Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


են համապատասխանաբար ստերոիդ հորմոնների և D խմբի վիտամինների։

Ստերինները հումք են ծառայում նշված նյութերի արդ․ ստացման համար։

ՍՏԵՐԼԵՏ (Acipenser ruthenus), թառափազգիների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մինչև 125 սմ է, զանգվածը՝ 16 կգ։ Տարածված է Սև, Ազովի, Կասպից ծովերի և Հս․ սառուցյալ օվկիանոսի ավազանների գետերում (արլ–ում մինչև Ենիսեյը ներառյալ)։ Հայտնի են կիսագաղթող ձևեր։ Ձվադրում է գարնանը, դնում 4–137 հզ․ ձկնկիթ։ Ապրում է մինչև 22 տարի։

Սնվում է գլխավորապես միջատների թրթուրներով։ Արժեքավոր ձուկ է։ Արհեստականորեն բուծվում է։

ՍՏԵՐՈԻԴՆԵՐ, օրգանական միացությունների դաս, ցիկլոպենտանապերհիդրաֆենանտրենի ածանցյալները։

Քիմիական բնույթով դասվում են բնական միացությունների՝ իզոպրենոիդների շարքը։ Լայնորեն տարածված են բուսական և կենդանական աշխարհում։ Ստերուդների մեծ մասն աստիճանաբար «մասնագիտացել» է որպես կենսբ․ կարգավորիչներ՝ հորմոններ։ Գրեթե բոլոր ստերուդները օրգանական լուծիչներում լավ (ջրում՝ համեմատաբար վատ) լուծվող, օպտիկապես ակտիվ բյուրեղներ են։ Ըստ մոլեկուլի քիմիական կառուցվածքի և ֆիզիոլոգիական ազդեցության մեխանիզմի տարբերում են․ 1․ ստերիններ։ 2․ D խմբի վիտամիններ, մասնակցում են Ca-ի փոխանակությանը և ողնաշարավորների կմախքի կազմավորմանը։ 3․ Լեղասպիրտներ և լեղաթթուներ․ պարունակում են համապատասխանաբար հիդրօքսիլ և կարբօքսիլ խմբեր ունեցող կողմնային շղթաներ, նպաստում են ողնաշարավորների աղիքներում սննդի մարսման պրոցեսին։ 4․ Ստերոիդային սապոնինների և գլիկոալկալոիդների ագլիկոններ (գենիններ)՝ ազոտ չպարունակող ոչ ածխաջրային մնացորդներ, որոնց ներկայացուցիչներն են դիոսգենինը (II, Х=O) և սոլասոդինը (II, X=NH)։ 2 խմբերն էլ բնորոշ են շուշանազգիներին և այլ բույսերին ու գլիկոզիդների ձևով ունեն մակերևութային ակտիվ, հեմոլիտիկ հատկություններ։ 5․ Ստերոիդային ալկալոիդներ–մոդիֆիկացված ստերոիդային կմախքով․ С27-ալկալոիդները խթանում են միջաձիգ զոլավոր մկանների կծկումը, բուս․ C21 ալկալոիդներն ունեն բակտերիա– և ամեոբասպան հատկություն, իսկ երկկենցաղների գեղձերից ստացվող C21 ալկալոիդները ուժեղ թունավոր ազդեցություն ունեն սրտի և կենտրոնական նյարդային համակարգի վրա։ 6․ Սրտի գենիններ․ դրանցում կողմնային շղթաները չհագեցած հնգանդամանի (С23-կարդենոլիդներ) կամ վեցանդամանի (C24–բուֆադիենոլիդներ) լակտոնային ցիկլերի ձևով ևն։ Արագացնում են սրտամկանի կծկումը՝ սրտի բջիջների թաղանթում ադենոզին եոֆոսֆատազ ֆերմենտի (ԱԵՖ) ազդեցությունը ճնշելու միջոցով։ 7․ Ստերոիդային սեռական հորմոններ և դրանց փոխարկումների արգասիքներ, պայմանավորում են կենդանիների և մարդու սեռական համակարգի զարգացումն ու ֆունկցիաները։ Դրանցից են պրոգեստերոնը, անդրոգենները և էստրոգենները։ 8․ Մակերիկամի կեղևի հորմոնները՝ կորտիկոստերոիդներ (R=COCH2OH)։ Իրենց հատկություններով ստերոիդներին մոտ են որոշ եռտերպենային անտիբիոտիկներ (ֆուզիդաթթու, ցեֆալոսպորին) և այլ եռտերպեններ։ ստերոիդները կենսասինթեզելու հատկությամբ օժտված են բարձրակարգ ողնաշարավորները։ Պրոգեստերոնի ածանցյալները միջատների մի շարք տեսակների համար քիմիական պաշտպանության միջոց են։

Ստերոիդների քիմիան, կենսաքիմիան և ֆիզիոլոգիական ակտիվությունը լայնորեն ուսումնասիրվում են՝ կապված բժշկության, անասնաբուժության և անասնաբուծության մեջ դըրանց կարևոր նշանակության հետ։ Յուրացված են բնական հումքից ստերոիդային հորմոնների արդ․ սինթեզի քիմիական և մանրէաբանական մեթոդները։ Մեծ նշանակություն է ստանում նաև «արհեստական» ստերոիդային հորմոնների սինթեզը։

