բանջարեղեն, բոսաանային կուլտուրաներ։ Զարգանում է կիտրոնի աճեցումը։
Կենդանական աշխարհին բնորոշ են կաթնասունների 97, թռչունների՝ 379, սողունների՝ 58, ձկների 69 տեսակներ։ Ավազային անապատներին բնորոշ են մորմը, կարիճը, բզեզները, կլորագլուխ մողեսը, ավազային վիշապօձը, նետ օձը, թռչուններից՝ դեղձանագույն այծկիթը, կոնյուկը, անապատային ճնճղուկը, ագռավը ևն։ Կաթնասուններից կան բարակոտն գետնասկյուռ, ավազամուկ, ճագարամուկ, հանդիպում են գայլ, որմզդեղն, աղվես, նապաստակ։ Կավային անապատներում շատ կան մրջյուններ, կարակուրտ սարդեր։ Ալպիական գոտում տարածված են հիմալայան հնդկահավ, գառնանգղ, ագռավ, եղջերավոր արտույտ, կաթնասուններից՝ կինճ, լեռնային ոչխար, սիբիրական լեռնային այծ, գորշուկ, կզաքիս, արջ, հովազ, կնգում, աքիս, գայլ են։ Գետերի ափերին և եղեգնուտներում հանդիպում են փասիան, կկու, կաչաղակ, եղեգնաթռչնիկ, դաշտահավ, նապաստակ, տարբեր տեսակի մկներ, շնագայլ, բուխարական եղջերու, վայրի խոզ, օազիսներում՝ ծիծեռնակ, կաչաղակ, բուխարական դրախտահավ, չղջիկ, կրծողներ, ականջավոր ոզնի, շնագայլ, երկկենցաղներ են։ Ջրավազաններում կան մոտ 70 տեսակ ձկներ և ավելի քան 300 տեսակ անողնաշարավորներ։ Գործում են 12 արգելոց և 8 արգելավայրեր։
IV․ Բնակչությունը
Հիմնական բնակիչները ուզբեկներ են (68,7%)։ Բնակվում են նաև ռուսներ (10,8%), թաթարներ (4,2%), ղազախներ (4,0%), տաջիկներ (3,9%), ուկրաինացիներ, կարակալպակներ, կորեացիներ, կիրզիզներ, հրեաներ, հայեր, բաշկիրներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 40,2 մարդ է (1985)։ Առավել խիտ է բնակեցված Տաշքենդի մարզը և Ֆերգանայի հովիտը, թույլ է բնակեցված Կարակալպակյան ԻՍՍՀ և Բուխարայի մարզը; Քաղաքային բնակչությունը 42% է (1983)։ Խոշոր քաղաքներն են Տաշքենդը, Սամարղանդը, Նամանգանը, Անդիժանը, Բուխարան, Ֆերգանան, Կոկանդը, Չիրչիկը, Նուկուսը ևն։
V․ Պատմական ակնարկ
Ու–ի տարածքում մարդիկ բնակվել են դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Մ․ թ․ ա․ II–I հազարամյակի սկզբին առաջացել են երկրագործական առաջին նստակյաց բնակատեղիները։ Ոռոգելի հողագործության զարգացումը նպաստել է ցեղային միությունների քայքայմանը և ստրկատիրական հարաբերությունների առաջացմանը։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին ժամանակակից Ու–ի տարածքը մասնակիորեն կամ ամբողջությամբ մտել է Միջին Ասիայում կազմավորված ստրկատիրական պետությունների (Բակտրիա, Խորեզմ, Սողդիանա) կազմի մեջ։ Տնտ․ և մշակութային կարևոր կենտրոն է դարձել Մարականդան (Սամարղանդը)։ Մ․ թ․ ա․ VI դ․ Ու–ի տարածքը գտնվել է Աքեմենյանների տիրապետության տակ, մ․ թ․ ա․ IV դ․ նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին, մ․ թ․ ա․ մոտ 250-ին մտել է Հունա–Բակտրիական