Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

териалов для описания местностей и племен Кавказа», в. 22, Тифлис, 1897․ Վ․ Վարդանյան

ԱՐԴՎԻՆ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձգաբանական դասակարգման պատկանում է «ս» ճյուղին։ Խոսվել է Արդվին քաղաքում և նրա շրջակա հայաբնակ վայրերում։ Այժմ Բաթումի հայերի մի մասի խոսակցական լեզուն է։ Բաղաձայնական համակարգը եռաստիճան է (բ, պ, փ)։ Որոշ դիրքերում գրաբարի ձայնեղները վերածվում են շնչեղ խուլերի (մարթ, սրփել, օց), խուլերը ձայնեղանում են (դրգից, գիդի), բառասկզբի ո–ին համապատասխանում է օ–ն (օրթի < որդի), երկբարբառները պարզվում են (քոյր > քուր, գողութուն > գօղութէն), բառավերջում առանձին հնչյուններ դուրս են ընկնում (յէ < ես, է < այս, ինչպէ < ինչպես)։ Հոգնակին կազմվում է էր (աչքէր), նէր (դուքաննէր), էրօտ (թշէրօտ), ստան (սրէստան = շարքեր), անէր (իշանէր), դանք (ընգէրդանք), բացառականը՝ իմէն, ումէն (պառվիմէն = պառավից, դէդէստանումէն), ներգոյականը՝ ում (պատումը) մասնիկներով, սահմանական ներկան և անցյալ անկատարը՝ էլիս և լիս վերջավորություն ունեցող դերբայներով (գըրէլիս իմ–գըրէլիս էյի, կարթլիս իմ–կարթլիս էյի)։ Ցուցական դերանունները սեռականից սկսած ստանում են մ (սա, սմա, սման, սմամէն, սմանօվ), հարկադրականի դրական խոնարհման մասնիկն է տի (տի սըրիմ), ժխտականինը՝ պի (չըպի կամ չպի սըրիմ)։

Գրկ․ Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե., 1953։ Ալավերդյան Ս․, Արդվինի բարբառի հնչյունական բնորոշ առանձնահատկությունները, «ԼՀԳ», 1968, № 9։ Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Ա․ Ղարիբյան


ԱՐԴՈՒ (արտաբ, արտափ), թափուցիկ նյութերի (ցորեն, գարի և այլն) կշռի, տարողության և հոդի մակերեսի չափի միավոր։ Կիրառվում էր հին և միջին դարերում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Ըստ հայ մատենագրական տվյալների, արդուն 72 քսեստ էր, այսինքն՝29,376 կգ։ Արդուի տարողությունը Հայաստանում հաշվել են 32,64 լ կամ 36,72 լ (Հ․ Մանանդյան), 38,17 լ (Ղ․ Ալիշան), նորագույն տվյալներով՝ 39,384 լ։ Արդուի տարողությունը այլ երկրներում որոշվել է 36,37 լ – 36,45 լ (Եգիպտոս, Միջագետք, Հրեաստան), 39,33 լ (Եգիպտոս՝ պտղոմեոսյան շրջանում), 54,56 լ (Պարսկաստան) և այլն։ Արդուն այն հողատարածությունն է, որի վրա ցանվել է մեկ արդու (ցորեն, գարի և այլն)։ Որպես հողի մակերեսի չափի միավոր հովտային և որոշ նախալեռնային շրջաններում արդուն տատանվել է 1300–1500 մ² սահմաններում, նախալեռնային և լեռնային շրջաններում՝ դրանից 1,5–2 անգամ ավելի։ Որպես կշռի միավոր արդուն ուշ միջնադարյան Հայաստանում հավասար է 37,20 կգ։ Ռ․ Վարդանյան


ԱՐԵԱԼ (լատ․ area – տարածություն, հրապարակ), երկրի մակերևույթի (կամ ջրատարածության) հատված, որին բնորոշ է կենդանիների, բույսերի որևէ տեսակ (ցեղ, ընտանիք և այլն)։ Արեալի չափերը տարբեր են։ Որոշ կենդանիներ և բույսեր բազմանում են խիստ սահմանափակ տարածություններում (օրինակ, առանձին լեռնային բարձունքում, կղզում, մեկուսացված լճում), մյուսները տարածված են մի քանի մայր ցամաքներում և զբաղեցնում են հսկայական հատվածներ։ Օրգանիզմների խմբերը (ընտանիք և կարգաբանական այլ միավորներ, օրինակ, հացազգի բույսեր, ճնճղուկազգի թռչուններ), որոնք տարածված են ամբողջ աշխարհում, կոչվում են կոսմոպոլիտ։ Արեալը կարող է ընդարձակվել տեսակի տարաբնակեցման հետևանքով և փոքրանալ՝ արեալի առանձին հատվածներում նրա անհետացումից։ Արեալը քարտեզի վրա պատկերվում է գծերով, կետերով կամ գույներով։ Արեալի քարտեզներն օգտագործվում են բուսական և կենդանական պաշարների տեղաբաշխումը, գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների տարածումը պարզելու համար։ Հ․ Տոնականյան


