Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ամենանուրբ գործունեության առավել վառ արտահայտությունն է, նրա առանձին մասերի միջև ամենաբարդ փոխազդեցության արդյունքը։ Ստերեոտիպը ֆիզիոլոգիական հիմք է հանդիսանում հմտությունների ավտոմատացման համար, որով ապահովվում է դրանց հեշտ և խնայողաբար կատարումը և գոյության պայմաններին արագ հարմարումը։ Մարդու սովորությունները, աշխատանքային պարզ հմտությունները դինամիկական ստերեոտիպի արտահայտություններ են։ Դինամիկական ստերեոտիպի մշակումը նշանակալի ծանրաբեռնվածություն է կենտրոնական նյարդային համակարգի համար, սակայն մեկ անգամ մշակված ստերեոտիպը ավտոմատացվում է և դառնում իներտ։ Այդ պատճառով դինամիկական ստերեոտիպի վերակառուցումն առաջացնում է գլխուղեղի կիսագնդերի կեղևի նյարդային տարրերի բարձր լարվածություն, որը վեր է նրա ֆունկցիոնալ հնարավորություններից և հաճախ կարող է հանգեցնել բարձրագույն նյարդային գործունեության խանգարումների, նյարդային վիճակների զարգացման։ Կյանքի սովորական պայմանների փոփոխության հետևանքով առաջացող մարդու ծանր ապրումները, նրա մտավոր ճգնաժամերը ևն հաճախ իրենց ֆիզիոլոգիական հիմքն ունեն հատկապես հին դինամիկական ստերեոտիպի խանգարման և նորի առաջացման դժվարությունների գործում։ Դինամիկական ստերեոտիպի վերակառուցման դժվարությունների աստիճանը կախված է գրգռիչների բնույթից, նյարդային համակարգի առանձնահատկություններից, օրգանիզմի վիճակից ու տարիքից։

Գրկ․ Павловские среды, т․ 3, М․–Л․, 1949; Павлов И․ П․, Двадцатилетний опыт объективного изучения высшей нервной деятельности животных, М․, 1973․

ՍՏԵՐԵՈՏԻՊԻԱ, ստերեոտիպավորում, բարձր տպագրության տպաձևերի պատճենների՝ ստերեոտիպերի, պատրաստման պրոցես։ Ներառնում է տառամայրավորումը, տառամայրից ստերեոտիպ պատրաստելը և նրա մշակումը։ Ստերեոտիպիա կիրառվում է մեծ տպաքանակով հրատարակությունների, միաժամանակ տարբեր կետաչափերով լրագրերի, առանց բովանդակության փոփոխման կրկնակի հրատարակությունների, ռոտացիոն տպագրական մեքենաներով տպագրման համար։ Ստերեոտիպերը պատրաստում են ձուլմամբ, էլեկտրալիտիկ եղանակով և մամլմամբ։ Ձուլման եղանակի դեպքում ձուլման քանդովի, հատակին դրված ստվարաթղթե տառամայրով կաղապարը լցնում են 300–320°C ջերմաստիճան ունեցող հեղուկ տառանյութով։ Մեկ տառամայրից կարելի է կատարել մինչև 15–17 ձուլում։ Ստերեոտիպերի հաստությունը որոշվում է տպագրական մեքենայի տիպով։ Ձուլումից հետո կատարվում է ստերեոտիպերի մեխանիկական մշակում։ Հարթ և ռոտացիոն ստերեոտիպերի մեծ մասը ձուլում են կիսաավտոմատ սարքերով (արտադրողականությունը՝ 2–3ր–ում 1 հատ) կամ ավտոմատներով (1ր-ում 2–3 հատ)։ Խոշոր լրագրային արտադրության մեջ կիրառում են հոսքային գծեր, ռրոնք ապահովում են մեծ արագությամբ ավտոմատ ձուլումը և ստերեոտիպերի մեխանիկական մշակումը։ Էլեկտրալիտիկ եղանակի դեպքում (տես Գալվանաստերեոտիպիա) ստերեոտիպը ստանում են տառամայրի վրա մետաղի (սովորաբար պղնձի) շերտի նստեցումով, որը տառամայրից անջատելուց հետո ոչ տպագրող կողմից ամրացվում է տպագրական համաձուլվածքով կամ պլաստմասսայով։ Այսպիսի ստերեոտիպերի մշակումը կատարվում է այնպես, ինչպես ձուլման եղանակի դեպքում։ Մամլման եղանակով ստերեոտիպեր պատրաստելիս տառամայրը ծառայում է որպես դրոշմոց՝ պլաստիկ նյութերի (պլաստամասսա, ռետին) վրա ռելիեֆային ձև ստանալու համար։ Ընդ որում տառամայրերը արվում են ջերմառեակտիվ, իսկ ստերեոտիպերը՝ ջերմապլաստիկ պլաստմասսաներից։ Տառամայրերը տեղակայում են հատուկ մամլիչում, որն ունի տաքացնող (մինչև 170–190°С) ստորին և հովացնող վերին սալեր։ Մեկ տառամայրից կարելի է ստանալ մի քանի ստերեոտիպեր, որոնք ենթարկվում են աննշան մեխանիկական մշակման։ Ռետինե ստերեոտիպ պատրաստում են հում ռետինից, որը մամլումից հետո ճնշման տակ վուլկանացման են ենթարկում։

