«Օրգանոնին», բազմիցս վկայակոչում է Պլատոնի երկխոսությունները։ Հետևելով Արիստոտելին՝ Դավիթ Անհաղթը տարբերում է դիալեկտիկան («տրամաբանականն») և անալիտիկան («վերլուծականն»): Եթե վերջինս ուսմունք է բովանդակությունից վերացարկված սիլլոգիստական մտահանգման մասին, որի նախադրյալների ճշմարտությունը կանխատրված է, ապա դիալեկտիկան նկատի ունի ապացուցումների ու հերքումների (երկխոսության) ոլորտը, որտեղ նախադրյալների ճշմարտության հարցն ինքը քննության խնդիր է։ Առանձին հետաքրքրություն է ներկայացնում երկխոսության տրամաբանական կառուցվածքի և նրա ընթացքում կիրառվող փաստարկումների քննությունը, որովհետև դա ըստ էության ճշմարտության ձեռքբերման մտավոր ընթացքի վերլուծությունն է։ Դավիթ Անհաղթը մանրամասն քննում է նաև տրամաբանական որոշ գործողություններ՝ սահմանումը, բաժանումը, ընդհանրացումը, վերլուծությունը։ Նրա տրամաբանական ժառանգության և արիստոտելականության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է հատկապես հայկ. վերածննդի ժամանակաշրջանում։ Վահրամ Րաբունին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին Արիստոտելի «Կատեգորիա ների» և Պորփյուրի «Ներածության» հետ համահավասար վերլուծում և մեկնում են դրանց վերաբերող Դավիթ Անհաղթի աշխատությունները՝ փաստարկելով և զարգացնելով նոմինալիզմի տեսակետը։ Տ-յան հարցադրումների շրջանակի սահմանափակվածությունն ըստ էության միայն կատեգորիաների ուսմունքով հատկանշական է առհասարակ միջնադարի համար։ Արիստոտելյան Տ-յան մյուս բաժինները, եթե անգամ դրանք հիշատակվում էին, այսուհանդերձ դիտվում էին միայն ընդհանուր փիլ. նշանակության տեսանկյունից։ Միայն XVII-XVIII դդ., ինչպես և Արևմուտքում, ավանդական Տ. շարադրվեց իր հիմնական բաժիններով, դա Տ-յան առարկայի ծավալի փաստորեն մի նոր ըմբռնում էր, թեպետև տրամաբաններն իրենք համարում էին, որ ոչ միայն ըստ բովանդակության, այլև ըստ ձևի շարադրում են Արիստոտելի ուսմունքը։ Այս ժամանակի նշանավոր հուշարձաններից է Սիմեոն Ջուղայեցու «Դիրք տրամաբանության»-ը, որի մեջ Տ. ներկայացված է իր երեք դասական բաժիններով՝ հասկացություն, դատողություն, մտահանգում։ Բայց հատկանշական է, որ նրանում արտացոլված է Արիստոտելի «Օրգանոնն» ամբողջապես։ Առանձնապես հիշարժան է «Առաջին անալիտիկայի» օգտագործումը (մտահանգման շարադրանքում), խիստ բացառիկ երևույթ է «Տոպիկայի» օգտագործումը (ապացուցումների ու հերքումների ընթացքում կիրառվող տրամաբանական գործողությունների նկարագրության համար) և «Սոփեստական հերքումների» օգտագործումը (տրամաբանական սխալներին՝ «պատրանքներին», նվիրված բաժնում): Եվրոպայում դասական դարձած նմանատիպ աշխատություններից շատ առաջգրված այս երկը մինչև XIX դ. սկիզբը եղել է Տ-յան անփոփոխ ձեռնարկ (թարգմանվել է նաև վրացերեն): Տրամաբանական հարցադրումների շրջանակի հետագա ընդլայնմանը նպաստեց Ստեփանոս Լեհացին՝ Արիստոտելի «Մետաֆիզիկայի»՝ լատիներենից կատարած թարգմանությամբ։ XVIII դ. միջնադարյան ավանդական ոգով տրամաբանական աշխատություններ և մեկնություններ են գրել Բաղդասար Դպիրը, Սիմեոն Ա Երևանցին ևն։ XIX դ. հայ տրամաբանական միտքը գտնվում էր ժամանակի եվրոպական տրամաբանական մտքի ազդեցության տակ։ Դրան համապատասխան, Տ. դիտվում էր որպես գիտ. ճանաչողության միջոց։ Որոշակիորեն ձևավորվում է ինդուկտիվիստական ուղղությունը (Ա. Բագրատունի, Գ. Կոստանդյան), որը Տ. համարում էր գիտելիքի ձեռքբերման (հայտնագործության) գործիք, բայց հետագա զարգացում ստացավ նաև ավանդական պրոբլեմատիկան՝ ճանաչողության մեթոդի վերաբերյալ ընդհանուր փիլ. դատողություններով լրացված (Ա. Գարագաշյան, Գ. Փեշտիմաչճյան, Ա. Գուրգենյան, Ն. Ռուսինյան, Պ. էմմանուելյան ևն): XIX դ. հայ որոշ տրամաբանների հայացքներում դեռևս զգացվում էր կապը Դավիթ Անհաղթի և Սիմեոն Ջուղայեցու ժառանգության հետ, սակայն, ինչպես որ բնական էր, Տ. հետզհետե կորցրեց իր ուրույն ազգային նկարագիրը։ Սովետական Հայաստանում Տ-յան վերաբերյալ հետազոտությունները կատարվում են գլխավորապես 1950-ական թթ. սկսած։ Մշակվել են դիալեկտիկական Տ-յան հարցերը։ Ձևական Տ-յան բնագավառում հատուկ ուշադրության են արժանացել Տ-յան առարկայի, տրամաբանական ձևի, լեզվատրամաբանական զուգահեռների, գիտության մեթոդաբանության մեջ ձևական տրամաբանական եղանակների կիրառության ընձեռած հնարավորությունների հարցերը։ Հետազոտվում են մաթ. Տ-յան տեսական հարցերը, մասնավորապես կոնստրուկտիվ ուղղության հիմնավորման խնդիրը։ Մանրամասն վերլուծված է թե՝ միջնադարյան, թե՝ XIX դ.հայ Տ-յան պատմությունը։
Գրկ. Բրուտյան Գ. Ա., Տրամաբանության դասընթաց, 3 վերամշկ. հրտ., Ե., 1976: Դավիթ Անհաղթը՝ Հին Հայաստանի մեծ փիլիսոփան (ժող), Ե., 1983: Асмус В.Փ., Логика, [М.], 1947; Клини С. К., Введение в метаматематику, пер. с англ., М., 1957; Гильберт Д., Бернайс П., Основания математики, пер. с нем., 2 изд., М., 1982; Risse W., Bobliographia logica, Bd 1-4, Hildesheim - N. Y., 1965-79.
