Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բակլա, սիսեռ։ Բարդածաղկավորներ՝ թարխուն, հազար, կանգար։ Շրթնածաղկավորներ՝ ռեհան, կորթին։ Տուղտազգիներ՝ բամիա։ Հնդկացորենազգիներ՝ թրթնջուկ, խավրծիլ։ Բ․ գործածվում է հում, եփած, աղը դրած, ինչպես նաև չորացրած և պահածոյացված ձևերով։ Աղը դրած Բ-ի մեջ վիտամինների և հանքային աղերի կորուստը չնչին է, իսկ թթուների մեջ ընթացող կաթնաթթվային խմորումը բարձրացնում է դրանց մարսելիությունը։ Ըստ հյութալի օրգանների օգտագործման, Բ․ ստորաբաժանվում է 1․ տերևաբանջարների՝ կաղամբ, սպանախ, հազար, մաղադանոս, նեխուր, գինձ, կոտեմ, սամիթ, ռեհան, կորթին ևն։ 2․ Պտղաբանջարների՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, վարունգ, սեխ, ձմերուկ, դդում, դդմիկ, բամիա ևն։ 3․ Արմատապտուղների՝ գազար, ճակնդեղ, բողկ, ամսաբողկ, շաղգամ, գոնգեղ։ 4․ Սոխուկավորների՝ սոխ, սխտոր, պռասախոտ։

Ս․ Խաչատրյան

Պատկերազարդումը տես 280–281 էջերի միջև՝ ներդիրում։

ԲԱՆՋԱՐԿԱ, Բընջըրկա, Փընջըրկա, գյուղ Բարձր Հայքի Սպեր գավառում։ XX դ․ սկզբին ուներ 15 տուն հայ բնակիչ։ Բ-ում բնակվում էին նաև թուրքեր։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԲԱՆՋՈ (անգլ․ banjo), լարային, կսմիթային երաժշտական գործիք։ Իրանը նման է կաշվե թաղանթով տափակ դափի։ Ունի 4-9 լար։ Նվագում են կնտնտոցով, հնչյունը սուր է, արագ մարող։ XVII դ․ Աֆրիկայից բերվել է ԱՄՆ։ XIX դ․ Բ․ կատարելագործվել է։ Նրա տարատեսակներն օգտագործվում են ջազում։

ԲԱՆՋՈՒԼ (մինչև 1973-ը՝ Բաթերստ), Գամբիայի մայրաքաղաքը (1965-ից) և ծովային նավահանգիստը։ 45 հզ․ բն․ (1970)։ Երկրի առևտրաարդյունաբերական և ֆինանսական կենտրոնն է, ունի մշակող արդյունաբերության ձեռնարկություններ (յուղի, գետնընկույզի մաքրման և մշակման, տոմատի վերամշակման, ձկան պահածոների), գետային նավաշինություն, միջազգային օդանավակայան։

«ԲԱՆՎՈՐ», թերթ (անկանոն պարբերականությամբ)։ Հրատարակություն ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի։ Լույս է տեսել 1900–01-ին, Թիֆլիսում։ Հայերեն առաջին բանվորական թերթն էր, որի շուրջը համախմբվել էին Մ․ Մելիքյանը, Ա․ Կախոյանը, Պ․ Փիլոսյանը, Գ․ Կուզիկյանը, Պ. Թավլիշյանը, Գ․ Մկրտումյանը, Ա․ Վարդանյանը և ուրիշներ։ «Բ․»-ի ոչ մի համար չի հայտնաբերված, նրա մասին տեղեկությունները քաղված են ցարական ժանդարմական գործերից և հրատարակողների նամակներից։ Թերթը ձգտել է բարձրացնել հայ բանվորների քաղ․ գիտակցությունը, նրանց իրազեկ դարձնել Ռուսաստանի ու Եվրոպայի պրոլետարիատի հեղափոխական գործունեությանը։ Տպագրել է նաև հեղափոխական բանաստեղծություններ և երգեր։

Խ․ Բարսեղյան

«ԲԱՆՎՈՐ», միամսյա հանդես։ Լույս է տեսել 1904-ին, Ժնևում։ «Հայ սոցիալ-դեմոկրատիայի» օրգան։ Հաջորդել է հայ սոցիալ-դեմոկրատների՝ Ժնևում հրատարակած «Հանդես» ամսագրին (1900)։ Խմբագիր՝ Ե․ Պալյան։ Տպագրել է տեսական հոդվածներ սոցիալ-դեմոկրատիայի գաղափարախոսության, նպատակների և խնդիրների մասին, Հայկական հարցի լուծումը կապել պրոլետարիատի դասակարգային պայքարի հետ։ Արտատպել է թարգմանական հոդվածներ եվրոպական սոցիալ-դեմոկրատներից։ Ունեցել է թղթակցությունների, ծանուցումների բաժին։

