Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք վարում են պաշտամունքի, եպիսկոպոսների նշանակման, եկեղեցու կառավարման և այլ հարցեր)։ Վատիկանի ադմինիստրացիան գլխավորում է պետական քարտուղարը։

Պատմատնտեսական տեղեկանք։ Անվանումն առաջացել է Տիբեր գետի ափին գտնվող Վատիկան բլրի անունից։ Այդտեղ վաղ միջնադարում կառուցվել է պալատ, որը XIУ դ․ վերջից դարձել է կաթոլիկական եկեղեցու առաջնորդի նըստավայրը։ Իտալիայի միավորումից և Հռոմը նրան միանալուց հետո (1870) վերջ է դրվել Հռոմի պապի աշխարհիկ իշխանությանը։ Պապը չի ճանաչել միացյալ իտալական պետությունը և իրեն հայտարարել է «Վատիկանի կալանավոր»։ «Սուրբ գահի» և Իտալիայի կառավարության միջև վեճը լուծվել է 1929-ի Լատերանի պայմանագրերով, համաձայն որոնց ստեղծվեց Վատիկանիի պետությունը, որոշվեցին նրա սահմանները, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա սուվերենությունը։ Պետության տնտեսական հիմքը կազմում են կապիտալ ներդրումները և նվիրատվությունները։ Վատիկանի եկամուտները ստեղծվում են գլխավորապես տեղական կաթոլիկական եկեղեցիների մուծումներից և սեփական բանկային ու ֆինանսական գործառնություններից։ Վատիկանը աշխարհում խոշորագույն բաժնետերերից ու կապիտալատերերից է, ակտիվորեն զբաղվում է ձեռնարկուական և ֆինանսատնտ․ գործունեությամբ, համագործակցում միջազգային առաջատար բանկերի ու մոնոպոլիաների հետ, ունի խոշոր անշարժ գույք եվրոպական ու լատինամերիկյան շատ երկրներում։ Դրամական միավորը Վատիկանյան լիրան է, որը շրջանառության մեջ է իտալական լիրայի հետ միասին։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Պաշտոնական պարբերական հրատարակություններն են՝ «Ակտա ապոստոլիցե սեդիս» («Acta Apostolicae Sedis», 1909-ից, լատ․) բյուլետենը, «Աննուարիո պոնտիֆիչո» («Апnuario pontificio», 1860-ից, իտալ․) ամենամյա տեղեկատուն։ Կիսապաշտոնականները՝ «Օսսերվատորե ռոմանո» («Լ՝Օsservatore romano», 1861-ից, նաև իտալ․) օրաթերթը՝ կիրակնօրյա հավելվածով, «Չիվիլտա կատտոլիկա» («Civilta Cattolica», նաև իտալ․) հանդեսը, որը լույս է տեսնում 1850-ից, ամիսը երկու անգամ։ «Աջենցիա ինտերնացիոնալն Ֆիդես (ԱԻՖ») [«Agenzia Internazionale Fides (AIF»)], Վատիկանի գործակալություն, 1926-ից։ Ռադիոկայանը (1931-ից) հաղորդումներ է տալիս 45 լեզվով։ 1949-ից գործում է հեռուստակենտրոնը։

Վ․՝ կաթոլիկական եկեղեցու միջազգային կենտրոն։ Վատիկանը կաթոլիկական եկեղեցու (տես Կաթոլիկություն) կրոնաքաղաքական և գաղափարախոսական կենտրոնն է։ Այն իր ազդեցությունը ավելի քան 780 մլն հավատացյալների շրջանում պահպանում է կղերականների բազմահազարանոց բանակի միջոցով։ Նրա ղեկավարությամբ գործում են բազմաթիվ կազմակերպություններ (կանանց, երիտասարդական, արհմիութենական և այլն), հազարավոր ուսումնական հաստատություններ, ունի իր մամուլը, ռադիոն, կինոն, հեռուստատեսությունը։ Վատիկանը ստանում է նաև տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած կղերական քաղաքական կուսակցությունների աջակցությունը։ Վատիկանի քաղաքականությունը սերտորեն կապված է խոշոր կապիտալիստական պետությունների իմպեր․ քաղաքականության հետ։ Հովանավորել է ամենահետադիմական ուժերին, հանդես եկել կոմունիստական և բանվորական շարժման դեմ, ՍՍՀՄ–ի դեմ խաչակրաց արշավանքների կոչ արել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում համագործակցել է ֆաշիստական տերությունների հետ, եղել գերմանական բլոկի և ԱՄՆ–ի ու Անգլիայի միջև անջատ հաշտության բանակցությունների կենտրոններից։ Պատերազմից հետո դաշնակցել է դեմոկրատիայի և սոցիալիզմի դեմ պայքարող ագրեսիվ իմպեր․ ուժերին, ձգտել խոչընդոտել սոցիալիստական հեղափոխության զարգացմանը Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Հունգարիայում։ Սակայն համաշխարհային հեղափոխական պրոցեսի զարգացումը, սոցիալիստ, համագործակցության երկրների ամրապնդումը Վատիկանին ստիպեցին սոցիալիստական երկրների նկատմամբ վարել ավելի զուսպ քաղաքականություն։ 60-ական թթ․ տեղի ունեցան ուղերձների փոխանակում ու հանդիպումներ սոցիալիստական պետությունների որոշ ղեկավարների և Հռոմի պապի միջև։ Ընդհանուր առմամբ 1984-ին Վատիկանը տարբեր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ էր պահպանում աշխարհի ավելի քան 90 պետությունների հետ։ Կաթոլիկական եկեղեցին լուրջ ուշադրություն է նվիրում զարգացող երկրներում իր դիրքերն ամրապնդելուն, հոգ տանում բարձրագույն հոգևորականության տեղական կադրեր աճեցնելու մասին։ 1960-ին առաջին անգամ կարդինալի տիտղոս է շնորհվել աֆրիկացու։