Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գետերի միջև։ Կլիման մերձարևադարձային և արևադարձային է, չորային։ Տարեկան տեղումները 350–750 մմ են։ Խոշոր գետերն են Վաալը, Ուլիֆանտսը։ Տարածված են տափաստանային և սավաննային բուսատեսակները։ Տ․ երկրի արդ․ կարևոր շրջաններից է։ Հարուստ է օգտակար հանածոներով։ Արդյունահանում են քարածխի, ոսկու, ալմաստի, ուրանի, պղնձի, ֆոսֆորիտների, պլատինի, քրոմիտի, ծարիրի և երկաթի հանքանյութ, ֆտորասպաթ, ասբեստ։ Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմ․, տեքստիլ արդյունաբերությունը։ Արդ․ կենտրոններ են Ցոհաննեսբուրգը, Պրետորիան, Ֆերինիգինգը, Սփրինգսը։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, ծխախոտ, ցիտրուսայիններ, մանգո, ավոկադենի, բամբակենի։ Զարգացած է արոտային անասնապահությունը։ XIX դ․ 30–40-ական թթ․ Տ–ի հիմն. բնակիչներին՝ բանտուներին, բուրերը դուրս են մղել Լիմպոպո գետից հս․, 1856-ին հռչակել Տ–ի անկախ հանրապետությունը (պաշտոնական անվանումը՝ Հարավ–Աֆրիկյան Հանրապետություն), որի բնիկ բնակչությունը զրկված էր քաղ․ իրավունքներից։ XIX դ․ 60-ական թթ․ ալմաստի, 80-ական թթ․ ոսկու հայտնաբերումից հետո Մեծ Բրիտանիան համառորեն ձգտել է նվաճել Տ․։ 1877-ի ապրիլի 12-ին անգլ․ կառավարությունը հայտարարել է Տ–ի բռնակցման մասին։ 1880-ի դեկտեմբերին բուրերը ապստամբել են և հաղթել անգլ․ զորքերին։ 1881-ին Պրետորիայում և 1884-ին Լոնդոնում ստորագրված համաձայնագրով բուրերը ստացել են ներքին ինքնավարություն (արտաքին հարաբերությունները հսկել է Անգլիան)։ Ոսկու հայտնաբերումից հետո մեծացել է անգլ․ կապիտալի հոսքը Տ․, որը առաջ է բերել նոր բախումներ բուրերի ու անգլիացիների միջև։ Չնայած բուրերի համառ պայքարին, Մեծ Բրիտանիան անգլո-բուրական պատերազմ 1899–1902-ի ընթացքում կրկին զավթել է Տ․ և 1910-ին ստեղծել Հարավ–Աֆրիկյան Միություն դոմինիոնը (1961-ից՝ Հարավ–Աֆրիկյան Հանրապետություն, ՀԱՀ)․ Տ․ ընդգրկվել է նրա կազմի մեջ՝ իբրև նահանգ։ 1970– 1980-ական թթ․ ակտիվացել է բնիկների պայքարը ռասայական խտրականության դեմ։