Ստերեոտիպիայի եղանակի ընտրությունը որոշվում է, հիմնականում, հրատարակությունների թողարկման ժամկետներով, պատկերման որակին ներկայացվող պահանջներով և տնտեսական նկատառումներով։

ՍՏԵՐԵՈՔԻՄԻԱ (ստերեո․․․ և քիմիա), տես Տարածական քիմիա։

ՍՏԵՐԵՈՖՈՆԻԱ (< ստերեո․․․ և հուն․ yωvή – ձայն, հնչյուն), ձայնի հաղորդման և վերարտադրման այնպիսի եղանակ, որի դեպքում ունկնդիրն ստանում է ձայնի աղբյուրների տարածական դասավորության տպավորություն։ Ձայնը վերարտադրվում է մի քանի (մինչև 5) տարափող աղբյուրներով (բարձրախոսներ, բարձրախոսային համակարգեր), որոնցից յուրաքանչյուրը համապատասխան միկրոֆոնից ազդանշանն ստանում է անկախ կապուղիով։ Ստերեֆոնիայի էֆեկտն առաջանում է բարձրախոսների (վերարտադրման տեղում) և միկրոֆոնների (ձայնի հաղորդման տեղում) որոշակի դասավորության դեպքում։ Ստերեֆոնիան օգտագործվում է կինեմատոգրաֆիայում, ռադիոհաղորդումներում ձայնը ձայնասկավառակի կամ մագնիսական ժապավենի վրա գրանցելիս, ապա՝ վերարտադրելիս։ 1970-ական թվականներից տարածում է գտել քվադրոֆոնիան, որի դեպքում ձայնի վերարտադրումն իրականացվում է չորս բարձրախոսներով, որոնցից երկուսը տեղավորում են ունկնդրի առջևում (ճակատային բարձրախոսներ), իսկ մյուս երկուսը՝ ետևում (թիկունքային բարձրախոսներ)։

