Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տրամաբանականը նույն պատմականն է՝ վերացարկված իր կոնկրետությունից, առարկայի մտավոր կառուցումն է հասկացությունների համակարգի ծավալման միջոցով։ Ամեն մի բարձր զարգացած ամբողջություն կարող է ելակետ դարձվել իր պատմության ընթացքի վեր հանման համար, եթե ճանաչված են այդ ամբողջության կառուցվածքի և գործողության օրինաչափությունները՝ նրա ներքին տրամաբանությունը։ Ըստ այդմ կարող է կատարվել պատմության (այդ ամբողջության գոյացման ընթացքի) վերակառուցում՝ ազատված այն կոնկրետ եղելություններից, որոնք պատահական են տվյալ ամբողջության կազմավորման տեսակետից։ Այսպես, կապիտալիզմի, որպես ապրանքային արտադրության զարգացման բարձրագույն աստիճանի, վերլուծությունը Կ. Մարքսը դարձրել է ելակետ միաժամանակ նաև ապրանքային արտադրության զարգացման պատմ. ընթացքի տրամաբանորեն շտկված շարադրանքի համար։ Հ Գևորգյան

ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, այն տեսությունների և ուսմունքների ընդհանուր անվանումը, որոնք ուսումնասիրում են մտածողությունը կառուցվածքի տեսակետից՝ բացահայտելով մտքերի ու դրանց կապակցման ձևերը, որոնցում իրականանում է ճանաչողությունը, և այն կանոնները, որոնք ապահովում են ճշմարտության ձեռքբերումն այդ ձևերի միջոցով։ Տրամաբանական գլխ. տեսություններն են դիալեկտիկական տրամաբանությունը և ձևական Տ.։ Դիալեկտիկական տրամաբանության մեջ մտածողության տրամաբանական ձևերը ներկայանում են իբրև ճանաչողության ընթացքի հետ կապված, «բովանդակային ձևեր». դիալեկտիկական Տ. փիլ. ուսմունք է։ Բուն իմաստով Տ., կամ ձևական Տ., մասնավոր գիտություն է։ Այն վերանում է մտածողության կոնկրետ բովանդակությունից եւ վերացարկում-առանձնացնում է մտածողության տրամաբանական ձևը, այսինքն՝ մտածողության, հատկապես կշռադատության, այն հաստատուն կառուցվածքները, որոնցում կաղապարվում են ամենատարբեր բովանդակությամբ մտքերը։ Ուստի հաճախ Տ. բնորոշում են որպես մտածողության քերականություն, սակայն այն կարևոր վերապահումով, որ Տ. ընդգրկում է այնպիսի կաղապարներ, որոնցում ոչ միայն ձևավորվում են մտքերը, այլև անցում է կատարվում մի մտքից մյուսը։ Ավանդական ձևական Տ. ուսումնասիրում է մտածողության հիմնական ձևերը (հասկացություն, դատողություն, մտահանգում): Նրա խնդիրն է բացորոշ ձևակերպել այն կանոնները, որոնց ենթարկվում են այդ ձևերի կառուցվածքը և նրանց հետ առնչվող տրամաբանական գործողությունները։ Ձևական-տրամաբանական համակարգի հիմքում այն դնում է մտածողության հիմնական օրենքները (նույնության օրենք, հակասության օրենք, երրորդի բացառման օրենք, բավարար հիմունքի օրենք), որոնք ապահովում են մտածողության որոշակիությունը (միանշանակությունը), հետևողականությունը (անհակասականությունը), ապացուցողականությունը (հիմնավորվածությունը): Հասկացության մասին ուսմունքի մեջ բնութագրվում են հասկացությունների կառուցվածքը (բովանդակությունը և ձևը), տեսակները, հարաբերությունները, դրանց նկատմամբ կիրառվող տրամաբանական գործողությունները (սահմանում, բաժանում, ընդհանրացում), դատողության մասին ուսմունքի մեջ՝ դատողությունների կառուցվածքը (սուբյեկտ, պրեդիկատ, տերմինների բաշխվածություն), տեսակները, հարաբերություններն ըստ ճշմարտային արժեքների (տրամաբանական քառակուսի), փոխակերպումները։ Մտահանգման մասին ուսմունքի գլխ. բաղադրամասը սիլլոգիզմի տեսությունն է։ Բացի այդ, նրանում ուսումնասիրվում են դեդուկտիվ մտահանգման մյուս տեսակները (տես Դեդուկցիա), ինչպես նաև ինդուկցիան, անալոգիան, հիփոթեզը։ Մտահանգումից տարբեր ինքնուրույն բաժին է ապացուցումը։ Ավանդական ձևական Տ-յան շրջանակներում որպես առանձին տեսություն մշակվել է դասական մոդալ տրամաբանությունը թե՛ որպես ուսմունք դատողությունների մոդալությունների մասին և թե՝ որպես մտահանգման ուրույն տեսություն։ Քանի որ ավանդական ձևական Տ., իր վերացականությամբ հանդերձ, ընդգրկում է մտածողության (կշռադատության) գործադրությունը ևս, ապա պատահական չէ նրանում տրամաբանական սխալներին վերաբերող հատուկ բաժնի առկայությունը։ Ավանդական ձևական