Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։

Արաաշեսյանների արքայացանկը

Արտաշես Ա, մ․ թ․ ա․ 189 – մոտ մ․ թ․ ա․ 160, Արտավազդ Ա, մոտ մ․ թ․ ա․ 160 – մոտ մ․ թ․ ա․ 115, Տիգրան Ա, մոտ մ․ թ․ ա․ 115 – մ․ թ․ ա․ 95, Տիգրան Բ, մ․ թ․ ա․ 95 – մ․ թ․ ա․ 55, Արտավազդ Բ, մ․ թ․ ա․ 55 – մ․ թ․ ա․ 34, Արտաշես Բ, մ․ թ․ ա․ 30 – մ․ թ․ ա․ 20, Տիգրան Դ, մ․ թ․ ա․ 20 – մոտ մ․ թ․ ա․ 8, Տիգրան Դ և էրատո, մոտ մ․ թ․ ա․ 8 – մ․ թ․ ա․ 5 ն մ․ թ․ ա․ 2 – մ․ թ․ 1։ Քարտեզը տես 41 էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ I, Ե․, 1944։ Նույնի, Տիգրան Բ և Հոոմը, Ե․, 1940։ Հրանդ Ք․ Արմեն, Մեծն Տիգրան, 2 հրտ․, Կահիրե, 1957։ Նույնի, Անկում Արտաշեսյան հարստության, Բեյրութ, 1967։ Սարգսյան Գ․ Խ․, Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին, Ե․, 1966։

Գ․ Սարգսյան

ԱՐՏԱՇԻՍՅԱՆ, Արտավանյան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում (VII դ․)։ Գավառը եղել է Արտաշիսյան կամ Արտավանյան ավանի տաճարական տիրույթը, համընկել է Արտամետ ավանի շրջակայքին։ Ենթադրվում է, որ Ա․ ուրարտական ժամանակշրջանում եղել է Թարիրախինիլի բնակավայրի տաճարական կալվածքը։

ԱՐՏԱՇԻՐ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VI դ․ հայազգի բյուզանդական զորավար։ Արտավան Արշակունու թիկնապահը։ Արտավանի հրամանատարության ներքո մասնակցել է Հյուսիսային Աֆրիկայի նվաճմանը։ 545-ին, երբ Նումիդիայի զորահրամանատար վանդալ Գոնթարիսը (Գունտարիթ) ապստամբել է Հուստինիանոս կայսեր դեմ՝ ցանկանալով դառնալ Հյուսիսային Աֆրիկայի թագավոր, Արտավան Արշակունու դրդմամբ Ա․ սպանել է Գոնթարիսին։

Գրկ․ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 5․ Բյուզանդական աղբյուրներ, 1)։

Հ․ Բարթիկյան

ԱՐՏԱՇԻՐ I Պապական (մոտ 180 – 239 կամ 241), Իրանի թագավոր 226-ից, Սասանյանների հարստության հիմնադիրը։ Եղել Է Պարսք նահանգի Ստահր քաղաքի Անահիտ դիցուհու տաճարի քրմապետ Սասանի թոռը։ Ա–ի հոր՝ Պապականի օգնությամբ 211 կամ 212-ին նվաճել է Պարսքը և աստիճանաբար հնազանդեցրել հարևան իշխանությունները (Շուշաստան, Կրման, Սպահան ևն)։ 221-ին պատերազմ է սկսել Պարթևաց Արտավան V թագավորի դեմ՝ հանուն ամբողջ Իրանի քաղաքական գերիշխանության։ 224-ի ապրիլի 27-ին Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում պարթևական բանակը պարտվել է և Արտավանը սպանվել։ Ա․ գրավել է թագավորանիստ Տիզբոնը, պարթևական կալվածները և 226-ին հանդիսավորությամբ թագավոր հռչակվել՝ «Արիների արքայից–արքա» տիտղոսով։ 224-ի ապրիլի 28-ը ճանաչվել է պարսկ․ նոր տարեթվարկման սկիզբ։ Պարսից զինվորական վերնախավը և զրադաշտ–քրմական դասը հատուկ արտոնություններ են ստացել և իշխող դիրք գրավել պետության մեջ։ Արևի և կրակի պաշտամունքը հռչակվել է առաջնային։ Ա․ այնուհետև փորձել է նվաճել Հայաստանը, Ատրպատականը և Մազքթաց երկիրը (Աղվանք)՝ նրանցում իշխող Արշակունի ճյուղերին դիտելով իբրև դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի, Հայոց Արշակունի թագավոր Խոսրովը (իրականում Տրդատ Բ) հայկ․ զորքով կամեցել է օգնել Արտավանին, սակայն Որմզդականի ճակատամարտի լուրը ստանալով, Ադիաբենեից Հայաստան է վերադարձել և իր շուրջը համախմբել Արտավանի որդիներին ու կուսակիցներին։ Թեև Հայոց թագավորը Հռոմի, Ատրպատականի և կովկասյան ժողովուրդների զինակցությամբ Ա–ի դեմ ունեցել է ռազմական որոշ հաջողություններ, սակայն պարթևական ավագանուց աջակցություն չի գտել, և Իրանում Արշակունիների թագավորությունը վերականգնելու նրա ջանքերը ապարդյուն են անցել։ Արշակունիներին հավատարիմ պարթևական որոշ տոհմեր, Ա–ի հալածանքներից խույս տալով, ապաստանել են Հայաստանում։ Ա․ մահացել է 239-ին կամ 241-ին՝ գահը թողնելով որդուն՝ Շապուհ I-ին։ Ա–ի անվան և գործունեության շուրջ հյուսվել են առասպելներ, որոնք ամփոփվել են մեզ հասած պահլավական «Կարնամաի Արտաշիր–ի Պապական» («Արտաշիր Պապականի մեծագործությունները») գրքում։