թագավորության, մ․ թ․ ա. մոտ I դ․ վերջից մինչև մ․ թ․ IV դ․ կեսը Քուշանական թագավորության կազմի մեջ, V դ․ կեսից – VI դ․ 60-ական թթ․ գտնվել է հեփթաղների տիրապետության տակ։ Հեփթաղների պետության անկումից հետո, VI դ․ կազմավորվել է Թյուրքական խաքանությունը (Միջին Ասիան մտնում էր Արմ-Թյուրք․ խաքանության մեջ), որտեղ ձևավորվում էին ֆեոդ. հարաբերությունները։ VIII դ․ կեսին Ու–ի տարածքը գրավել են արաբները, բռնի տարածել մահմեդականությունը։ Արաբների և տեղական ֆեոդալների ճնշման դեմ բնակչությունը բազմիցս ապստամբել է (տես Մուքաննայի ապստամբություն)։ IX դ․ Միջին Ասիայում կազմավորվել է Սամանյանների պետությունը, որի առավել զարգացած մարզերից էր Ու․ (հատկապես Զերավշանի հովիտը)։ X դ․ վերջին –XIII դ․ սկզբին Ու–ի համարյա ամբողջ տարածքը պատկանել է Կարախանյանների պետությանը, արմ․ մասը՝ Խորեզմին, մոնղ․ նվաճումներից հետո (1219–21) մտել է Ջուչի և Չաղաթայի ուլուսի մեջ։ XIV դ․ 2-րդ կեսին – XV դ․ վերջին Ու–ի տարածքը եղել է Թիմուրյանների պետության կազմում։ Այդ ժամանակաշրջանում ֆեոդ. հարաբերությունները առավել զարգացել են։ XVI դ․ սկզբին առաջացել է Շայբանյանների պետությունը, իսկ Խորեզմի տարածքում և հարևան հողերում՝ Խիվայի խանությունը։
XIX դ․ Ու–ի տարածքը դարձել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի մրցակցության ասպարեզ։ XIX դ․ 60–70-ական թթ, ցարական զորքերը գրավեցին Ու–ի ամբողջ տարածքը։ Ցարական զորքերի գրաված տարածքում 1867-ին կազմավորվեց Թուրքեստանի գեն․–նահանգապետությունը։ 1873-ին ավարտվեց Խիվայի և Բուխարայի խանությունների նվաճումը։ Կոկանդի ապստամբություն 1813–76-ի ճնշումից հետո Կոկանդի խանությունը վերացվեց, նրա տարածքը մտավ Ֆերգանայի մարզի մեջ։ Նվաճված վայրերում ցարիզմը անց էր կացնում ազգ․ ճնշման, գաղութային քաղաքականություն։ Միավորումով վերջ տրվեց ֆեոդ. մասնատվածությանը, վերացավ երկրամասի տնտ․ մեկուսացվածությունը։ Ռուս. շուկայի մեջ Ու–ի ներգրավումը նպաստեց տնտեսության զարգացմանը, կապիտ․ հարաբերությունների ձևավորմանը, արդ․ պրոլետարիատի առաջացմանը։ Տեղական բնակչության շրջանում տարածվեցին ռուս. առաջավոր մշակույթը, գիտությունը, պայմաններ ստեղծվեցին Ու–ի ժողովուրդների համար՝ ներգրավվելու ազգ․ և սոցիալ․ ազատագրության հեղափոխ․ պայքարի մեջ։ Ու․ դարձավ ռուս. արդյունաբերության համար բամբակի հիմն. մատակարարողներից։ Կապիտալիզմի զարգացմանը նպաստում է երկաթուղիների կառուցումը։ Գործարանների և ֆաբրիկաների մեծ մասը պատկանում էր ռուս կապիտալիստներին։ 1880–90-ական թթ․ սկսվեցին բանվ․ ելույթներ։ Ձևավորվում էր ազգ․ բուրժուազիան։ XX դ․ սկզբին Ու–ի տարածքում հայտնաբերվեցին և շահագործման հանձնվեցին օգտակար հանածոների (նավթ, պղինձ ևն) պաշարներ։ Համեմատաբար արագ էր աճում կապիտ․ ձեռնարկությունների թիվը։ 1914-ին բամբակի արտահանությունը կազմեց ամբողջ Միջին Ասիայից Ռուսաստան արտահանվող ապրանքների 80%–ը։ Սակայն բուրժ․ հարաբերությունները Ու–ում, ինչպես և ամբողջ Միջին Ասիայում, թույլ էին զարգացած։ Ուզբ․ գյուղերում տիրապետողը ֆեոդալ. հարաբերություններն էին։ Երկրի տնտ․ և քաղ․ կյանքում նշանակալի դեր էր խաղում մահմեդական հոգևորականությունը։
Առաջին ս–դ․ խմբակները Ու–ում հիմնել են Ռուսաստանից աքսորվածները 1904–05-ին։ 1905–07-ին Ու–ում հեղափոխ․ շարժման կենտրոն դարձավ Տաշքենդը։ Ռեակցիայի տարիներին (1907–1910) ազգային ճնշման աճի հետ ուժեղացավ ուզբեկ բուրժուա–ազգայնականների գործունեությունը։ 1912-ի հուլիսին Տաշքենդում ապստամբեցին սակրավորները։ Ու–ում, ինչպես և ամբողջ Թուրքեստանում, հասունանում էր հեղափոխ․ ճգնաժամը, որի արտահայտությունը եղավ 1916-ի միջինասիական հակագաղութատիրական, ազգ․–ազատագրական ապստամբությունը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո երկրամասում առաջացան Բանվորների և զինվորների դեպուտատների սովետներ՝ մենշևիկների և էսէռների գլխավորությամբ։ Ուզբ․ բուրժուազիան, ֆեոդալները և հոգևորականությունը սկսեցին միավորվել հակահեղափոխական կազմակերպությունների մեջ։ Ակտիվացավ բուրժուա-ազգայնականների (երիտբուխարականներ) գործունեությունը։ Ամբողջ իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարության Թուրքեստանյան կոմիտեին (կազմվել էր 1917-ի ապրիլի 20-ին)։ 1917-ի ամռան ընթացքում երկրամասում տեղի ունեցան բանվորների գործադուլներ, գյուղացիների (դեհկանների) շարժումներ հանուն հողի և ջրի, Թուրքեստանյան օկուգի զորամասերում` խռովություններ։ Պետրոգրադում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (նոյեմբ․ 7) հետո, նոյեմբ․ 10-ին Տաշքենդում բռնկվեց զինված ապստամբություն, որը ղեկավարում էր Հեղափոխ․ կոմիտեն (նախագահ՝ բոլշևիկ Վ․ Ա․ Լյապին)։ Ապստամբության հաղթանակից հետո նոյեմբ․ 14-ին հռչակվեց սովետական իշխանություն։ Սովետների երկրային III համագումարը, որը կայացավ Տաշքենդում նոյեմբ․ 15-22-ին, սովետական իշխանություն հռչակեց ամբողջ Թուրքեստանում և ընտրեց երկրամասի ժողկոմխորհ (նախագահ՝ բոլշևիկ Ֆ․ Ի․ Կոլեսով)։ Մինչև 1918-ի մարտը սովետական իշխանություն հաստատվեց Ու–ի բոլոր շրջաններում։ Ուզբ․ բուրժուազիան և մահմեդական հոգևորականությունը, միավորվելով ռուս սպիտակգվարդիականների հետ, անգլ․ իմպերիալիստների աջակցությամբ սկսեցին պայքար սովետական իշխանության դեմ։ 1917-ի դեկտեմբերին Կոկանդում ազգայնականները Թուրքեստանը հայտարարեցին ինքնավար երկրամաս, և ստեղծվեց բուրժ․ կառավարություն, այսպես կոչված, «Կոկանդի ինքնավարությունը»։ 1918-ի փետր․ 19–22-ին կարմիր գվարդիայի