Տ. պատմականորեն եղավ ժամանակակից ձևական Տ-յան կազմավորման հիմնական աղբյուրը, սակայն պարզվեց, որ նրա գոնե հիմնական բաժինները, լինելով հարաբերականորեն ներփակ, ինքնուրույն տեսություններ, առհասարակ չեն կարող ամբողջովին վերառվել ժամանակակից Տ-յան մեջ և պահպանեցին իրենց անկախ գոյությունը։ Դա առանձնապես վերաբերում է սահմանման տեսությանը, սիլլոգիստիկային, ապա ցուցման տեսությանը ևն։ Իսկ որոշ մասնավոր տեսություններ նկատելի փոփոխություններ կրեցին, ինդուկցիայի ուսմունքին նոր կերպարանք տվեց հավանականային տրամաբանությունը, նորովի ներկայացավ մոդալ Տ., ընդ որում երկու դեպքում էլ վճռական նշանակություն ունեցան ձևական աքսիոմատիկան (տես Աքսիոմատիկ մեթոդ) և բազմարժեք տրամաբանությունը՝. Ընդհանուր առմամբ ժամանակակից ձևական Տ. հզոր միջոց դարձավ ավանդական ձևական Տ-յան նույնիսկ գոյատևած տեսությունների գաղափարների ու կառուցվածքի բացորոշ ներկայացման ու ճշգրտման համար (տես Մետատրամաբանություն): ժամանակակից ձևական Տ. իր մեջ զուգորդել է երկու միտումներ՝ ավանդական Տ-յան մտահանգումների տեսության ներկայացումը հաշվի տեսքով, հանրահաշվակերպ կառուցվածքների մեջ՝ այսպես կոչված Տ-յան հանրահաշիվը, և մաթեմատիկայից (երկրաչափությունից) սերող ձևական աքսիոմատիկայի եղանակը։ ժամանակակից ձևական Տ-յան խնդիրն է ճշգրտել գիտ. տեսություններում (առաջին հերթին՝ մաթեմատիկայում) կիրառվող ապացուցումները, որ հնարավոր է, երբ լրիվ ի հայտ են բերված և բացորոշ ձևակերպված են տեսության մեջ կիրառվող տրամաբանական միջոցները։ ժամանակակից ձևական Տ-յան համար բնորոշը այս խնդրի իրագործումն է ապացուցումների ձևականացման եղանակով, որի դեպքում Տ. ներկայանում է որպես ձևական հաշիվ, այսինքն՝ ձևականացված աքսիոմների և արտածման ձևականացված կանոնների համակարգ (տես Ասույթների տրամաբանություն, Պրեդիկատների տրամաբանություն): Ընդ որում, նայած թե ինչպես են մեկնաբանվում ասույթային փոփոխականները և տրամաբանական շաղկապները, տվյալ ձևական տրամաբանական համակարգը (հաշիվը) կարող է լինել դասական (երկարժեքության քրիսիպոսյան ըմբռնումն իրականացնող) կամ կոնստրուկտիվ (տես Ինտուիցիոնիզմ, Կոնստրուկտիվ մաթեմատիկա): Տրամաբանական հաշիվները, առանձնապես պրեդիկատների հաշիվը, օգտագործվում են դեդուկտիվ մաթ. տեսություններ կառուցելու (տես Մաթեմատիկական տրամաբանություն) և առհասարակ ցանկացած դեդուկտիվ համակարգի նկարագրության համար։ Հաշվի տեսքով ներկայացված դեդուկտիվ տեսության վերաբերյալ հնարավոր է լինում որոշակիորեն ձևակերպելու և քննելու տեսության տրամաբանական խստության համար կարևոր՝ անհակասականության, լրիվության և անկախության պահանջները։ Միաժամանակ հարկավոր է նկատի ունենալ, որ ոչ մի ձևական համակարգ, որքան էլ հզոր լինի այն, չի կարող լրիվ արտահայտել ամբողջությամբ վերցրած որևիցե տեսության, այդ թվում և մաթեմատիկայի որևէ բնագավառի, հասկացություններն ու սկզբունքները։ Այս հանգամանքը վկայում է պարզապես պատմականորեն գոյացած բովանդակային գիտելիքը տրամաբանական խստության իդեալին համապատասխանող ձևական հաշվով փոխարինելու վաղ նեոպոզիտիվիստական ծրագրի անհնարինությունը, բայց ամենևին չի նսեմացնում ժամանակակից ձևական Տ-յան արդյունավետությունը դեդուկտիվ գիտությունների մեթոդաբանության մեջ, գիտելիքի, հատկապես մաթեմատիկայի, հիմնավորման գործում։ Մտածողությունը (կշռադատությունը, ապացուցումը) տրամաբանական հաշիվների գործադրման միակ ոլորտը չէ. դրանք, լինելով բովանդակությունից վերացարկված ձևական լեզվական կառուցվածքներ, կարող են մեկնաբանվել նաև այլ, բոլորովին տարբեր առարկայական բնագավառներում (կիբեռնետիկա, ինֆորմացիայի տեսություն, մաթ. լեզվաբանություն, ավտոմատների տեսություն ևն): Հայ Տ-յան պատմությունը սկզբնավորվում է Դավիթ Անհաղթով, որն առհասարակ ուշ անտիկ շրջանի տրամաբանական մշակույթի նշանավոր դեմքերից է, Տ-յան մեջ՝ հետևողական արիստոտելական։ Նա մեկնել է ոչ միայն Արիստոտելի «Կատեգորիաները» և Պորփյուրի «Ներածությունը», այլև, որ իր ժամանակի համար բացառիկ երևույթ է, Արիստոտելի «Առաջին անալիտիկան»: Նա քաջածանոթ է եղել