–16,7°C–ից (Տյումեն) –28,9°C է (Տազովսկի), հուլիսինը՝ 3,6°C–ից (Եղջերվի կղզի) 18,6 С (Տյումեն)։ Տարեկան տեղումները 222–577 մմ են։ Հս․ մասում տարածված է բազմամյա սառածությունը։ Վեգետացիոն ժամանակաշրջանը 157– 162 օր է, Խանտի–Մանսիական ԻՕ–ում` 115–125 օր։ Գլխավոր գետը Օբն է (մարզի սահմաններում` մոտ 1500 կմ)` Իրտիշ (մարզի սահմաններում՝ 900 կմ), Մեծ Յուգան, Մեծ Սալիմ, Վախ, Կազիմ և այլ վտակներով։ Մարզի հս-արլ․ մասով են հոսում Տազ, Պուր, Նաղիմ գետերը։ Կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծերը գտնվում են Յամալ թերակղզում և մարզի հվ-ում (Յարատո 1-ին, Շուրիշկարսկի Սոր, Մեծ Ուվատ են)։ Գերակշռում են պոդզոլացած կավավազային, ավազային և տորֆաճահճային հողերը։ Ծայր Հս-ում տիրապետում են տունդրային, հվ–ում՝ ալյուվիալ հողերը։ Բուսածածկույթը հս–ում տունդրային է։ Մարզի տարածության մեծ մասը ծածկված է տայգայով (Արմ․ Սիբիրի անտառային պաշարների 57%–ը), հվ–ում նեղ շերտով ձգվում է անտառատափաստանը։ Հարթավայրի զգալի տարածություններ զբաղված են ճահիճներով և աղուտային մարգագետիններով։ Կենդանիներից կան հս․ եղջերու, բևեռաղվես, նապաստակ, լեմինգ, որմզդեղն, սկյուռ, շերտավոր սկյուռ, սպիտակ արջ, սամույր, գայլ, աղվես, թռչուններից՝ խլահավ, աքար, սպիտակ կաքավ, բևեռային բու ևն։ Գործում է Մալայա Սոսվա արգելոցը։
Բնակչության գերակշռող մասը ռուսներ են, բնակվում են նաև թաթարներ, ուկրաինացիներ, չուվաշներ, կոմիներ, հս–ում՝ խանտեր, նենեցներ, մանսիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 1,8 մարդ է (1985)։ Քաղաքային բնակչությունը 67% է (1983)։ Կարևոր քաղաքներն են Տյումենը, Իշիմը, Տոբոլսկը, Յալուտորովսկը, Սալեխարդը։ Նավթագազային շրջանների յուրացման հետ կապված կառուցվել են Սուրգուտ, Նեֆտեյուգանսկ, Նադիմ, Ուրայ, Լաբիտնանգի քաղաքները։
Տնտեսությունը։ Տ․ մ․ մտնում է Արմ․ Սիբիրի տնտ․ շրջանի մեջ։ Ժող․ տնտեսության համախառն արդյունքում գերակշռում է արդյունաբերության բաժինը։ Էկոնոմիկայի հիմքը նավթագազային արդյունահանությունն է։ ՍՍՀՄ–ում արդյունահանվող նավթի 60, գազի 50%–ը բաժին են ընկնում Տ․ մ–ին։ Նավթի արդյունահանմամբ մարզը երկրում գրավում է առաջին տեղը։ Հիմնական հանքավայրերն են Սամոտլորը (նավթ), Ուրենգոյը և Մեդվեժիեն (գազ)։ Գործում են Արմ․ Սիբիրը Ուրալին, Պովոլժիեին, Կենտրոնին ու այլ շրջաններին կապող Ուստ Բալիկ–Օմսկ, Շաիմ–Տյումեն, Սամոտլոր–Ալմետևսկ, Աամոտլոր–Անժերո Սուջենսկ գազամուղները, Սուրգուտի ՊՇԷԿ–ը, Տյումենի և Տոբոլսկի ջէկերը (4 մլն կվտ ընդհանուր հզորությամբ)։ Կառուցվում են Նիժնեվարտովսկ–Կուրգան–Կույբիշև