ՏՐԱՆՍՑԵՆԴԵՆՏ (լատ․ transcendent–այնկողմնային), միջնադարյան սխոլաստիկական փիլ-ից ժառանգված տերմին, նշանակում էր այն, ինչը գտնվում է փորձնական ճանաչողությանը մատչելի աշխարհից այն կողմ, իբրև ինքնուրույն և ինքնաբավ (այս իմաստով՝ բացարձակ) էություն, որը կարող է ճանաչվել միայն մտահայեցողական ճանապարհով։ Տ․ հակադրվում է ի մ ա ն ե ն տ ի ն, որը թեպետ և նույնպես անմիջականորեն տրված չէ փորձի մեջ, բայց ներհատուկ է առարկայական աշխարհի իրերին, ունի փորձնական դրսևորումներ և ճանաչելի է դրանց միջոցով։ Ի․ Կանտը <Տ․> տերմինն օգտագործել է իմացաբանական առումով, բանականության գաղափարները (այսինքն, ըստ էության, սուբստանցին, հոգուն, աշխարհին, որպես ամբողջության, վերաբերող փիլ․ գաղափարները) բնութագրվում են իբրև Տ․, եթե դրանք կիրառվելիս ըմբռնվում են որպես իրական առարկաների հասկացություններ։ Կանտի հետևողությամբ, XIX–XX դդ․ տեսական բնագիտության և փիլ-յան մեջ սուբյեկտիվիստական էմպիրիզմի կողմնակիցները գտնում էին, որ փիլ․ վերացական գաղափարներին (մատերիա, սուբստանց, պատճառականություն ևն), ինչպես և բնագիտական տեսություններում փորձնական երևույթների բացատրության համար մուծվող վերացական էություններին (եթեր, ատոմ, քվարկ, բազմաչափ և անվերջ-չափանի տարածություն ևն) երբեք չպետք է վերագրել բացարձակ օբյեկտիվ, ինքնուրույն, այսինքն՝ Տ․, գոյություն, այլ, քանի որ դրանք արտափորձային են, պետք է ընդունել որպես աշխատանքային միջոցներ (հիպոթեզներ) փորձի բացատրության համար։ Նրանք հ ե տ և ո ղ ա կ ա ն մատերիալիստներին և իդեալիստներին կշտամբում էին Տ․ էություններ ընդունելու համար։ Դիալեկտիկամատերիալիստական մեկնաբանությամբ, այդ գաղափարներն ու էություններն օբյեկտիվ, իրական բովանդակություն ունեն, բայց Տ․ (ինքնուրույն և ինքնաբավ) չեն, որքանով որ կոնկրետի և վերացականի, երևույթի և էության, փորձի և տեսության միջև սահմանագիծը բացարձակ չէ, դրանց հարաբերությունը դիալեկտիկական է։ Հ․ Գևորգյան

ՏՐԱՆՍՑԵՆԴԵՆՏ ԹՎԵՐ իրական կամ կեղծ թվեր, որոնք ի տարբերություն հանրահաշվական թվերի, չեն բավարարում ամբողջ գործակիցներով ոչ մի հանրահաշվական հավասարման: Տ․ թ–ի գոյությունն առաջին անգամ ապացուցել է ժ․ Լիուվիլը (1844), հիմք ընդունելով իր մի թեորեմը, ըստ որի տրված իռացիոնալ հանրահաշվական թվի նկատմամբ տրված հայտարարով ռացիոնալ կոտորակի մոտավորության աստիճանը չի կարող կամայապես բարձր լինել։ Տ․ թ–ի գոյության մեկ այլ ապացույց տվել է Գ․ Կանտորը (1874), ելնելով այն բանից, որ բոլոր հանրահաշվական թվերի բազմությունը հաշվելի է, իսկ քանի որ բոլոր իրական թվերի բազմությունը անհաշվելի է, ուրեմն գոյություն ունեն Տ․ թ․՝ և այն էլ անհաշվելի «քանակությամբ»։ Ամեն մի Տ․ թ․ իռացիոնալ է, բայց ոչ բոլոր իռացիոնալ թվերն են տրանսցեն– դենտ։ Օրինակ, արմատ 2 իռացիոնալ թիվը տրանսցենդենտ չէ, քանի որ х2–2=0 հա վասարման արմատն է։ Տ․ թ․ են e-ն, π-ն։ Եթե α-ն հանրահաշվական թիվ է (α>0, α≠l), իսկ β–ն՝ իռացիոնալ, ապա αβ-ն տրանսցենդենտ է։

