սարանի շրջանավարտ Գրիգոր Խլաթեցու րաբունապետությամբ, 1406-ին Ցիպնավանքում է տեղավորվել Խառաբաստավանքի վարդապետարանը, որը շուտով փակվել է։ Հետագայում Ցիպնավանքում հիմնվել է Գրիգոր խլաթեցու դպրոցը, ուր նա գիտամանկավարժ․ բեղուն գործունեություն է ծավալել։ Գրիգոր Խլաթեցու աշակերտներից են եղել Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Առաքել Բաղիշեցին և ուրիշներ, որոնք գրել են իրենց ուսուցչի վարքը։ Խլաթեցին Ց․ դ–ում խմբագրել է «Հայսմավուրք», «Տոնական», «Գանձարան» ժողովածուները, ինչպես նաև ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մի քանիսը (№ 3440, 3414, 5328, 8366 են) պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։
Գրկ․ Ո ս կ յ ա ն Տ․, Վասպուրականի - Վանի վանքերը, մաս 2, Վնն․, 1942։ Ս. Մարաբյան
ՑԻՍՈԻԴ Դ ի ո կ լ ե ս ի (հուն․ kissoeidēs- բաղեղաձև, < kissos – բաղեղ և oeidēs– ձև, կերպ), երրորդ կարգի հանրահաշվական կոր։ Ց․ շրջանագծի Օ կետով անցնող աղեղների փնջի այն M կետերի բազմությունն Է, որոնք բավարարում են OM=PQ պայմանին, որտեղ P-ն և Q–ն OM ուղղի հատման կետերն են համապատասխանաբար շրջանագծի և Օ–ի տրամագծորեն հակադիր կետում շրջանագծին տարված շողափողի հետ (նկ․)։ Կոորդինատների բևեռային և ուղղանկյուն համակարգերում Ց–ի հավասարումներն են․ p=asin2φ/cosφ, y2=x3/a-x, որտեղ a-ն շրջանագծի տրամագիծն Է։
Մ․ թ․ա․ II դ․ հույն երկրաչափ Դիոկլեսը խորանարդի կրկնապատկման խնդիրը քննարկելիս դիտարկում էր Ց–ի միայն այն մասը, որը գտնվում է շրջանի ներսում։ Շրջանագծի աղեղի հետ Ց–ի այդ մասը կազմում է բաղեղի տերև հիշեցնող պատկեր, որտեղից էլ ծագել է Ց․ անունը։ Ց–ի անվերջ թվով ճյուղերի գոյությունը միմյանցից անկախ ապացուցել են ֆրանս․ մաթեմատիկոս ժ․ Ռոբերվալը և բելգիացի մաթեմատիկոս Ռ․ Սլյուզը (XVII դ․)։
ՑԻՍՏԱ (< հուն․ κύστις – բուշտ), բազմաթիվ միաբջիջ օրգանիզմների ժամանակավոր գոյության ձև․ բնութագրվում է նույնպես Ց․ կոչվող պաշտպանական պատյանի առկայությամբ։ Կ ե ն դ ա ն ի ն ե ր ի մոտ (մտրակավորներ, արմատոտանիներ, սպորավորներ, ինֆուզորիաներ) տարբերում են հանգստի և բազմացման Ց–ներ։ Հ ա ն գ ս տ ի Ց–ի թաղանթները հաստ են, դոնդողանման կամ պինդ, կազմված են խիտինանման նյութից։ Առաջանում են անբարենպաստ պայմանների ժամանակ, մակաբույծ ձևերի Ց․ ապահովում է մակաբույծի անցումը մի տիրոջից մյուսին՝ արտաքին միջավայրի միջոցով։ Որոշ նախակենդանիներ կարող են Ց–ի ձևով գոյատևել մի քանի տարի։ Բազմացման Ց․ ունենում է բարակ թաղանթ և առաջանում է կարճ ժամանակով, որի ընթացքում Ց–ի պարունակությունը բաժանվում է մի քանի առանձին, ինքնուրույն օրգանիզմների։
