ինստ–ը։ Կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, գրաֆիկական աշխատանքների։ Նրան առանձնապես հրապուրել են Երևանի հին ու նոր թաղամասերի գողտրիկ անկյունները, վերակառուցվող մայրաքաղաքի կյանքը։ Լավագույն գործերից են՝ «Սահմանապահներ» կոմպոզիցիան, Կոնդ թաղամասի պատկերները, «Ինքնանկար»-ը (բոլորը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում)։ Տ–ի արվեստն աչքի է ընկնում կյանքի ճշմարտացի ընկալմամբ, գեղանկարչական հագեցվածությամբ, ձևերի կառուցիկությամբ։
Գրկ․ Ք ո լ ո զ յ ա ն Բ․, Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն Վ․, Նկարիչներ, «ՍԱ», 1958, № 8։ Ն․ Թադևոսյան
ՏՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ֆրանս․ tonalité, գերմ․ Tonart, տես նաև Տոն, Տոնիկա), լադի հնչյունաշարի բացարձակ բարձրությունը, լադի հնչյունաշարի դիրքը ըստ բացարձակ բարձրության։ Կոչվում է նաև լադատոնայնություն։ Հավասարաչափ տեմպերացված համակարգում (տես Տեմպերացիա) գոյություն ունեն 12 մաժոր և 12 մինոր Տներ։ Անհավասարաչափ տեմպերացված (ժող․) համակարգերում ամեն մի լադ, որպես կանոն, կապված է հնչյունաշարի որևէ աստիճանին, ուստի դիատոնիկ հնչյունաշարի ամեն մի աստիճանից սկսվում է մի նոր լադատոնայնություն։ Հայկ․ ժող․ երաժշտության մեջ դիատոնիկ հնչյունաշարի սահմաններում միևնույն լադը կարող է ունենալ մաքուր կվարտա հեռավորության վրա գտնվող տարբեր Տներ։ Դասական ստեղծագործությունը սկսվում և ավարտվում է մեկ՝ գլխավոր Տ–ով, որով և հաճախ անվանվում է։ Ստեղծագործության ընթացքում փոխհաղորդվում են այլ՝ երկրորդական Տներ (տես Մոդուլացում)։ XX դ․ երաժշտության վերաբերմամբ Տ․ հասկացությունը ստացել է ավելի լայն տարողություն՝ միավորելով երաժշտ․ ստեղծագործության ձայնաբարձրական կազմակերպման բազմաթիվ նոր տարրեր և օրինաչափություններ։ Ժամանակակից երաժշտության մեջ -Տյան նոր, լայն մեկնաբանումը հաճախ գոյատևում է հին, դասական մեկնաբանման հետ։
Գրկ․ Ա թ ա յ ա ն Ռ․, Տ ե ր–Մ ա ր տ ի ր ո ս յ ա ն Տ․, Երաժշտության տարրական տեսություն, Ե․, 1980։ Рети Р․, Тональность в современной музыке, [пер․ с англ․], Л․, 1968; Курс теории музыки, Л․, 1984․ Ռ․ Աթայան
ՏՈՆԱՆՏՑԻՆՏԼԱՅԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, աստղագիտական հիմնարկ Մեքսիկայի Պուեբլա նահանգում, գտնվում է Մեխիկոյից ոչ հեռու (126 կմ), ծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա։ Հիմնվել է 1942-ին։ 1973-ին ընդլայնվել է և դարձել Աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ինստ․։ Հիմնական գործիքներն են 1 մ տրամագծով հայելիով ռեֆլեկտորը և 60 սմ տրամագծով Շմիդի դիտակը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղակույտերում բռնկվող աստղերի ուսումնասիրությանը։ Տ․ ա․ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ Օրիոնի աստղասփյուռում և Բազումքի աստղակույտում բռնկվող աստղերի, ինչպես նաև Օրիոնի աստղասփյուռում նոր՝ Нα էմիսիոն գծերով աստղերի հայտնագործման ասպարեզում։ Է․ Պարսամյան
ՏՈՆԱՇԵՆ, Դ ո ն ի շ ե ն, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 25 կմ հս–արլ․։ Միավորված է Չայլուի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Տ–ի շրջակայքում պահպանվել են Եղիշե Առաքյալի (V–XIII դդ․)․ Ջրաբերդ (VII դ․), Երինց մանկանց (XVII դ․), Անապատ (XIII դ․), Թուխկասարի (XII –XIV դդ․) վանքերը, Ճոխտ եղցեն, Կոտրած եղցեն, Վարընկաթաղի և Կյետեն Կյումերի կամուրջները (V–XVII դդ․), բազմաթիվ բնակատեղիներ (V-XVII դդ․)։