ԱՐԵԱԼ ՀՐԱԲԽԱՅՆՈՒԹՅԱՆ, բազմաելք հրաբխային ժայթքումներ, որոնք ընդգրկում են մեծ տարածություններ։ Ժայթքման կենտրոնները ներկայացված են գծային և կենտրոնական տիպի հրաբխային ապարատներով։ Հրաբխային կենտրոնները միածին են, այսինքն մեկ կամ միշարք իրար հաջորդող ժայթքումների արդյունք են։ Արեալ հրաբխայնությունը տարածված է մայր ցամաքների երիտասարդ ու ժամանակակից հրաբխականության մարզերում։ ՀՍՍՀ տարածքում նորագույն հրաբխային ժայթքումները հիմնականում արեալ տիպի են և ներկայացված են գլխավորապես ոչ մեծ չափերի լավային ու խարամային կոներով, գծային և կենտրոնական տիպի ժայթքումներով։ Կ․ Շիրինյան


ԱՐԵԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ, տերիտորիա, որն առանձնացվում է ըստ տնտեսական այս կամ այն հատկանիշի կամ հատկանիշների։ Արեալ տնտեսական հասկացությունը օգտագործվում է գերազանցապես տնտեսական աշխարհագրության ու տնտեսական քարտեզագրության մեջ՝ նշելու համար տնտեսական տարբեր երևույթների մոտավոր տարածական սահմանները։ Այն կարող է ընդգրկել ամենատարբեր բնույթի ու բարդության երևույթներ (օրինակ՝ գյուղատնտեսական որևէ բույսի տարածման արեալից սկսած մինչև քաղաքի տնտեսական ազդեցության արեալը) և տարբեր մեծության տերիտորիաներ։ Լ. Վալեսյան


ԱՐԵԳ, Արեգակ, հեթանոս հայերի արևի պաշտամունքը մարմնավորող աստված։ Սկզբում արևը պաշտվել է իր բնական տեսքով, որպես կյանքի (բուսականության և պտղաբերության) առաջացման ու գոյության նախապայման, լույսի ու ջերմության աղբյուր։ Հետագայում, երբ պաշտվող լուսատուները մարդակերպություն են ստացել, Արեգը դիտվել է իբրև արական (մի այլ տարբերակով իգական՝ Հայկ նահապետի դուստրերից մեկը) մարդակերպ աստված։ Արևի պաշտամունքը կրելէ համընդհանուր բնույթ և տարբեր ժողովուրդներ մարմնավորել են տարբեր աստվածների կերպարներում, հայերը՝ Արեգի, պարսիկները (հետագայում նաև հայերը)՝ Միհրի, հույները՝ Հելիոսի և այլն։ Արեգի պաշտամունքային առանձնահատկությունները և արտաքին նկարագիրը հայտնի չեն։ Սակայն հայտնի է, որ ունեցել է համահայկական բնույթ, եղել սիրված աստվածներից մեկը։ Ենթադրվում է, որ արևապաշտության որոշ հետքեր հայոց մեջ գոյատևել են ավելի երկար, նույնիսկ ետքրիստոնեական շրջանում և դրսևորվել են արևորդիների գոյությամբ։ Ըստ Մովսես Խսորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ: Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը և այլն։ Մինչև այժմ էլ հայ հավատացյալները աղոթելիս նայում են արևելք։ Արեգ անունն էին կրում հայոց հին տոմարի ութերորդ կամ գարնան օրհավասարի (ավելի հնում տարեմուտի) ամիսը և ամիսների առաջին օրերը։ Հետագայում Արեգը նույնացվել է Տիրի և ապա Միհրի հետ։ Ոմանք Արեգն նույնացնում են Վահագնի հետ։ Տես նաև Արևապաշտություն։

Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968, էջ 140։ Ալիշան Ղ., Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ․, 1895։ Ավդալբեգյան Թ․, Միհրը հայոց մեջ, տես նրա «Հայագիտական հետազոտություններ», Ե․, 1969։ Բ․ Աոաքելյան


ԱՐԵԳ, հայկական հեթանոսական տոմարի 8-րդ ամսվա և բոլոր ամիսների առաջին օրվա անունը։ Կապվում է Արեգ աստծո անվան հետ։


ԱՐԵԳ (մինչև 1935-ը՝ Փիրմալաք), գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Արտենի լեռան հյուսիս–արևելյան ստորոտին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Շրջակայքը հարուստ է պեռլիտով։ Բնակիչները եկել են Կարսի մարզի Նախիջևան և Ծբնի գյուղերից։


ԱՐԵԳ, Առեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քդիի գավառում, համանուն գետի հովտում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 150 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բանուկ ճանապարհով կապված էր Քղի քաղաքի հետ, որին մատակարարում էր վառելափայտ։ Գյուղում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մի մասը զոհվել է, մյուսմասը տարագրվել։ Թ. Հակոբյան


«ԱՐԵԳ», քաղաքական և տնտեսական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1932–33-ին, Մարսելում։ Տնօրեն-խմբագիր՝ Թ․ Խաչիկյան։ Տպագրել է նյութեր ու հաղորդագրություններ միջազգային կյանքի, ֆրանս–սովետական մերձեցման, կապիտալիստական երկրների տնտեսական ճգնաժամի ու նրա հետևանքների մասին։ Լայն տեղ է տվել Մարսելի ու շրջակայքի հայ գաղութի կյանքին, Սովետական Հայաստանի նվաճումների լուսաբանմանը,