Գրկ․ Берзин Т․, Биохимия гормонов, пер․ с нем․, М․, 1964; Xефтман Э․ М․, Биохимия стероидов, пер․ с англ․, М․, 1972․

Հ․ Այվազյան

ՍՏԵՐՋՈՒԹՅՈՒՆ, ամլություն, չբերություն, անպտուղ ամուսնություն, հասուն օրգանիզմի սերունդ տալու անընդունակությունը։ Ստերջություն մարդու․ անպտուղ է համարվում այն ամուսնությունը, որի դեպքում ամուսնական կյանքի 2–3 տարում, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, հղիություն տեղի չի ունենում։ Ստերջության պատճառների 60%–ը կնոջ, 40%–ը տղամարդկանց օրգանիզմում առաջացած ախտաբանական փոփոխություններն են։ Տարբերում են բացարձակ ստերջություն, երբ կնոջ կամ տղամարդու օրգանիզմում ախտաբանական պրոցեսները խորն են, անդարձելի, և հարաբերական ստերջություն, երբ պատճառները հնարավոր է վերացել։ Կանանց ստերջությունը լինում է առաջնային, երբ կինը ոչ մի հղիություն չի ունեցել և երկրորդային՝ ստերջություն ի հայտ է եկել ծննդաբերությունից կամ աբորտից հետո։ Կնոջ ստերջության հիմնական պատճառները սեռական օրգանների անատոմիական (առավել հաճախ՝ արգանդափողերի կպումներ առաջացնող բորբոքային հիվանդությունները) և ֆունկցիոնալ (ձվարանների, վահանագեղձի, հիպոֆիզի և ներզատիչ այլ գեղձերի հիվանդությունների ու զարգացման արատների հետևանքով առաջացած նյարդահումորալ խանգարումները) փոփոխություններն ևն։ Կարևոր է նաև հոգեկան տարբեր գործոնների ազդեցությունը, որը կարող է հանգեցնել ձվազատման խանգարումների և արգանդափողերի սպազմի։

Տղամարդու ստերջության հիմնական պատճառը սերմի ոչ լիարժեքությունն է, որն առաջանում է սերմնագոյացման (սպերմատոգենեզի) խանգարումների կամ սերմնատար ուղիների փոփոխությունների հետևանքով։ Հազվադեպ լինում է սեռական անկարության և զարգացման արատների դեպքում։ Ստերջության ախտորոշման համար կինը և տղամարդը պետք է ենթարկվեն բժշկական մանրակրկիտ հետազոտության, այդ նպատակով կանանց կոնսուլտացիաներում գործում են ստերջության, ամուսնության և ընտանիքի հարցերը կարգավորող հատուկ կաբինետներ։

Բուժումը․ պատճառի վերացում, ներծծող, դեղորայքային, հորմոնային և ֆիզիոթերապետիկ պրոցեդուրներ։ Կպումային պրոցեսների առկայության և արգանդափողերի անանցանելիության դեպքում, երբ 3–4 տարվա պահպանողական բուժումն անարդյունավետ է, վիրահատություն։

Ստերջություն կենդանիների, տես Անպտղություն։

Լ․ Մարգարյան

ՍՏԵՓԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ, տես Տեր–Սահակյան Ստեփան։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ (մինչև 1847-ը՝ Վարարակն, 1847–1923-ը՝ Խանքենդ), մարզային ենթակայության քաղաք (1940-ից), Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոնը (1923-ից)։ Վերանվանվել է ի պատիվ Ստեփան Շահումյանի։ Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արլ․ լանջի ստորոտին, Կարկառ գետի ձախ ափին։ Հունվարի միջին ջերմաստիճանը –0,5°С է, օգոստոսինը՝ 22,6°С։ Տարեկան միջին տեղումները 560 մմ են։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ստեփանակերտով է անցնում Գորիս–Աղդամ ավտոճանապարհը։ 50 հզ․ բնակիչ (1983)։ Ստեփանակերտն ունի 19 արդյունաբերական ձեռնարկություն։ Ղարմետաքսկոմբինատը (արտադրանքի 95%-ը կազմում է բնական մետաքսը) իր մասնաճյուղերն ունի Ճարտար, Քարին տակ և Խնձրիստան գյուղերում, Մարտակերտում, Շուշիում։ Կան շինանյութերի կոմբինատ (արտադրվում է հիմնականում մարմար, գրանիտ ևն), էլեկտրատեխնիկա, գինու–կոնյակի գործարաններ, գորգագործական, կոշիկի և կահույքի ֆաբրիկաներ ևն։ Էլեկտրաէներգիա ստանում է անդրկովկասյան միացյալ էներգահամակարգից։ Կա մանկավարժական ինստիտուտ, Ադրբ․ ՍՍՀ ԳԱ գյուղատնտ․ թեքումով փորձակայան, ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ, գյուղատնտեսական տեխնիկում, 4 ուսումնարան, պատմահայրենագիտական թանգարան, պատկերասրահ, 4 գրադարան, 11 հանրակրթական դպրոց, 2 երաժշտական դպրոց։ Ստեփանակերտն ունի 4 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, մանկական առողջարան, 13 մանկապարտեզ, փոստ–հեռագրատուն, 6 կապի բաժանմունք։ Ստեփանակերտում հրատարակվում են