Բ ու յ ս ե ր ի Ց․ (հատուկ է որոշ ջրիմուռների) առաջանում է մարմնի սեղմման և նրա մակերևույթին պինդ, դժվար թափանցելի թաղանթի գոյացման հետևանքով։ Սովորաբար առաջանում է անբարենպաստ պայմանների ժամանակ։ Բարենպաստ պայմաններում Ց–ները ծլում են, Ց–ի պարունակությունը դուրս է գալիս՝ սկիզբ դնելով մեծ մասամբ մեկ, հազվադեպ՝ մի քանի օրգանիզմների։
ՑԻՍՏԵԻՆ, α-ա մ ի ն ա–β-թ ի ո պ ր ո պ ի ո ն ա թ թ ու, HSCH2CH(NH2)COOH, ծծումբ պարունակող փոխարինելի ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ և D ձևերով և ռացեմատ DL ձևով։ L–Ց․ բյուրեղներ են, լուծվում է ջրում, քացախաթթվում, չի լուծվում եթերում, ացետոնում, բենզոլում։ Մտնում է սպիտակուցների և բնական պեպտիդների բաղադրության մեջ։ Սպիտակուցների հիդրոլիզի ժամանակ վեր է ածվում ցիստինի: Կաթնասունների օրգանիզմում Ց․ սինթեզվում է մեթիոնին և սերին ամինաթթուներից՝ ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) մասնակցությամբ։ Ց–ի սուլֆհիդրիլային խմբերը (–SH) մտնում են որոշ ֆերմենտների (օրինակ, պապաինի) կատալիտիկ կենտրոնների բաղադրության մեջ և կարևոր դեր են կատարում օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներում։ Օրգանիզմում Ց․ ունի պաշտպանական ֆունկցիա, կապում է ծանր մետաղների, մկնդեղի միացությունների, արոմատիկ ածխաջրածինների թունավոր իոնները։ Ց․ օգտագործվում է աչքի ոսպնյակի մթագնումը բուժելու համար:
ՑԻՍՏԵՌՆ (< լատ․ cisterna – ջրավազան, ջրամբար), արհեստական փակ կառույց (տարողություն)՝ հեղուկներ, հեղուկացված գազեր, սորուն նյութեր պահելու և փոխադրելու համար։ Ստացիոնար Ց–ները պատրաստում են բետոնից, երկաթբետոնից, պողպատից, ալյումինի համաձուլվածքներից ևն։ Ց–ները լինում են ստորգետնյա, գետնի մեջ խորացված և վերգետնյա։ Շարժական Ց–ները տեղակայվում են ավտոմոբիլների կամ երկաթուղային սայլակների վրա և ծառայում են լցովի բեռների փոխադրման համար։ Ավտոմոբիլային Ց–ների տարողությունը սովորաբար 1,5–5 մ3 Է, սովետական երկաթուղային Ց–ներինը՝ 140 մ3 (1980)։
ՑԻՍՏԻՆ [HOOCCH(NH2)CH2S]2, ծծումբ պարունակող փոխարինելի ամինաթթու․ ցիստեինի երկսուլֆիդը։ Բյուրեղներ են։ Ջրում վատ է լուծվում, չի լուծվում եթերում։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ և D ձևերով և 2 ոչ ակտիվ DL–մեզո–ձևով։ Պարունակվում է մազերի և բրդի կերատինում (մինչև 18%)։ Կենսասինթեզը և փոխանակությունն օրգանիզմում կապված են ցիստեինի հետ։ Սպիտակուցի մոլեկուլում Ց․ ի հայտ է գալիս ցիստեինի մնացորդների միջև երկսուլֆիդային կապերի (–Տ-Տ–) առաջացմամբ, որոնք պահպանում են սպիտակուցի մոլեկուլի տարածական կառուցվածքը։ Ց–ի փոխանակության ժառանգական խանգարումն առաջացնում է երեխաների ցիստինոզ հիվանդությունը։ Ց–ի մեծ քանակությամբ արտազատումը մեզի հետ՝ ցիստինուրիան, հանգեցնում է ցիստինային միզաքարերի գոյացման, որոնցից էլ առաջին անգամ (1810-ին) անջատվել է Ց․։
