Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրենսդրությունը, որպես կանոն, Ա․ ա․ չի թույլատրում։ Նախատեսված բացառիկ դեպքերում այն կարող է կատարվել միայն ֆաբգործտեղկոմների թույլտվությամբ։ Ա․ ա–ի ընդհանուր չափը մեկ աշխատողի համար տարվա ընթացքում չպետք է գերազանցի 120 ժ-ից, իսկ երկու իրար հաջորդող օրերի ընթացքում՝ 4 ժ-ից։ Արգելվում է Ա․ ա–ի ներգրավել 18 տարին չլրացրած անձանց, հղի կանանց և փոքրահասակ երեխա ունեցող մայրերին, թոքախտով հիվանդներին։

ԱՐՏԱԽՈՒՅՐ, Արտախուր, հայկական հեթանոսական տոմարի Ավելյաց ամսի 4-րդ օրվա անունը։

ԱՐՏԱԾԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, էքսոգեն հանքավայրեր, արտածին պրոցեսների հետևանքով առաջացած հանքավայրեր։ Ա․ հ․ են ածխի, բոքսիտի, մանգանի, երկաթի և այլ օգտակար հանածոների նստվածքային և ցրոնային հանքավայրերը։

ԱՐՏԱԾԻՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, էքսոգեն պրոցեսներ, Երկրի մակերևույթին կամ երկրակեղևի փոքր խորություններում տեղի ունեցող պրոցեսներ, որոնք պայմանավորված են Արեգակի ճառագայթային էներգիայի, ծանրության ուժի ներգործությամբ, ինչպես նաև օրգանիզմների կենսագործունեությամբ։ Ա․ պ․ են հողմնահարումը, էրոզիան, ալեբախումը, սառցադաշտերի, քամու, ստորերկրյա ջրերի գործունեությունը։ Ա․ պ–ի հետևանքով տեղի է ունենում ապարների քայքայում, նրանց բեկորների կամ լուծանյութերի տեղափոխություն, նոր ապարների և ռելիեֆի տարբեր ձևերի առաջացում։ Տեղափոխման կարգավորիչ և ուղղատու գործոններն են հոսող ջուրը և ծանրության ուժը։ Ա․ պ–ին հակադրվում են ներծին պրոցեսները։ Տես նաև Դինամիկական երկրաբանություն։

ԱՐՏԱԿԱՐԳ ԲՅՈՒՋԵ, պետական դրամական եկամուտների և ծախսերի հատուկ նախահաշիվ։ Բյուջեի բաժանումը սովորականի և արտակարգի արհեստական բնույթ ունի, քանի որ Ա․ բ–ի մեջ մտնում են այնպիսի եկամուտներ և ծախսեր, որոնք կարող էին մնալ նաև սովորական բյուջեում։ Բուրժուական կառավարությունները օգտագործում են բյուջեի այսպիսի բաժանում՝ պետության իրական ֆինանսական վիճակը, պակասորդը, այս կամ այն ծախսերի իսկական չափը քողարկելու համար։ ՍՍՀՄ–ում Ա․ բ․ գոյություն չունի, նախահեղափոխական Ռուսաստանում օրինականացված Ա․ բ–ի կազմումը վերացվեց սովետական իշխանության օրոք՝ 1919-ին։ Այդ ժամանակից ի վեր սովետական բյուջեի համար հետևողականորեն իրագործվում է պետական բյուջեի միասնականության սկզբունքը։

Կ․ Աբգարյան

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ, հատուկ իրավական վիճակ։ Հայտարարվում է, երբ խախտվում են տվյալ երկրի կյանքի նորմալ պայմանները (տարերային աղետ, պատերազմ, իրավակարգի կործանման վտանգ ևն)։ Ա․ դ–յան ժամանակ, որպես կանոն, ուժեղացվում են պետական իշխանության և կառավարման մարմինների լիազորությունները, խստացվում է պետական և հասարակական կարգի պահպանման հսկողությունը, սահմանափակվում են բնակչության քաղաքացիական իրավունքները։ ՍՍՀՄ–ում Ա․ դ․ կարող են հայտարարել պետական իշխանության բարձրագույն մարմինները։

ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՐԿԵՐ, պետությունները սահմանում են առանձնահատուկ պայմաններում, ի տարբերություն սովորական հարկերի, որոնք գոյություն ունեն տարիներ շարունակ և գանձվում են սիստեմատիկաբար։ Կապիտալիստական երկրներում Ա․ հ․ կիրառվում են, որպես կանոն, պատերազմների, տնտեսական ճգնաժամերի ժամանակ, կամ երբ առաջ են գալիս սուր դասակարգային բախումներ։ Ա․ հ–ի օրինակ է«Հաղթանակի հարկը», որը մտցվեց ԱՄՆ–ում, 1942-ին, «Երկրի ազատագրության հարկը», որը կիրառվեց Ֆրանսիայում, 1945-ին։

Կ․ Աբգարյան

ԱՐՏԱԿԱՐԳ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, բացառիկ օրենքներ, որոնք հրապարակվում են երկրում ռազմական, պաշարողական դրություն հայտարարելու և այլ դեպքերում։ Ա․ օ–յամբ կառավարությունն օժտվում է հատուկ լիազորություններով։ Տե՛ս Արատակարգ դրություն։

