производства в промышленности, М., 1968: Лившиц Р. С., Эффективность концентрации производства в промышленности СССР, М., 1971.
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, նյութական բարիքների արտադրության համար օգտագործվող աշխատանքի միջոցների ու առարկաների համակցություն։ Աշխատանքի միջոցներ են այն իրերը, որոնցով մարդը աշխատանքի պրոցեսում նյութական բարիք ստեղծելու նպատակով ներգործում է աշխատանքի առարկաների վրա (մեքենաներ, սարքավորում, շարժիչներ, արտադրական շենքեր և կառույցներ, բեռների փոխադրման, կապի միջոցներ ևն)։ Աշխատանքի համընդհանուր միջոց է հողը։ Աշխատանքի միջոցների որոշիչ տարրը արտադրության գործիքներն են (մեքենաներ, սարքավորում են)։ Դրանց դերը որոշիչ է նաև հասարակական հարաբերությունների զարգացման մեջ։ Մարդկային աշխատանքով մշակվող ու ձևափոխվող իրերը կոչվում են աշխատանքի առարկաներ, կան անմիջականորեն բնությունից տրված Ա․ մ․ (քարածուխ, նավթ, բնական գազ ևն) և արտադրության նախնական փուլով անցած առարկաներ (հումք), որ օգտագործվում են նոր բարիքներ ստեղծելու համար։ Լինելով աշխատանքի համընդհանուր միջոց՝ հողը նաև աշխատանքի կարևորագույն առարկա է։ Ա․ մ–ի զարգացման մակարդակը և աստիճանը բնության նկատմամբ մարդու ունեցած տիրապետության ցուցքանիշն է։ Մարդկանց արտադրական փորձի, հմտության և գիտելիքների հետ մեկտեղ անընդհատ զարգանում ու կատարելագործվում են արտադրության գործիքները։ Ա․ մ–ի հասարակական բնույթը պայմանավորված է սեփականության ձևերով։ Բուրժուական հասարակարգում Ա․ մ․ առանձին կապիտալիստների կամ մոնոպոլիստական միավորումների սեփականություն են և վարձու աշխատանքի շահագործման միջոց՝ կապիտալի ձևով։ Սոցիալիզմի ժամանակ Ա․ մ․ հանրային սեփականություն են և կազմում են արտադրական ֆոնդերի առարկայական բովանդակությունը։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԱԳ ԱՃՄԱՆ ՕՐԵՆՔ, ընդլայնված վերարտադրության օբյեկտիվ տնտեսական օրենք․ դրսևորվում է սպառման առարկաների արտադրության նկատմամբ արտադրության միջոցների արտադրության առավել արագ աճի ձևով։ Արտադրողական ուժերի զարգացման և տեխ․ առաջընթացի շնորհիվ արտադրության մեջ տիրապետող է դառնում մեքենայական աշխատանքը։ Արտադրության համալիր մեքենայացումը և ավտոմատացումը, հումքի ու նյութերի մեծ չափերով օգտագործումը ենթադրում է սպառման առարկաների արտադրության համեմատությամբ արտադրության միջոցների առավել արագ աճ։ Ընդ որում, վերջինիս համար անհրաժեշտ արտադրության միջոցների արտադրությունը ավելի արագ է աճում, քան սպառման առարկաների համար արտադրության միջոցների արտադրությունը։ Այն որոշում է էկոնոմիկայի կառուցվածքի առաջադիմական փոփոխությունները, արտադրության տեխնիկայի զարգացման տեմպերը և, հետևաբար, հասարակական աշխատանքի արտադրողականության մակարդակը։ Կապիտալիստական հասարակարգում փոփոխուն կապիտալի նկատմամբ հաստատուն կապիտալի արագ աճի օրենքն ինքնին ենթադրում է արտադրության միջոցների առավել արագ աճ՝ սպառման առարկաների նկատմամբ։ Այդ օրենքը իր համար ուղի է հարթում կապիտալիստական արտադրության և սպառման միջև գոյություն ունեցող հակամարտ հակասության պայմաններում։ Ի վերջո, արտադրության միջոցների արտադրությունը չի կարող զարգանալ սպառման առարկաների արտադրությունից անկախ։ Սպառման սահմանափակ շրջանակները կաշկանդում են արտադրության միջոցների և ընդհանրապես արտադրության աճի հնարավորությունները։ Սոցիալիստական հասարակարգում արտադրության միջոցների առավել աճի օրենքն ապահովում է ընդլայնված վերարտադրության անընդհատ ու բարձր տեմպերը և սպառման առարկաների նկատմամբ բնակչության մեծացող պահանջմունքների բավարարումը։ Տեխնիկական առաջադիմության հիման վրա ընդլայնված վերարտադրությունը ենթադրում է ոչ միայն արտադրության միջոցների տեսակարար կշռի բարձրացում, այլև դրանց աճի ավելի բարձր տեմպեր՝ ինչպես արտադրության միջոցների, այնպես էլ սպառման առարկաների արտադրությունը տեխնիկապես զինելու համար։ Այդ օրենքի գործողությունը անխուսափելիորեն կապված է