Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսումնական նպատակներով և ռեկլամների համար։ ՍՍՀՄ–ում առաշին Ց․ կ․ ցուցադրվել է 1925-ին։

ՑԵՐԻՈՒՄ (Cerium), Се, պարբերական համակարգի VI պարբերության, III խմբի տարր, կարգահամարը՝ 58, ատոմական զանգվածը՝ 140,12։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում լանթանիդների ընտանիքին։ f տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f2 5s2 5p6 6s2։ К, Լ և M թաղանթները լրացված են։ Բնական Ց․ բաղկացած է 136Се (0,198%), 138Се (0,25%), 140Се (88,48%) U 142Се (11,07%) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 131–135, 137, 139, 141 և 143–148 զանգվածի թվերով 16 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից առավել կայուն է 144Ce (T1/2=275 օր)։ Ց․ հայտնաբերել են 1803-ին, շվեդ գիտնականներ Ի․ Յա․ Բերցեիուսը, Վ․ Գիզինգերը և գերմանացի քիմիկոս Մ․ Գ․ Կլապրոտը, որոնք բաստնեզիտ միներալից անջատեցին «ցերիումական հողը»։ Ց․ անվանումն ստացել է № 1 փոքր մոլորակի՝ ցերերայի անունից։ Ամենատարածված լանթանոիդն է, կազմում է երկրակեղևի զանգվածի 4,5·10-3 %, տարածվածությամբ 24-րդ տարրն է։ Հայտնի են Ց–ի 33 բնական միներալները, որոնցից Ց–ով առավել հարուստ են բաստնեզիտը և մոնացիտը (պարունակում են համապատասխանաբար 47 և 30% Ց–ի օքսիդ)։ Կենսոլորտում դանդաղ տեղաշարժվող տարր է, պարունակությունը բնական ջրերում և կենդանի օրգանիզմներում՝ աննշան։ Ց․ երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ է, առաջացնում է ալոտրոպային չորս ձևափոխություն՝ α, β, γ և δ։ Ց–ի հալ․ ջերմաստի ճանը 798°C է, եռմանը՝ 3467°С, խտությունը՝ 6678 կգ/մ3 (20°С)։

Մաքուր Ց․ մածուցիկ մետաղ է։ Ց․ քիմիապես ակտիվ է։ Միացություններում ցուցաբերում է +3, +4 օքսիդացման աստիճաններ։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից առաջ․ թթուներից, տաքացնելիս նաև ջրից, դուրս է մղում ջրածինը։ Օդում պատվում է օքսիդի՝ Се2О3 սպիտակ մոխրերանգ շերտով, որը նրան հետագա օքսիդացումից չի պաշտպանում։ 160°C-ում Ց․ այրվում է օդում։ Ց–ի (III) օքսիդը և հիդրօքսիդը՝ Ce(OH)3, հիմնային են, քլորիդը, սուլֆատը և նիտրատը՝ ջրում լուծելի, ֆտորիդը, օքսալատը, ֆոսֆատը՝ անլուծելի։ Се2О3-ը հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով Ց–ի (IV) օքսիդը՝ СеO2, որը ջրում չլուծվող, սպիտակ փոշի է, լուծվում է խիտ ծծմբական թթվում՝ առաջացնելով սուլֆատ՝ Ce(SO4)2։ Ց․ (IV) օքսիդիչ է։ Ց․ միանում է (տաքացնելիս) հալոգենների, ծծմբի, ազոտի, ֆոսֆորի և այլ տարրերի հետ։ Ց․ հեշտությամբ լուծվում է անօրգանական թթուներում, չի փոխազդում ալկալիների հետ։ Մաքուր (98,95%) Ց․ ստանում են Ց–ի (IV) օքսիդը էլեկտրոլիզի ենթարկելով։ Ց․ մտնում է ֆ ե ռ ո ց ե ր ի ու մ (6% Fe, 40–75% Се, մինչև 24% La, Pr, Nd, երբեմն՝ 4,5–7% Mg), մ ի ջ մ ե տ ա ղ (7–10% Fe, մինչև 93% լանթանիդներ՝ 70% Се), համաձուլվածքների բաղադրության մեջ։ Ֆեռոցերիումը, միջմետաղը, հազվադեպ նաև մաքուր Ց․, օգտագործվում են որպես պողպատը, թուջը, ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքները լիգիրացնող և մոդիֆիկացնող հավելանյութեր։ Ց․ մետաղները և համաձուլվածքները ծծմբազրկող (ֆոսֆորազրկող ևն) ակտիվ միջոց է։ Ց․ օգտագործվում է էլեկտրավակուումային սարքերում, որպես գազակլանիչ (գետտեր), Ց–ի (IV) օքսիդը՝ ապակին գունազրկելու և միջուկային տեխնիկայում՝ պաշտպանիչ ապակիներ ստանալու համար։ Լ․ Գրիգորյան

ՑԵՐԻՈՒՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, վերականգնիչների որոշման քանակական վերլուծության տիտրաչափական եղանակ։ Հիմնված է Се4++е⇄Се3+ ռեակցիայի վրա (ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալը՝ 1,3–1,7 վ)։ Տիտրումն իրականացնում են ցերիումի (IV) աղերի ստանդարտ լուծույթներով, թթվային միջավայրում։ Տիտրման վերջնակետը որոշում են պոտենցիալաչափական, ամպերաչափական, լուսաչափական եղանակներով, նաև ինդիկատորների (ֆենիլանտրանիլաթթու, մեթիլային նարնջագույն ևն) օգնությամբ։ Ց․ կիրառում են As(III)-ը, Fe(II)-ը, Sb (III)-ը, Cr(II)-ը, նիտրատները, ածխաջրերը, հիդրօքսիլամինը, ֆոսֆիտները, հիդրոքինոնը, թրթնջկաթթուն ևն որոշելու համար։

ՑԵՐԿՈՍՊՈՐՈԶՆԵՐ, բույսերի հիվանդություններ, հարուցիչները Cercospora սեռի սնկեր են, որոնք տարածվում են վեգետացիայի ընթացքում, ձմեռում վարակված բույսերի մնացորդներում հողի մակերևույթին կամ վերին շերտերում հաստացած հիֆերի կուտակումների ձևով։ Առավել վնասակար և տարածված են ճակնդեղի, կարտոֆիլի, պտղատու կուլտուրաների, խաղողի Ց․։ ճակնդեղի և կարտոֆիլի տերևների, ցողունի վրա առաջանում են կլորավուն կամ երկարավուն գորշ կամ կարմիր երիզով մոխրագույն բծեր։ Կարտոֆիլի հիվանդ տերևները ծածկվում են մոխրամանուշակագույն փառով, հաճախ չորանում են։ Տերևների վնասված մասի մահացման պատճառով ճակնդեղի արմատապտուղների բերքը և շաքարայնությունը, ինչպես նաև կարտոֆիլի պալարների բերքն ու օսլայի պարունակությունը նվազում է։

Պ ա յ ք ա ր ի մ ի ջ ո ց ն ե ր ը. ճակնդեղի և կարտոֆիլի բերքահավաքից հետո դաշտի մաքրում, ճակնդեղի առաջին տարվա ցանքերի մեկուսացում սածիլվող սերմնաբույսերից։ Սնուցում ֆոսֆոր կալիումական պարարտանյութերով, սրսկում 1%-անոց բորդոյան հեղուկով կամ դրա փոխարինիչներով (2–3 անգամ)։

Պտղատու կուլտուրաների տերևների վրա առաջանում են տարբեր չափի, ձևի և գույնի բծեր՝ սնկի սպորակիրներով։ Խաղողի վնասված տերևները և հատապտուղները թափվում են։ Պ ա յ ք ա ր ի մ ի ջ ո ց ն ե ր ը․ բույսերի վնասված մասերի և թափված տերևների ոչնչացում, ճյուղերի էտ, սրսկում 1%-անոց բորդոյան հեղուկով (2–3 անգամ)։

