Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լցովի, որոնք պատրաստվում նն գրունտի մեջ նախապես արված անցքերում։ Կիրառվում են ցցավոր հիմքերի (որոնցում հիմնական տարրերը ցցերն են) կառուցման համար, առափնյա, կառանման և այլ կառույցների կոնստրուկցիաներում։ ՍՍՀՄ–ում առավել լայն տարածում են ստացել երկաթբետոնե վարսովի Ց․։

ՑՈՒԳԱՐՈՒ, Ս ա ն գ ա ր յ ա ն, նեղուց Հոնսյու և Հոկայդո (Ճապոնիա) կղզիների միջև։ Միացնում է Ճապոնական ծովը Խաղաղ օվկիանոսի հետ։ Երկարությունը մոտ 110 կմ է, լայնությունը՝ 18,5 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 131 մ։ Գլխավոր նավահանգիստը Հակոդատեն է (Հոկայդո կղզի)։

ՑՈՒԼ (լատ․ Taurus), Կենդանաշրջանի համաստեղություններից։ Գտնվում է երկնքի հս․ կիսագնդում՝ Պերսեոս, Խոյ, Կետ, էրիդան, Օրիոն, Երկվորյակներ և Կառավար համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը Ալդեբարանն է։ Ց․ համաստեղության մեջ են գտնվում Բազումք և Հ ի ա դ ն ե ր (հեռավորությունը 40 պս) բաց աստղակույտերը, որոնց պայծառ աստղերը երևում են անզեն աչքով։ Ց–ի ուշագրավ առանձնահատկություններից է իր տեսակի մեջ եզակի՝ 1054-ին բռնկված գերնոր աստղի մնացորդը համարվող Խ ե ց գ ե տ ն ա ձ և մ ի գ ա մ ա ծ ու թ յ ու ն ը, որի կենտրոնում է գտնվում երկու օպտիկական պուլսարներից մեկը։ Խեցգետնաձև միգամածությունը ռադիո–, ռենտգենյան և գամմա ճառագայթման հզոր աղբյուրներից է։ Երեում է ՍՍՀՄ ամբողջ տարածքից։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբեր–դեկտեմբեր ամիսները։ է․ Խաչիկյան

ՑՈՒԼԵՐ, երկսմբակավորների կարգի սնամեջ եղջերավորների ընտանիքի ամենախոշոր որոճող կենդանիներ։ Մոտ են գոմեշներին։ Բնութագրվում են խոշոր մարմնով, կարճ վզով և կարճ, ուժեղ ոտքերով։ Վերին շրթունքի առջևի մասը մազազուրկ է և նրա վրա է գտնվում մերկ, խոնավ «քթահայելին»։ Պոչը երկար է, սովորաբար վերջանում է մազափնջով։ Շատ տեսակների վզի և կրծքի ստորին մասի մաշկը կախված ծալք է առաջացնում։ Եղջյուրները, ի հակադրություն գոմեշների, կլորավուն են, հարթ և հատուկ են արուներին ու էգերին (բացի որոշ ընտանի տեսակներից)։ Ց–ի վայրի տեսակները հանդիպում են Եվրոպայում, Ասիայում և Հս․ Ամերիկայում։ Ընտանի ցեղերը տարածված են ամենուրեք։ Վայրի Ց․ հոտերով ապրում են արևադարձային անտառներում, անտառատափաստաններում, տափաստաններում և լեռնային շրջաններում (մինչև 5 հզ․ մ բարձրության վրա)։ Սնվում են բուսակ, տարբեր կերերով։ Էգերը ծնում են մեկ հորթ։ Տարբերում են Ց–ի 4 սեռ․ իսկական Ց․, յակեր, մեծաճակատ Ց․ և բիզոններ։

Ի ս կ ա կ ա ն Ց․ (Bos), չունեն վայրի ներկայացուցիչ։ Այդ սեռին է պատկանել ընտանի խոշոր եղջերավոր անասունների նախնին՝ խոշոր վայրի ցուլ տ ու ր ը (B․ primigenius), որը նախկինում լայնորեն տարածված էր Հվ–Արլ․ Ասիայում և Եվրոպայում։ Վերջին տուրը սպանվել է Եվրոպայում, 1627-ին։ Յ ա կ ե ր ( Роёphagus), միակ վայրի տեսակը՝ յակը, տարածված է Տիբեթում և մերձակա շրջաններում։ Ընտանեցված վիճակում հանդիպում է Չինաստանի, Մոնղոլիայի և Միջին Ասիայի լեռնային շրջաններում։ Մ ե ծ ա ճ ա կ ա տ Ց․ (Bibos), ունեն 3 վայրի տեսակ, տարածված Հվ․ Ասիայում․ գաուր (ընտանի ձևը կոչվում է գայալ), բանտենգ (ընտանի ձևն է այս պես կոչված Բալիի խոշոր եղջերավոր անասունը) և կուպրեյ (տարածված է Կամպուչիայի անտառներում)։ Բ ի զ ո ն ն ե ր (Bison), ունեն 2 վայրի տեսակ՝ բիզոն և զուբր, որոնք չեն ընտանեցվել։ Բիզոնները նախկինում մեծ քանակությամբ ապրում էին Հս․ Ամերիկայի պրերիաներում։ Այժմ պահպանվել են գլխավորապես ազգային պարկերում և արգելավայրերում։