նավթամուղը, Ուրենգոյը 6 ուղղությամբ երկրի եվրոպական մասին կապող գազա-տրանսպորտային համակարգը և Տոբոլսկի նավթաքիմ․ կոմբինատը։ Կան նավթաքիմ․ (Տոբոլսկի շրջանում), քիմիադեղագործական և պլաստմասսայի (Տյումենում) ձեռնարկություններ։ Զարգացած է մեքենաշինությունը (նաև գյուղատնտ․), մետաղամշակումը, նավաշինությունը, նավանորոգումը, անտառանյութի (տարեկան արտահանում է 11 մլն մ3 փայտանյութ) և փայտամշակման արդյունաբերությունը։ Տ․ մ․ կարևոր տեղ է գրավում ձկան պաշարներով ու ձկնորսությամբ (տարեկան որսը՝ մոտ 30 հզ․ տ)։ Ձկան կոմբինատներ կան Տյումենում, Խանտի–Մանսիյսկում, Սուրգուտում և Բերյոզովոյում։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել զարգացած են մսի ու յուղի արտադրությունը։ Կարևոր նշանակություն ունեն շինանյութերի և թեթև արդյունաբերությունը (բրդեղենի–մահուդի, մորթեղենի, մանվածքագործվածքային, կոշիկի, գորգագործական ձեռնարկություններ)։ Արդ․ կարևոր կենտրոններ են Տյումենը, Տոբոլսկը, Սալեխարդը, Յալուտորովսկը, Իշիմը, Սուրգուտը, Սովետսկին։
Գյուղատնտեսությունն ունի անասնապահական–հացահատիկային ուղղություն։ Գյուղատնտ․ արտադրանքի ավելի քան 66%–ը տալիս է անասնապահությունը։ 1983-ին մարզում կար 330 սովետական և կոլեկտիվ տնտեսություն (14-ը՝ ձկնորսական)։ Գյուղատնտ․ հողահանդակները կազմում էին 4153 հզ․ հա, որից 1900 հզ․ հա վարելահողեր են, 1403 հզ․ հաճ խոտհարքներ, 1 մլն հա՝ արոտավայրեր։ Մշակում են հացահատիկային (գլխավորապես ցորեն), կերային կուլտուրաներ, կարտոֆիլ ու բանջարեղեն։ Զարգանում է մերձքաղաքային տնտեսությունը։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ 1983-ին մարզում կար մոտ 1 մլն խոշոր եղջերավոր, մոտ 500 հզ․ մանր եղջերավոր անասուն, 247 հզ․ խոզ։ Հս․ շրջաններում զարգացած է եղջերվաբուծությունը (430 հզ․ եղջերու կամ ՍՍՀՄ–ի ամբողջ եղջերուների 20%–ը)։ Կա գազանաբուծություն։ Կարևոր նշանակություն ունի մորթեղենի արդյունագործությունը։
Երկաթուղիների երկարությունը 2656 կմ է, գետային նավուղիները՝ 14,7 հզ․ կմ, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 4 հզ․ կմ, գործող նավթագազախողովակաշարերինը՝ մոտ 55 հզ․ կմ (գլխավոր նավթագազախողովակաշարերինը՝ 19,4 հզ․ կմ)։ Կարևոր նշանակություն ունի օդային տրանսպորտը։
1983–84 ուս․ տարում կար 1283 հանրակրթական դպրոց, 76 պրոֆտեխ․ ուսումնարան, 32 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 7 բուհ, 1983-ին գործում էր 1333 նախադպրոցական հիմնարկ, 1800 մասսայական գրադարան, 7 թանգարան և պատկերասրահ, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, 1550 ակումբային հիմնարկ։ 1983-ին մարգում կար 1833 առողջապահական հիմնարկ, 6481 բժիշկ, 6 առողջարան։ Գործում են հանգստյան տներ, պանսիոնատներ, տուրբազաներ։ Լույս են տեսնում «Տյումենսկայա պրավդա» («Тюменская правда») և «Տյումենսկի կոմսոմոլեց» («Тюменский комсомолец») մարզային թերթերը։
