Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զոնայնության հետ։ Տ․ Շ–ի սահմաններում առանձնացվում են Հս․ Տ․ Շ–ի կալեդոնիդները U Միջին ու Հվ․ Տ․ Շ–ների հերցինիդները։ Տ․ Շ–ի պալեոզոյան U մինչպալեոզոյան ապարներում կան սնդիկ (Խայդարկանի հանքավայր), ծարիր (Կադամջայ), կապար, ցինկ, արծաթ, անագ, վոլֆրամ, զառիկ, ոսկի, օպտիկական հումք, ֆոսֆորիտներ (Կարաթաու), հանքային ջրեր են։ Միջլեռնային հովիտներում՝ մեզոզոյան և կայնոզոյան նստվածքներում կան նավթի (Ֆերգանայի հովիտ) U քարածխի (Անգրեն, Լենգեր) հանքավայրեր։ Տ․ Շ–ի կլիման խիստ ցամաքային է, չորային։ Արևափայլքի տևողությունը 2500–3000 ժամ/տարի է։ Տիրապետում են արմ․ օդային հոսանքները, առանձին շրջաններում նկատվում են տեղական ուժեղ քամիներ («ուլան», «սանտաշ»)։ Սաների ստորին գոտու հովիտներում հուլիսի միջին ջերմաստիճանը 20–25°C է, միջին բարձրության լեռնահովիտներում՝ 15–17°C, սառցադաշտերի ստորոտներում՝ մինչև 5°C։ Ձմռանը սառցադաշտանիվալ գոտում սառնամանիքները հասնում են – 30°C–ի։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածր է –6°C–ից։ Տարեկան տեղումները 150–300 մմ-ից (մերձլեռնային հարթավայրերում) 450–800 մմ են (միջին բարձրության լեռներում)։ Ձյան գիծը գտնվում է 3600–4200 մ բարձրությունների վրա։ Տ․ Շ–ում կա ավելի քան 7700 սառցադաշտ (80% –ը՝ ՍՍՀՄ–ում)՝ 7000 կմ2 ընդհանուր տարածությամբ։ Սառցադաշտերի մեծ մասը գտնվում է Կենտրոնական Տ․ Շ–ում, Անդրիլիյան Ալաթաու և Տերսկեյ Ալատոո լեռնաշղթաների ու Ակշիյրակ լեռնազանգվածի վրա։ Գետերը (Նարին, Սիրդարյա, Սարիջազ, Իլի, Չու, Թարիմ, Կոնչեդարյա) պատկանում են Միջին և Կենտրոնական Ասիայի ներքին ավազանին։ Խոշոր լճերն են Իսսիկ Կուլը, Սոնկյոլը, Չատըրկյոլը։ Տ․ Շ–ում արտահայտված է լանդշաֆտների բարձունքային գոտիականությունը։ Շրջապատող հարթավայրերում կավային, օշինդրա-աղուտային անապատներ են, լեռների ստորոտների հարթավայրերում և ցածրադիր նախալեռներում՝ կիսաանապատներ ու անապատային տափաստաններ՝ էֆեմերների կամ էֆեմերոիդների գերակշռությամբ։ 900–1200 մ-ից բարձր լեռնատափաստանային գոտին է, հս–ում՝ հացազգիների տարախոտային տափաստաններով, հվ-ում՝ բարձրախոտային կիսասավաննաներով։ 1200–2000 մ բարձրությունները ծածկված են մարգագետնային տափաստաններով, թփուտային մացառուտներով ու սաղարթավոր անտառներով, 2000 մ-ից բարձր՝ ասեղնատերև անտառներով։ Ենթալպյան և ալպյան մարգագետինները տարածված են հս․ դիրքադրությամբ լանջերին (2800–3400 մ–ի վրա) և համատարած ծածկ չեն առաջացնում։ Սիրթերում «ցուրտ անապատային», 3600–3800 մ վրա՝ սառցադաշտանիվալ լանդշաֆտ է։ Ներքին հովիտներում ու գոգավորություններում տիրապետում են անապատը, կիսաանապատը և չոր տափաստանը։ Տ․ Շ–ի սովետական մասում գործում են Իսսիկ Կուլի, Ալմա Աթայի, Աքսու Ջաբագլիի, Սարը Չելեկի, Չատկալի արգելոցները և Իսսիկ Կուլի կուրորտային շրջանը։ Տ․ Շ–ի տնտեսության մասին տես Կիրգիզական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն և Ղազախական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածներում։ Քարտեզը տես 11-րդ հատորի 577-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՏՅԱՆՑԶԻՆ, կենտր, ենթակայության քաղաք Չինաստանում։ Երկրի տնտ․ գլխավոր կենտրոններից է։ 5,1 մլն բն․ (1982)։ Գտնվում է Հյուսիս–Չինական հարթավայրում, Հայհե գետի 5 վտակների միախառնման մոտ, Դեղին ծովից 50 կմ հեռավորության վրա։ Երկաթուղային և օդային տրանսպորտի խոշոր հանգույց է, գետային նավահանգիստ (նախանավահանգիստները՝ Տանգու և Սինգան)։ Տ–ով է կատարվում երկրի արտաքին առևտրական գործառնությունների 1/4-ը։ Զարգացած են տեքստիլի (բամբակե գործվածքներ), գորգերի, սննդի, կաշվի-կոշիկի, թղթի, լուցկու, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ճյուղերը։ Կա մետալուրգիա, մեքենաշինություն, քիմ․ արդյունաբերություն, նավթի և աղի արդյունահանում, մետրոպոլիտեն։ Ունի 3 համալսարան։ Տ․ հիմնադրվել է XIII դ․, Չժիգու ձկնորսական ավանի տեղում։ 1860-ին զավթել են անգլո–ֆրանս․ զորքերը, 1900–01-ին՝ իմպերիալիստական 8 տերություններ, 1937–45-ին՝ Ճապոնիան։

