Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

հայտնի է հնագույն ժամանակներից։ Տ–ները հիմնականում լինում են՝ ծիսական, թատերական և մանկական։ Ծիսական Տ–ների առաջացումը կապված է ծիսակատարությունների հետ․ դրանք ստեղծվել են հավատալիքային, կրոն․ և առասպելական տարբեր կերպարների պատկերներով, օգտագործվել են հմայելու, կախարդելու նպատակով, կատարել պահպանակի դեր։ Ծիսական Տ–ների որոշ մասը կիրառվելով կրոն, միստերիալ ներկայացումներում, փոխակերպվել է թատերական կերպարի, սկզբնավորելով տիկնիկային թատրոնը (տես նաև Մարիոնետ, Հանսվուրստ, Ղարագյոզ, Պանչ, Պետրուշկա, Պոլիշինել, Պուլչինելլա)։ Մանկական խաղատիկնիկները ծիսական ու թատերական Տ–ների փոխակերպված վերապրուկային ձևերն են, որոնք, ժամանակի ընթացքում կորցնելով կամ պահպանելով իրենց ծիսական, պաշտամունքային ու պահպանակի դերը, միաժամանակ երեխաների համար ծառայում են նաև որպես զբաղմունքի և ժամանցի առարկա, կատարելով դաստիարակչական դեր։

ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, թատերական ներկայացումների տեսակ, ուր գործող անձինք տիկնիկներն են։ Տիկնիկները (տափակ և ծավալային) խաղացնում են դերասան–տիկնիկավարները, որոնք հիմնականում թաքնված են շիրմայի ետևում։ Տ․ թ–ում երբեմն տիկնիկներին փոխարինում են պայմանական իրեր՝ խորանարդ, գունդ, գնդակ, փայտիկներ, գունավոր գործվածքներ, լուցկու հատիկներ ևն, որոնք փոխաբերաբար պատկերում են կենդանի էակներ։ Տ․ թ–ի ներկայացումների տեսակը որոշվում է տիկնիկի ձևով և խաղացնելու եղանակով։ Հնուց հայտնի է ս տ վ ե ր ն ե ր ի թ ա տ ր ո ն ը, որի տիկնիկները տափակ են, 15 սմ–ից մինչև մարդահասակ և ավելի մեծությամբ։ Խաղացվում են հատուկ շյուղերի օգնությամբ, լուսավորվում, և էկրանին ցուցադրվում է դրանց ստվերապատկերը։ Մյուս տեսակը թելերով խաղացվող, ծավալային, տարբեր մեծության մարիոնետային տիկնիկներն են (տես Մարիոնետ)։ Հաջորդը ձեռնոցավոր տիկնիկներն են (դերասանները տիկնիկը հագցնում են ձեռքերին)։ Կան նաև հատուկ մեխանիզմների միջոցով խաղացվող տիկնիկներ։ Տ․ թ․ սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների, կրոնական–միստերիալ ներկայացումների հետ։ Տ․ թ․ Հին Եգիպտոսում հայտնի էր մ․ թ, ա․ XVI դարից, Հնդկաստանում, Հունաստանում՝ մ․ թ․ ա․ V–IV դդ․, Չինաստանում՝ մ․ թ․ ա․ I դ․, Ճապոնիայում՝ XI դ․, Ինդոնեզիայում՝ XI – XII դդ․։ XI դարից եկեղեցիներում և մենաստաններում տիկնիկներով ներկայացվել են տեսարաններ ավետարանից, որոնցում կույս Մարիամը գլխ․ կերպարն էր։ Այստեղից էլ՝ Մարիոն (Marion, Marionett) անվանումը, որը ռոմանո–գերմ․ լեզուներում ընդհանրապես նշանակում է թատեր․ տիկնիկ։ XVI դ․ վերջին Իտալիայում վերջնականապես կազմավորվել է ժող․ երգիծական Տ․ թ․՝ Պուլչինելլա գլխ․ հերոսով։ ժառանգելով ատելլանայի ավանդույթները, ոգով կոմեդիա դելլ’արտեին մոտ Տ․թ․ տարածվել է Եվրոպայում, XVII դ․ իր նմանօրինակն ունենալով Ֆրանսիայում (գլխ․ հերոսը՝ Պոլիշինել), Անգլիայում (Պանչ), Գերմանիայում (Հանսվուրստ, հետագայում՝ Կաշպեռլե), Հոլանդիայում (Պիկելգերինգ), Բելգիայում (Վոլտիե), Լեհաստանում (Կոպլենյակ), Ռումինիայում (Վասիլակե), Չեխիայում (Կաշպարեկ), Ռուսաստանում (Պետրուշկա)։ Եվրոպ․ Տ․ թ–ում, մինչև XIX դ․ ներառյալ, խաղացվել են ավանդական, հաճախ երգիծական ներկայացումներ՝ հարուստների, եկեղեցու, իշխանավորների, ինչպես և դոկտոր Ֆաուստի (Յո․ Վ․ Գյոթեն սյուժեն վերցրել է տիկնիկային ներկայացումից), Դոն ժուանի ևն մասին։ Արևելքի երկրներում մինչև օրս էլ պահպանվել են ծիսապաշտամունքային շատ ներկայացումներ։ XX դ․ 1-ին քառորդին պրոֆեսիոնալ Տ․ թ–ներ են ստեղծվել մանուկների և մեծերի համար։