«ԲԱՆՎՈՐ», օրաթերթ, ՌՍԴԲԿ Անդրկովկասյան երկրային կոմիտեի և Թիֆլիսի կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1918-ին, Թիֆլիսում։ Թերթը իր հոդվածներով հավատ է ներշնչել աշխատավորներին Անդրկովկասում սովետական իշխանության հաղթանակի նկատմամբ, կոչ է արել բանվորներին համախմբվել բոլշեվիկների շուրջը։ Տպագրել է տեսական հոդվածներ պատերազմի խաղաղության, դասակարգային պայքարի, ագրարային և ազգային հարցերի, ինչպես նաև տեղեկություններ Անդրկովկասի և Ռուսաստանի հեղափոխական շարժման մասին, պայքարել բուրժուական նացիոլիզմի դեմ։ Աշխակցել են Ա․ Կասյան, Ս. Խանոյանը, Հ․ Կամարին, Ա․ Մռավյանը, Ս․ էվոյանը և ուրիշներ։

Խ. Բարսեղյան

«ԲԱՆՎՈՐ», հասարակական-քաղաքական ամսագիր։ Լույս է տեսել 1919-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Մ․ Երզնկյան։ Ամսագիրը մենշևիկյան գաղափարախոսությունն արտահայտող հոդվածների հետ մեկտեղ ընդարձակ տեղ է հատկացրել Սովետական Ռուսաստանի քաղ․, հասարակական և տնտ․ խնդիրներին, տպագրել Վ․ Ի․ Լենինի և Մ․ Գորկու հոդվածները։ Անդրադարձել է մասնավորապես սովետական իշխանության ձեռնարկներին՝ սոցիալիստական արվեստի և մշակույթի զարգացման ուղղությամբ, տպագրել Ա․ Լունաչարսկու թեզիսները, որտեղ ընդգծվում են գեղարվեստական երկի դասակարգային նշանակությունը և դերը ժողովրդի սոցիալիստական դաստիարակության գործում, ինչպես նաև Ն․ Կրուպսկայայի՝ լուսավորության հարցերին նվիրված հոդվածները։

«ԲԱՆՎՈՐ», քաղաքական, հասարակական և գրական եռօրյա, ապա՝ շաբաթաթերթ։ Հայ բանվորական կուսակցության (ԱՄՆ) օրգանը։ Լույս է տեսել 1922– 1924-ին, Նյու Յորքում։ Խմբագիր՝ Ս․ Սնարյան։ Արտահայտել է ամերիկահայ բանվորության առաջադիմական ձգտումները, տարածել Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարները ամերիկահայության շրջանում, հակադրվել նացիոնալիստական տարրերի գործելակերպին։ Լուսաբանել է Սովետական Հայաստանի կառավարության ձեռնարկները, սովետական կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը, միջազգային պրոլետարիատի դասակարգային պայքարը և հայ բանվորների մասնակցությունը։ Աջակցել է «Սովետական Հայաստանի տեխնիկական օգնության ընկերության» և ՀՕԿ-ի աշխատանքներին։ Տպագրել է գրական–երգիծական նյութեր։

«ԲԱՆՎՈՐ», օրաթերթ, հրատարակվում է 1923-ից, Լենինականում։ ՀԿԿ Լենինականի քաղկոմի և Աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի օրգան (սկզբում՝ ՀԿ(բ)Կ Ալեքսանդրապոլի գավկոմի, գավգործկոմի, գավպրոֆբյուրոյի և երկաթուղայինների արհմիության բաժանմունքի օրգան)։ Հաջորդել է ՀԿ(բ)Կ Ալեքսանդրապոլի գավկոմի և գավհեղկոմի օրգան «Կարմիր Շիրակ» (1921-22) և Ալեքսանդրապոլի գավկոմի և գավգործկոմի օրգան «Շիրակի ռանչպար» (1922– 1923) թերթերին։ 1920-ական թթ․ թերթը լուսաբանել է գավառում արդյունաբերության, երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության զարգացման խնդիրները։ Հետագա տարիներին պայքարել է ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության իրականացման համար։ Ետպատերազմյան շրջանում նյութեր է տպագրել քաղաքի տնտեսության վերակառուցման ու զարգացման, աշխատավորության ինտերնացիոնալ դաստիարակության, ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամության մասին։ «Բ․» օգնում է քաղաքի աշխատավորներին ՍՄԿԿ համագումարների որոշումների և ժողտնտեսության զարգացման հնգամյա պլանների կատարման գործում։ Պարբերաբար տպագրում է ընթերցողների նամակները, տալիս գրականությանը և