Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բագրատունիների թագավորություն, պետություն միջնադարյան Հայաստանում 885–1045-ին։ Պատմագրության մեջ այդպես է կոչվել գահակալող տոհմի անունով։ Առաջացել է Աբբասյան խալիֆայության թուլացման և հայերի մղած ազատագրական պայքարի հետևանքով։ Բ․ թ–յան հիմնադիրը Աշոտ Ա է, որը եղել է նախ Հայոց իշխան՝ արաբներին ենթակա Հայաստանի կառավարիչ (855–862), ապա՝ Իշխանաց իշխան (Հայոց, Վրաց և Աղվանից), իսկ 885-ից (ընդունված է նաև 884 և 886) ճանաչվել է Հայոց թագավոր։ Աշոտ Ա–ին հաջորդել է որդին՝ Սմբատ Ա, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երագգավորս (Շիրակավան)։ Բ․ թ․ չեզոք դիրք է բռնել խալիֆայության և Բյու– զանդիայի միջև, որը նպաստել է Հայաստանի քաղ․ և տնտ․ զարգացմանը։ Սմբատ Ա–ի օրոք, թեև Բ․ թ․ ձևական կախման մեջ էր Աբբասյան խալիֆայությունից, բայց և այնպես բարեկամական դաշինք կնքվեց Լևոն VI կայսեր հետ։ Սմբատ Ա ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանի և Եզերքի վրա՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ Ալանաց դուռը։ 908-ին Վասպուրականն անջատվել է Բ․ թ–ից՝ վերածվելով առանձին թագավորության։ X դ․ սկզբին Բ․ թ․ ենթարկվել է Ատրպատականի արաբ զորքերի հարձակումներին։ Աշոտ Բ Երկաթը (914–929) վերականգնեց Բ․ թ–յան քաղ․ դիրքը։

Աշոտ Գ Ողորմածի օրոք (953–977) առաջացել են հայկ․ նոր թագավորություններ (Կարսի, Սյունիքի, Լոռու), իշխանություններ (Խաչեն–Փառիսոսի, Տարոնի ևն), որոնք ենթարկվել են Բագրատունիներին։ 961-ին Հայոց թագավորության մայրաքաղաք է դարձել Անին։ Գագիկ Ա–ի օրոք (989–1020) Բ․ թ․ զորեղացել է, վերանվաճվել են Դվին ու Նախճավան քաղաքները, և Երասխը նորից դարձել է Հայաստանի ու Ատրպատականի սահման։ XI դ․ 20-ական թթ․ սկսվել է Բ․ թ–յան թուլացումը։ Գագիկի հաջորդ Հովհաննես–Սմբատի օրոք (1020–1041) Բ․ թ․ ամփոփվել է Հայաստանի հս․ սահմաններում։ Հովհաննես–Սմբատը և նրա եղբայր Աշոտը Բ․ թ․ բաժանել են երկու մասի՝ Շիրակը շրջակա գավառներով մնացել է Հովհաննես–Սմբատին, իսկ արլ․ կողմերը՝ Աշոտին։ Բյուզանդիայի ճնշմամբ 1022-ին Տրապիզոնում Հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը համաձայնություն է կնքել, որով Հովհաննես–Սմբատի մահից հետո Բ․ թ․ պիտի անցներ կայսրությանը (համաձայնությունը չի վերաբերել Կարս, Լոռի, Սյունիք մանր թագավորություններին, քանի որ վերջիններս արդեն չէին ենթարկվում Հայոց թագավորին)։ Սակայն Հովհաննես–Սմբատի մահից հետո (1041) հայրենասեր ուժերը, չնայած Անիի վրա բյուգանդական զորքի հարձակումներին, գահ են բարձրացրել Գագիկ Բ–ին։ 1045-ին Բյուզանդիայի կայսրը խաբեությամբ Կ․ Պոլիս է հրավիրել Գագիկ Բ–ին և պահել գերության մեջ, որով և վերջ է տրվել Բ․ թ–յանը։ Մայրաքաղաք դարձնելով Բագարանը՝ Բ․ թ․ հիմնականում ունեցել է զարգացման երկու՝ կենտրոնացված պետության և մասնատված պետության շրջան։ Կենտրոնացած պետություն էր Աշոտ Ա (885–890) և Սմբատ II (890– 913) թագավորների օրոք։ Բ․ թ–յան գլուխ կանգնած էր թագավորը, որի իշխանությունը կենտրոնացված պետության շրջանում եղել է բացարձակ։ Թագավորը անհրաժեշտության դեպքում խորհրդակցել է կաթողիկոսի, սպարապետի, իշխանաց իշխանի կամ այլ պաշտոնյաների հետ։ Այս շրջանում պահպանվել է թագավորի հողային գերագույն իշխանությունը։ Իշխանները ենթարկվել են թագավորին, նրանից ստացել իրենց հողատիրական իրավունքների հաստատումը։ Թագավորն իրավունք է ունեցել անհնազանդ իշխանների հողերը խլել և պարգևել ուրիշին։ Թագավորության մասնատվածության շրջանում արքայից արքաների և ստորադրյալ մանր թագակիրների ու իշխանների փոխհարաբերությունները փոխվել են, որովհետև Բագրատունիներն այլևս բացարձակ իրավունքներ չունեին բոլոր իշխանների նկատմամբ և կենտրոնախույս իշխաններին (Արծրունի, Սյունի ևն) հակադրել են մանր իշխանական տներ (Պահլավունիներ, Ապիրատյաններ)։ Հայոց սպարապետին ենթակա մոտ 100-հազարանոց հայկ․ զորքի մեկ երրորդը կազմել է այրուձին։ Բացի արքունական գնդերից հավաքվել են նաև մանր թագակիրների ու իշխանների գնդերը։ Բ․ թ․ ունեցել է իր դիվանատունը Անիում, որը կապված է եղել խալիֆայության, Բյուզանդիայի և այլ պետությունների հետ։ IX–X դդ․ Հայաստանը թևակոխել է զարգացած ֆեոդալիզմի փուլը, Բ․ թ․ հասել է տնտ․ զարգացման բարձր մակարդակի և դարձել ժամանակի առաջավոր պետություններից մեկը։ Բարձր զարգացման է հասել գյուղատնտեսությունը։ Կիրառվել է հողի մշակման Եռադաշտային եղանակը, կատարվել է հողի պարարտացում, ընդարձակվել ոռոգման ցանցը։ Այս բոլորը նպաստել է գյուդատնտ․ մթերքների արտադրության աճին։ Կարևոր տեղ է զբաղեցրել անասնապահությունը։ Չնայած այս բոլորին, գյուղացիների վիճակը ծանր է եղել։ Ֆեոդալները տարբեր միջոցներով տիրել են ազատ գյուղական համայնքների հողերը։ Բացի ազատ, կախյալ գյուղացիներից առաջացել են նաև ճորտեր։ Գյուղացիները պետությանը, եկեղեցուն և ֆեոդալներին վճարել են բազմաթիվ հարկեր։ Աշխուժացել է ներքին և արտաքին առևտուրը։ խոշոր քաղաքներում առաջ են եկել մշտական շուկաներ, կազմակերպվել տոնավաճառներ։ Տնտեսության և առևտրի զարգացմամբ հին քաղաքների (Դվին, Վան, Մանազկերտ ևն) կողքին առաջ են եկել նոր քաղաքներ (Անի, Կարս, Արծն ևն), որոնք ունեցել են բազմաքանակ բնակչություն։ Վերելք է ապրել հայկ․ մշակույթը, բացվել են դպրոցներ, զարգացել ժողովրդական բանահյուսությունը, գրականությունը, մատենագրությունը, ճարտարապետությունը, երաժշտությունը։

