Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևույթ են Տիեզերքում, այնպես որ մեր քաղաքակրթությունը, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի միայն որպես «եզակի օրինակ»։

Կյանքի լայն տարածվածության օգտին փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. ներկայումս աստղագիտական դիտումներով ընդգրկված է տարածության մի քանի մլրդ․ լուսատարի շառավղով մի ծավալ, որի մեջ մտնում են շուրջ 1010 գալակտիկաներ՝ 1021 աստղերով։ Ժամանակակից աստղագիտության տվյալները ցույց են տալիս, որ Տիեզերքի դիտվող սահմաններում իրավացի են ֆիզիկայի հիմնական օրենքները, ամենուրեք նկատվում է քիմիական գրեթե նույն բաղադրությունը։ Մեր Արեգակը շարքային աստղ է շարքային գալակտիկայում։ Գոյություն չունի աստղագիտական կամ ֆիզիկաքիմիական որևէ բնութագրային մեծություն, որը թույլ տար Արեգակնային համակարգությունը առանձնացնել դիտման համար հասանելի 1021 աստղերի համակարգերի շարքից։ Խիստ զարմանալի կլիներ, եթե այդ հսկայական թվով աստղերի մեջ միայն մեկի՝ մյուս աստղերից ոչնչով չտարբերվող Արեգակի շուրջը գոյանար կյանք և զարգանար գիտակցություն։ Միաժամանակ 1960-ական թթ․ ստացվել են լուրջ փաստարկներ, որոնք վկայում են մոլորակային համակարգությունների լայն տարածվածության մասին։ Ընդ որում, ժամանակակից տիեզերագիտական տեսությունները, ի տարբերություն XX դ․ սկզբներին տիրապետող «աղետալի» կոնցեպցիաների (օր․ Ջինսի հայտնի հիպոթեզը), չեն հակասում այդ եզրակացությանը։ Խիստ կոպիտ և հիպոթեզային գնահատմամբ Տիեզերքում մեկ քաղաքակրթությունը պետք է բաժին ընկնի 106-1012 աստղի։ Հետևաբար, քաղաքակրթությունների միջև եղած միջին հեռավորությունը պետք է կազմի առնվազն մի քանի հարյուր լուսատաարի։

Ակադեմիկոս Վ․ Համբարձումյանը Ա․ ք-ի պրոբլեմը բաժանում է երեք մասի․ 1․ հեռավոր մոլորակային համակարգերում կյանքի և քաղաքակրթության զարգացման համար աստղագիտական նախադրյալների առումով Ա․ ք-ի հարցը, 2․ Ա․ ք-ի հայտնաբերման և նրանց միջև կապի (առաջին հերթին նրանց հետ մեր կապի) խնդիրը, 3․ լեզվի և հաղորդվելիք ինֆորմացիայի բովանդակության պրոբլեմը։ Կասկածից վեր համարելով այնպիսի տիեզերական օբյեկտների բազմաքանակության հարցը, որոնց վրա ներկայումս գոյություն ունեն կյանք և քաղաքակրթություն, նա առաջադրում է քաղաքակրթությունների միջև զարգացածության տեխնիկական մակարդակների հնարավոր տարբերության խոր հետազոտման հարցը։ Տիեզերքում գիտակցական կյանքի գոյության և զարգացման պրոբլեմի վերաբերյալ առաջին համամիութենական խորհրդակցությունը տեղի է ունեցել Բյուրականում, 1964-ի մայիսի 20-23-ին։ Խորհրդակցությունը մշակեց հանձնարարականներ, ընդունեց որոշում՝ շեշտելով, որ Տիեզերքում գիտակցական կյանքի գոյության և զարգացման պրոբլեմի լուծումն ունի գիտական և աշխարհայեցական մեծ նշանակություն։ Խորհրդակցությունում կազմվեց միջաստղային կապերի հանձնաժողովի բյուրո՝ բաղկացած 7 հոգուց։ Բյուրականի աստղադիտարանից բյուրոյի կազմի մեջ ընտրվեց ֆիզմաթ գիտ․ դ–ր Հ․ Մ․ Թովմասյանը։ Ներկայումս աստղագիտության և կենսաբանության նվաճումները հնարավորություն են տալիս Ա․ ք-ի ուսումնասիրման հարցը դնել գիտական ամուր հիմքերի վրա։ Ռադիոտեխնիկայի ժամանակակից մակարդակը հնարավորություն է ընձեռում հեռավոր միջաստղային ռադիոկապի համար։ Ռադիոաստղագիտությունը հարուստ փորձ է կուտակել մինչև միլիարդավոր լուսատարի հեռավորությունների վրա տիեզերական ռադիոաղբյուրներ հայտնաբերելու և վերլուծելու գործում։ Կիբեռնետիկայի, լեզվի ընդհանուր տեսության և հետազոտման մաթեմատիկական մեթոդների զարգացումը անհրաժեշտ միջոցներ է տալիս Ա․ ք–ից ինֆորմացիա ստանալու և հաղորդելու օրինաչափությունները հետազոտելու համար։