ՑԵՐՄԵԼՈ (Zermelo) էռնստ (1871-1953), գերմանացի մաթեմատիկոս։ 1894-ին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բազմությունների տեսությանը, որտեղ նա տվել է ընդհանուր աքսիոմատիկա և ապացուցել, որ ցանկացած բազմություն կարելի է լիովին կարգավորել։ Ց–ի հետազոտությունները մեծ ազդեցություն են ունեցել մաթեմատիկայի այղ բնագավառի զարգացման վրա։ Աշխատանքներ ունի նաև վարիացիոն հաշվի և հավանականությունների տեսության կիրառությունների վերաբերյալ։

ՑԵՐՆԻԿԵ (Zernicke) Ֆրից (1888–1966), նիդերլանդացի ֆիզիկոս, Նիդերլանդների թագավորական ԳԱ անդամ (1946)։ Ավարտել է Ամստերդամի համալսարանը, որտեղ և ստացել է գիտությունների դոկտորի աստիճան (1915)։ 1913-ից աշխատել է Գրոնինգենի համալսարանում (1920–1958-ին՝ պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են օպտիկային, էլեկտրամագնիսականությանը, մաթ․ վիճակագրությանը ևն։ Մշակել է օպտիկական սարքերի, մասնավորապես, հեռադիտակի և մանրադիտակի տեսությունը։ 1935-ին հայտնագործել է փուլային ցայտունության մեթոդը և ստեղծել առաջին փուլացայտուն մանրադիտակը։ Նոբելյան մրցանակ (1953)։

ՑԵՑ Յանոշ, Ց ե ց յ ա ն Հ ո վ հ ա ն ն ե ս (Czetz János) [8(20)․1․1822, Գիդոֆալվա (Հարոմսեկ, այժմ՝ Ռումինիայի Կովասնա գավառում)–6(19)․9․1904, Բուենոս Այրես], 1848–49-ի հունգ․ հեղափոխության հայազգի գործիչ, գեներալ (1849)։ Սովորել է զինվ․ ուսումնարանում, ավարտել զինվ․ ակադեմիա (1842)։ 1848-ի աշնանը հեղափոխության առաջնորդ Լ․ Կոշուտը Ց–ին նշանակել է զորավար Յու․ Բեմի հեղափոխական բանակի գլխ․ շտաբի պետ։ Ց․ Տրանսիլվանիայում հաղթական կռիվներ է մղել ավստր․ զորաբանակի դեմ․ զորավար, տաղանդով աչքի է ընկել Սիբինի (Սիբիուի) ճակատամարտում (1849-ի մարտի 11), Բրաշովի մոտ նահանջի է հարկադրել (1849-ի մարտի 19) ավստրիացիներին օգնության եկած ցար․ զորքերին, ավստրիացիներին պարտության մատնել Պիշկիի ճակատամարտում։ Ազատագր․ պայքարում երկրի բոլոր ժողովուրդների համագործակցության կողմնակից էր։ Հեղափոխության պարտությունից հետո տարագրվել է Գերմանիա, հեռակա դատապարտվել մահապատժի։ Համբուրգում հրատարակել է «Բեմի արշավանքը Տրանսիլվանիայում 1848–1849 թթ․» գիրքը (1850, գերմ․), որը հունգ․ հեղափոխության պատմության համար կարևոր և հավաստի տվյալներ է պարունակում։ Ց․ ընդգրկվել է 1851-ին Փարիզում ստեղծված հեղափոխ․ կոմիտեի կազմում։ Հիսաթափվելով Նապոլեոն III-ի քաղաքականությունից՝ Ց․ Ֆրանսիայից անցել է Իսպանիա, Պորտուգալիա, ապա՝ Իտալիա, իր կազմակերպած հունգ․ լեգեոնով մարտնչել ավստրիացիների դեմ Ջ․ Գարիբալդիի բանակում։ 1861-ին Ց․ ընտանիքով հաստատվել է Բուենոս Այրեսում, 1865-ից ծառայել արգենտինական բանակում։ Եղել է Արգենտինայի զինվ․ ակադեմիայի հիմնադիրն ու առաջին տնօրենը (1870–74)։ Գրել է «Արգենտինայի հանրապետության ռազմական