Քարտեզը տես 200-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ․ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Չամչյան Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 2, Վնտ․, 1785։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։ Յուզբաշյան Կ․, Բագրատունյաց շրջանի՝ Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից, «ՊԲՀ», 1975, № 1։ Daghbaschean H․, Griւndung des Bag- ratidenreiches durch Aschot Bagratuni, B․, 1893; Thopdschian H․, Die inneren zustande von Armenien unter Asot 1, B․, 1904; Grousset R․, Histoire de l’Armenie des origines a 1071, P․, 1947․

Բագրևանդ (Շարիան, այժմ՝ թուրք․ Գյուզելդերե), գետ Հայկական լեռնաշխարհում, Ալաշկերտի դաշտում, Արածանիի աջ վտակը։ Երկարությունը մոտ 95 կմ է։ Սկիզբ է առնում Տուռնագյոլ լեռնանցքից, 2375 մ բարձրությունից։ Հոսում է արլ–ից արմ․ և ձախից ընդունում Հայկական պարից սկսվող բազմաթիվ ջրառատ վտակներ։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիսին։

Բագրևանդ, Բագրավանդ, Բագրավան, Բագրեվան, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Աշխարհացույց»-ոնմ (VII դ․) հիշատակված է որպես Այրարատ նահանգի վեցերորդ գավառ։ Տարածվում է Արածանի գետի վերին ավազանում՝ Հայկական պար, Ծաղ– կանց, Շարիան, Անթապի լեռնաշղթա– ների միջև։ Հս–ից սահմանակից է Հավնունիք, Գաբեղյանք, ճակատք, արմ–ից՝ Բասեն, արլ–ից՝ Կոգովիտ գավառներին, իսկ հվ–արմ–ից և հվ–ից՝ Տուրուբերան նահանգին։ Բ–ի տարածքը հիմնականում համընկնում է այժմյան Ալաշկերտի դաշտին, որը 85 կմ երկարությամբ (արևմուտքից–արևելք), 50 կմ լայնությամբ և 1650 մ միջին բարձրությամբ սարահարթ է։ Նրա հիմքում ընկած են երրորդական դարաշրջանի բազալտային լավաներ՝ ծածկված գետալճային և կավաավազային նստվածքներով։ Ալաշկերտի դաշտի արլ․ շարունակությունն է Զիրավի դաշտը, որը նրանից բաժանված է Սինակ լեռով և Ծաղկանց լեռնաշղթայով։ Հս–ից աղեղնաձև շրջապատված է Հայկական պարով, որի դեպի Ալաշկերտի դաշտը թեքված հարավային լանջը խիստ զառիթափ է և չունի հարմար լեռնանցք։ Բ․ Եփրատ և Արաքս գետերի ջրբաժան (ջրաբաշխ) գոտին է։ Ծաղկանց լեռներից է սկիզբ առնում Եփրատի ամենամեծ վտակը՝ Արածանին, իսկ շրջապատող լեռներից՝ Արածանիի մեջ թափվող բազմաթիվ գետեր և գետակներ, ամենամեծը Բագրևանդն (Շարիան) է։ Գետերի մեծ մասը սառցապատվում են։ Կան բազմաթիվ լճեր ու լճակներ․ ամենամեծը Գայլատուն է, որից սկիզբ է առնում Առուն գետը։ Կլիման ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 10°Շ–ից մինչև – 12°C, նվազա