Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ա․ ծ․ կարելի է չափել բնաձևով և արժեքային ցուցանիշներով։ Այն ձեռնարկություններում կամ արտադրամասերում, որտեղ արտադրվում է միայն մի տեսակ արտադրանք (ածուխ, ցեմենտ, նավթ, անտառանյութ ևն), չափվում է բնաիրային ցուցանիշներով (ց, մ², հատ, լ ևն)։ Արտադրանքի մի քանի տեսակներ արտադրելու դեպքում չափվում է արժեքային ցուցանիշներով։ Ա․ ծ․ ՍՍՀՄ–ում արտահայտվում է համախառն արտադրանքի արժեքով։ Արդ․ արտադրանքի տարբեր տեսակների գնահատման համար մինչև 1951-ը կիրառվում էին 1926–27-ի գները, 1967-ի օգոստոսից՝ նոր մեծածախ գները։ Գյուղատնտեսության Ա․ ծ․ չափելու համար օգտագործվում են գյուղատնտ․ մթերքների 1965-ի պետական գնման գները։

Հ.Գրիգորյան

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, աշխատուժի, աշխատանքի գործիքների, առարկաների արդյունավետ և ռացիոնալ համակցում՝ տնտեսական պլանները քանակական և որակական ցուցանիշներով կատարելու նպատակով։ Ա․ կ–ման խնդիրն է ուսումնասիրել հասարակական արտադրության մեջ սոցիալիզմի տնտ․ օրենքների կիրառման ուղիները, ձևերն ու մեթոդները և դրանց հիման վրա կենսագործել պետական տնտ․ պլանները, հայտնաբերել աշխատանքի արտադրողականության բարձրացման ռեզերվները, մշակել արտադրության կառուցվածքը կատարելագործելու, արտադրական ֆոնդերը լավագույն ձևով օգտագործելու եղանակներ։ Ա․ կ–ման կատարելագործումը կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման անհրաժեշտ նախադրյալն է։ Ա․ կ–ման հիմքում ընկած են մի շարք ընդհանուր սկզբունքներ՝ մասնագիտացում, կոոպերացում, համամասնություն, զուգահեռություն, անընդհատություն, համաչափություն ևն։ Արտադրական պրոցեսի կառավարման և մատակարարման կազմակերպումն ընդգրկում է արտադրության տեխնիկական նախապատրաստումը, աշխատանքի կազմակերպումը, արտադրության պլանավորումը, օժանդակ տնտեսությունների և արտադրության սպասարկման կազմակերպումը, արտադրության հաշվարկն ու տեխնիկական վերահսկողությունը, արտադրության կառավարումը։ Ա․ կ–ման ձևերը պայմանավորող ամենակարևոր գործոններից են արտադրանքի կոնստրուկտիվ–տեխնոլոգիական առանձնահատկությունները, արտադրության չափերը և ձեռնարկության մասնագիտացման բնույթն ու աստիճանը։ Արտադրական պրոցեսների կատարելագործմամբ փոփոխվում ու զարգանում են Ա․ կ–ման ձևերն ու մեթոդները։

Լ․ Վարդանյան

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, արտադրության ղեկավարման կազմակերպում։ Իրականացվում է համապատասխան մարմինների համակարգի միջոցով, որն անհրաժեշտ է ժամանակակից միջճյուղային և ներճյուղային բազմապիսի կապերով հարուստ հասարակական արտադրության բնականոն զարգացման համար։ «Համեմատաբար խոշոր չափերով կատարվող անմիջաբար հասարակական կամ համատեղ ամեն մի աշխատանք ավելի կամ պակաս չափով կարիք ունի կառավարման․․․» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, 1954, էջ 348)։ Սոցիալիստական Ա․ կ–ման խնդիրն է, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումները արտադրության մեջ արմատավորելու միջոցով, ապահովել հասարակական արտադրության առավել արդյունավետությունը։ Իրականացվում է տնտեսավարման գիտական սկզբունքների, տնտ․ և քաղ․ ղեկավարման միասնության, դեմոկրատական ցենտրալիզմի, միանձնյա ղեկավարության, աշխատավորների նյութական և բարոյական շահագրգռվածության և այլ գործոնների հիման վրա։ Դրանք որոշում են սոցիալիստական արտադրության ղեկավարման հիմնական ուղղությունները, տնտ․ մարմինների իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները ձեռնարկությունների, միավորումների և այլ կազմակերպությունների հետ։ Ա․ կ–ման սկզբունքները իրականացվում են տնտ․ ղեկավարման մեթոդների միջոցով (տնտ․ կազմակերպական և դաստիարակչական), որոնցից կարևորագույնը տնտ․ հաշվարկն է։ Ա․ կ–ման հիմնական միջոցը պլանավորումն է։ Արտադրական ձեռնարկությունների ղեկավարումն իրականացնում են մինիստրությունները՝ գըլխավոր վարչությունների միջոցով։ Խոշոր արտադրական միավորները, կոմբինատները, տրեստները հաճախ անմիջականորեն ենթարկվում են մինիստրություններին։