Գրկ․ Внеземные цивилизации, труды совещания, Бюракан, 20-23 мая 1964 г․, Е․, 1965; Населенный Космос, сборник, М․, 1972․

Ա․ Քյուրքչյան

ԱՐՏԱԶ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Ամատունի նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Համապատասխանում է այժմյան Մակու գավառին (Իրան)։ Ըստ Մովսես Խորենացու, նախապես կոչվել է Շավարշան (Շավարշական) և Արտաշես Ա–ի ժամանակ այստեղ են բնակեցրել Ալանաց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառից բերած գերիներին, որից և այն ստացել է իր նոր անունը։ Ա-ով էր անցնում Արշակունյաց Հայաստանի հինգ մեծ ճանապարհներից մեկը՝ Արտաշատ–Եկբատան (այժմ՝ Համադան) ուղին, որը նշված է Հին Հռոմեական (Պևտինգերյան) քարտեզում։ VIII դ․ 2-րդ կեսից, Ամատանիների արտագաղթից հետո, Ա․ դարձել է Արծրունիների սեփականությունը, 885-ից մտել Բագրատունյաց, 908-ից հետո՝ Վասպուրականի թագավորության մեջ։ XIII-XV դդ․ Ա–ում իշխել է հայ ֆեոդալական մի գերդաստան, որի նստավայրն էր Մակու ամրոցը։ XVI դ․ սկզբին Ա․ մտել է Մակվի խանության մեջ․ Ա․ գավառով հոսում է Տղմուտ գետը։ Այնտեղ է Ավարայր գյուղը և համանուն դաշտը, որտեղ 451-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը։ Ավարայրից ոչ հեռու, Ներսեհապատ գյուղում 482-ին տեղի ունեցած ճակատամարտում հայերը պարտության են մատնել պարսկական բանակը։ Ավարայրի մոտ է նաև Ս․ Թադեոս վանքը, որը նշանավոր ուխտատեղի է։ Մակվի մերձակայքում էր Եղինդ (այժմ՝ Երինդ) գյուղը, ուր վարել են Նվարսակի պայմանագրին (484) վերաբերող նախնական բանակցությունները։ Ա–ում էր նաև Շավարշան գյուղաքաղաքը (այժմ՝ Մակու), ինչպես և Ծործորի վանքը, որը հայտնի էր իր դպրոցով և գրչության կենտրոնով։

Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Խաչիկյան Լ․, Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «ԲՄ», 1973, № 11։

Վ․ Վարդանյան

ԱՐՏԱԶՅԱՆ Ղազար Բարսեղի (Արտազով Լազար Վասիլի, 1857-1924), հայ նկարիչ։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիայում։ 1890-ական թթ․ մասնակցել է նկարիչների պետերբուրգյան ցուցահանդեսներին։ 1900-ին տեղափոխվել է Թիֆլիս։ Նկարել է առավելապես կանանց մարմիններ և կենցաղային թեմաներով պատկերներ, որոնցից են «Դաշնակահարը», «Սրճարան Փարիզում», «Ճոճանակի մեջ» գործերը։ 1913-ին Ա․ կորցրել է տեսողությունը։ 1920-ին մեկնել է Փարիզ բուժվելու, որտեղ և մահացել է։

ԱՐՏԱԹՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ Ա․ հ․։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։ Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները են, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։ Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները (միզանյութ, միզաթթու, կրեատինին, ամոնիակ), ինչպես նաև որոշ իոններ (նատրիում, կալիում, ֆոսֆոր), ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։ Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Ս․ Բակունց

ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ, աշխատանք, որը կատարվում է ադմինիստրացիայի կարգադրությամբ աշխատողների տվյալ կատեգորիայի համար սահմանված նորմալ աշխատաժամանակից դուրս։ Սովետական