ՏՈՆԱՎԱՃԱՌ, կանոնավոր կազմակերպվող լայն նշանակության վաճառավայր, սահմանված վայրում պարբերաբար կազմակերպվող շուկա, մի կամ բազմաթիվ տեսակի ապրանքների սեզոնային իսպառ վաճառք։ Տներն առաջացել են Եվրոպայում, վաղ միջնադարում։ Դրանք մանրածախ առևտրի շուկաներ էին, որոնք ուղեկցվում էին կրոնական ու ժող․ տոների կապակցությամբ կազմակերպվող զվարճալի միջոցառումներով։ Հետագայում Տ-ների բնույթը փոխվել է, դրանցում լայն տարածում է ստացել մեծածախ առևտուրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայն տարածում ստացան միջազգային Տ-ները, որոնք իրենցից ներկայացնում են առևտր․ բնույթի ցուցադրական միջոցառումներ։ Տարբերում են ունիվերսալ (Պլովդիվի, Իզմիրի), բազմաճյուղ (Պոզնանի, Փարիզի), մասնագիտացված (Մյունխենի՝ սպորտային ապրանքների, Բազելի՝ տրանսպորտային սարքավորումների) Տ-ներ։ Առավել խոշոր միջազգային Տներից են նաև Լայպցիգի, Զագրեբի, Բռնոյի, Բուդա պեշաի, Բուխարեստի, Հանովերի, Լիոնի, Միլանի, Տորոնտոյի, Բաղդադի ևն։ Միջազգային Տ–ների գործունեությունը կարգավորում է Միջազգային տոնավաճառների միությունը, որը ստեղծվել է 1925-ին (Փարիզ)։
ՍՍՀՄ-ում Տ-ները տարածում են ստացել 1960-ից հետո, երբ ապրանքների մեծածախ վաճառքի համար կազմակերպվեցին ներպետ․, միջհանրապետ․, հանրապետ․, տեղական, արտադրության միջոցների և ժող․ սպառման ապրանքների, գալիք տարվա, ապրանքների ավելցուկների, մասնագիտացված, ունիվերսալ ևն Տ-ներ։ Դրանք մեծ դեր են կատարում արդյունաբերության և առևտրի տնտ․ կապերի ամրապնդման գործում, նպաստում բնակչության աճող պահանջմունքների բավարարմանը։
ՀՍՍՀ առաջին անգամ մասնակցել է 1921-ին Նիժնի Նովգորոդի (այժմ՝ Գորկի) միջազգային Տ–ին, ուր վաճառքի համար ցուցադրվել են բուրդ, մորթի, կաշի, մուշտակներ, մրգեր, կոնյակ, տնայնագործական արտադրանք։ Հետագայում ցուցանմուշների մեջ մեծացել է արդ․ արտադրանքի (1950-ական թթ․՝ մեքենայական տեխնիկայի) ծավալը։ 1961-ից ՀՍՍՀ արդ․ արտադրանքը ցուցադրվել է արտասահմանյան միջազգային 26 Տներում։ Հանրապետության 23 ձեռնարկություններ այդ ստուգատեսներին ուղարկել են ինչպես ավանդաբար ցուցադրվող ապրանքներ (կոնյակ, գինի, հանքային ջրեր, տնայնագործական-գեղարվեստական իրեր, ձեռագործ գորգեր ևն), այնպես էլ մետաղամշակման հաստոցներ, էլեկտրատեխ․ սարքեր, կոմպրեսորներ ևն։ 1965-ից արտասահմանում միջազգային Տ-ների սովետական տաղավարների շրջանակներում ՀՍՍՀ–ն հանդես է գալիս ինքնուրույն բաժնով։ ՀՍՍՀ էկոնոմիկայի զարգացման հետ ցուցանմուշների մեջ աճում է մեքենատեխ․, հատկապես էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի (միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, կապի միջոցներ ևն) ծավալը։ Միջազգային Տ-ներում ՀՍՍՀ բաժինները (Նյու Դելիում, Պլովդիվում, Ալժիրում, Բաղդադում) և ցուցանմուշները (Լայպցիգ-գարուն 1975 և 1980, Պլովդիվգարուն 1983) արժանացել են ոսկե ու արծաթե մեդալների և պատվոգրերի։
Գրկ․ Участие Советского Союза в международных ярмарках и выставках, М․, 1957; П а в л о в К․ А․, Международные ярмарки и выставки, М․, 1962․ Ռ․ Միրզոյան, Գ․ Նաղղյան
ՏՈՆԱՑՈՒՅՑ, տարվա տոնակարգը ցույց տվող գիրք հայ եկեղեցում։ Հետագայում Տ․ են ներառել նաև յուրաքանչյուր տոնին պատշաճ ծիսակարգերը։ Սիմեոն Երևանցի կոթողիկոսը 1774-ին Տ–ի երկրորդ հատորում ամփոփել է յուրաքանչյուր տարվա համապատասխան փոփոխությունները, որոնց հիման վրա սկսել են ամենամյա օրացույցներ հրատարակվել էջմիածնում, Կ․ Պոլսում և Երուսաղեմում։
ՏՈՆԳԱ (Tonga), Տ ո ն գ ա յ ի Թ ա գ ա վ ո ր ու թ յուն (Kingdom of Tonga), պետություն խաղաղ օվկիանոսի հվ-արմ-ում։ Մտնում է Բրիտ․ համագործակցության մեջ։ Գտնվում է Տոնգա (Բարեկամություն) կղզիների վրա։ Կազմված է Խաապայ, Վավաու, Տոնգատապու կղզիախմբերից և առանձին կղզիներից (ընդամենը 150 կղզի)։ Տարածությունը 699 կմ2 է, բն․ 100 հզ․ մարդ (1985), մայրաքաղաքը՝ Նուկուալոֆան։ Վարչականորեն բաժանվում է 6 օկրուգի (դիստրիկտի)։
Պետական կարգը։ Տ․ սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1875-ից։ Պետության գլուխը թագավորն է, որը նշանակում է կառավարություն, հրավիրում