Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործունեության համար նետվել է դաշնակցական բանտ։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո եղել է հայրենի գյուղի հեղկոմի նախագահ։ 1920-ին նշանակվել է Ղափանի Արտակարգ հանձնաժողովի նախագահ, պայքարել ներքին հակահեղափոխության դեմ։ Որոշ ժամանակ կուսակցության Ղափանի շրջանային կոմիտեում աշխատելուց հետո ուղարկվել է (1922-ին) սովորելու, այնուհետև կուսակցական աշխատանք կատարել հայկական հրաձգային դիվիզիայում (1928-ից՝ 2-րդ գնդի կոմիսար, ապա՝ դիվիզիայի քաղբաժնի պետ), նպաստել զորամիավորման մարտական և քաղաքական պատրաստության ամրապնդմանը։ 1933–1937-ին եղել է Անդրկովկասյան ռազմական հետևակային դպրոցի կոմիսարը և դպրոցին կից ռազմաքաղաքական դասընթացի պետը։

Կ․ Հայրապետյան

ՏԵՐ–ԴԱՎԹՅԱՆ Հովսեփ Գևորգի (1862, Թիֆլիս – 1938, Թբիլիսի), հայ դաշնակահար, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Պ․ Պաբստի դասարան)։ 1894-ից ապրել և գործել է Թիֆլիսում։ Պրոպագանդել է հայկական դաշնամուրային երաժշտությունը (Ս․ Բարխուդարյան, Ն․ Տիգրանյան, Ա․ Մայիլյան, Կ․ Զաքարյան և ուրիշներ)։ Համերգներով հանդես է եկել Անդրկովկասի տարբեր քաղաքներում։ Թիֆլիսում հիմնել է իր մասնավոր երաժշտական դպրոցը, որտեղ նրան աշակերտել են կոմպոզիտորներ Ս․ Մելիքյանը, Մ․ Մազմանյանը, Ս․ Գալիկյանը, դաշնակահարուհի Օ․ Բաբասյանը, երգչուհի և դաշնակահարուհի Ա․ Աբալյանը և ուրիշներ։ Եղել է Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության նախագահը (1914–17)։

Գրկ․ Ափոյան Շ․, Նրանք աոաջիններն էին, «ՍԱ»․ 1966, N 10։

Շ․ Ափոյան

ՏԵՐԵԳԵՂ, Դարագյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 450 (50 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՏԵՐԵՆԿՈՒՐ (< ֆրանս․ terrain – տեղանք և գերմ․ Kuhr – բուժում), տես Քայլաբուժություն։

ՏԵՐԵՆՏԻՈՍ Պուբլիոս (Terentius Publius Afer, մ․ թ․ ա․ մոտ 195–մ․ թ․ ա․ 159), հռոմեացի դրամատուրգ։ Տերենտիոսի թատերգության համար օրինակ է ծառայել նոր ատտիկյան կատակերգությունը։ Օգտագործելով նրա սյուժեներն ու դիմակները՝ Տերենտիոսը դուրս է եկել ավանդական կատակերգական սխեմաների շրջանակներից՝ մտցնելով բարոյական ու մարդասիրական մոտիվներ, ստեղծելով հոգեբանորեն գծված կերպարներ։ Պահպանվել է վեց պիես՝ «Անդրոսուհի» (բեմ․ 166), «Ինքնիրեն պատժողը» (բեմ․ 161), «Ներքինին» (161), «Ֆորմիոն» (բեմ․ 161), «Եղբայրներ» (բեմ․ 160), «Սկեսուրը» (բեմ․ 160), որոնցում արտացոլված է աշխարհիկ կյանքը՝ կոմիկական երանգավորումով։ Վերածննդի և կլասիցիզմի դարաշրջանում Տերենտիոսի թատերգությունը դիտվել է որպես կատակերգության ժանրի դասական օրինակ։ Նրա որոշ կատակերգություններ XVIII դ․ վերջերին բեմադրվել են հայ կաթոլիկ դպրոցական թատրոններում։

Գրկ․ Աոաքելյան Ա․, Հռոմեական գրականության պատմություն, 2 բարեփոխված հրտ․, Ե․, 1975։

Հ․ Բախչինյան

ՏԵՐԵՇԿՈՎԱ Վալենտինա Վլադիմիրովնա, տես Նիկոլաևա–Տերեշկովա Վալենտինա Վլադիմիրովնա։

ՏԵՐԵՎ (folium), բարձրակարգ բույսերի օրգան, կատարում է ֆոտոսինթեզ, տրանսպիրացիա, ապահովում գազափոխանակությունը և մասնակցում բույսի կենսագործունեության այլ կարևորագույն պրոցեսներին։ Տերևի ծագումը, ձևաբանությունը և անատոմիան։ Տերևը առաջանում է ցողունի աճման կոնի առաջնային մերիսթեմի արտաքին բջիջներից և սովորաբար աճում է սկզբից գագաթով, ապա լայնական (ինտերկալյար) ձևով։ Տերևներն առաջացել են ծաղկավոր բույսերի վրա և առաջնակարգ դեր խաղացել ցամաքային բույսերի միջավայրի պայմաններին հարմարվելու ընթացքում։ Ի տարբերություն բույսի մյուս 2 վեգետատիվ օրգանների՝ արմատի և ցողունի, տերևն ունի մեծ մասամբ դորզովենտրալ սիմետրիա և կողքային դիրք։ Սովորաբար տերևը կազմված է 3 մասից՝ հիմքից, կոթունից և տերևաթիթեղից։ Որոշ բույսեր չունեն արտահայտված կոթուն՝ «նստադիր» տերև (որոշ խլածաղկազգիներ, շրթնածաղկավորներ ևն)։ Նույն բույսի վրա կարող են զարգանալ և կոթունավոր և նստադիր տերևներ։ Տերևի հիմքային մասը հաճախ լայնանալով առաջացնում է տերևապատյան, որն ընդգրկում է ցողունը (հովանոցա– և հացազգիներ)։ Բազմաթիվ բույսերի տեևների հիմքում զարգանում են զույգ համաչափ հավելվածներ՝ տերևակիցներ, տերևիկների, մազմզուկների և թեփուկների ձևով։ Տերևների ձևը չափազանց բազմազան է։ Տարբերում են պարզ՝ կոթունով ու տերևաթիթեղով և բարդ՝ գլխավոր կոթունով (ռախիսով) ու հաջորդ կարգերի կոթունիկներով (որոնց ամրանում են