Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏՈԲՈԼ, գետ Ղազախ․ ՍՍՀ–ում և ՌՍՖՍՀ-ում, Իրտիշի ձախ վտակը։ Երկարությունը 1591 կմ է, ավազանը՝ 426 հզ․ կմ2 ։ Վերին հոսանքում հոսում է Տուրգայան սարավանդով, միշին և ստորին հոսանքներում՝ Արևմտա–Սիբիրական հարթավայրով։ Սնումը ձնային է։ Սառցակալում է հոկտեմբերից մայիս։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 805 մ3/վրկ է։ Գլխ․ վտակներն են Իսետը, Տուրան, Տավդան, Ուբագանը։ Նավարկելի է 437 կմ։ Տ–ի վրա կառուցվել է ջրամբար՝ Ռուդնի, Կուստանայ, Կուրգան քաղաքների ջրամատակարարման համար։ Լաստառաքելի է։

ՏՈԲՈԼՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Տյումենի մարզի Տոբոլսկի շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Իրտիշի ափին։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ 75 հզ․ բն․ (1985)։ Կան նավաշինարան, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, կահույքի ֆաբրիկա։ Կառուցվում է նավթավերամշակման և քիմ․ համալիր։ Ունի մանկավարժ, ինստ․, տեխնիկումներ, ուսումնարաններ, դրամատիկ․ թատրոն, պատմա–ճարտ․ թանգարան–արգելանոց։ Հիմնադրվել է 1587-ին։ XVIII դ․ 2-րդ կեսին քաղաքն ունեցել է առևտր․ մեծ նշանակություն։ Եղել է քաղ․ աքսորավայր։ Տ–ում են ծնվել Դ․ Ի․ Մենդելեևը, Ս․ Ռ․ Ալյաբևը, Վ․ Գ․ Պերովը:

ՏՈԳԱ (լատ․ toga,<tego – ծածկել), Հին Հռոմի քաղաքացիների վերնահագուստ, թիկնոցի տեսակ։ Սովորաբար պատրաստել են սպիտակ բրդե գործվածքից։ Կայսրական Տ–ները եղել են ծիրանագույն և ոսկեկար։ Սենատորները կրել են ծիրանագույն երիզով, հեծյալները՝ ծիրանագույն հորիզոնական շերտերով, հասարակական պաշտոնյաները՝ ձյունաճերմակ Տ․։ Հանդիսավոր արարողությունների ժամանակ ծիրանագույն Տ․ են հագել նաև հաղթահանդեսի, շքերթի մասնակիցներն ու հասարակական խաղերի նախագահները։ Մուգ գույնի Տ․ համարվել է սգո հագուստ։

ՏՈԳՈ (Togo), Տ ո գ ո յ ի Հ ա ն ր ա պ ե տ ու թ յ ու ն (République Togolaise), պետություն Արմ․ Աֆրիկայում։ Սահմանակից է Բուրկինա Ֆասոյին (նախկին Վերին Վոլտային), Գանային և Բենինին։ Հվ–ում ողողվում է Գվինեական ծոցի ջրերով։ Տարածությունը 56,6 հզ․ կմ2 է, բն․՝ մոտ 2,8 մլն (1984), մայրաքաղաքը՝ Լոմե (360 հզ․ բն․)։ Վարչականորեն բաժանվում է 5 մարզի։

Պետական կարգը։ Տ․ հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1980-ից։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, օրենսդիր մարմինը՝ միապալատ Ազգ․ ժողովը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը։

Բնությունը։ Տ–ի տերիտորիան նեղ շերտով, Գվինեական ծոցից 600 կմ երկարությամբ, ձգվում է մայր ցամաքի խորքը։ Ծովափնյա սահմանը 50 կմ է։ Ափամերձ մասը ծովալճակներով կուտակումային հարթավայր է։ Մնացած մասում գերակշռում են թույլ ալիքավոր հարթավայրերն ու սարավանդները (200–400 մ բարձրությամբ), հվ–արմ–ում՝ բեկորային լեռները (բարձր կետը՝ 986 մ, Բաուման պիկ)։ Տ–ի երկրբ․ կառուցվածքում կան արխեյան և վերին պրոտերոզոյան ծալքավոր կոմպլեքսներ։ Կան երկաթի, ոսկու և ֆոսֆորիտների հանքավայրեր։

Կլիման մերձհասարակածային է, միջին ամսական ջերմաստիճանները 20– 25°C–ից 28–32°C են, տարեկան տեղումները՝ 750-1500մմ։ Խոշոր գետերն են Մոնոն և Օտին, որոնք չորային սեզոններին խիստ ծանծաղում են։ Տերիտորիայի մեծ մասում կարմիր ֆերրալիտային հողերի վրա տարածված են բարձրախոտ սավաննաները, Տոգո լեռների լանշերին և գետահովիտներում՝ մշտականաչ անտառները, մերձափնյա մասում՝ թփուտային մացառուտներն ու կոկոսյան արմավենու պուրակները։ Կենդանիներից պահպանվել են գոմեշը, առյուծը, ընձառյուծը, ընձուղտը, այծքաղը, շնագայլը։ Շատ են կապիկները, օձերը, միջատները (հատկապես ցեցե ճանճը)։

Բնակչությունը։ Տ–ում կան մոտ 45 էթնիկական խմբեր ու ժողովուրդներ։ Բնակվում են գվինեական և գուր լեզվախմբերին պատկանող ժողովուրդներ։ Կա ֆուլբե ժողովրդի ոչ մեծ խումբ։ Բնակվում են նաև ֆրանսիացիներ, լիբանանասիրիացիներ և այլք։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տիրապետում է նաև աֆրիկական էվե լեզուն։ Օրացույցը գրիգորյանն է։ Բնակչության մոտ 70%-ը պահպանում է տեղական հավատալիքները, 22%-ը քրիստոնյաներ են, 8%-ը՝ մահմեդականներ։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա՝ մոտ 46 մարդ։ Խիտ են բնակեցված մերձափնյա և հս–արլ․ շրշանները։ Քաղաքներն են․ Լոմե, Սոկոդե, Վոգան, Կպալիմե, Ատակպամե, Բասար, Բադու, Ցեվիե, Անեխո։

Պատմական ակնարկ։ Տ–ում ապրող ժողովուրդներից շատերը (էվե, յորուբա են) այստեղ են տեղափոխվել միջին դարերում հարևան տարածքներից, որոնք ներկայումս պատկանում են Գանային և Բենինին։ XVդ․ Տ․ են թափանցել պորտուգալացիները, որոնք Ամերիկա են արտահանել մեծ քանակությամբ ստրուկներ։ Մինչև XIX դ․ 2-րդ կեսը Տ–ի տարածքում ձևավորվել են ֆեոդ. խոշոր պետ․ միավորումներ (էվե, կոտոկոլի, չոկոսի ցեղերի)՝ ուժեղ կենտրոնացված իշխանությամբ։ Բնակչության հիմն. զբաղմունքը հողագործությունն էր։ XIX դ․ վերջին սկսվել է Տ–ի գաղութային նվաճումը։ 1884-ի պայմանագրով գերմ․ գաղութարարները իրենց իշխանությունը հաստատեցին Տ–ի ընդարձակ տարածքում, իսկ 1902-ին՝ ներկայիս ամբողջ Տ–ի և ներկայիս Գանայի մի մասի վրա (գերմ․ տիրույթները կոչվեցին Տ․)։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–18) Գերմանիայի պարտությունից հետո Տ–ի արմ․ մասը դարձավ Մեծ Բրիտանիայի, արլ․ մասը՝ Ֆրանսիայի ենթամանդատային տարածք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Ֆրանս․ Տ–ում ծավալվեց անկախության շարժում, որը ղեկավարեց Տ–ի միասնության կոմիտեն (ՏՄԿ, 1945-ին ձևավորվել է իբրև քաղ․ կուսակցություն)։ Ազատագր․ շարժման վերելքը ֆրանս․ կառավարությանը ստիպեց 1956-ին ներքին ինքնավարություն արտոնել Տ–ին․ Ֆրանս․ Տ․ հռչակվեց ինքնավար հանրապետություն (Անգլ․ Տ․ 1956-ի հանրաքվեով միացվեց Ոսկե Ափ անգլ․ գաղութին, որը 1957-ի մարտին հռչակվեց անկախ պետություն՝ Գանա)։ 1960-ին Տ․ հռչակվեց անկախ պետություն և դարձավ ՄԱԿ–ի անդամ։ 1967-ի հունվարին, երկրի ծանր վիճակի պայմաններում, զինված ուժերի շտաբի պետ Էյադեման հեղաշրշում կատարեց, իշխանությունը վերցրեց իր ձեռքը, իսկ մայիսին ցրեց բոլոր կուսակցությունները։ 1969-ին ստեղծվեց Տոգոյի ժողովրդի միավորում կուսակցությունը։ 1972-ի հանրաքվեն օրինականացրեց էյադեմայի՝ պետության ղեկավարի իրավունքները։ 1980-ին ընդունվեց նոր սահմանադրություն։