Գրկ․ Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։

Մ․ Կատվալյան

ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄ, արտագերեզմանում, էքսհումացիա, դիակը շիրմից հանելը։ Սովետական օրենսդրությամբ Ա․ կատարվում է քննչական մարմինների որոշմամբ, անկախ թաղման վաղեմությունից, երբ դատաբժշկական հետազոտման ենթակա դիակը թաղվել է առանց դիահերձման, հետազոտումը արվել է սխալ, անբավարար, կամ երևան են եկել գործի հետ առնչվող նոր հանգամանքներ։ Ա–ման մասին քննիչը ընթերականների ներկայությամբ կազմում է մանրամասն արձանագրություն, կատարում լուսանկարահանումներ, իսկ դատաբժշկական փորձագետը՝ եզրակացություն Ա–ման արդյունքների մասին։

Բ․ Հովհաննիսյան

ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ, ժամանակակից մաթեմատիկայի հիմնական գաղափարներից։ Եթե X բազմության յուրաքանչյուր X տարրի ինչ–որ ձևով համապատասխանեցված է У բազմության որոշակի у տարր, ապա այդ համապատասխանությունն անվանում են X բազմության Ա․ У-ի մեջ և գրում f։X→Y, ընդ որում y-ն անվանում են x-ի պատկեր և նշանակում y=f(x) (չի բացառվում, որ X-ի տարբեր տարրեր ունենան միևնույն պատկերը)։ Եթե f Ա․ այնպիսին է, որ X-ի տարբեր տարրերի պատկերները տարբեր են, ապա f-ը կոչվում է ինյեկտիվ, իսկ եթե У-ի յուրաքանչյուր տարր X-ի որևէ տարրի պատկեր է, ապա f-ը կոչվում է սյուրյեկտիվ։ Եթե f-ը միաժամանակ և՛ ինյեկտիվ է, և՛ սյուրյեկտիվ, ապա այն կոչվում է բիյեկտիվ։ Օրինակ, եթե յուրաքանչյուր իրական թվի համապատասխանեցնենք նրա քառակուսին, ապա կունենանք բոլոր իրական թվերի X բազմության Ա․ X-ի մեջ։ Այս Ա․ ինյեկտիվ չէ, որովհետև երկու տարբեր իրական թվեր՝ x-ը և – x-ը (x≥0) ունեն միևնույն պատկերը։ Այն նաև սյուրյեկտիվ չէ, քանի որ ոչ մի բացասական թիվ որևէ իրական թվի պատկեր չէ։ Սակայն հիշյալ համապատասխանությունը, դիտարկված միայն դրական թվերի A բազմության վրա, A-ի բիյեկտիվ Ա․ է A-ի վրա, որովհետև տարբեր դրական թվերի պատկերները տարբեր են և յուրաքանչյուր x դրական թվի համար գոյություն ունի դրական թիվ՝ х-ը, որի պատկերը x-ն է։

X-ի բոլոր այն տարրերի բազմությունը, որոնց պատկերները f Ա–ման դեպքում ընկած են У-ի В ենթաբազմության մեջ, կոչվում է В ենթաբազմության նախապատկեր և նշանակվում է f—¹ (В)։

У-ի բոլոր այն տարրերի բազմությունը, որոնցից յուրաքանչյուրը X-ի А ենթաբազմության ինչ–որ տարրի պատկերն է, կոչվում է А ենթաբազմության պատկեր և նշանակվում է f(A)։

Եթե f։X→y ինյեկտիվ Ա․ է, ապա f(x)=Y՝ բազմության յուրաքանչյուր у տարրին համապատասխանեցնելով նրա միակ x նախապատկերը, կստանանք f–ի f—¹։Y՛→X Ա․, որն անվանվում է f-ի հակադարձ Ա․։

Եթե f։x→XY-ն և g։Y→Z-ն կամայական Ա–ներ են, ապա h։X→Z Ա․, որը X-ի յուրաքանչյուր x տարրի համապատասխանեցնում է g(y)EZ-ն որտեղ у=f(x), կոչվում է f և g Ա–ների կոմպոզիցիա և նշանակվում g ° f։

Ս․ Հովսեփյան

ԱՐՏԱՊԱՐՈՒՐԱԿԻՉ, ձողերի վրա արտաքին պարուրակ մշակող գործիք։ Տես Պարուրակամշակման գործիքներ։

ԱՐՏԱՊԼԱՆԱՅԻՆ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐ, սահմանված պլանը գերազանցող հավելյալ արդյունքի մաս սոցիալիստական երկրներում, որ տրամադրվում է արտադրական (հիմնական և շրջանառու) և ոչ արտադրական ֆոնդերի ստեղծմանն ու ավելացմանը։ Սոցիալիստական ձեռնարկություններում ունեն դրամական կուտակումների ձև։ Առևտրական կազմակերպություններում Ա․ կ․ գոյանում են ապրանքաշրջանառության արտապլանային աճի, շրջանառության, մասնավորապես անարտադրողական ծախսերի ու կորուստների կրճատման միջոցով։ Ա․ կ–ի ավելացման հիմնական գործոնը աշխատանքի արտադրողականության արտապլանային բարձրացումն է։

Կ․ Աբգարյան

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՀԱՅԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀՍՍՀ Մինիստրների սովետի, արտասահմանից հայերի հայրենադարձությունը կարգավորող պետական մարմին։ Ստեղծվել է 1961-ի օգոստոսին, ՀՍՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ։