փորձարկվել է միջուղեծրային բուքսիրի աշխատանքը։ Մինչև 1984-ի նոյեմբերի 15-ը «ՍՓԵՅՍ ՇԱԹԼ» ծրագրով իրականացվել է 15 թռիչք (օգտագործվել են «Կոլումբիա», «Չելենջեր», «Դիսքավերի» տիեզերանավերը)։ 1986-ին, աստղաֆիզիկական դիտումներ կատարելու նպատակով, ուղեծիր է դուրս բերվելու աոաջին խոշոր աստղադիտակը (2,4 մ տրամագիծ ունեցող հայելիով և 9 տ զանգվածով)։ Գիտական նպատակով կատարվող թռիչքների անձնակազմում ընդգրկվում են գիտության գրեթե բոլոր բնագավառների գիտնականներ, հատուկ ուշադրություն է դարձվում ֆիզիկական և կենսաբանական փորձերին։ Մեծ տեղ է տրվում նաև ռազմական ծրագրերին։ Մինչև 1988-ը ուղեծիր են դուրս բերվելու հետախուզության, կապի, նավագնացության, օդերևութաբանության, քարտեզագրության և հրթիռային հարձակման նախազգուշական համակարգերի ռազմական արբանյակներ։ «Ս․ Շ․» ծրագրի մեկ տիեզերանավը նախատեսված է 55 թռիչքի համար։ Մինչև 1992-ը այդ ծրագրի 5 տիեզերանավ կատարելու են 250–300 թռիչք։
ՍՓՅՈՒՌՔ, ժողովրդի (էթնիկական ընդհանրության) այն մասը, որը բնակվում է հայրենիքից կամ բնօրրանից դուրս և պահպանում է իր ազգային դիմագիծը։ Սփյուռքը առաջանում է բռնի արտաքսման, ցեղասպանության քաղաքականության (հայկական սփյուռք, հրեական սփյուռք), որոշակի սոցիալ–պատմական գործոնների հետևանքով։ Եվրոպական լեզուներում և ռուսերենում սփյուռք հասկացության հոմանիշն է «դիասպորա» (հուն. бшалора – սփռում, տարածում բառից) տերմինը, որը ձևավորվել և սկզբնական շրջանում կիրառվել է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II․-ի (մ․ թ․ ա․ 605–562) և հռոմեացիների (մ․ թ․ ա․ II–1 դդ․) կողմից Պաղեստինից արտաքսված հրեաների նկատմամբ։ Հետագայում սփյուռք են անվանվել և այլ պատճառներով (տնտական, քաղաքական) առաջացած ազգային փոքրամասնությունները (իռլ․, չին․, հուն․, ուկր․ ևն դիասպորա)։ Սփյուռք կազմող համայնքները (գաղութները) անկախ իրենց քանակական և որակական հատկանիշներից ներհյուսված են համապատասխան հասարակությանը, մշակույթին, դրանով էլ ամեն մի կոնկրետ երկրում նրանց զարգացումը ենթարկվում է տվյալ երկրի զարգացման օրինաչափություններին։ Սփյուռքի պայմաններում ամեն մի ժողովուրդ միաժամանակ մշակում է հատուկ ինստիտուտներ (եկեղեցական, բարեգործական, հայրենակցական, մշակութային ևն կազմակերպություններ), որոնց հիմնական խնդիրն է սփյուռքի միասնականության ապահովումը և ազգային դիմագծի պահպանումը։ Ամբողջ սփյուռքի կամ յուրաքանչյուր առանձին համայնքի՝ որպես անհատական ազգային–մշակութային ամբողջականության ինքնաապահովման և ինքնազարգացման գործում կարևորագույն տեղ է գրավում հայրենիքի գաղափարը։
Երկու ազգային (էթնիկական) մշակույթներին պատկանելու հանգամանքը սփյուռքի ժողովուրդների համար կարող է ստեղծել բարդ գոյավիճակ, քանի որ ազգային պատկանելությունը, կապված լինելով որոշակի սոցիալական կառուցվածքի հետ, ունի նաև քաղաքական նշանակություն։ Տես նաև Սփյուռքահայություն:
«ՍՓՅՈՒՌՔ», գրական–հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1958–75, 1978-ին, Բեյրութում։ Խմբագրապետներ՝ Ս․ Սիմոնյան, Գ․ Աճեմյան (1975-ից)։ Չհարելով որևէ կուսակցության՝ հանդես է եկել հանուն սփյուռքի ազգային, եկեղեցական, մշակութային հաստատությունների համագործակցության։ Սովետական Հայաստանը համարել է համայն հայության հայրենիք։ Տպագրել է հոդվածներ Հայաստանի մոտիկ անցյալի և ազգային–ազատագրական շարժումների վերաբերյալ, վավերագրական դրվագներ Մեծ եղեռնից և հայերի ինքնապաշտպանական մարտերից։ Ներկայացրել է սփյուռքի հասարակական–եկեղեցական կյանքը, պատմել սփյուռք այցելող արվեստի և մշակույթի հայ սովետական գործիչների, մարզական խմբերի ելույթների մասին։ Գրական բաժնում տեղ են գտել հայ գրողների ստեղծագործություններ, նմուշներ համաշխարհային գրականությունից։
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴՊՐՈՑՆԵՐ, տարրական, թերի միջնակարգ (նախակրթական), միջնակարգ (երկրորդական) և բարձրա– գույն (կոլեջ) ուսումնական հաստատություններ սփյուռքահայ գաղթավայրերում։ XVIII դ․ սկզբին Կ․ Պոլսում բացվել են հայկ․ 1-ին դպրոցները (Սկյուտարի «Մայր դպրատուն», 1719 և ուրիշներ)։ Ցեղասպանությունից հետո նվազել է Կ․ Պոլսի դպրոցների թիվը, փակվել են այնպիսի նշանավոր կրթական հաստատություններ, ինչպիսիք են Սկյուտարի ճեմարանը, Պերպերյան վարժարանը և մի շարք այլ նախակրթարաններ ու վարժարաններ։
1982-ին Ստամբոլլում գործել է հայկական 27 դպրոց՝ 3-ը միջնակարգ (Կեդրոնական վարժարան, Էսայան վարժարան և Մխիթարյան վարժարան), մյուսները՝ տարրական վարժարան ու նախակրթարան։ Բացի հայոց լեզվից ու գրականությունից, մյուս առարկաների դասավանդումը թուրքերեն է։
Դպրոցական լայն ցանց ունի իրանահայ գաղութը։ Միայն Թեհրանում գործում է տարրական ու միջնակարգ 26 դպրոց (շուրջ 20 hq․ աշակերտ)։ XIX դ․ 1-ին կեսին դպրոցներ են բացվել Հնդկաստանում (Մարդասիրական ճեմարան, Կալկաթա), Եգիպտոսում (Գալուստյան ազգային վարժարան), Վենետիկում (Մուրատ–Ռափայելյան վարժարան) և հայկական մյուս հին գաղթավայրերում։ «Սփյուռքահայ դպրոց» հասկացությունը առաջացել է հետեղեռնյան շրջանում, երբ արևմտահայության վերապրող բեկորները, ցրվելով աշխարհով մեկ, ստեղծել են իրենց նոր գաղթավայրերը (տես Սփյուռք, Սփյուռքահայություն)։ Սփյուռքահայ առաջին դպրոցները հիմնվել են Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում, Պաղեստինում։ Սկզբում դրանք եղել են որբանոց–կրթարաններ՝ հազարավոր որբերի մի կերպ պատսպարելու, սնելու և կրթելու համար։ Այնուհետև, գաղթավայրերի կայունացմանը զուգընթաց, դպրոցները դարձել են հայապահպանության կենտրոններ։ Դպրոցաշինությունը համարվել է բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ու առանձին բարերարների հոգածության առարկան։
Սփյուռքում գործում են 2 տիպի դպրոցներ՝ ամենօրյա և միօրյա։ Միօրյա դպրոցներ կան մասնավորապես այն գաղթավայրերում, որոնցում կամ ամենօրյա