Լյարդը և փայծաղը մեծանում են, շոշափելիս ցավոտ են։ Այս շրջանը տևում է 2–3 շաբաթ և ավելի։ Առողջացման շրջանում հիվանդի ընդհանուր վիճակը բարելավվում է, ախորժակը լավանում, անքնությունը և թուլությունը վերանում են։ Վարակիչ դ–ի ընթացքը կարող է լինել թեթև, միջին ծանրության և ծանր։ Հիվանդությունը միջին հաշվով տևում է 3–5, երբեմն՝ 6–8 շաբաթ և ավելի։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում հղիները և մեծահասակները։ Հղիների Վարակիչ դ–ի ընթացքը ձգձգվող է և համեմատաբար ծանր, բայց պտղի առողջության վրա հազվադեպ է ազդում։ Երեխաների Վարակիչ դ–ի ընթացքը մեծ մասամբ թեթև է և բոլոր հիվանդագին երեվույթները 3–4 շաբաթվա ընթացքում վերանում են՝ կապված հիվանդության ձևի և երեխաների տարիքի հետ։ Բուժումը․ հիվանդների հոսպիտալացում, վիտամիններով հարուստ դիետա, աղերի սահմանափակում, առատ հեղուկներ (մրգահյութեր, մեղրաջուր, գլյուկոզի լուծույթ), ալկոհոլային խմիչքների և սուր համեմունքներով կերակուրների արգելում։ Ծանր ընթացքի դեպքում՝ գլյուկոզի լուծույթի ներերակային ներարկումներ ևն, հորմոնային պատրաստուկներ, լիպոտրոպներ, թթվածնաբուժություն։ Հիվանդները ստացիոնարից դուրս են գրվում 21 օրից ոչ շուտ, հետագայում գտնվում են դիսպանսերային հսկողության տակ (6 ամիս)։ Առողջարանային բուժում (Եսենտուկի, Տրուսկավեց, Դրուսկինինկայ, Կառլովի Վարի)։ Կանխարգելումը, հիվանդների վաղ հայտնաբերում և հոսպիտալացում, մանկական հիմնարկներում կարանտինի սահմանում (50 օր), վարակազերծման միջոցառումների անցկացում, հիվանդների հետ շփված երեխաներին և հղիներին գամմա–գլոբուլինի ներարկում։ Գրկ․ Тар е ев Е․ М․, Назар етян Е․ Л․, Семендяева М․Е․, Острый эпидемический гепатит (Болезнь Боткина), в кн․։ Руководство по внутренним болезням, т․ 5, М․, 1965; Угрюмов Б․ Л․, Инфек– ционный гепатит (болезнь Боткина), М․, 1966․
Վարակիչ հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, տարափոխիկ հիվանդություններ, մարդու, կենդանիների և թռչունների հիվանդություններ, որոնք պայմանավորված են ախտածին մանրէների, վիրուսների կամ այլ միկրոօրգանիզմների օրգանիզմ ներթափիանցմամբ և բնորոշվում են վարակված օրգանիզմից առողջին փոխանցմամբ (համապատասխան պայմանների առկայության դեպքում)։ Դեռ վաղուց մարդկությանը հայտնի են եղել զանգվածային տարածվածությամբ հիվանդություններ, որոնց անվանել են համատարած, համընդհանուր հիվանդություններ։ Հիվանդության արագ փոխանցումը կենդանուց կենդանուն և մարդուն, մարդուց մարդուն, ժողովրդական լայն զանգվածների վարակվելը հիմք են ծառայել այս հիվանդություններն անվանել «համաճարակներ»։ Շատերին բնորոշ բարձր մահացության պատճառով դրանք անվանվել են նաև «մահաճարակներ»։ Դարեր շարունակ մարդիկ Վարակիչ հիվանդությունները կապում էին գերբնական ուժերի հետ, որը ժխտվեց միայն XVI դ․ հպավարակի մասին իտալական գիտնական Զիրոլամո Ֆրակաստորոյի ուսմունքով։ Վարակիչ հիվանդություններ տերմինն առաջին անգամ օգտագործվել է XIX դ․՝ կապված վեներական հիվանդությունների հետ։ Հետագայում այս տերմինի տակ համախմբվեցին նաև այլ հիվանդություններ, որոնց բնորոշ էր վարակելիությունը։ Վարակիչ հիվանդությունների իսկական բնույթը բացահայտելու գործում կարևոր նշանակություն ունեն Լ․ Պւսսայորի, Ռ․ Կոխի, Ի․ Մեչնիկովի, Ն․ Գամաւեայի և այլոց աշխատանքները։ Ըստ փոխանցման մեխանիզմի և վարակի տեղադրության Վարակիչ հիվանդությունները բաժանվում են 1․ աղիքային, 2․ շնչառական ուղիների, 3․ արյունային, 4․ արտաքին ծածկույթների։ Երբեմն, կախված հիվանդության կլինիկական ձևերից, կարող են լինել առանձին շեղումներ, այսինքն որևէ հիվանդություն կարող է հանդես գալ ոչ բնորոշ փոխանցման մեխանիզմով և տեղակայմամբ։ Սովորաբար Վարակիչ հիվանդությունների աղբյուր են հիվանդ մարդիկ կամ կենդանիները, ինչպես նաև առողջացածները, երբեմն էլ՝ առողջ վարակակիրները։ Բոլոր Վարակիչ հիվանդություններին հատուկ են զարգացման որոշակի օրինաչափություններ։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ պահերն ու շրջանները։ 1․ Վարակման պահ և մանրէարուցիչի մուտքը օրգանիզմ (տարբեր ուղիներով), որոնք կախված են հիվանդության