Ց ու լ ե ր․ 1․ տուր, 2․ զուբր, 3․ յակ, 4․ բիզոն, 5․ բանտենգ, 6․ գայալ

ՑՈՒՅՑ, 1․ զանգվածային երթ, միտինգ և հասարակական տրամադրությունների արտահայտման այլ ձևեր (տես Քաղաքական ցույց), 2․ որևէ պետության սպառնալից գործողությունները։ Փոխաբերական իմաստով՝ դիտավորյալ ընդգծված գրգռող վարքագիծ։

ՑՈՒՆԱՄԻ (ճապոներեն), քայքայիչ ուժ ունեցող վիթխարի ալիք, որ առաջանում է օվկիանոսի մակերևույթին՝ ուժեղ ստորջրյա երկրաշարժերի ժամանակ ջրի մակարդակի տեղային փոփոխության հետևանքով։ Ց–ների տարածման արագությունը 400–800 կմ/ժ է։ Ալիքների բարձրությունը առաջացման տեղում տատանվում է 0,01–5 մ, ափին, կախված հատակի թեքությունից և ափի բնույթից, կարող է հասնել 15–30 մ և ավելի ։ Երկարությունը չափվում է հարյուրավոր կմ–երով: Ց–ները կարող են շատ խորը թափանցել ցամաք և պատճառել մեծ ավերածություններ։ Դիտվում են հիմնականում Խաղաղ օվկիանոսի ափերին։

ՑՈՒՍԻՄԱ, կղզիների խումբ Կորեական նեղուցում, ճապոնական տերիտորիա է։ Տարածությունը մոտ 700 կմ2 է։ Հիմնական կղզիներն են Կամիձիման և Սիմոձիման։ Ռելիեֆում տիրապետում են բլուրները և ցածրադիր լեռները։ Ափերը խիստ կտրտված են։ Տարածված են մարգագետինները։ Զբաղվում են կարտոֆիլի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, ձկնորսությամբ։

ՑՈՒՄԻՄԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1905, ծովային մարտ մայիսի 14–15 (27–28)-ին, Կորեական նեղուցում, Ցուսիմա կղզու մոտ, ռուս–ճապոնական պատերազմ 1904–1905-ի Ժամանակ։ Մայիսի 14(27)-ին ռուս․ 2-րդ Խաղաղօվկիանոսյան էսկադրան փոխծովակալ Զ․ Պ․ Ռոժեստվենսկու հրամանատարությամբ, անցնելով հսկայական ճանապարհ՝ Լիբավայից (Լիեպայա) մինչև Կորեայի ափերը, մտավ Կորեական նեղուց՝ նպատակ ունենալով հասնել Վլադիվոստոկ։ Սակայն հայտնաբերվեց ճապոն․ պահականավի կողմից։ Ճապոն. նավատորմը ծովակալ Տոգոյի հրամանատարությամբ սկսեց ծավալվել՝ ոչնչացնելու համար ռուս. նավատորմը։ Գերազանցելով ռուսներին և′ ուժով, և′ հրետանիով ու արագությամբ, ճապոնացիներին հաջողվեց իրագործել իրենց պլանը։ Չնայած մարտում ռուս. նավաստիների ցուցաբերած սխրանքին ու հերոսությանը ռուս. էսկադրան ջախջախվեց, որի հետևանքով ցարական Ռուսաստանը վերջնականապես պարտվեց պատերազմում։ Գնահատելով Ց․ ճ․, Վ․ Ի․ Լենինը գրել է․ «Դրան սպասում էին բոլորը, բայց ոչ ոք չէր կարծում, թե ռուսական նավատորմի պարտությունն այդպիսի անողոք ջախջախումով կվերջանար․․․ Սեր առջևն է ինքնակալության ոչ միայն ռազմական պարտությունը, այլև ռազմական լիակատար կրախը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 10, էջ 300–301)։