Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գծով միջազգային հաշվարկները։ Իրականացնում է սովետական արտաքին առևտրի վարկավորման ու վալյուտային գործառնություններ, ապրանքների ներմուծման–արտահանման և ծառայությունների կատարման հաշվարկներ, կենտրոնացնում սովետական ու արտասահմանյան վալյուտային միջոցները, հաշվարկային հաշիվներ է բացում ու ավանդներ տեղաբաշխում օտարերկրյա բանկերում ևն։

ՍՍՀՄ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ, տես Ակադեմիա Գեղարվեստի ՍՍՀՄ։

«ՍՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», ՍՍՀՄ Գերագույն սովետի պաշտոնական հրատարակությունը (շաբաթական հանդես)։ Լույս է տեսնում Մոսկվայում։ Հրատարակվում է 1938-ից, սկզբում՝ թերթի տեսքով (միութենական հանրապետությունների լեզուներով՝ առանձին հրատարակություններով), 1954-ից՝ որպես բյուլետեն (ռուսերեն և միութենական համապատասխան հանրապետության լեզվով, ՀՍՍՀ–ի համար՝ ռուսերեն և հայերեն)։ «Տեղեկագիր»-ում հրապարակվում են ՍՍՀՄ օրենքները, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նորմատիվային բնույթի հրամանագրերն ու որոշումները, արտասահմանյան պետությունների հետ ՍՍՀ Միության կնքած և ՍՍՀՄ Գերագույն սովետի վավերացրած պայմանագրերը, համաձայնագրերն ու կոնվենցիաները, ՍՍՀՄ պատվավոր կոչումներ շնորհելու, շքանշաններով ու մեդալներով պարգևատրվելու մասին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրերը, ՍՍՀՄ Գերագույն սովետի և նրա պալատների, դրանց մշտական հանձնաժողովների և Գերագույն սովետի Նախագահության աշխատանքների, ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատների ընտրության և ետկանչման, արտասահմանյան պետությունների դեսպանների՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահին հավատարմագրեր հանձնելու, ՍՍՀՄ Գերագույն սովետի պառլամենտական գործունեության, միութենական հանրապետությունների վարչատերիտորիալ բաժանման փոփոխությունների մասին նյութերը ևն։ Համանման տեղեկագրեր են հրատարակվում նաև միութենական հանրապետությունների Գերագույն սովետները։ «ՀՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր»-ը հրատարակվում է 1939-ից, 1965-ից՝ հայ․, ռուս, և ադրբ․։

ՍՍՀՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆ (ԳԱԳ) Լենինգրադում, ՍՍՀՄ ԳԱ գիտ․ գրադարանների համակարգի կենտրոններից։ Ռուսաստանում առաջին պետ․ գրադարանը, ստեղծվել է 1714-ին, Պետերբուրգում, Պետրոս I-ի հրամանով։ 1725-ին հանձնվել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիային։ 1783-ից ԳԱԳ սկսել է ստանալ հայրենական հրատարակությունների բոլոր պարտադիր օրինակները։ Գրադարանի համալրմամբ զբաղվել են ժամանակի խոշորագույն գիտնականներ Մ․ Վ․ Լոմոնոսովը, Ս․ Կ․ Կոտելնիկովը, Գ․ Ֆ․ Միլլերը, Վ․ Ն․ Տատիշչևը և ուրիշներ։ XVIII դ․ վերջին այն դարձել է աշխարհի խոշորագույն գրապահոցը։ Ընթերցողներից են եղել․ Ն․ Գ․ Չեռնիշևսկին, Դ․ Ի․ Պիսարևը, Դ․ Ի․ Մենդելեևը, Պ․ Լ․ Չեբիշևը, Ի․ Պ․ Պավլովը և ուրիշներ։ 1891-ին և 1894-ին այնտեղ աշխատել է Վ․ Ի․ Լենինը, 1917-ի ապրիլին նա այստեղ ծանոթացել է ռուս, հեղափոխական անլեգալ գրականության հարուստ հավաքածուին։ 1921–24-ին Լենինի կարգադրությամբ գրադարանը փոխադրվել է նորակառույց շենք։ ԳԱԳ–ի և նրա լենինգրադյան ցանցի (ակադեմիական հիմնարկների 29 գրադարան) գրքային ֆոնդը 1981-ին կազմել է 12,5 մլն գիրք, այդ թվում Կենտր․ գրադարանում՝ ավելի քան 8 մլն։ Ֆոնդերում կան գիտության բոլոր բնագավառներին նվիրված գրականություն, XVIII դ․ ռուս. գրքի և հանդեսների համարյա լրիվ հավաքածուն։ Մեծ արժեք են ներկայացնում ԳԱ հրատարակությունների և հին ձեռագրերի հարուստ հավաքածուները, քարտեզագրության ֆոնդը (ավելի քան 90 հզ․ միավոր) ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների արտասահմանյան գրականության ֆոնդերը (գրադարանը ստանում է մոտ 10 հզ․ անուն արտասահմանյան պարբերական և շարունակական հրատարակություն)։ ԳԱԳ գրափոխանակություն է կատարում 99 երկրների ավելի քան 2800 գիտական հիմնարկների հետ։ Հրատարակում է գիտության առանձին բնագավառներին և պրոբլեմներին նվիրված գրականության մատենագիտական տեղեկատուներ, գրացուցակներ, ձեռագիր նյութերի գիտական նկարագրություններ, գրքագիտության, գրադարանագիտության և մատենագիտության տեսական և գործնական տարբեր հարցերին նվիրված թեմատիկ ժողովածուներ։ 1964-ին ԳԱԳ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Գրկ․ ․ История Библиотеки АН СССР, 1714–1964, М․–Л․, 1964: Библиотека АН СССР [1714–1964]․ Библиографический указатель, М․, 1964․

ՍՍՀՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԻԲԻՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ, հիմնադրվել է 1957-ի մայիսին՝ ֆիզիկատեխ․, բնական և տնտեսագիտական գիտությունների բնագավառներում տեսական ու փորձնական կոմպլեքսային հետազոտությունների և Սիբիրում ու Հեռավոր Արևելքում արտադրողական ուժերի զարգացման հետ կապված խնդիրների լուծման նպատակով։ Ունի ավելի քան 47 ԳՀ հիմնարկ, գրադարան (շուրջ 7 մլն գիրք), 3 հատուկ կոնստրուկտորական բյուրո, փորձնական գործարան, մոտ 70 գիտ․ կայան, գիտ․ հրատարակություններ։ Գիտ․ հիմնարկները տեղաբաշխված են Նովոսիբիրսկում (բաժանմունքի կենտրոն), Կրասնոյարսկում, Տոմսկում, Իրկուտսկում (Հս․-սիբիրյան մասնաճյուղ), Ուլան–Ուդեում (Բուրյաթական մասնաճյուղ), Յակուտսկում (Յակուտական մասնաճյուղ), Կեմերովոյում, Տյումենում, Չիտայում։ Սոցիալիստական երկրների ԳԱ–ների հետ համատեղ հետազոտում է բազմաթիվ գիտ․ պրոբլեմներ։ Բաժանմունքի գիտնականները համագործակցում են նաև ԱՄՆ–ի, ԳՖՀ–ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների գիտնականների հետ։

