մության, հայկական հարցի, գրականության, արվեստի, մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ, միջնադարյան տաղեր, բանահյուսական երկեր, թարգմանություններ համաշխարհային գրականության դասական հեղինակներից (Էսքիլես, Շեքսպիր, Սերվանտես, Գ. Ֆլոբեր, Ա. Ֆրանս, է. Վերհարն, Ի. Տուրգենև, Մ. Գորկի, Ա. Միցկևիչ և ուրիշներ)։ «Ա.»–ին աշխատակցել են Ա. Իսահակյանը, Սիամանթոն, Դ. Վարուժանը, Գ. Զոհրապը, Ա. Շիրվանզադեն, Հ. Թումանյանը, Ռ. Զարդարյանը, Կ. Զարյանը, Կոմիտասը, Թ. Թորամանյանը և այլք։
ԱՆԱՄՆԵԶ (<հուն. άνάμνησις – հիշողություն, հիշել), տեղեկություններ հիվանդի կյանքի՝ տվյալ հիվանդությանը նախորդած պայմանների մասին, ինչպես նաև հիվանդության զարգացման ամբողջ պատմությունը։ Լինում է տվյալ հիվանդության Ա., որ վերաբերում է հիվանդության առաջացմանը, ընթացքին և մինչ այդ ընդունած բուժմանը, և ընդհանուր Ա., որ քննում է հիվանդի կյանքը, աշխատանքային, կենցաղային պայմանները, նախորդած հիվանդությունները, ընտանիքի անդամների և ամենամոտ հարազատների առողջության վիճակը, ապրելակերպը ևն։ Կազմվում է հիվանդի և նրան շրջապատող մարդկանց տեղեկությունների հիման վրա։ Ա. կարևոր է հիվանդության ախտորոշման համար:
ԱՆԱՅԻՍ (Ավետիսյան Եվփիմե, 1872–1950), հայ գրող։ Ծնվել է փետրվարին, Կ.Պոլսում, ավարտել տեղի Ազգային վարժարանը. Ապրել է Շվեյցարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, ապա Փարիզում։ Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Բյուզանդիոն» և այլ պարբերականների։ Առաջին նորավեպը՝ «Խրճիթի մը մեջ», լույս է տեսել 1885–1886-ին, «Մասիս» շաբաթաթերթում։ Երկերում արտացոլել է հալածված, ողբերգություն ապրող մարդկանց կյանքը, բողոքել կնոջ իրավազրկության դեմ։ Մահացել է օգոստ. 4-ին, Փարիզում։
Երկ. Այգ ու վերջալույս, Փարիզ, 1942։ Հուշերս, Փարիզ, 1949։
ԱՆԱՆԱՍ (Ananas), տես Արքայախնձոր։
ԱՆԱՆԴ Մուլք Ռաջ (ծն. 1905), հնդիկ գրող, գիտնական։ Փիլիսոփայության դ–ր, Փենջաբի համալսարանի պրոֆեսոր (1962)։ Ծնվել է դեկտեմբերի 12-ին, Փեշավարում։ Գրում է անգլերեն։ 1936-ին Սաջադ Զահիրի հետ կազմակերպել է Հնդկաստանի առաջադեմ գրողների միությունը։ «Հնդկական ռաջայի անձնական կյանքը» (1953), «Ճանապարհ» (1961), «Հերոսի մահը» (1963) և այլ վեպերում ու պատմվածքներում հանդես է եկել բոլոր կաստաների հավասարության և կանանց իրավունքների պաշտպանությամբ։ «Յոթ տարի» (1951) և «Արևածագի դեմքը» (1964) վեպերում պատկերել է ազատության մարտիկի կերպարը։ Խաղաղության միջազգային մրցանակի (1953) դափնեկիր է։
Երկ. Բանանի ծառը։ Օրորոցային, «Հնդկական պատմվածքներ», Ե., 1961։
ԱՆԱՆԵՎ Բորիս Գերասիմովիչ (1907–1972), սովետական հոգեբան, ՍՍՀՄ ՄԳԱ անդամ (1968)։ Ծնվել է օգոստոսի 1(14)-ին, Վլադիկավկազում (այժմ՝ Օրջոնիկիձե), հայ ուսուցչի ընտանիքում։ 1967-ից Լենինգրադի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկանն էր։ Հիմնական աշխատությունները նվիրված են զգայությունների ուսումնասիրությանը, զգայական իմացությունից մտածողության անցմանը, ներքին խոսքին, ինչպես նաև տարիքային, դիֆերենցիալ և կիրառական հոգեբանության հարցերին։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։ Կ. Դ. Ուշինսկու անվան մրցանակի դափնեկիր էր։ Մահացել է մայիսի 18-ին, Լենինգրադում։
Գրկ. Психология педагогической оценки, Л., 1935; Психология чувственного сознания, М., 1960; Теория ощущений, Л., 1961; Особенности восприятия пространства у детей, М., 1964 (соавтор); Человек как предмет познания Л., 1968.