ՏՐԱՆՍՑԵՆԴԵՆՏ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ անալիտիկ ֆունկցիաներ, որոնք հանրահաշվական չեն (տես Հանրահաշվական ֆունկցիա)։ Տ․ ֆ–ի պարզագույն օրինակներ են ցուցչային ֆունկցիան, եռանկյունաչափական ֆունկցիան, լոգարիթմական ֆունկցիան։ Եթե Տ․ ֆ․ դիտարկենք որպես կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ, ապա նրանք անպայման կունենան բևեռներից և վերջավոր կարգի ճյուղավորման կետերից տարբեր եզակիություն (տես Եզակի կետ)։ Օրինակ, ez և sinz ֆունկցիաներն ունեն էապես եզակի կետ (z=∞), իսկ lnz ֆունկցիան՝ անվերջ կարգի ճյուղավորման կետեր (z=0, z– = օօ)։ Տ․ ֆ–ի տեսության հիմնավորումը տրվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությունում։ Հատուկ Տ․ ֆ․ ուսումնասիրվում են համապատասխան բնագավառներում (հիպերերկրաչափական, էլիպսական, բեսելյան ֆունկցիաների տեսություն ևն)։

ՏՐԱՆՍՑԵՆԴԵՆՏԱԼ միջնադարյան սխոլաստիկական փիլ-ից ժառանգված տերմին․ նշանակում էր կեցության մետաֆիզիկական-մտահասանելի տեսանկյուններին՝ տրանսցենդենտաлիաներին վերաբերող։ Նկատի ունենալով «տրանսցենդենտալիա» տերմինի վերկատեգորիական-մտահայեցողական իմաստը՝ Ի․ Կանտը Տ․ է անվանել իր իմացաբանական-տրամաբանական ուսմունքը, քանի որ դրանում հետազոտվում է ոչ թե բանականության կոնկրետ գործունեությունը, այլ հայեցողության ու բանախոհության ապրիորի ձևերը, որոնք հնարավոր են դարձնում փորձն ու նրա վրա հիմնված գիտելիքը (Տ․ ուսմունք զ ու տ բանականության հ ի մ ու ն ք ն ե ր ի մասին), ինչպես նաև այն ձևական պայմանները, որոնք համակարգված տեսքի են բերում բանականությունը (Տ․ ուսմունք զուտ բանականության մեթոդի մասին)։ Նորականտականության մարբուրգյան դպրոցը բնութագրվում է որպես Տ․–տրամաբանական, որքանով որ այն հետազոտում է գիտ․ գիտելիքի (մաթեմատիկայի և տեսական բնագիտության) օբյեկտիվ տրամաբանական վերջնական նախադրյալները։ «Տ․» տերմինը նույն իմաստով իր ֆենոմենոլոգիայում գործածում է է․ Հուսեռլը, երբ խոսքը վերաբերում է գիտակցության արտափորձային ու վերպատմական առաջնային կառուցվածքների վերհանմանը, որոնք ապահովում են գիտակցության իրական, առկա գործունեությունը։ Հ․ Գևորգյան

ՏՐԱՆՍՑԵՆԴԵՆՏԱԼԻԱՆԵՐ միջնադարյան սխոլաստիկական փիլ-յան մեջ՝ այն եզրային հասկացությունները, որոնք արտահայտում են ինքնին վերցրած կեցությունն ու նրա էական հատկությունները («միակը», «ճշմարիտը», «բարին» ևն)։ Տ․ դասվում էին փիլ․ կատեգորիաներից բարձր, եթե կատեգորիաներն անմիջական գործառնություն ունեն աշխարհի նկարագրության մեջ՝ որպես կեցության ընդհանրական ձևեր, և տրամաբանության մեջ՝ որպես ստորոգություններ, ապա Տ․ նկատի ունեն մետաֆիզիկական մտահայեցողական ճանաչողության առարկան՝ վերացական կեցությունն ու նրա նույնքան վերացական բնութագրությունները։ Դրանք առավել հարմարված էին աստվածային կեցության նկարագրության համար։ Հ․ Գևորգյան

ՏՐԱՆՍՈՒՐԱՆԱՅԻՆ ՏԱՐՐԵՐ, տարրերի պարբերական համակարգում ուրանից հետո գտնվող (Z>93) ռադիոակտիվ տարրերը։ Հայտնի են 15 Տ․ տ․, որոնք սինթեզվել են արհեստականորեն,