Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոնները ներխուժել են Հայաստան՝ Ա–ին տապալելու, հայկ․ գահին Ա–ի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տիգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։ Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Ա․ Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական բանակը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատականը՝ թագավոր կարգելով Արտավազդ Մեդացու որդի Արիոբարզանին։ Հռոմում հատվել են ոսկյա և արծաթյա դրամներ՝ «Հայաստանը նվաճված» մակագրությամբ։ Սակայն Հայաստանը չի դադարել հակահռոմեական երկիր լինելուց, և Օգոստոսը չի համարձակվել այն վերածել հռոմեական նահանգի։ Ա․ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։

Ա–ի անունով պահպանվել է պղնձյա դրամ, որի մի երեսին պատկերված է Ա–ի դիմաքանդակը, մյուս երեսին՝ պսակը բռնած հաղթանակի դիցուհին։ Դրամն ունի «Մեծ արքա» հունարեն գրություն։

Գրկ․ Մանանդյան Հ, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 1. Ե․, 1944։ Dionis Cassii Coeceiani, Historiar Romanorum guae supersunt․ ed․ Baissevain, v․ 1, Berolini, 1895․

Մ․ Կատվալյան

ԱՐՏԱՇԵՍ Գ, Արտաշիր (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հայոց թագավոր 422–428-ին։ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ V, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկ․ գերիշխանության ներքո գտնվող Հայաստանում թագավոր նշանակել Ա–ին։ Սակայն Վռամ V կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Հայաստանը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։ Ըստ հայ մատենագիրների, Ա․ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Ա–ին։ Օգտվելով պատեհ իրավիճակից՝ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Ա․ թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։ Աղբյուրները Ա–ի կյանքի հետագա տարիների մասին ոչինչ չեն հաղորդում։

Գրկ. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։

«ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՍԱԹԵՆԻԿ», Հայոց Արտաշես Ա թագավորի և Ալանաց արքայադուստրը Սաթենիկի ամուսնության շուրջ հյուսված ժողովրդական ավանդազրույց։ V դ․ ժողովրդական երգիչներից բանաքաղել է պատմահայր Մովսես Խորենացին (Հայոց պատմություն, գիրք II, գլ․ Ծ)։ Ըստ զրույցի, ալանական ցեղերը զավթելով Վրաց աշխարհի կես մասը, անցնում են Կուր գետը և խուժում Հայաստան։ Արտաշես արքան հաղթում է ալաններին և վանում Կուրի հս․ ափը՝ ձերբակալելով նրանց պատանի արքայազնին։ Ալանաց թագավորը հաշտություն է խնդրում Արտաշեսից՝ առաջարկելով հավերժական դաշինք, իսկ որդու համար՝ մեծ փրկագին։ Առաջարկների մերժումից հետո ալանների արքայադուստրը՝ գեղանի Սաթենիկը, գետի հանդիպակաց ափից ձայնում է․ «Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես, որ հաղթեցիր ալանների քաջ ազգին, եկ համաձայնիր իմ ալանների գեղաչյա դստեր խոսքերիս և տուր այդ պատանին։ Որովհետև վայել չէ, որ մի քենի համար դյուցազունները այլ դյուցազունների ժառանգների կենդանությունը վերացնեն, կամ ծառա դարձնելով ստրուկների կարգում պահեն, և երկու քաջ ազգերի միջև հավիտենական թշնամություն հաստատեն»։ Արտաշեսը սիրահարվում է խելանի Սաթենիկին և իր դայակի՝ Սմբատ զորավարի միջոցով խնդրում նրա ձեռքը։ Ալանաց թագավորը Արտաշեսից վարձք է պահանջում դստեր համար․ «Եվ որտեղից քաջ Արտաշեսը պիտի տա հազար հազարներ ու բյուր բյուրեր քաջերի սերունդ այս կույսի՝ ալանների արքայազն օրիորդի համար»։ Որովհետև այդ ժամանակներում առևանգությամբ ամուսնությունն առավել պատվարժան էր, ուստի «Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին, և հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը, և անցնելով գետն իբրև սրաթև արծիվ, և նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը, գցեց մեջքը ալանաց օրիորդի, և շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը, արագորեն իր բանակը հասցնելով»։ Թագավորները հաշտվում են և դաշինք կնքում։ Տեղի է ունենում արքայավայել հարսանեկան խնջույք․ «Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ, մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության ժամանակ»։ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Հայոց թագավորները սովորություն ունեին հարսանիքի ժամանակ տաճարի դռան մոտ դրամ շաղ տալ, իսկ թագուհիներն առագաստի սենյակում՝ մարգարիտ։ Այս սովորույթը հարատևելով, տակավին դրսևորվում է ժողովրդի մեջ․ հարսանիքի ժամանակ շաղ են տալիս չամիչ, այլ չորացրած մրգեր, ցորեն՝ իբրև առատության, պտղաբերության, արտասովորության խորհրդանշան։

Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ, թագավորական հարստություն Հայաստանում մ․ թ․ ա․ 189 – մ․ թ․ 1։ Կոչվում է հիմնադրի՝ Արտաշես Ա–ի անունով։ Ա․ հավանաբար սերել են նախորդ արքայատոհմից՝ Երվանդունիներից (արամեական արձանագրություններում Արտաշես Ա իրեն անվանում է «Երվանդական»)։ Արտաշես Ա վերամիավորել է մ․ թ․ ա․ III դ․ վերջին կամ II դ․ սկզբին Երվանդունիների պետությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղ․ անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Ըստ Մովսես Խորենացու, Արտաշես Ա ունեցել է վեց որդի (Արտավազդ, Վրույր, Մաժան, Զարեհ, Տիրան, Տիգրան), որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Արտավազդ Ա–ի և Տիգրան Ա–ի (Տիրան) գահակալման ժամանակաշրջանի և նրանց գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Պատմիչ Հուստինոսի հաղորդման համաձայն, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Բ Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն, նոր ծաղկում ու զարգացում է ապրել հելլենիստական քաղաքակրթությունը։ Տիգրան Բ Մեծից սկսած Ա․ կրել են «Մեծ թագավոր» և «Թագավորաց թագավոր» տիտղոսները, իսկ Տիգրան Բ Մեծը՝ նաև «Աստված» պատվանունը։ Ա–ի պաշտամունքը եղել է իշխող դասակարգի տիրապետության ամրապնդման օժանդակ միջոց՝ բնորոշ հելլենիստական աշխարհին։ Ա–ից մի քանիսի անունով հատած հայկ․ դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի հետ պատերազմներում (մ․ թ․ ա․ 69–66) Տիգրան Բ կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Տիգրան Բ–ի և նրա հաջորդների պայքարը Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ ունեցել է նաև հելլենիստական առաջավոր քաղաքակրթությունը պաշտպանելու նպատակ։ Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Ա–ի վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Ա․ եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղ․ կյանքը։