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ, Տ ե ա ռ ն ը ն դ ա ռ ա ջ, կրոնաժող․ հնավանդ տոն։ Սահմանել է եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։ Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սըրբվելու և նորածնին օրհնելու համար։ Կրոն. ավանդության համաձայն՝ Տիրամայր Մարիամը ծիսական այդ արարողությունը կատարել է որդու ծննդյան օրից՝ հունվարի 6-ից (հուն. և լատին. եկեղեցիներում՝ դեկտեմբերի 25-ից) 40 օր անց՝ փետր․ 14-ին (հուն, և լատին, եկեղեցիներում՝ փետր․ 2-ին)։ Նշելով այդ օրը (կոչվում է «Քառասնօրյա գալուստ Քրիստոսի ի տաճար»)՝ հավատացյալներն իբր «ընդառաջ են ելնում տիրոջը» (որից էլ՝ «Տ․» անվանումը)։ Տ–ի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով ևն։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժող․ անվանումը)։

ՏՅԱՔ, Տ ա ք, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 1,5 կմ հվ․։ Միավորված է Հադրութի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ։ Տ–ում է Մ․ Մեսրոպ եկեղեցին։ Գյուղից հվ-արլ․՝ Վնեսասարի լանջին կան խաչքարեր (XI – XIII դդ․)։

ՏՅՈՏԿԱ [էլոիզա (Ալոիզա) Ստեպանովնա Պաշկևիչ (1876–1916], բելոռուս բանաստեղծուհի։ 1904–05-ին Վիլնյուսում մասնակցել է հեղափոխ․ իրադարձություններին։ Մասնակցել է բելոռուս․ «Մեր բախտը» առաջին լեգալ թերթի հրատարակմանը, որի առաջին համարում տպագրվել է նրա «Երդում արյունոտ հողասահմանում» առաջին արձակ ստեղծագործությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում աշխատել է որպես գթության քույր, հեղափոխ․ պրոպագանդա մղել զինվորների շրջանում։ 1916-ին, գերմանական օկուպացիայի ժամանակ, շրջել է գյուղերը, օգնել գյուղացիներին՝ պայքարելու տիֆի համաճարակի դեմ, վարակվել է և մահացել այդ հիվանդությունից։

ՏՅՈՒԲԻՆԳ (անգլ․ tubing, < tube – խողովակ), կողավոր սեգմենտների տեսքով թուջե, պողպատե կամ երկաթբետոնե հավաքովի տարրեր, որոնցով երեսապատվում է ստորգետնյա կառույցը։ Տ․ առավել լայնորեն կիրառվում է մետրոպոլիտենի թունելների և հորանափողերի հորատանցման ժամանակ։

ՏՅՈՒԶՅԱՆՆԵՐ, XVIII –XIX դդ․ հայկ․ ամիրայական ընտանիք Կ․ Պոլսում։ Ընտանիքի նախահայրը՝ դերձակ Ս ա ր գ ի ս Հ ա ր ու թ յ ու ն ի Տ յ ու զ յ ա ն ը, XVIII դ․ սկզբին Դիվրիգից փոխադրվել է Կ․ Պոլիս։ Մեծ հարստություն կուտակած Մ ի ք ա յ ե լ Չ ե լ ե բ ի Տ յ ու զ յ ա ն ը (1724–1783) կարգվել է Թուրքիայի «արքունի փողերանոցի տնօրեն», զուգընթաց զբաղվել ոսկերչությամբ, նկարչությամբ, քիմիայով։ Նրա որդին՝ Հ ո վ հ ա ն ն ե ս Չ ե լ ե բ ի Տ յ ու զ յ ա ն ը (1749–1812), ևս ղեկավարել է Թուրքիայի ֆինանսները։ Ս ա ր գ ի ս Չ ե լ ե բ ի Տ յ ու զ յ ա ն ը (1774– 1819) եղել է Թուրքիայի արքունի գանձատան ոսկերչապետը։ Տ․ նյութապես աջակցել են Կ․ Պոլսի հայ համայնքին, հաճախ միջնորդի դեր կատարել վերջինիս և սուլթանական արքունիքի հարաբերություններում։ Տեղի հայերի մեջ իրենց ազդեցությունն ամրապնդելու և հեղինակությունը բարձրացնելու նպատակով, նրանք հիմնել են թաղական դպրոցներ, օգնել պանդուխտներին, հաց և դեղորայք բաժանել աղքատներին ու հիվանդներին։ Տ–ի միջոցներով և նախաձեռնությամբ հիմնվել է մշակութային «Արշարունյաց ընկերությունը», հրատարակվել «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը, Ղալաթիայում բացվել հայ օրիորդաց վարժարանը։ 1819-ի օգոստոսին արքունի «փողերանոցի» վերատեսուչ կարգված հրեա Հալեթ էֆենդին հաշվետվություն է պահանջել Տ–ից, որից հետո նրանց դեմ հորինվել է արքունի գանձարանում 32 հզ․ թուրք. ոսկու պակասորդ ունենալու կեղծ մեղադրանք։