ԱՐՏԱԿԵՆՏՐՈՆԱԿ, սկավառակ, որի պտտման առանցքը չի համընկնում իր երկրաչափական առանցքին։ Օգտագործվում է մեխանիկական արտակենտրոնակավոր մամլիչներում, պլունժերային պոմպերում են։ Ա․ լիսեռի պտտական շարժումը փոխակերպում է սողանի համընթաց շարժման։

ԱՐՏԱԿՆՈՒԹՅՈՒՆ, էքսօֆթալմիա, ակնագնդի արտահրումն ակնակապճից։ Պատճառները՝ ետակնագնդային ուռուցքներ և արյունազեղումներ, ակնակապճի ճարպաբջջանքի և վերնոսկրի բորբոքումներ, արյան շրջանառության խանգարումներ, վահանագեղձի ախտահարումներ (տե՛ս Բազեդովյան հիվանդություն)։ Ա–յան ժամանակ ակնագնդի շարժումները երբեմն սահմանափակվում են ընդհուպ մինչև լրիվ անշարժացումը։ Բուժումը՝ Ա․ առաջացնող պատճառի վերացում դեղանյութերով կամ վիրաբուժական միջամտությամբ։

Ս․Մալայան

ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ, դրսևորում են մարդու հոգեկան տարբեր․ (հատկապես էմոցիոնալ) վիճակները և հանդիսանում են դրանց արտաքին արտահայտությունը։ Ա․ շ․ սուբյեկտի ներքնաշխարհում կատարվածը ըմբռնելի են դարձնում շրջապատին՝ մարդկանց մեջ առաջացնելով համապատասխան վերաբերմունք, արձագանք և ստեղծում են ռեալ հաղորդակցության հնարավորություններ։ Ա․ շ–ի զանազան տեսակները տարբեր ձևով են ենթարկվում կամքին։ Բուռն, աֆեկտիվ բնույթի ապրումները, խոր օրգանական փոփոխություններ առաջացնելով, ինքնաբերաբար կարող են կաշկանդել կամ նպաստել զգացմունքների դրսևորմանը։ Ա․ շ–ի հիմնական ձևերը մարդու արարքներն են, տվյալ իրադրության մեջ նրա վարքը, խոսքը և ունկնդրումը, վերաբերմունքը, դիմախաղերը, ժեստերը, մնջախաղը, ձայնարկությունները, առոգանությունը, ձայնի հուզական ելևէջները։

Մ․ Մազմանյան

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ, կապիտալիստական երկրներում ապրանք արտահանողների կողմից ներմուծողներին տրամադրվող վարկ։ Ա․ վ–ի ժամկետները կախված են ապրանքների բնույթից, ներմուծողի վճարունակությունից և մուրհակները բանկերում ժամանակին հաշվեգրելուց։ Երկարատև վարկը հուսալի չէ, ուստի վարկատուն այն ապահովագրում է։ Ներկայումս երկարատև Ա․ վ․ տրամադրելու ռիսկն իր վրա է վերցրել կապիտալիստական պետությունը, դա պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի դրսևորման ձևերից է։

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, տվյալ երկրի ներսում արտադրված ապրանքների և այլ արժեքների արտահանումը արտաքին շուկա՝ իրացման նպատակով։ Պայմանավորված է աշխատանքի միջազգային բաժանումով։ Օտարերկրյա այնպիսի ապրանքների արտահանումը, որոնք տվյալ երկրում չեն վերամշակվում, կոչվում է վերարտահանում։ Ծառայությունների Ա․ (օր․, օտարերկրյա ապրանքների արտահանումը հայրենական նավերով են) կոչվում է աներևույթ Ա․, որովհետև չի գրանցվում մաքսային վիճակագրության մեջ։ Աշխատանքի միջազգային բաժանման զարգացման և խորացման հետ մեծանում և ընդլայնվում է արտահանվող ապրանքների անվանացանկը։ ՍՍՀՄ–ից կատարվող Ա-մանը ՀՍՍՀ մասնակցում է էլեկտրամեքենաշինության, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքի տեսակներով։

Մ․ Գևորգյան

ԱՐՏԱՀՈՍՄԱՆ ԿՈՆ, փխրուն բեկորային նյութի՝ ավազի, կոպճի և խճի կուտակ, որ առաջանում է փոքր գետերի կամ ժամանակավոր ջրային հոսքերի գետաբերանային մասում։ Ա․ կ․ գագաթով ուղղված է հոսանքին հակառակ և ունի թույլ–ուռուցիկ կիսակոնի ձև։ Գոյանում է, երբ հունի թեքությունը գետաբերանում մեղմանում է․ դա նվազեցնում է ջրի հոսքի արագությունը և, հետևապես, նյութ տեղափոխելու նրա ունակությունը։ Կովկասում, Միջին Ասիայում և այլուր Ա․ կ–երի վրա կան բնակավայրեր։

ԱՐՏԱՄԵՏ, Արտամատ, Արտաշիսյան, գյուղ Վանի նահանգի Վան-Տոսպ գավառում, Վանա լճի արևելյան ափին, Վան քաղաքից 12 կմ հարավ։ 1909-ին ուներ 500 տուն բնակիչ, որից