Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Государство и право Урарту (860–590 гг․ до н․ э․), Е․, 1963; Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма (III–IX вв․ н․ э․), Е․, 1963; История Киликийского армянского государства и права (XI–XIV вв․), Е․, 1969; Очерк истории государства и права Биайнили–Урарту (880-590 гг․ до н․ э․), Е․, 1975․

Մ․ Խաչատրյան

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Աշոտ Մուրադի (ծն․ 18․8․ 1922, Թիֆլիս), հայ սովետական լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից (1942–45)։ Ավարտել է Երեանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1948)։ 1954–1966-ին եղել է ՀՍՍՀ ԴԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966-ից ժամանակակից հայոց լեզու և հայերենագիտական այլ առարկաներ է դասավանդում Երեանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1976-ից՝ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ Սուքիասյանը արժեքավոր ներդրում ունի հատկապես հայերենի բառագիտության, բառարանագրության, տերմինաբանության բնագավառներում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են բառագիտությանը («Հոմանիշները ժամանակակից հայերենում», 1971) և բառարանագրությանը․ «Հայոց լեզվի հոմանիշների բառարան» (1967), ընդգրկում է 83 հզ․ բառ և դարձվածք, «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (1975, համահեղինակ՝ Ս․ Գալստյան), 20 հզ․ դարձվածաբանական միավոր։ Մասնակցել է քառահատոր «ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի (հ․ 1, 3, 1969–74) կազմմանը։ 1982-ին լույս է տեսել Սուքիասյանի «ժամանակակից հայոց լեզու» բուհական ձեռնարկը, որն աչքի է ընկնում ծրագրային նյութի ամբողջական ընդգրկումով, մեթոդական հագեցվածությամբ, հանրամատչելի շարադրանքով։

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Արտաշես Ալեքսանդրի (1841, Թելավ–1895, Բաքու), հայ դերասան։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնի ռեալիստական ուղղության հիմնադիրներից։ Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Բեմ է բարձրացել 1863-ին, Թիֆլիսում։ Առավել հաջողության է հասել բնութագրական դերերով՝ Օսկան Պետրովիչ, Իսայի, Բրիլիանտով, Իրասածով (Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը», «Խաթաբալա», «էլի մեկ զոհ», «Գիշերվան սաբրը խեր է»), որոնց առաջին դերակատարն է եղել։ 1879–81-ին Թիֆլիսի Հայոց մշտական դերասանական խմբում խաղացել է Դոն Ժուան (Մոլիերի «Դոն ժուան»), Ղաղո (Ն․ Փուղինյանի «Դալալ Ղաղո»), Հորացիո (Շեքսպիրի «Համլետ») ևն։ 1866-ին գրել է «Իմերել Մախարե» վոդևիլը։ Գ․ Սունդուկյանն իր «Օսկան Պետրովիչն էն կինքումը» վոդևիլը նվիրել է Սուքիասյանին։

Բ․ Հովակիմյան

ՍՈՒՔՐԷ, Սուկրե (Sucre), Անտոնիո Խոսե (1795–1830), Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ղեկավարներից, գեներալ (1818), մարշալ (1824)։ Մասնակցել է Էկվադորի, Պերուի ազատագրմանը։ Կարևոր դեր է կատարել Բոլիվիա հանրապետության ստեղծման գործում։ 1826-ի ապրիլից եղել է Բոլիվիայի ժամանակավոր պրեզիդենտը։ 1830-ին Մեծ Կոլումբիայի (ընդգրկել է այժմյան Կոլումբիայի, Վենեսուելայի և Էկվադորի տարածքը) Ազգային կոնգրեսի պրեզիդենտն էր։ Սպանվել է ընդդիմադիրներից։ Ի պատիվ Սուքրէի նրա անունով են կոչել Բոլիվիայի պաշտոնական մայրաքաղաքը, նահանգ Վենեսուելայում, Էկվադորի դրամական միավորը։

ՍՈՒՔՐԵ (Sucre), Սուկրե, Բոլիվիայի պաշտոնական մայրաքաղաքը (1825-ից), Չուքիսակա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է Փիլկոմայո գետի հովտում, Կենտրոնական Կորդիլիերայի լանջերին, 2700 մ բարձրության վրա։ 63,6 հազար բնակիչ (1976)։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Կա նավթավերամշակման, փայտամշակման, ցեմենտի, սննդի արդյունաբերություն, ջէկ։ Ունի համալսարան (1624), Բարձրագույն մանկավարժական դպրոց, պոլիտեխնիկ ինստիտուտ, ԳՀԻ–ներ, Ազգային գրադարան ու արխիվ, թանգարաններ։ Հիմնադրել են իսպանացիները, 1538-ին, Լա Պլատա անվամբ, հետո ստացել է Չուքիսակա անունը։ 1839-ին Ա․ Խ․ Սուքրեի պատվին անվանվել է Սուքրե։

ՍՈՒՖԱՆՈՒՎՈՆԳ (ծն․ 1909), Լաոսի քաղաքական գործիչ, արքայազն։ 1945–49-ին գլխավորել է Լաո Իսարա հակագաղութատիրական շարժման ազգային բանակը, 1950–1956-ին եղել է Լաոսի միասնական ազգային ճակատի ղեկավարը, 1956-ից՝ Լաոսի հայրենասիրական ճակատի (1979-ից՝ Լաոսի ազգային շինարարության ճակատ) Կենտկոմի նախագահ։ 1975-ից Լաոսի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԼԺԴՀ) պրեզիդենտն է և ԼԺԴՀ Գերագույն ազգային ժողովի նախագահը։ Քանիցս պաշտոնական այցով եղել է ՍՍՀՄ–ում։

ՍՈՒՖԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, սուֆիզմի գաղափարներն արտահայտող ու քարոզող տարալեզու ստեղծագործությունների ամբողջությունը։ Սուֆիզմը մեծ ազդեցություն է գործել միջնադարյան գրականության, հատկապես պոեզիայի վրա՝ գրված արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ուրդու և Մերձավոր ու Միջին Արևելքի այլ լեզուներով։ Սուֆիներն իրենց գրականությունում օգտագործել են բանահյուսական տարրեր և, մշակելով բանաստեղծական հատուկ սիմվոլիկա, հատկապես սիրային քնարերգության ձևով արտահայտել են կրոնամիստիկական գաղափարներ ու զգացմունքներ։ Այս կամ այն չափով սուֆիզմի հետ է կապված միջնադարյան Արևելքի գրեթե բոլոր խոշոր բանաստեղծների գրական ժառանգությունը։ Նշանավոր սուֆի բանաստեղծներ են Սանաին (մահ․ մոտ 1140), Աթթարը (ծն․ մոտ 1119), Ռումին (1207–1273), որոնք իրենց ստեղծագործություններում «աստվածային արդարության» դիրքերից բողոքել են ֆեոդ. ճնշման դեմ, պարսավել ուղղադավան մուսուլմանության ժլատությունն ու երկերեսանիությունը, կրոնական մոլեռանդությունը։ Կիրառված բանաստեղծական ձևերը ձգտում են մերձենալ ժողովրդական երգին, առակին, հրաշապատում հեքիաթին։ Պարսկ–ով (ֆարսի լեզվով) սուֆիական պոեզիայի ծաղկումը վերաբերում է XII–XV դդ․։ Հաջորդ դարաշրջանները նույնպես տվել են սուֆիզմի հետ կապված խոշոր բանաստեղծներ։ Առանձին սուֆի–բանաստեղծներ կան Իրանում, Պակիստանում։

Սուֆիզմը պոեզիայի ճանապարհով որոշ ազդեցություն է գործել նաև ոչ մուսուլմանական գրականությունների վրա։ Դա նկատելի է տրուբադուրների քնարերգությունում։ Արևելյան մշակույթի ազդեցությունը հայ մտքի վրա պայմանավորել է նաև սուֆիական սիմվոլիկայի որոշ տարրերի ներթափանցումը հայ գրականություն, տարրեր, որոնք ինչ–որ չափով մոտիկ կամ համահունչ էին քրիստոնեությանը (Կոստանդին Երզնկացու սիրերգությունը, Սայաթ–Նովայի թուրք. խաղերը ևն)։

Հ․ Բախչինյան

ՍՈՒՖԻԶՄ, սուֆիականություն [արաբ, սուֆ–բուրդ, ճգնավոր սուֆիները կրում էին քուրձ, ըստ Բիրունու < հուն, oxxpos – իմաստուն (հավանաբար արհեստական ստուգաբանություն է)], կրոնափիլ․ միստիկական ուսմունք իսլամում։ Ծագել է VIII դ․ Արաբ. խալիֆայության մշակութային կենտրոններում (Բաղդադ, Բասրա, Քուֆա)։ Վաղ շրջանի Սուֆիզմին (VIII –XI դդ․) բնորոշ է պանթեիզմը, որի տարրերը պահպանվեցին նաև հետագայում։ Սուֆիզմը կրել է բուդդայականության, նեոպլատոնականության, քրիստոնեության և զրադաշտականության ազդեցությունը։ IX դ․, շնորհիվ Ջու–ն–Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են Սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։ Ըստ Սուֆիզմի, աստված ողջ գոյություն ունեցողի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր ստեղծածից, աշխարհը աստծու էմանացիայի արդյունքն է, աստծու էությունը թափանցել է բոլոր իրերի մեջ և արտահայտվում է դրանց մեջ տարբեր ձևերով ու տարբեր պայմաններում, սրանով են բացատրվում իրերի միջև առկա տարբերությունները, չնայած դրանց նախնական միասնությանը։ Սուֆիզմում հիմնականը աստծու միստիկական ճանաչողության գաղափարն է։ Աստվածն այն ամբողջականությունն է (քուլլ), որից առանձնացել են բոլոր մնացած մասերը (ջուզ)։ Մասերը ձգտում են վերամիավորվել ամբողջականի հետ։ Մարդը կարող է հասնել վերամիավորման՝ ձուլվել աստծու հետ, միայն ինքնակատարելագործման ճանապարհն (տարիկա) անցնելով։ Նորադարձը (մուրիդ) տարիկան անցնում է հոգևոր ուսուցչի (մուրշիդ, փիր) ղեկավարությամբ։ Տարիկան ունի կանգառներ (մակամ)։ Սուֆիզմի տարբեր հոսանքներում մակամների թիվը փոփոխական է, դրանցից կարևորագույններն են ապաշխարանքը, ճգնավորությունը, աղքատությունը, բարեպաշտությունը, համբերատարությունը, ապավինությունը և զոհությունը։ Աստծուն միաձուլվելու գերագույն միստիկական հափշտակության վիճակը, որին ձգտում են սուֆիները, կոչվում է հալ, որն ունի տարբեր ձևեր և աստիճաններ։ Ըստ Աբու Նասր Սարրաջի, դրանք տասն են (խորհրդածություն, մերձավորություն, սեր, վախ, հույս, կիրք, մտերմություն, համոզվածություն,