ժողովրդական տնտեսության պլանաչափ համամասն զարգացման օրենքի հետ։ Արտադրության միջոցների արտադրության առավել արագ զարգացման անհրաժեշտությունը հաշվի է առնվում ժողովրդատնտեսական պլաններում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության, դրանց ճյուղերի միջև կոնկրետ համամասնություններ սահմանելիս։ Ժողովրդական տնտեսության զարգացման տարբեր փուլերում, ելնելով տնտ․ ու քաղ․ խնդիրների պահանջներից, սահմանվում է արտադրության միջոցների և սպառման առարկաների արտադրության զարգացման տեմպերի որոշակի հարաբերակցություն։ Ինդուստրացման սկզբնական շրջանում զգալի չափով բարձր են եղել արտադրության միջոցների արտադրության աճի տեմպերը։ Առաջին հնգամյակի տարիներին դրանք 2,4 անգամ գերազանցել են սպառման առարկաների տարեկան միջին աճի տեմպերը։ Զարգացման արդի փուլում, երբ ստեղծվել է հզոր ծանր ինդուստրիա, մերձենում են հասարակական արտադրության I և II ստորաբաժանումների աճի տեմպերը։ Եթե 1961-1965-ին արդյունաբերության մեջ արտադրության միջոցների արտադրությունն աճել է 58, իսկ սպառման առարկաներինը՝ 36%-ով, ապա 8-րդ հնգամյակում (1966-1970) տեմպերը համարյա եղել են միատեսակ․ արտադրության միջոցների արտադրությունն աճել է 51, իսկ սպառման առարկաներինը՝ 49%–ով։ Առանձին ժամանակաշրջաններում նույնիսկ հնարավոր է սպառման առարկաների արտադրության աճի տեմպերի գերազանցում։ 1971-ին արտադրության միջոցների արտադրությունն աճել է 7,7, իսկ սպառման առարկաներինը՝ 7,9%-ով։ 1971–75-ին, արդյունաբերական արտադրանքի 47% ընդհանուր աճի պայմաններում, արտադրության միջոցների արտադրությունն աճեց 46,3, իսկ սպառման առարկաներինը՝ 48,6%-ով։ Սակայն դա չի վերացնում ընդհանուր օրինաչափությունը՝ արտադրության միջոցների արտադրության առավել արագ աճը։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ, նյութական արտադրության ոլորտ, ժողովրդական տնտեսության ճյուղերի ամբողջություն, ուր արտադրվում և սպառողին են հասցվում նյութական բարիքներ։ Ա․ ո–ի մեջ են մտնում արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը, կապը, նյութատեխնիկական մատակարարումը, առևտուրը և հասարակական սնունդը։ Ա․ ո–ում ներդրված աշխատանքն ստեղծում է հասարակական արդյունք, ազգային եկամուտ։ Նյութական արտադրության աշխատողները ապահովում են ոչ նյութական արտադրության ոլորտի աշխատողների գործունեությունը։ Վերջինիս զարգացման պայմանը աշխատանքի արտադրողականության բարձրացումն է՝ գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների ներդրման հիման վրա։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՌԻԹՄ, ձեռնարկությունում ժամանակի որոշակի հատվածում արտադրանքի համաչափ թողարկումը նախապես կազմված գրաֆիկով և սահմանված տեսականուն համապատասխան, որ ապահովվում է ձեռնարկության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների համաձայնեցված և համաչափ ընթացքով։ Ա․ ռ․ ձեռնարկության բոլոր օղակներում արտադրանքի թողարկման գրաֆիկով սահմանված որակական և քանակական առաջադրանքների մշտական համաչափ կատարումն է ամսվա բոլոր օրերի ընթացքում։ Այն ապահովվում է ներգործարանային հստակ պլանավորումով և նյութատեխնիկական մատակարարման աշխատանքների ճկուն կազմակերպմամբ։ Ձեռնարկության բոլոր օղակներում Ա․ ռ․ ապահովելու նպատակով աշխատանքը կազմակերպվում է նախօրոք մշակված ժամային և օրական գրաֆիկով, որը՝ ա․ ելնում է ձեռնարկության իրական հնարավորություններից և արտադրական տարբեր օղակների կարողություններին համեմատ ճիշտ համամասնություններ սահմանելու սկզբունքից, բ․ հենվում տեխնիկա–տնտեսական առաջավոր նորմաների, առաջավորների փորձի, նորարարների ստուգված առաջարկությունների տվյալների վրա, գ․ ընդգրկում է հիմնական և օժանդակ արտադրապրոցեսները, հիմնական և օժանդակ արտադրամասերը, նորոգման, տրանսպորտային, էներգետիկ, պահեստային և այլ ծառայությունները։ Արտադրության ռիթմիկ կազմակերպումն ապահովում է կոոպերացված ձեռնարկությունների անխափան աշխատանքը, տվյալ ձեռնարկության արտադրական կարողությունների