Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սահմանափակ կիրառություն։ Հոգնակին կազմվում է հիմնականում եր, ներ մասնիկներով։ Հոգնակի թվում բոլոր հոլովումներին պատկանող բառերը, բացառությամբ կին–կանայք, մարդ–մարդիկ և հավաքական ենք, անք, ոնք մասնիկներն ունեցող գոյականների, հոլովվում են միասնական ի հոլովմամբ։ Արևմտահայերենում հոլովվող խոսքի մասերը բնորոշվում են նույն քերականական կարգերով։ Տարբերություններ նկատվում են այդ կարգերի արտահայտման ձևերի, ենթակարգերի քանակի և դրսևորման մեջ։ Նշելի են հետևյալ էական տարբերությունները. արևմտահայերենում լիովին նույնացել են ուղղական և հայցական, սեռական և տրական հոլովները, իսկ ներգոյական ընդհանրապես չկա։ Այսպիսով կա ընդամենը 4 հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական։ Բացառականի վերջավորությունն է է։ Ստացական հոգնակիի դեպքում արևելահայերենում կիրառվում է ներ(ս) հոգնակիակերտը (տուններս), այն էլ միայն միավանկ բառերի դեպքում, իսկ արևմտահայերենում՝ երնի(ս) միավանկ բառերի և նի(ս) բազմավանկ բառերի դեպքում՝(տուներնիս, մառաննիս)։ Արևելահայերենում հոգնակին ենթարկվում է ի, իսկ արևմտահայերենում՝ ու ընդհանրական հոլովման։ Առկայացման կարգի մեջ արևմտահայերենում առկա է հետադաս մը անորոշ հոդը։ Արևելահայերենում անորոշ հոդը նախադաս է՝ մի (սահմանափակ կիրառությամբ), իսկ հիմնականում անորոշությունն արտահայտվում է հոդի բացակայությամբ։ Խոնարհման համակարգում դրսևորվում են եղանակի, ժամանակի, բայական սեռի, կերպի, թվի և դեմքի կարգերը, որոնք արտահայտվում են բայահիմքի ձևավորման, բայածանցների, դիմային վերջավորությունների, եղանակիչ նախամասնիկների միջոցով։ Խոնարհման հարացույցում ըստ կառուցվածքի աարբերակվում են համադրական և վերլուծական ձևեր։ Համադրական ձևերը կազմվում են բայահիմքի և նրան կցվող վերջավորությունների միջոցով, իսկ վերլուծությունները՝ դերբայով և օժանդակ բայով։ Գոյություն ունի խոնարհման երկու տիպ՝ ըստ ա և և խոնարհիչ ձայնավորների կամ լծորդությունների։ Բացի հարացույցային (դիմավոր) ձևերից հայերենի բայն ունի նաև անդեմ ձևեր կամ դերբայներ, որոնց մեջ առանձնացվում են ինքնուրույն կիրառություն ունեցող կամ բուն դերբայներ (անորոշ՝ գրել, հարակատար՝ գրած, ենթակայական՝ գրող, զուգընթացական՝ գրելիս) և ինքնուրույն կիրառություն չունեցող դերբայներ կամ վերլուծական ձևերի հիմքեր (անկատար՝ գրում, կատարելի կամ ապակատար՝ գրելու, վաղակատար՝ գրել, ժխտական՝ գրի)։ Դիմավոր բայերը, ըստ իրենց արտահայտած եղանակային իմաստի և վերջինիս դրսևորման միջոցների, բաժանվում են հինգ խմբի։ Ըստ այդմ տարբերակվում է 5 եղանակ, սահմանական (7 ժամանակային ձևերով՝ անկատար ներկա, անցյալ՝ գրում եմ, գրում էի, կատարելի ներկա, անցյալ՝ գրելու եմ, գրելու էի, վաղակատար ներկա, անցյալ՝ գրել եմ, գրել էի, և անցյալ կատարյալ՝ գրեցի), ըղձական (գրեմ, գրեի), պայմանական (կգրեմ, կգրեի), հարկադրական (պիտի գրեմ, պիտի գրեի), հրամայական (գրի՛ր)։ Կերպի կարգը հիմնականում կապվում է ներկայի և անցյալի (կատարյալ և ան կատար) հիմքերի ձևավորման հետ։ Հարացույցում կատարյալ և անկատար կերպերի երկանդամ հակադրություն չկա։ Հակադրությունը դրսևորվում է ամբողջ հարացույցում, անկատար կերպի ընդհանուր իմաստ ունեցող ձևերը [սահմանականի ներկա և անցյալ անկատարներ, կատարելի (ապառնի) ժամանակները, ըղձական, պայմանական, հարկադրական եղանակները, արգելական հրամայականը] կազմվում են ներկայի հիմքից, իսկ կատարյալության ընդհանուր իմաստ ունեցող ձևերը (սահմանականի անցյալ կատարյալ, մասամբ՝ անցյալ ժամանակաձևերը, բուն հրամայականը)՝ կատարյալի հիմքից։ Բայական սեռի կարգում առկա են եռանդամ և քառանդամ հակադրություններ։ Թվի կարգն ունի երկու ենթակարգ՝ եզակի և հոգնակի։ Դեմքի կարգի մեջ առկա է եռանդամ հակադրություն՝ առաջին դեմք՝ խոսող, երկրորդ դեմք՝ խոսակից, երրորդ դեմք՝ հաղորդակցման ակտին չմասնակցող անձ։ Դեմքի կարգը, նախորդ՝ թվի կարգի հետ, արտահայտվում է դիմային վերջավորությունների միջոցով։ Գրական արևմտահայերենում բային նույնպես հատուկ են նշված քերականական կարգերը, սակայն, խոնարհման տեխնիկայի տեսակետից կան զգալի տարբերություններ։ Սահմանական ներկա և անցյալ անկատարի կազմությունն ինքնին երկու գրական լեզուների ամենաէական տարբերակիչ հատկանիշներից մեկն է՝ արևելահայերեն՝ դերբայ + օժանդակ բայ, գրում եմ, արևմտահայերեն՝ ըղձական եղանակի բայաձև +կըեղանակիչ նախամասնիկը՝ կը գրեմ։ Արեվելահայերենի ա և և լծորդությունների դիմաց արևմտահայերենն ունի ե, ա, ի, ու (վերջինը սահմանափակ կիրառու թյամբ)։ Բայի սեռը արտահայտվում է ոչ միայն կրավորական ածանցի միջոցով, այլև լծորդության փոփոխությամբ՝ հմմտ․ շփոթել–շփոթվել, շփոթել–շփոթիլ։ Արևելահայերենում կ, պիտի մասնիկները եղանակիչներ են, իսկ արևմտահայերենում ժամանականիշ ձևույթների արժեք ունեն՝ կազմում են սահմանական եղանակի ներկա և անցյալ անկատար (կը գրեմ, կը գրեի) և ապառնի ժամանակաձևերը (պիտի գրեմ)։ Բայի անդեմ ձևերի՝ դերբայների կազմը գրեթե նույնն է (բացակայում է զուգընթացականը և անկատարը), սակայն նրանց ձևավորման և գործառույթների միջև նկատվում են տարբերություններ՝ վաղակատար դերբայը արևմտահայերենում ունի ր ածանցը փոխանակ լ–ի՝ գրեր, կարդացեր, իսկ հարակատարը, ի տարբերություն արևելահայերենի, հարացույցում կարող է լիարժեք ժամանակաձև կազմել՝ բերած եմ=բերել եմ։ ժամանակների համակարգում արևմտահայերենն ունի ներկա շարունակական (կը գրեմ կոր), որ չկա արևելահայերենում։ Ամբողջ հարացույցում երկու տարբերակներում էլ գերակշռում են համադրական ձևերը, սակայն եթե արևելահայերենում դրանք արտահայտվում են դերբայով և օժանդակ բայով, ապա արևմտահայերենում առկա է նախամասնիկավոր տիպը։

Շ ա ր ա հ յ ու ս ու թ յ ու ն․ ժամանակակից հայերենի շարահյուսությունն աչքի է ընկնում շարահյուսական կառույցների հարստությամբ ու բազմազանությամբ, շարահյուսական հարաբերությունների արտահայտման հստակությամբ, կապակցման միջոցների զարգացած համակարգով։ Պարզ նախադասության տիպական կառուցվածքն է SVO (Տ–ենթակա +V-ստո– րոգյալ + 0-խնդիր)։ Սակայն շարադասությունը բավական ազատ է և կարող է փոխվել՝ կախված տրամաբանական շեշտից և ոճական այլևայլ նկատառումներից։ Շարադասությունը քերականական արժեք ունի այն դեպքում, երբ ենթական ու խնդիրը ձևով համընկնում են, և դրանք կարելի է տարբերակել միայն իրենց գրաված դիրքով՝ մի մարդ տեսավ մի կին–մի կին տեսավ մի մարդ։ Բառի գրաված դիրքից է որոշվում նրա պաշտոնը (և խոսքիմասային պատկանելությունը) նաև մի շարք այլ դեպքերում, այսպես՝ ուշ գիշեր (ածական՝ որոշիչ) և ուշ վերադարձավ (մակբայ՝ պարագա)։ Կայուն շարադասություն գոյություն ունի անվանական կապակցության մեջ՝ լիացում–լրացյալ զույգի լրացումը սովորաբար նախադաս է՝ կարմիր մատիտ, աշակերտի գիրքը։ Բացահայտիչ–բացահայտյալ կապակցության մեջ նախադաս է գերադաս անդամը՝ մենք՝ ուսուցիչներս։ Պարզ նախադասության հաղորդակցական տիպերը դասակարգում են ըստ ձևաիմաստային և հնչերանգային առանձնահատկությունների, որոնք կարող են ուղեկցվել նաև եղանակավորող բառերով ու մասնիկներով։ Ընդունված է առանձնացնել հարցական, բացականչական, շեշտական (հրամայական) և չեզոք (պատմողական) նախադասություններ։ Հարցումն արտահայտվում է կա՛մ հարցական բառով և հնչերանգով, կա՛մ միայն հնչերանգով։ Կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունենում, բացի օժանդակ բայի կամ հանգույցի տեղափոխումից՝ ո՞ւր ես գնում, ո՞վ է մեղավոր։ Հրամայական նախադասություններում ստորոգյալը դրվում է հրամայական եղանակով կամ պայմանական և ըղձական եղանակների երկրորդ դեմքով՝ գնա՛, կգնա՛ս, գնայի՛ր, տեսնեի՛ր։ Բացականչական նախադասությունների համար բնորոշ է զգացմունքակամային եղանակավորող բառերի ու մասնիկների, ինչպես նաև ձայնարկությունների առկայությունը։ Պարզ նախադասության կառուցվածքային տիպերը դասակարգելիս առանձնաց վում են նախ միակազմ և երկկազմ, ապա, առաջին տիպի մեջ՝ դիմավոր միակազմ (ձևական դիմավոր, անորոշ դիմավոր, ընդհանրական դիմավոր) և անդեմ միա