ՑԻՍՏԻՑԵՐԿՈԶ (< հուն․ κύοτις – բուշտ և κέρκος – պոչ), տես Ֆինոզ։
ՑԻՍՏՐՈՆ, տես Գեն։
ՑԻՏԱՏ (< լատ․ cito – կանչել, բերել), տես Մեջբերում։
ՑԻՏԵԼ (Zittel) Կարլ Ալֆրեդ (1839–1904), գերմանացի երկրաբան և հնէաբան։ 1863-ից եղել է Կարլսրուեի պոլիտեխնիկումի միներալոգիայի, երկրաբանության և հնէաբանության պրոֆեսոր։ 1866-ից՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր, 1899-ից՝ Բավարիայի ԳԱ պրեզիդենտ։ Մասնակցել է Սկանդինավիա, Ֆրանսիա, Իտալիա, Լիբիա և Եգիպտոս կատարած արշավախմբերին։ Զբաղվել է յուրայի, կավճի և երրորդական հասակի նստվածքների կենսաշերտագրությամբ։ Հիմնական աշխատությունները՝ «Հնէաբանության ձեռնարկ» (հ․ 1–5, 1876–93) և «Հնէաբանության հիմունքները» (հ․ 1–2, 1895), նպաստել են հնէաբանության զարգացմանը, կարևոր տեղեկատու և ուս․ ձեռնարկներ են։
ՑԻՏՈԿԻՆԻՆՆԵՐ (< հուն․ κύτος – զետեղարան, բջիջ և κιυέω – շարժել, դրդում եմ), բույսերի հորմոնների խումբ (կ ի ն ի ն ն ե ր), 6-ամինապուրինի ածանցյալներ։ Առաջանում են հիմնականում արմատներում և քսիլեմով տեղաշարժվում դեպի ընձյուղները, տերևները, բողբոջները։ Հատկապես շատ են պտուղներում և սերմերում։ Ց․ խթանում են բջիջների կիսումը, սերմերի ծլումը, բողբոջների աճը, նուկլեինաթթուների, սպիտակուցների, քլորոֆիլի սինթեզը, մասնակցում օրգանների տարբերակմանը, ցողունների, արմատների, ծաղիկների առաջացմանը։ Ց․ աուքսինների առաջացրած գագաթնային դոմինանտության անտագոնիստներ են։ Բույսերից մեկուսացած դեղնած տերևների մշակումը Ց–ով դրականորեն է ազդում նրանց կանաչման և կյանքի երկարացման վրա։ Հաստատված է, որ Ց․ ազդում են քլորոպլաստների ուլտրակառուցվածքի վրա, արագացնում թաղանթների և գրանների առաջացումը։ Ց․ միաժամանակ կարգավորում են նյութափոխանակության արգասիքների վերաբաշխումը բույսերի տարբեր մասերում և օրգաններում։ Ց–ի շարքում առանձնապես ակտիվ է խմորասնկերից անջատված կինետինը, որն ուժեղացնում է ցիկլային ֆոսֆորիլացումը և նպաստում ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) քանակի ավելացմանը։ Վ․ Դավթյան
ՑԻՏՈՊԼԱԶՄԱ (< հուն․ κύτος – զետեղարան, թաղանթ, այստեղ՝ բջիջ և πλάσμα –քանդակած, ձևավորած), բջջաթաղանթով սահմանափակված բջջի պրոտոպլազմայի արտակորիզային մաս։ «Ց․» տերմինն առաջարկել է գերմ․ բուսաբան Է․ Ստրասբուրգերը (1882)։ Ց․ բաղկացած