Մ. Վարդանյան

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, խոշոր ձեռնարկություններում արտադրության միջոցների, աշխատուժի և արտադրանքի առավել մեծ չափերով կենտրոնացում։ Կապիտալիզմի պայմաններում կատարվում է տարերայնորեն նախ կապիտալի կուտակման միջոցով, երբ հավելյալ արժեքի մի մասը կապիտալացվում է։ Այն տեղի է ունենում նաև խոշոր տնտեսությունների կողմից մրցակցային անողոք պայքարում մանր ու միջակ տնտեսությունները դուրս մղելու և կլանելու ճանապարհով։ Ա․ հ․ ուղեկցվում է արտադրության տեխնիկայի զարգացմամբ, խթանում է կապիտալի օրգանական կազմի աճը և պայմանավորում շահույթի նորմայի անկման միտումը։ Այդ իրողությունը կանխելու նպատակով կապիտալիստն ավելի է մեծացնում արտադրության չափերը։ Ա․ հ–ման զարգացման բարձր աստիճանում ստեղծվում են մոնոպոլիաներ, որոնց տիրապետությունը իմպերիալիզմի բնորոշ առանձնահատկությունն է։ Արդի կապիտալիզմի պայմաններում Ա․ հ–ման համար կարևոր է պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացումը, արտադրության միջոցների պետական սեփականության դերի և տեսակարար կշռի մեծացումը։ Ա․ հ–ման իրողությունը հատկանշական է կապիտալիստական բոլոր երկրներին, մասնավորապես իմպերիալիզմի դարաշրջանում, երբ մոնոպոլիստական կապիտալն ունի տիրապետող դիրք։ Այսպես, ԱՄՆ–ի արդ․ 500 ամենամեծ ընկերությունները թողարկում են երկրի արդ․ արտադրանքի շուրջ 60%-ը։ Կապիտալիստական երկրների 1000–1500 մոնոպոլիաներ վերահսկում են համաշխարհային կապիտալիստական արտադրության համարյա կեսը։ Ա․ հ․ աննախընթաց չափով սրում է դասակարգային հակասությունները կապիտալիստական հասարակարգում և ստեղծում սոցիալիզմի նյութական նախադրյալներ։

Մոնոպոլիստական Ա․ հ–ման ուժեղացման գործոն է միջազգային մրցակցությունը, որը զարգանում է, հատկապես, իմպերիալիստական ինտեգրացիայի կապակցությամբ։ Այսպես, եվրոպական տնտեսական համագործակցության («ընդհանուր շուկա») և մոնոպոլիստական կապիտալի միջպետական այլ միավորումների անդամ երկրներում մոնոպոլիաները ձգտում են համախմբել իրենց ուժերը, որպեսզի ընդդիմանան մյուս երկրների մըրցակցությանը։ Բացի այդ, առաջ է գալիս տարբեր երկրների մոնոպոլիաների միջև համաձայնություններ կայացնելու և դրանք միավորելու անհրաժեշտություն։ Այդ ամենը հանգեցնում է կապիտալի և արտադրության համաշխարհային համակենտրոնացման ուժեղացման։

Սոցիալիստական հասարակարգում Ա․ հ․ իրականացվում է պլանաչափորեն և ենթարկված է սոցիալիզմի հիմնական տնտ․ օրենքին։ Ա․ հ–ման մակարդակով ՍՍՀՄ աշխարհում գրավում է առաջին տեղը։

ՍՍՀՄ–ում 1971-ին խոշոր ձեռնարկությունները (1000-ից ավելի բանվոր ունեցող) կազմում էին ձեռնարկությունների ընդհանուր թվի 10,9%-ը, սակայն կենտրոնացնում էին բանվորական ուժի 61,5%-ը, արտադրության ծավալի 60,1%-ը և օգտագործում ողջ էլեկտրաէներգիայի 82,7%-ը։ Չնայած Ա․ հ–ման բարձր մակարդակին, ՍՍՀՄ–ում 1971-ին մինչև 200 բանվոր ունեցող ձեռնարկությունները կազմում էին ձեռնարկությունների ընդհանուր թվի 54,9%-ը։ Տնտեսության սոցիալիստական սիստեմը հնարավորություն է տալիս կենտրոնացնելու կուտակվող միջոցները մեկ միասնական ամբողջության մեջ և ստեղծելու խոշոր ձեռնարկություններ, կոմբինատներ, որոնք ապահովում են հումքի և մնացուկների համալիր օգտագործումը և գործող ձեռնարկությունների խոշորացումը։ Ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում առաջավոր տեխնիկայի արմատավորումը արագացնում է Ա․ հ–ման տեխնիկական հզոր բազայի ստեղծումը։ Ա․ հ․ նպաստում է ձեռնարկության արտադրական պլանների հիմնավորմանը և մանրամասն մշակմանը, օպտիմալ պլանավորման մեթոդների զարգացմանը։ Մանր ձեռնարկությունների համեմատությամբ խոշոր ձեռնարկություններն ունեն աշխատանքի քանակական և որակական առավել բարձր ցուցանիշներ։

Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954 (գլուխ 22–24)։ Լենին Վ․ Ի․, Արտադրության համակենտրոնացումը Ռուսաստանում, Երկ․, հ․ 18։ Նույնի, Ագրարային հարցը և «Մարքսի քննադատները», Երկ․, հ․ 5 (գլուխ 3, 5, 6, 9)։ Նույնի, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Сачко Н․ С․, Концентрация