՝ նմուշ, էտալոն, մոդել, որ ելակետ են ծառայում այլ օբյեկտները դրանց հետ համադրելու համար, ստանդարտացման նորմատիվային–տեխ․ փաստաթուղթ, որով օբյեկտների նկատմամբ սահմանվում են նորմեր, կանոններ, պահանջներ։ Ստանդարտ կարող է ընդգրկել ինչպես արտադրանքը, այնպես էլ կազմակերպական–մեթոդական և ընդհանուր տեխ․ բնույթի նորմեր, կանոններ, պահանջներ։ Արտահայտվում է մի շարք պայմաններ բովանդակող փաստաթղթի, մեծության միավորի (օրինակ, ամպեր, կելվին) կամ ֆիզիկական հաստատունի, համեմատման համար որևէ առարկայի (օրինակ, մետրի էտալոն) ձևերով։ Գործողության ոլորտից, տարածման շրջանից, սահմանված նորմաներից, կանոններից և պահանջներից կախված, ՍՍՀՄ–ում տարբերում են՝ ընդհանուր տեխնիկական պահանջների, տեխնիկական պայմանների, ընդունման կանոնների, տիպային տեխնոլոգիական պրոցեսների, ընդունման մեթոդների ու միջոցների, ինչպես նաև պետական, հանրապետական, ճյուղային, ձեռնարկության ստանդարտներ ևն։

1982-ի սկզբին ՍՍՀՄ–ում գործում էին մոտ 23 հզ․ պետական և ավելի քան 40 հզ․ ճյուղային, իսկ Հայկ․ ՍՍՀ–ում՝ 1000-ից ավելի հանրապետական ստանդարտներ։

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ, ստանդարտների սահմանման և օգտագործման պրոցես։ Ստանդարտացման օբյեկտ են կոնկրետ արտադրանքը, նորմաները, կանոնները, պահանջները, մեթոդները, տերմինները և նշանները, որոնք ժողտնտեսության տարբեր ճյուղերում բազմակի օգտագործման հեռանկար ունեն։

ՍՍՀՄ–ում գործում է ստանդարտացման պետական համակարգ, որը միավորում է ժողտնտեսության կառավարման բոլոր մակարդակներում կատարվող ստանդարտացման աշխատանքներն ու իրենից ներկայացնում փոխկապված կանոնների ու դրույթների համալիր։ Ստանդարտացման հիմնական խնդիրներն են՝ արտադրանքի, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների և կոմպլեկտավորող իրերի տեխ․ մակարդակին ու որակին ներկայացվող պահանջների, արտադրանքի նախագծման ու թողարկման բնագավառում՝ նորմաների, պահանջների և մեթոդների, նաև փաստաթղթերի, տեխնիկատնտ․ ինֆորմացիայի միասնականացված դասակարգման և ծածկագրման համակարգերի, միասնական տերմինների ու նշանների, աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի սահմանում, արդյունաբերական արտադրանքի միասնականացման և ագրեգատավորման զարգացում, սարքերի փոխադարձ փոխարինելիության և շահագործման ու նորոգման արդյունավետության մակարդակի բարձրացում, երկրում չափման միասնության և ճշտության ապահովում, ֆիզիկական մեծությունների միավորների պետ․ նմուշների, ինչպես նաև բարձրագույն ճշգրտության չափումների մեթոդների ու միջոցների ստեղծում և կատարելագործում, արտաքին առևտրական, մշակութային ու գիտատեխ․ կապերի համար նպաստավոր պայմանների ապահովում։ Ստանդարտացումը հիմնվում է առաջանցիկ և կոմպլեքսային ստանդարտացման մեթոդների վրա։ Առաջանցիկ ստանդարտացման մեթոդի էությունը գործնականում ձեռք բերված մակարդակի համեմատ ստանդարտացման օբյեկտների նկատմամբ այնպիսի բարձր նորմաների ու պահանջների սահմանումն է, որոնք, ըստ կանխատեսումների, պետք է օպտիմալ լինեն հետագա ժամանակաշրջանի համար։ Կոմպլեքսային ստանդարտացումը նախատեսում է պատրաստի արտադրանքի և դրա բաղադրամասերի տեխ․ մակարդակին ու որակին ներկայացվող պահանջների ու ցուցանիշների փոխհամաձայնեցում։