Գրկ․ Фурдуев В․ В․, Стереофония и многоканальные звуковые системы, М․, 1973․

ՍՏԵՐԻԼԱՑՈՒՄ, ստերիլիզացիա (լատ․․ sterilis – անպտուղ), 1․ տարբեր նյութերի, առարկաների, սննդամթերքների վրա գտնվող միկրոօրգանիզմների լրիվ ոչնչացումը։ Ստերիլացման առավել կիրառվող մեթոդներից է բարձր ջերմաստիճանի ազդեցությունը, հեղուկների համար՝ ֆիլտրումը։ Բակտերիաների, խմորասնկերի, սնկիկների մեծամասնության վեգետատիվ բջիջները ոչնչանում են 50°–70°C–ում՝ 30 րոպեում, իսկ որոշ բակտերիաների սպորներ դիմանում են երկարատև եռացնելուն։ Դրանով է բացատրվում ստերիլացման համար առավել բարձր ջերմաստիճանի կիրառումը։ Ստերիլացման պարզագույն մեթոդը մետաղյա և ապակյա իրերի շիկացումն է բոցի վրա։ Շպրիցները, ասեղները, ունելիները և այլ գործիքներ ստերիլացնում են հատուկ մետաղյա ստերիլիզատորներում, եռացնելով։ Ստերիլացումը չոր տաք օդով կատարվում է չորացնող պահարաններում (Պաստյորի վառարան), 160–165°C–ում, 2 ժամում։ Կիրառվում է լաբորատորիաների ամանեղենը, մետաղյա առարկաները, փոշենման նյութերը ստերիլացնելու նպատակով։ Վիրաբուժական գործիքները, վիրակապերը և թելերը, սննդարդյունաբերության մեջ տարբեր պահածոներ ստերիլացնում են 1 մթն․ ճնշման տակ՝ 2 ժամում։ Բարձր ջերմաստիճանին չդիմացող պինդ առարկաները (պլաստմասսաներ, էլեկտրոնային սարքեր ևն) մշակում են գազերով, սպիրտով, սուլեմայի լուծույթով և քիմիական այլ նյութերով։ Վերոհիշյալ դեպքերում կիրառվում է նաև ճառագայթային ստերիլացում (սովորաբար օգտագործում են 3–10 մլն ռադ իոնացնող ճառագայթներ)։ Կատարվում է նաև «սառը» ստերիլացում, երբ հեղուկները ֆիլտրում են մանր ծակոտկեն բակտերային ֆիլտրերով։ Վիրահատման սրահներում, անտիբիոտիկների փաթեթավորման արտադրամասերում օդում պարունակվող միկրոօրգանիզմների քանակությունը պակասեցնելու նպատակով օգտագործում են բակտերիասպան ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Ստերիլացումը լայնորեն կիրառվում է մանրէաբանական և այլ գիտական հետազոտությունների, բժշկության և սննդարդյունաբերության մեջ։ Ստերիլացնում են նաև տիեզերանավերը՝ մյուս մոլորակները երկրի միկրոօրգանիզմներով չվարակելու նպատակով։ Տես նաև Հականեխություն, Ջրի վարակազերծում, Պաստերացում։

2․ Ստերիլացումը սեռական, կենդանուն կամ մարդուն սերունդ ունենալու ունակությունից զրկելը։

ՍՏԵՐԻՆՆԵՐ, ստերոլներ, ստերոիդների դասի բազմացիկլ սպիրտներ։ Լայնորեն տարածված են բնության մեջ։ Ստերինների մեծամասնությունը օպտիկապես ակտիվ, բյուրեղային, օրգանական լուծիչներում լուծվող և ջրում չլուծվող նյութեր են։ Մոլեկուլը պարունակում է ածխածնի 27–29 ատոմ։ Օրգանիզմներում ստերինների նախորդը սկվալեն ածխաջրածինն է։ Կենդանիների և մարդու կարեորագույն ստերինները խոլեսթերինն է, սնկերի մեջ տարածված է էրգոստերինը, բույսերում՝ β–սիտոստերինը և ստիգմաստերինը։ Ստերինները կենսբ․ թաղանթների կառուցվածքային բաղադրիչն են։ Ստերինները պարունակվում են բարձրակարգ կենդանիների նյարդային հյուսվածքում, լյարդում, սերմնաբջիջներում ևն։ Ստերինների ամենաուսումնասիրված ֆունկցիաները խոլեսթերինի և էրգոստերինի փոխարկումներն