բնույթից։ 2․ Գաղտնի (լատենտ) կամ ինկուբացիոն շրջան, որը հաշվվում է վարակի մուտքի պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը։ 3․ Հիվանդության նախանշանների (պրոդրոմալ) շրջան, որն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, ինքնազգացողության վա– աացմամբ, գլխացավով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ են։ 4․ Հիվանդության զարգացման շրջան, որն ընթանում է տվյալ հիվանդությանը բնորոշ ախտաբանական երևույթների դրսևորմամբ։ 5․ Բուռն շրջան, երբ դրսևորվում են տվյալ հիվանդությանը բնորոշ բոլոր ախտանշանները։ 6․ Մարման (հանգչման) շրջան, որի ժամանակ ախտածին երևույթներն աստիճանաբար թուլանում են և վերանում։ 7․ Առողջացման շրջան, որի տևողությունը կախված է օրգանիզմի ընդհանուր վիճակից և հատկություններից, հիվանդության ծանրության աստիճանից։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ է նաև հիվանդանալուց հետո տվյալ հիվանդության հանդեպ անընկալունակությունը։ ՍՍՀՄ–ում Վարակիչ հիվանդությունների մի մասը (ժանտախտ, բնական ծաղիկ, մալարիա, բծավոր տիֆ, դիֆթերիա) վերացվել է, իսկ որոշ հիվանդություններ խիստ նվազել են։
Վարանասի, Բենարեա, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտտար Պրադեշ նահանգում, Գանգեսի ափին։ 797 հզ․ բն․ (1981)։ Տրանսպորտային հանգույց է, գեղարվեստական տնայնագործական արտադրության կենտրոն։ Կան ջերմաքարշերի արտադրություն, բամբակեղենի, ապակու,, պոլիգրաֆ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, խոշոր գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ VII դ․։ Հնդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն է, ուխտագնացության վայր։ Ճարտարապետական հուշարձաններից են «Շիվայի ոսկե տաճարը» (մոտ 1750), Աուրանգզեբա մզկիթը (XVII-XVIII դդ․), Ման Մանդիր պալատը (մոտ 1600) և այլն։
Վարանգներ Ֆիրոդ (Varanger fjord), ծոց Բարենցի ծովում, Եվրոպայի հյուսիսային ափին, Ռիբաչի (ՍՍՀՄ) և Վարանգեր (Նորվեգիա) թերակղզիների միջև։ Երկարությունը 120 կմ է, լայնությունը մուտքի մոտ՝ 50 կմ, խորությունը՝ մինչև 420 մ։ Խստաշունչ ձմեռներին սառցակալում է։ Մակնթացությունը կեսօրյա է (բարձրությունը՝ մինչև 2,2 մ)։ Նավահանգիստներն են Վարդյոն, Վադսյոն (Նորվեգիա)։
Վարաններ (Varanidae), մողեսների ենթակարգի սողունների ընտանիք։ Հայտնի է Վարանների 1 սեռ, 24 տեսակ՝ տարածված Աֆրիկայում (Մադագասկարում չկան), Հարավային Ասիայում, Ավստրալիայում, Մալայան արշիպելագում։ Մարմինը բարեկազմ է, 0,2-ից մինչև 4 մ երկարությամբ, ծածկված կլոր կամ օվալաձև թեփուկներով։ Ոտքերը լավ են զարգացած, պոչը երկար է, շարժուն։ Վազում են արագ։ Վարում են հիմնականում ցամաքային, մանր տեսակները՝ երբեմն նաև ծառաբնակ կենսաձև։ Շատ տեսակներ ապրում են գետերի և այլ քաղցրահամ ջրամբարների շրջակայքում, լավ լողում և սուզվում են։ Գիշատիչ են, սնվում են մողեսներով, օձերով, մանր անողնաշարավորներով, թռչուններով, միջատներով, ջրամերձ տեսակները՝ գորտերով, ձկներով, փափկամորթներով ևն։ ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում, հանդիպում է անապատային կամ մոխրագույն վարանը (V․ griseus), ԱՍՀՄ ամենախոշոր մողեսը, երկարությունը՝ մինչև 1,5 մ, քաշը՝ 3,5 կգ։ Ապրում է սովորաբար այլ կենդաևիների գեանաՓոր բներում, երբեմն ինքն է բուն փորում։ էգը դնում է 10–20 ձու և թաղում ավազի մեջ։ Խաղաղ օվկիանոսի Կոմոդո և երեք շրջակա կղզիներում հանդիպում է հսկա կամ կոմոդյան վարանը (V․ Komodoensis), ժամանակակից ամենախոշոր մողեսը (մարմնի երկարությունը՝ մինչև 3,7մ, քաշը՝ մինչև 100 կգ)։ Սնվում է թռչուններով, վայրի խոզերով, այծյամներով, կապիկներով ևն։ Վարանների մաշկն օգտագործվում է տարբեր արտադրանքներ պատրաստելու համար, միսը որոշ երկրներում օգտագործվում է սննդի մեջ։
Վարաշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 1150(130 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, սանտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստվածածին) և վարժարան (Աշոտյան)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915- ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։