ՍՍՀՄ–ում ստեղծվել և ներդրվում են համապետ․ նշանակության ստանդարտների միջճյուղային միասնական համակարգեր՝ կոնստրուկտորական փաստաթղթերի, արտադրության տեխնոլոգիական նախապատրաստման, տեխնիկա–տնտ․ ինֆորմացիայի դասակարգման ու ծածկագրման ևն։ Թողարկվող արտադրանքի որակի պլանաչափ բարձրացման համար սահմանվել է արդյունաբերական արտադրանքի որակի բարձրագույն, առաջին և երկրորդ կարգի ատեստավորում և շնորհվում է որակի պետական նշան։ Ստանդարտացման աշխատանքները ղեկավարում է ՍՍՀՄ պետ–ստանդարտը, որի մարմինների ու ծառայությունների համակարգն ընդգրկում է հանրապետ․ վարչությունները, ստանդարտացման և չափաբանության կենտրոնները, ԳՀԻ–ները, ստանդարտների պահպանման պետ․ հսկողության լաբորատորիաները։ ՍՍՀՄ պետստանդարտը մշակում և հաստատում է թողարկվող արտադրանքի որակի ձեռք բերված մակարդակի գնահատման կարգի մասին գիտատեխ․ փաստաթղթերը, վերահսկողություն սահմանում արդ․ արտադրանքի որակի ատեստավորման իրականացման ու պայմանների պահպանման վրա։

Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) երկրներում Uտանդարտացման հարցերով զբաղվում են՝ ստանդարտացման մշտական և ճյուղային մշտական հանձնաժողովները, ՏՓԽ–ի ստանդարտացման ինստիտուտը, ՏՓԽ–ի քարտուղարության ստանդարտացման բաժինը։ Աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ նորմատիվային–տեխ․ փաստաթղթերի, ինչպես նաև ՏՓԽ–ի անդամ–երկրների միջև ապրանքափոխանակության օբյեկտ հանդիսացող արտադրանքի կոմպլեքսային ստանդարտների համակարգի ստեղծումը։ ՏՓԽ–ի ստանդարտների նորմաներն ու պահանջները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Կապիտալիստական երկրներում ստանդարտացման աշխատանքներն իրականացնում են ազգային (հիմնականում՝ ոչ կառավարական) կազմակերպությունները։ Ազգային ստանդարտների մեծ մասը, բացառությամբ անվտանգության տեխնիկայի, առողջապահության և շրջապատող միջավայրի պահպանման ստանդարտների, օրենսդրական ուժ չունեն։ Իրենց պրակտիկ գործունեության համար ֆիրմաներն ու ընկերությունները մշակում և օգտագործում են ֆիրմային ստանդարտներ։

Ստանդարտացման, չափաբանության, արտադրանքի որակի բարձրացման հարցերով զբաղվում են նաև միջազգային ու ռեգիոնալ կազմակերպությունները՝ ՄԱԿ–ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը, ստանդարտացման միջազգային կազմակերպությունը, Միջազգային էլեկտրատեխ․ հանձնաժողովը ևն։ Միջազգային ստանդարտների կիրառումը նպաստում է երկրների միջև գիտատեխնիկական, տնտեսական և առևտրական կապերի ընդլայնմանը։

Գրկ. Стандартизация в народном хозяйстве СССР․ 1917–1967, М․, 1967: Стандартизация и социалистическая экономическая интеграция, М․, 1974: Стандартизация в СССР․ 1925-1975, М․, 1975․

Ե․ Օրդյան

ՍՏԱՆԻՆ (< լատ․ stannum – անագ), անագային հրաքար, միներալ սուլֆիդների դասից։ Քիմիական կազմը՝ Cu2FeSnS4։ Պարունակում է 29,58% Cu, 12,99% Fe, 27,5% Sn և 29,8% S, ինչպես նաև խառնուրդներ (Zn, Sb, Cd, Pb և Ag)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է (բարձր ջերմաստիճանային ստանին) և տետրագոնային (ցածր ջերմաստիճանային ստանին)։ Հանդիպում են հատիկավոր զանգվածների և երիզների (կասիտերիտի և խալկոպիրիտի հատիկների շուրջ) ձևով։ Գույնը՝ պողպատի մոխրագույն։ Կարծրությունը՝ 3–4,5, խտությունը՝ 4300–4500 կգ/մ3։ Փխրուն է, լավ էլեկտրահաղորդիչ։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում, հազվադեպ՝ պեգմատիտներում և գրեյզեններում, վոլֆրամի, խալկոպիրիտի, կասիտերիտի, սֆալերիտի, խունացած հանքանյութերի և այլ միներալների հետ համատեղ։ Անագի հանքանյութ է։

ՍՏԱՆԻՍԼԱՎ, Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի անունը մինչև 1962-ը։

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ (իսկական ազգանունը՝ Ալեքսեև) Կոնստանտին Սերգեևիչ [5(17)․1․1863, Մոսկվա–7․8․1938, Մոսկվա],