Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հաշվետու և պլանային ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության հաշվեկշիռներ։ Պլանային հաշվեկշիռները մշակվում են ժողտնտեսության զարգացման հեռանկարային և ընթացիկ պլանների առաջադրանքները հիմնավորելու, դրանք միմյանց հետ կապակցելու համար։ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության հաշվեկշիռը բաղկացած է 4 հիմնական բաժիններից։ ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման ընդհանուր համամասնություններն արտացոլվում են հաշվեկշռի ամփոփ բաժնում, իսկ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, նյութական բարիքների արտադրության, բաշխման և օգտագործման օրինաչափությունները՝ երկրորդ՝ նյութական հաշվեկշիռների բաժնում։ Հաջորդը ֆինանս. հաշվեկշիռների բաժինն է, որոնցում տրվում են սովետական պետության, սոցիալիստ. ձեռնարկությունների, կազմակերպությունների և բնակչության դրամական եկամուտների ձևավորման ու օգտագործման օրինաչափությունները։ Չորրորդ բաժինն ընդգրկում է աշխատանքային ռեսուրսների ճյուղային և տարածքային բաշխման համամասնություններն արտացոլող հաշվեկշիռները։

Հ․ Ղուշչյան

ՍՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության պաշտոն․ հրատարակությունը, որտեղ հրատարակվում են ընդհանուր նշանակության կամ նորմատիվային բնույթ կրող որոշումները։ Լույս է ընծայվում 1938-ից, 1981-ից՝ երկու ինքնուրույն հրատարակությամբ․ ՍՍՀՄ կառավարության որոշումների ժողովածու (բաժին առաջին) և ՍՍՀՄ կառավարության որոշումների ժողովածու (բաժին երկրորդ)։ Առաջինում հրատարակվում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումները, ինչպես նաև ՄՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ–Ի և ՀամԼԿԵՄ Կենտկոմի համատեղ որոշումները, երկրորդում՝ միջազգային ակտերը (արտասահմանյան պետությունների հետ ՍՍՀՄ կնքած համաձայնագրերը, կոնվենցիաները ևն)։ Ժողովածու հրատարակելու մասին որոշումն ամրապնդված է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մասին օրենքով (1978), հրապարակման կարգը նախատեսված է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1959-ի մարտի 20-ի որոշմամբ։ Համանման ժողովածու հրատարակում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչությունը՝ 1939-ից (ՀՍՍՌ կառավարության որոշումների և կարգադրությունների ժողովածու)։ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մասին օրենքի (1978) հիման վրա 1982-ի հուլիսից հրատարակվում է ՀՍՍՀ կառավարության որոշումների ժողովածու (հայերեն և ռուսերեն)։

ՍՍՀՄ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, տես Նկարիչների միություն ՍՍՀՄ։

ՍՍՀՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿ, Պետբանկ, ՍՍՀՄ միասնական էմիսիոն, դրամարկղային և հաշվարկային կենտրոն, ժող․ տնտեսության և բնակչության վարկավորման ու ֆինանսավորման հիմնական բանկ։ Մինչև 1923՝ ՌՍՖՍՀ պետբանկ։ Հիմնադրվել է Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ։ 1921-ի հոկտ․ 4-ին Վ․ Ի․ Լենինը ստորագրել է ՌՍՖՍՀ պետբանկ հիմնադրելու մասին ԺԿԽ–ի դեկրետը, որը 1921-ի հոկտ․ 7-ին հաստատել է ՀԿԳԿ–ի 4-րդ նստաշրջանը։ ՍՍՀՄ ԿԳԿ–ի 1923-ի հուլիսի 6-ի որոշումով ՌՍՖՍՀ պետբանկը վերակազմվել է ՍՍՀՄ պետբանկի։

Պետբանկը ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զարգացման պետ․ պլանի հիման վրա կազմակերպում և կարգավորում է դրամաշրջանառությունը, իրականացնում ժողտնտեսության կարճաժամկետ վարկավորումը, գյուղատնտ․, մթերող և որոշ այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների, սպառողական կոոպերացիայի, անտառային և ջրային տնտեսությունների, ինչպես նաև գյուղական բնակչության կապիտալ ներդրումների ֆինանսավորումն ու երկարաժամկետ վարկավորումը, հաշվարկները ժողտնտեսության մեջ, բյուջեի դրամարկղային կատարումը, կազմակերպում և ղեկավարում է խնայդրամարկղային գործը, կազմակերպում և իրագործում միջազգային հաշվարկներն ու վարկավորումը, գործառնությունները թանկարժեք մետաղներով և արտասահմանյան վալյուտայով։

ՍՍՀՄ պետբանկը խոշորագույնն է աշխարհում։ 1981-ի սկզբին այն սպասարկել է 764 հզ․ կլիենտ, որոնց համար բացվել են ավելի քան 3,9 մլն հաշվարկային, ընթացիկ, վարկային ևն հաշիվներ։ Պետբանկի միջոցով իրականացվող վճարային շրջանառության ծավալը 1980-ին կազմել է 2539 մլրդ ռ․։