Տ․ թ․ տարածված է եղել Սովետական Միության գրեթե բոլոր ժողովուրդների անցյալի թատեր․ արվեստում։ Ռուս. պրոֆեսիոնալ Տ․ թ․ կազմավորվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Սովետական Տ․ թ․ արծարծում է հասարակական-մանկավարժական լայն խնդիրներ, պրոպագանդում մարդկային նոր, սոցիալիստ․ փոխհարաբերություններ, ձգտում կերպարայնության։ Այդ ամենը առավել ցայտուն արտահայտվել են Ա․ Վ․ Օբրազցովի ղեկավարած կենտրոնական Տ․ թ–ում, գործնականում կիրառվում է ՍՍՀՄ և սոցիալիստ․ այլ երկրների առաջատար Տ․ թ–ներում։ 1958-ից Տիկնիկային թատրոնի գործիչների միջազգային միության (ՈՒՆԻՄԱ, հիմն․ 1929-ին) շրջանակներում կանոնավոր կերպով կազմակերպվում են միջազգային փառատոներ, մրցույթներ, որոնք նպաստում են Տ․ թ–ների գործիչների փորձի փոխանակմանը։ 1976-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՈԻՆԻՄԱ–ի XII կոնգրեսը (պրեզիդենտ է ընտրվել Ս․ Վ․ Օբրազցովը)։ ՍՍՀՄ–ում գործում է (1985) 100-ից ավելի տիկնիկային պետ․ թատրոն, որոնք ներկայացումներ են տալիս Սովետական Միության ժողովուրդների 25 լեզուներով։ Դրանց կեսից ավելին ունեն հատուկ թատեր․ շենքեր և կահավորում։ Տ․ թ–ի կադրեր պատրաստվում են Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ի հատուկ բաժանմունքում, Մոսկվայի Լունաչարսկու անվ․ թատերարվեստի ինստ–ում (ռեժիսորներ և նկարիչներ), Դնեսինների անվ․ ուսումնարանում և Տ․ թ–ներին կից ստուդիաներում։ Տ․ թ–ի պատմության նյութերը հավաքում և համակարգում է Կենտր․ տիկնիկային թատրոնին կից Թատերական տիկնիկի թանգարանը (հիմն․ 1937-ին)։ ՍՍՀՄ–ում, հատկապես դպրոցներում և պիոներների պալատներում մեծ զարգացման է հասել ինքնագործ Տ․ թ․։ Հայկ․ Տ․ թ․ հնագույն երևույթ է, կապվել է ծիսապաշտամունքային, առասպելաբանական մտածելակերպի ու ոգու պաշտամունքի հետ (տես Ղարագյոզ)։ 1935-ից գործում են Երևանի տիկնիկային թատրոնը, Լենինականի տիկնիկային թատրոնը։