ՍՍՀՄ ԳՐԱԴԱՐԱՆ Վ․ Ի․ Լենինի անվան, Լենինի շքանշանակիր, Վ․ Ի․ Լենինի անվան ՍՍՀՄ պետական գրադարան (ԼՊԳ), Մոսկվայում, ՍՍՀՄ ազգային գրադարան, Եվրոպայի և աշխարհի խոշորագույն գրադարաններից, գրադարանագիտության, գրքի պատմության, մատենագիտության բնագավառների ԳՀ առաջատար հիմնարկ, ՍՍՀՄ բոլոր գրադարանների (բացի գիտատեխնիկականներից) մեթոդական, խորհրդատու ու մատենագիտական կենտրոն։ Հիմնվել է 1862-ի հուլիսի 1-ին՝ Ռումյանցևյան հանրային թանգարանի կազմում։ Կազմավորման սկզբից ստանում է հայրենական հրատարակությունների պարտադիր օրինակներ (մինչև 1922-ը 1, 1922–44-ին՝ 2, 1945-ից՝ 3 օրինակ)։ Նրա ընթերցողներից են եղել Լ․ Ն․ Տոլստոյը, Ֆ․ Մ․ Դոստոևսկին, Դ․ Ի․ Մենդելեևը, Կ․ Է․ Ցիոլկովսկին, Կ․ Ա․ Տիմիրյազևը, Ա․ Պ․ Չեխովը, Վ․ Յա. Բրյուսովը և ուրիշներ։ 1893-ին և 97-ին գրադարանի ընթերցասրահում աշխատել է Վ․ Ի․ Լենինը, իսկ 1919–21-ին եղել է բաժանորդ։ 1924-ին Ռումյանցևյան գրադարանը վերանվանվել է Վ․ Ի․ Լենինի անվ․ ռուս․, 1925-ի փետր․ 6-ին՝ Վ․ Ի. Լենինի անվ․ ՍՍՀՄ պետ․ գրադարան։ 1945-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ԼՊԳ–ի ֆոնդերում 1982-ին եղել է 11,7 մլն գիրք, 10,1 մլն ամսագիր, աշխարհի 200 (ՍՍՀՄ ժողովուրդների 89) լեզուներով 397 հզ․ թերթերի տարեկան հավաքածո, 330 հզ․ միավոր ձեռագիր, 1,3 մլն միավոր քարտեզ, 405 հզ․ միկրոֆիլմ։ Գրադարանն ունի 22 ընթերցասրահ։ Լայն կապերի մեջ է արտասահմանյան գրապահոցների և գրքի գործերով զբաղվող կազմակերպությունների հետ։ Գրադարանի հին շենքում (նախկինում՝ Պաշկովի տուն, կլասիցիզմ, 1784–86, ճարտ․ Վ․ Ի․ Բաժենով) տեղավորված են ընդհանուր և պատանիների ընթերցասրահները։ 6 նոր մասնաշենքերը (այդ թվում 9 հարկանի գրապահոցը) կառուցվել են 1928–58-ին (ճարտ–ներ՝ Վ․ Գ․ Գելֆրեյխ, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ) և գլխ․ մուտքի կողմից միավորված են բարձր մույթավոր պորտիկով։ Գրադարանի ճակատները հարդարված են քանդակներով [գրողների և գիտնականների կիսանդրիներ ( քանդակագործներ՝ Ն․ Վ․ Կրանդիևսկայա, Ս․ Ա․ Եվսեև), բանվորի, կոլտնտեսականի, գիտնականի և այլ ֆիգուրներ (քանդակագործներ՝ Վ․ Ի․ Մուխինա, Մ․ Գ․ Մանիզեր, Վ․ Վ․ Լիշև, Ե․ Ա․ Յանսոն–Մանիզեր և այլոք)]։

ՍՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, աղյուսակների համակարգ, որոնցում արտացոլվում են սոցիալիստ. ընդլայնված վերարտադրության հիմնական համամասնությունները բնութագրող ցուցանիշները։ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության հաշվեկշռում ցույց են տրվում հասարակական ամբողջական արդյունքի, ազգ․ եկամտի արտադրությունը, բաշխումը և վերջնական օգտագործումը, արտադրության բնաիրային, արժեքային, ճյուղային կառուցվածքները, հիմնական արտադրական ֆոնդերի, աշխատանքային ռեսուրսների, ֆինանսական միջոցների վերարտադրության օրինաչափությունները։ Մշակվում են