Պետբանկի իրավական դրությունը որոշվում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից հաստատված կանոնադրությամբ։ Բանկը խիստ կենտրոնացված համակարգ է, որը գլխավորում է վարչությունը։ Վարչության նախագահ նշանակում է ՍՍՀՄ Գերագույն սովետը։ Ունի կենտր․ ապարատ, միութենական և ինքնավար հանրապետություններում, երկրամասային և մարզային կենտրոններում, ինքնավար մարզերի և ինքնավար օկրուգների կենտրոններում՝ գրասենյակներ և պետ․ խնայդրամարկղերի վարչություններ, իսկ շրջկենտրոններում, քաղաքներում և այլ բնակավայրերում՝ բաժանմունքներ, գործակալություններ (1984-ի սկզբին՝ 4464) և խնայդրամարկղերի լայն ցանց։

ՍՍՀՄ Պետական բանկի հայկական հանրապետական գրասենյակը (պետբանկի Հայգրասենյակ) ՍՍՀՄ պետբանկի համակարգի օղակներից է։ Կազմակերպվել է 1924-ի մարտին (նախկինում՝ Հայաստանի պետբանկ և ՌՍՖՍՀ պետբանկի բաժանմունք)։ Ղեկավարում է հանրապետության տարածքում գտնվող ՍՍՀՄ պետբանկի հիմնարկությունների գործունեությունը, գտնվում ՍՍՀՄ պետբանկի վարչության անմիջական ենթակայության տակ։ 1984-ի սկզբին ՀՍՍՀ–ում գործում էր ՍՍՀՄ պետբանկի 49 բաժանմունք, քաղաքային մեկ վարչություն, ինֆորմացիոն հաշվողական կայան։ Բաժանմունքներ կան հանրապետության բոլոր շրջաններում (բացառությամբ՝ Գուգարքի) և քաղաքներում, այդ թվում՝ Քաջարանում, Չարենցավանում, Ջերմուկում։ Երևանում գործում է 8 բաժանմունք։ 1980-ի դեկտեմբերին գրասենյակում կազմակերպվել է վարչություն, որը գլխավորում է գրասենյակի կառավարիչը (վարչության նախագահ)։

1976–83-ին հանրապետության ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրամադրել է ավելի քան 100 մլրդ ռ․ կարճաժամկետ, մոտ 353 մլն ռ․ երկարաժամկետ վարկ։ Ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ծավալը 1983-ին կազմել է 269 մլն ռ․։ 1970–83-ին կոլտնտեսություններին տրամադրել է ավելի քան 211 մլն ռ․ երկարաժամկետ և 1,02 մլրդ ռ․ կարճաժամկետ վարկ։

Գրկ․ Госбанк СССР и его роль в развитии экономики страны (1921–1981 гг․), М․, 1981․

Վ․ Աղասյան

ՍՍՀՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ (ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սովետական քաղաքացիների սոցիալ–տնտ․, քաղ․ և անձնական իրավունքների, ազատությունների ու պարտականությունների ամբողջություն, որ ամրապնդված են ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների սահմանադրություններով: Քաղաքացիների մյուս բոլոր իրավունքները կապված են դրանց հետ և բխում են դրանցից։ Հիմնական իրավունքներն ու ազատությունները լինում են․

Սոցիալ–տնտեսական իրավունքներ՝ աշխատանքի իրավունք, հանգստի իրավունք, առողջության պահպանման իրավունք, ծերության, հիվանդության, աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքերում նյութական ապահովության իրավունք, բնակարանի իրավունք, կրթության իրավունք, մշակույթի նվաճումներից օգտվելու իրավունք, անձնական սեփականության ու դրա ժառանգման իրավունք, գիտական, տեխն. և գեղարվեստական ստեղծագործության ազատություն․

քաղաքացիական իրավունքներ ու ազատություններ՝ ընտրական իրավունք, պետական, հասարակական մարմինների գործունեությունը բարելավելու մասին առաջարկություններ անելու, դրանց աշխատանքային թերությունները քննադատելու իրավունք, կոմունիստական շինարարության նպատակներից ելնող հասարակական կազմակերպություններում ու միություններում միավորվելու իրավունք, խոսքի, մամուլի, ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի ազատություններ (տես Դեմոկրատական ազատություններ)։

Անձնական իրավունքներ ու ազատություններ՝ խղճի ազատության իրավունք, անձի և բնակարանի անձեռնմխելիության, քաղաքացիների անձնական կյանքի պաշտպանության իրավունք, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հեռագրային հաղորդումների գաղտնիության իրավունք, պատվի ու արժանապատվության, կյանքի ու առողջության, անձնական ազատության ու գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության իրավունք, պետական և հասարակական մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունները բողոքարկելու իրավունք։ ՍՍՀՄ–ում ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո։

Սովետական քաղաքացիների իրավունքների ու ազատությունների սկզբունքային