Գրկ․ Образцов С․, Актёр с куклой, М․–Л․, 1938; Федотов А․ Я․, Из истории Кукольного театра, М․, 1940; Деммени Е․ С․, Куклы на сцене, М․–Л․, 1949; Смирнова Н․, Советский театр кукол, 1918–1932, М․, 1963; Նույնի, Театр Сергея Образцова, М․, 1971․ ժ․ Խաչատրյան

Տիկնիկ «Արտասովոր համերգ» ներկայացումից (Մոսկվայի Կենտրոնական տիկնիկային թատրոն)

ՏՐՈՑԿԻ Եվգենի Կարլովիչ (1893-1970), սովետական կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1955)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Սովորել է Պետրոգրադի համալսարանում (1914–15), միաժամանակ՝ Զ․ Բոնչ–Բրուեվիչի մասնավոր երաժշտ․ ուսումնարանում։ 1919–24-ին ծառայել է կարմիր բանակում։ 1920-ից ապրել է Բելոռուսիայում։ Եղել է ԲՍՍՀ կոմպոզիտորների միության նախագահը (1950–63)։ Բելոռուս, առաջին պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից է։ Դրել է «Միխաս Պոդգոռնի» (1939, 2-րդ խմբ․՝ 1957), «Ալեսյա» (1944, նոր խմբ․՝ «Պոլեսիեցի աղջիկը», 1953, վերջն, խմբ․՝ 1967, ԲՍՍՀ պետ․ մրցանակ, 1968), «Աննա Դրոմովա» (1970) օպերաները, «Մրրկահավի երգը» հերոսական պոեմը (1944), 6 սիմֆոնիա (1927–63), «50 տարի» սիմֆոնիկ պոեմը (1966), տրոմբոնի (1934), դաշնամուրի (1954) կոնցերտներ նվագախմբի հետ, խմբերգեր, երգեր, դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար երաժշտություն։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՏԻՂՄ, դիագենեզով չվերափոխված նրբահատիկ փափուկ նստվածք ջրավազանների հատակին։ Պարունակում է 30–50% 0,01 մմ–ից փոքր տրամաչափով մասնիկներ։ Ծովերի և ցամաքային ջրավազանների (լճերի, գետերի, լճակների) հատակին տարածված են Տ–եր, որոնք կազմված են ապարների քայքայման նրբահաաիկ արգասիքներից և ծովային օրգանիզմների մանր խեցիներից կամ կմախքային մնացորդներից։ Առանձնացվում են Տ–եր, որոնք հարուստ են հրաբխային մոխրով։ Մի շարք Տ–եր (լճային, լճակային, բուստալճակային) օգտագործում են որպես պարարտանյութ և գյուղատնտ․ կենդանիների հանքայնացված կեր, ինչպես նաև բժշկության մեջ՝ ցեխաբուժության համար։

ՏԻՄԱՆԻ ԲԼՐԱՇԱՐ, բարձրություն Արևելա–Եվրոպական հարթավայրի հս–արլ–ում։ 900 կմ երկարությամբ ձգվում է Բարենցի ծովի Չեշի խորշից մինչև Վիչեգդա գետի ակունքները։ Հս․ մասը կազմված է Կոսմինի կամեն, Տիմանի կամեն (մինչև 303 մ), միջին մասը՝ Չետլասի կամեն (մինչև 417 մ) բլրաշարերից։ Հվ․ մասը գետահովիտներով բաժանված է առան–