Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

հայեցողություն և արժանահավատություն)։ Սուֆիների կարծիքով, մարդն ի վիճակի է ձեռք բերել մակամները սեփական ջանքերով, իսկ հալերը նրան շնորհում է աստվածը։ Ամբողջ տարիկան անցած սուֆին հասնում է իր անձի լիակատար ոչնչացմանը (ֆանա) և, լիովին լուծվելով աստծու էության մեջ, հասնում իր գլխավոր նպատակին՝ բացարձակ ճշմարտությանը։

Սուֆիզմը քաղաքի բնակչության միջին և չքավոր շերտերի գաղափարախոսությունն էր, այն հակադրվում էր ուղղափառ իսլամին, կոչ անում հրաժարվել կեղծ բարեպաշտությունից, ծեսերի և արարողությունների ձևական կատարումից՝ մարդու գործունեության և հավատի գլխավոր չափանիշ ընդունելով նրա բարոյական մաքրությունը։ Այդ պատճառով մուսուլմանական ուղղափառ հոգևորականությունը հալածում էր Սուֆիզմի կողմնակիցներին։ XI դ․, շնորհիվ ալ–Ղազալիի (1058 կամ 1059–1111) գործունեության (ըստ նրա, Սուֆիզմը պետք է ամբողջովին հիմնվի Ղուրանի և սուննայի վրա), Սուֆիզմը ձևափոխվեց և համապատասխանեցվեց ուղղափառ իսլամին։ Սկսած XV դ․, սուֆիները ստեղծել են բազմաթիվ միաբանություններ․ դրանք գլխավորում էին շեյխերը (կամ փիրերը), որոնք ունեին անսահմանափակ իշխանություն։ Սուֆիական միաբանություններն ուշ միջնադարում խաղացել են կարևոր քաղաքական դեր։

Սուֆիզմն այժմ էլ տարածված է մուսուլմանական աշխարհում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել նաև Եվրոպայում։ Գրկ. Бертельс Е․ Э․, Суфизм и суфийская литература, М․, 1965․

Դ․ Հովհաննիսյան

ՍՈՒՖԼԻՍ, Սուխլիս, Սխվիլիսի, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևմուտք։ Գտնվում է Կուրի վտակ Փոցխովի աջ ափին, Նավանեբ լեռան լանջին։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք, մանկամսուր, կենցաղսպասարկման տաղավար։ Գյուղում է Ս․ Աստվածամոր եկեղեցին (1900)։ Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահանգից, 1830-ին։

ՍՈՒՖԼՈ (Soufflot) Ժակ Ժերմեն (1713–1780), ֆրանսիացի ճարտարապետ։ XVIII դ․ կլասիցիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Սովորել է Հռոմում (1734– 1737)։ 1730-ական թթ․ այցելել է Փոքր Ասիա, 1750-ին ուսումնասիրել ու չափագրել է Սիցիլիայի ու Պեստումի անտիկ հուշարձանները։ Աշխատել է Լիոնում (Օթել Դիյո հիվանդանոցը, 1741–42 ևն), ապա՝ Փարիզում (1755-ից)։ Սուֆլոյի հիմնական գործը Փարիզի Ս․ ժնեվևի եկեղեցին է: Մեծածավալ, գմբեթածածկ, դասական պորտիկով այս կառույցը ուշագրավ է ձևերի մոնումենտալությամբ, կոնստրուկտիվ համարձակ լուծումով (մեծաթռիչք գմբեթը հենվում է 4 թեթև, եռանիստ մույթերի վրա)։

ՍՈՒՖՈԶԻԱ (լատ․ suffossio – տակից քանդել, քայքայել), տարալվացում, ապա–րաշերտերում ծծված ջրով միներալային մանր մասնիկների և լուծվող նյութերի հեռացում։ Սուֆոզիան առաջացնում է գրունտների միկրոագրեգատային կառուցվածքի խախտում, վերը տեղադրված ապարաշերտերի նստեցում և երկրի մակերևույթի 10, երբեմն 100–500 մ տրամագծով փակ իջվածքների (ափսեներ, իջվածքներ, ձագարներ, ձորակներ) գոյացում։ Տարբերում են․ մեխանիկական սոֆոզիա՝ միներալային մանր մասնիկների հեռացում, քիմիական սուֆոզիա՝ լուծվող աղերի ողողումով հեռացում, կոլոիդային սուֆոզիա՝ գրունտի մասնիկների հեռացում՝ կոագուլված կավային մասնիկների միկրոագրեգատների քայքայումով։ Սուֆոզիան առաջացնում է հիմքի թուլացում (կառույցն անհավասարաչափ է նստում)։ Այն վայրերը, որտեղ սուֆոզիա է նկատվում, պիտանի չեն շինարարության համար։