ՏՅՈՒՍԱԲ Սրբուհի Սարգսի [օրիորդական ազգանունը՝ Վահանյան, 1841, Կ․ Պոլիս – 16․1․1901, Կ․ Պոլիս], հայ գրող։ Սկզբնական կրթությունն ստացել է Միջագյուղի ֆրանս․ դպրոցում, ֆրանս․, բնական գիտություններ ու պատմություն է ուսանել եղբոր՝ քիմիկոս ու պետ․ բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Վահանի (1832–91) մոտ։
1899-ին մեկնել է Փարիզ, այստեղ մտերմական կապեր է հաստատել ֆրանսիացի հայտնի խմբագիր ժյուլետա Ադանի, կոմպոզիտորներ Շառլ Գունոյի, Ամպրուազ Թոմայի և այլոց հետ։ 1891-ին վերադարձել է Կ․ Պոլիս։
Գրական գործունեության սկզբում Մ․ Պեշիկթաշլյանի ազդեցությամբ գրել է գրաբար ու աշխարհաբար ոտանավորներ, որոնցից «Գարունը» 1864-ին տպագրվել է «Բազմավեպ»-ում։ «Աշխարհաբառ հայ լեզուն» (1880) գրքույկում հանդես է եկել նոր լեզվի պաշտպանությամբ։ Տ–ի գեղարվեստական ստեղծագործության նախերգանքը 1880–82-ին Կ․Պոլսի և Զմյուռնիայի մամուլում տպագրած հրապարակախոսական հոդվածներն են («Կանանց դաստիարակությունը», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատության սկզբունքը», «Հայ ընկերությունք»), որոնցում բողոքել է կնոջ անազատ վիճակի դեմ, պահանջել կրթության և աշխատանքի իրավունք։ Այդ գաղափարները ցայտուն արտահայտություն են գտել «Մայտա» (1883) վեպում։ Գրողը կնոջը համարել է «ողորմելի զոհ», որի առաջ փակ են «ամեն ազատ, շավիղ․․․», ծաղրել է Ֆրանս, հեղափոխության հռչակած «ազատության և հավասարության» սկզբունքները, որոնք «պարզապես ահագին բառեր են»։ Տ–ի կարծիքով կինը կարող է ազատություն նվաճել լուսավորվելու, նախապաշարումների դեմ պայքարելու և աշխատելու միջոցով։ Տ–ի հայացքները հուզել են ժամանակի արևմտահայ հասարակական միտքը։ Շատ մտավորականներ (Ռ․ Պերպերյան, Գ․ Զոհրապ, Հ․ Պարոնյան, Գ․ Չիլինկիրյան, Մ․ Մամուրյան, Ե․ Տեմիրճիպաշյան և ուրիշներ) հանդես են եկել մամուլում, արտահայտել նպաստավոր կամ մերժողական կարծիքներ։ Տ․ շարունակել է իր ծավալած պայքարը, քննադատությանը պատասխանել «Սիրանույշ» (1884) և «Արաքսիա կամ Վարժուհին» (1887) վեպերով։ Առաջինում նա ցույց է տվել իր հռչակած գաղափարների անհարիրությունը իրականությանը, պաշտպանել ազատ սիրո իրավունքը, մերժել բռնի ամուսնությունը, երկրորդում փորձել է հիմնավորել այն գաղափարը, որ կնոջ ազատագրության կարևոր նախապայմանը աշխատանքն է,