ԱՆԱՆԻԱ Ա ՄՈԿԱՑԻ (ծն. թ. անհտ.–965), Հայոց կաթողիկոս, գահակալել է 946-ից։ Ծնվել է Մոկք նահանգի Փաս գյուղում։ Եղել է Վարագա վանքի վանահայր։ Ա. Մ–ու օրոք, 940–950-ական թթ., Աղվանից Սահակ ու Գագիկ կաթողիկոսները և Սյունիքի Հակոբ եպիսկոպոսը փորձեցին դուրս գալ հայ եկեղեցու ենթակայությունից։ Ա. Մ. խափանեց նրանց ծրագիրը՝ պահպանելով հայոց ազգայինեկեղեցական միությունը։ Նույն նկատառումով կաթողիկոսական աթոռն Աղթամարից փոխադրեց Արգինա։ Ա. Մ–ու մատենագրական ժառանգությունից մեզ են հասել 4 «Թուղթ» («Արարատ», 1896–97)։ Դրանք գրվել են վերոհիշյալ հուզումների կապակցությամբ և ունեն պատմական ու մատենագիտական որոշակի արժեք։ Այդ «Թղթեր»-ում հաղորդվում են Բագրատունիների, Արծրունիների, Աղվանքի և Սյունիքի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, որոնք բացակայում են այլ աղբյուրներում։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, Ա. Ս. կազմել է մի ժողովածու՝ «Հաւատոյ նամակ» խորագրով։
ԱՆԱՆԻԱ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՆԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ, կրթական օջախ համանուն վանքում՝ անապատում (Երևանի ներկայիս Թումանյան և Մոսկովյան փողոցների հատման տեղում)։ Հիմնել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1620-ին։ Դպրոցում ուսուցչություն են արել Մովսես Տաթևացին, Մելքիսեդ Վժանցի կամ Երևանցի փիլիսոփան և ուրիշներ։ Դասավանդվում էր աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ (բոլորագիր և նոտրգիր գրատեսակներով) և քերականություն։ Դպրոցը գործել է շուրջ երկու տասնամյակ, տվել եկեղեցական և մշակութային անվանի գործիչների (Զաքարիա Վաղարշապատցի, Եսայի Սյունեցի, Պողոս Տիվրիկեցի և ուրիշներ)։ Այդտեղ ուսանած գրիչների ընդօրինակությունների մեծ մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։
ԱՆԱՆԻԱ ԹԱՐԳՄԱՆԻՉ (այլ անվամբ՝ Անանիա Սյունեցի. հիշված է նաև Անանիաս և Անանե, ծն. և մահ. թթ. անհտ.), հայ առաջին թարգմանիչներից։ Ապրել է V դ., աշակերտել Մեսրոպ Մաշտոցին, գործակցել նրան աղվանից գիրն ստեղծելիս։ Ձեռնադրվել է Սյունյաց եպիսկոպոս, հիմնադրել տեղի դպրոցը։ Մասնակցել է Արտաշատի ժողովին (449) և ստորագրել պարսից զորապետ Միհրներսեհին ուղարկված պատասխան նամակը։ Նրան են վերագրում «Ի խորհուրդ Յովնանու մարգարէի», «Յաղագս Յովհաննու Մկրտչի» ճառերը և հույն մատենագիրներ Փիլոնի ու Իրենեոսի գործերի թարգմանությունները։
Գրկ. Սարգսյան Բ., Անանիա թարգմանիչն և յուր գրական գործոց նմուշներ, Վնտ., 1899։
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ, Անանե Նարեկացի (ծն. թ. անհտ.– մոտ 978), հայ մատենագիր, փիլիսոփա, Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիր։ Գրիգոր Նարեկացու ազգականներից։ Կասկածվել է թոնդրակյան շարժմանը հարելու մեջ։ Կաթողիկոս Անանիա Ա Մոկացու պահանջով իր դավանանքի մասին գրել է «Գիր խոստովանութեան»-ը, որով հերքել է աղանդավոր լինելու վերաբերյալ իր դեմ եղած մեղադրանքները։ Նույն կաթողիկոսի հրամանով է գրել «Հակաճառութիւն ընդդեմ թոնդրակեցւոց»-ը, որից մի քաղվածք է պահպանվել Հովհաննես Երզնկացու մոտ։ Ուխտանեսը հիշատակում է նաև Ա. Ն–ու «Հաւատարմատ» (973) գործը, ուր ձաղկել է «երկաբնակներին»: Ա. Ն-ու գրվածքները կարևոր աղբյուրներ են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար։ Որպես մանկավարժ Ա. Ն. մեծ տեղ է տվել գրականությանը և երգեցողությանը։ Դասավանդման մեջ նա առաջնային է համարել ուսուցչի անձնական օրինակը, գիտելիքների հարստությունը։ Ա. Ն-ու աշակերտներից հայտնի են Գրիգոր Նարեկացին և նրա եղբայր Հովհաննեսը։ Աշակերտներից Ուխտանեսը նրա խնդրանքով գրել է «Պատմութիւն Հայոց»-ը։
Գրկ. Աճառյան Հ. Հ., Հայոց անձնանունների բառարան, հ. 1, Ե., 1942, էջ 151։
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դարի հայ գիտնական, առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։ Հետազոտողների մի մասի կարծիքով Ա. Շ. ծնվել է Շիրակի կա՛մ Շիրակավան (Երազգավորս), կա՛մ Անանիա (Անեանք) գյուղում, իսկ մյուս մասի կարծիքով՝ Անիում։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում, այնուհետև, գիտելիքները խորացնելու նպատակով, 11 տարի ճանապարհորդել ու սովորել արտասահմանում, որից 8 տարին՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի դպրոցում (Տրապիզոն)։