«ՍՓԵՅՍ ՇԱԹԼ» (անգլ․ Space Shuttle, բառացի՝ տիեզերական մաքոք), ամերիկյան բազմակի օգտագործման օդաչուավոր տրանսպորտային երկաստիճան տիեզերանավերի սերիայի անվանումը։ Նախատեսված է տիեզերական ապարատները 200–500 կմ բարձրությամբ երկրակենտրոն ուղեծիր դուրս բերելու, ուղեծրում հետազոտություններ, փորձեր և այլ գործողություններ կատարելու, ուղեծրով պտտվող տիեզերական ապարատներին սպասարկելու, հետազոտությունների և փորձերի արդյունքները տիեզերական ապարատներից Երկիր հասցնելու, ինչպես նաև նույն տիեզերական ապարատը հետագայում կրկին ուղեծիր դուրս բերելու նպատակով ձևափոխելու և նորոգելու համար։ Մշակվում է 1971-ից։ «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ» «տիեզերական տրանսպորտային համակարգի» (այդ համակարգի մեջ մտնում են նաև միջուղեծրային բուքսիրները) հիմնական տարրերից է։ 400 կմ բարձրությամբ ուղեծիր դուրս բերելիս «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ»-ի առավելագույն օգտակար բեռը 29,5 տ է, Երկիր վերադառնալիս՝ 14,5 տ։ Օգտակար բեռի հատվածամասի չափսերն են․ երկարությունը՝ 18,3 մ, տրամագիծը՝ 4,6 մ, թռիչքի տևողությունը՝ մինչև 30 օր․ անձնակազմը բաղկացած է 4–7 հոգուց։ «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ»-ի զանգվածը մոտ 2000 տ է, երկարությունը՝ 56 մ։ 1-ին աստիճանը բաղկացած է պինդ վառելիքով աշխատող 2 բլոկներից (արագացուցիչներ), որոնք 40 կմ բարձրության վրա անջատվում են ապարատից և պարաշյուտային վայրէջք կատարում օվկիանոսի վրա։ Այնուհետև դրանք հատուկ նավերով հասցվում են ստարտային համալիր, ապա գործարան, որտեղ վերականգնվում են կրկին օգտագործման (մինչև 20 անգամ) համար։ Յուրաքանչյուր բլոկի զանգվածը մոտ 600 տ է, երկարությունը՝ 45,7 մ, տրամագիծը՝ 3,7 մ, միջին քարշուժը՝ 12,4 Մն, աշխատանքի տևողությունը՝ 122 վրկ։ «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ»-ի 2-րդ աստիճանը (ուղեծրային) վայրէջք է կատարում ինքնաթիռի նման (արագությունը շփման միջոցով մարելով Երկրի մթնոլորտում) և հաշվարկված է բազմակի օգտագործման (100 թռիչքից ավելի) համար։ Զանգվածը 111 ա է, երկարությունը՝ 37․3 մ, բարձրությունը՝ ըստ ողնուցի՝ 17․3 մ, կրկնակի սլաքաձև թևի բացվածքը՝ 23,8 մ։ Հիմնական շարժիչային տեղակայանքը թթվածնաջրածնային վառելիքով աշխատող հեղուկահրթիռային շարժիչներն են (վառելիքը պահվում է մեկ անգամ օգտագործվող կախովի բաքում, բաքի զանգվածը վառելիքի հետ միասին 736 տ է, երկարությունը՝ 46,8 մ, տրամագիծը՝ 8,4 մ)։ «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ»-ի ստարտն ուղղաձիգ է․ սկզբում միանում են ուղեծրային աստիճանի հեղուկահրթիռային շարժիչները, իսկ 3 ր-ից հետո՝ պինդ վառելիքով աշխատող արագացուցիչները։ Արագացուցիչների անջատվելուց հետո հեղուկահրթիռային շարժիչները շարունակում են աշխատել և արագությունը հասցնում են համարյա ուղեծրայինին։ Կախովի բաքն անջատվում է, շարժվում բալիստիկ հետագծով, հասնում մթնոլորտ և ոչնչանում։ Մանևրման հեղուկահրթիռային շարժիչն ապահովում է ուղեծրային արագության հասցնելը, ինչպես նաև ուղեծրի հետագա ճշգրտումները և ուղեծրային աստիճանի արգելակումը՝ Երկիր վերադառնալու համար։ Երկիր վերադառնալու տեղամասում կառավարումն իրականացվում է ուղղության էլերոնների (թևի շարժական մասի) և ղեկի (ծառայում է նաև որպես օդի արգելակ) միջոցով։ «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ» ծրագրով առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 1981-ի ապրիլի 12-ին (իրականացվել է 4 փորձնական թոիչք), իսկ շահագործման առաջին թռիչքը՝ 1982-ի նոյեմբ․ 11-ին։ Թռիչքը տևել է 5 օր։ Թռիչքների համար օգտագործվել է «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ» ծրագրով ստեղծված «Կոլումբիա» օդաչուավոր տիեզերանավը («Կոլումբիա» ուղեծրային աստիճանը)։ Շահագործման երկրորդ թռիչքը տեղի է ունեցել 1983-ի ապրիլի 4-ին, «Չելենջեր» («Ս․ Շ․» ծրագրով ստեղծված) տիեզերանավով։ «Չելենջեր» տիեզերանավով երկրորդ թռիչքն իրականացվել է 1983-ի հունիսի 18-ին (ԱՄՆ–ում առաջին անգամ թռիչքին մասնակցում էր կին՝ ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու Սալլի Ռայդը), իսկ չորրորդ թռիչքը՝ 1983-ի օգոստ․ 30-ին։ 1983-ի նոյեմբերին ուղեծիր է դուրս բերվել «Սփեյսլաբ» տիեզերական լաբորատորիան, իսկ 1984-ի օգոստոսին հաջողությամբ