ՏՐԱՄԱԳԻԾ, շրջանագծի (շրջանի) S. նրա կենտրոնով անցնող լարն է կամ այդ լարի երկարությունը։ Անալիտիկ երկրաչափությունում կոնական հատույթի (կամ երկրորդ կարգի կորի) Տ. ասելով հասկանում են զուգահեռ լարերի կենտրոններով անցնող ուղիղը։ Երկրորդ կարգի կենտրոնական կորերի (շրջանագիծ, էլիպս, հիպերբոլ) Տ. նրանց կենտրոնով անցնող ուղիղն է։ Պարաբոլի դեպքում բոլոր Տ-երը զուգահեռ են նրա առանցքին։ Երկրաչափական պատկերի կամ ավելի ընդհանուր բնույթի բազմության Տ. է կոչվում նրա կետերի բոլոր հնարավոր զույգերի հեռավորությունների վերին եզրը։ Այս իմաստով էլիպսի Տ. հավասար է նրա մեծ առանցքի երկարությանը, իսկ քառակուսու Տ.՝ նրա անկյունագծի երկարությանը։
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ընդհանուր հոգեկան վիճակ, որը որոշակի ժամանակահատվածում երանգավորում է մարդու հոգեկան ապրումները և վարքը։ Տ. յուրահատուկ ձևով արտացոլում է անձի սոցիալ. հարաբերությունները, նրա բավարարվածությունը կյանքի և գործունեության որոշակի ոլորտում։ Սա հուզական վիճակի այն ընդհանուր ֆոնն է, որ արթնացնում կամ թուլացնում է որոշակի զգացմունքներ և մղումներ։ Տ-յան առաջացումն ու նրա ապրումների ինտենսիվությունը պայմանավորված են հոգեբանական (հաջողություն, գեղագիտական ընկալումներ, հիացմունքի և համակրանքի զգացումներ, կորստի և կարոտի ապրումներ, ձանձրույթ ևն) և օրգ. (առողջական ընդհանուր վիճակ, կենսբ. տարբեր բնույթի պահանջներ, ստրեսների առաջացում ևն) ինքնազգացությամբ։ Եթե փոքրահասակի Տ. բնութագրվում է փոփոխականությամբ ու կարող է պայմանավորվել նաև պատահականորեն առաջացած հույզով, ապա մեծահասակների համար որոշիչ են դառնում գաղափարական ներգործությունները, բարոյական պահանջներն ու մարդկային հարաբերությունները։ Աշխատանքային, ստեղծագործական, կենցաղային բարձր Տ-յան ստեղծումը հետևողական բարոյա-հոգեբանական դաստիարակության արգասիք է և ունի հասարակական կարևոր արժեք։
Գրկ. Рубинштейн С. Л., Основы общей психологии, М., 1946; Парыгин Б. Д., Общественное настроение, М., 1966; Зейгарник Б. В., Личность и патология деятельности, М., 1971.
ՏՐԱՄԱԽԱՉՈՒՄ, տարբեր բույսերի կամ կենդանիների խաչասերում։
ՏՐԱՄԱՉԱՓ, կալիբր, 1. ռազմական գործում, հրաձգային զենքի փողի անցքի տրամագիծ (չհաշված փորակների խորությունը): Զենքի հզորությունը որոշող հիմնական մեծություններից է։ ժամանակակից հրանոթների Տ. արտահայտում են մմ-ով։ Հրետանային գործում Տ-ով ընդունված է չափել նաև հրանոթի փողի անցքի երկարությունը։ 2. Չափագիտության մեջ շինվածքների մասերի չափերը, ձևը և փոխդասավորությունը ստուգելու համար կիրառվող անսանդղակ չափիչ գործիք։ Տարբերում են կոշտ և պահանջվող չափին հարմարեցվող Տ-եր։ Առավել տարածված են երկկողմ սահմանային Տ-խցանները (անցքերի ստուգման համար) և Տ-չափոցները (գլանաձև դետալների ստուգման համար): Ստանդարտ Տ-երը նույնպես լայնորեն օգտագործում են կոների և կոնական վռանների, ներքին և արտաքին պարուրակների, ելունների, խոռոչների,կորացման շառավիղների ստուգման համար։ Բարդ պրոֆիլների ստուգման համար կիրառում են պրոֆիլային Տ-եր կամ