Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնահատվել Բ․ ճ–ի նշանակությունը ամբողջ Կովկասյան ռազմաճակատի գործողությունների համար։

Գրկ․ Богданович М․, Восточная война 1853–56, т․ I, СПБ, 1877։ Тарле Е․, Соч․, т․ 8, М․, 1959․

Վ․ Պարսամյան

ԲԱՇԿԱԼԱՅԻ ԳՈԳՀՈՎԻՏ, Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արևելք, Մեծ Զաբ (Աղբակ) գետի վերին հոսանքում։ Արմ–ից եզերվում է Չոլախ դաղի, արլ–ից՝ Քրդստանի, հվ–ից՝ Ջիլոդաղի լեռներով։ Լեռների խիտ և խոր մասնատված լանջերն ստորոտներում փոխանցվում են խզումնա-աստիճանավոր սարավանդների, որոնցից մեկի վրա է գտնվում Բաշկալա (պատմական Ադամակերտ) ավանը (2250 մ)։ Գոգհովտի հատակը սինկլինալ գրաբենային ծագման լայն դարավանդային հարթավայր է (1900–2100 մ)՝ լցված լճագետային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, ուղղաձիգ գոտիականության բնորոշ հակադրություններով։ Տեղումները հարթավայրում 500–600 մմ են, լանջերին՝ 700–800 մմ, իսկ Ջիլոդաղի լանջերին՝ մինչև 1000–1500 մմ։ Հողածածկը սևահողերից մինչև ալպյան լեռնամարգագետնային է՝ տափաստանային, ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսականությամբ, լեռնալանջերին՝ սաղարթավոր անտառներ (մինչև 1900 մ)։

Ս․ Բալյան

ԲԱՇԿԻՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Բաշկիրիա (Բաշկորտոսաան), ՌՍՖՍՀ կազմում։ Կազմվել է 1919-ի մարտի 23-ին։ Տարածությունը 143,6 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 3828 հզ․ (1975)։ Ունի 53 գյուղական շրջան, 17 քաղաք և 38 քտա։ Մայրաքաղաքը՝ Ուֆա։

Պետական կարգը։ Բ․ բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետություն է, սովետական ինքնավար հանրապետություն։ Պետական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, կառավարությունը՝ Մինիստրների սովետը։ Պետական իշխանության տեղական մարմինները բնակչության կողմից երկու տարի ժամանակով ընտրվող աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են։ Գերագույն սովետն ընտրում է գերագույն դատարան։ Բաշկիրական ԻՍՍՀ դատախազը նշանակվում է ՍՍՀՄ գլխավոր դատախազի կողմից՝ 5 տարի ժամանակով։

Բնությունը։ Բ․ գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանագծում, գրավում է Արևելա–Եվրոպական հարթավայրի արևելյան, Հարավային Ուրալի և բարձրադիր–հարթավայրային Անդրուրալի մի մասը։ Արմ․ մասը հարթավայրային է, արլ–ը՝ հիմնականում լեռնային։ Հարուստ է նավթով, գազով, ածխով, քարաղով, պղնձով, ցինկով։ Կլիման ցամաքային է։ Հունվարին միջին ջերմաստիճանը արմ–ում –14°C է, արլ–ում՝ –17,5°C, հուլիսին՝ համապատասխանաբար 20,5°C և 16,5°C։ Տեղումների տարեկան միջին քանակը 300 մմ–ից 500 մմ է (լեռներում՝ 500–600 մմ)։ Գլխավոր գետը Կամայի վտակ Բելայան է (Նուգուշ, Սիմ, Ուֆա, Դյոմա վտակներով), Անդրուրալը հարուստ է լճերով։ Հիմնականում տարածված են սևահողերը, մոխրագույն անտառային և ճմապոդզոլային հողերը։ Անտառներում տիրապետում են կաղնին, լորին, եղևինը, եղևնին։ Հարուստ է կենդանական աշխարհը (սկյուռ, նապաստակ, խլուրդ, խլահավ)։ Բաշկիրական արգելանոցը զբաղեցնում է 72 հզ․ հա։

Բնակչությունը։ Բուն բնակչությունը բաշկիրներն են։ Բնակվում են նաև ռուսներ, թաթարներ, չուվաշներ, մարիներ, ուկրաինացիներ և այլք։ Քաղաքային բնակչությունը 48% է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 26,6 մարդ (1970)։ Խոշոր քաղաքներն են Ուֆան, Ստեռլիտամակը, Սալավաթը, Օկտյաբրսկին, Բելորեցկը, Իշիմբայը։

Պատմական ակնարկ։ Արաբական գրավոր աղբյուրներում բաշկիրները հիշատակվում են IX-X դդ․ «բաշգիրդ» («բաշգուրդ») անունով։ IX-XIII դդ․ նրանք ապրում էին Նախաուրալում, Հարավային Ուրալում, Վոլգա և Յաիկ (Ուրալ) գետերի շրջանում, զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ XII դ․ վերջին և XIIIդ․ սկզբին սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ X-XIII դդ․ արմ․ Բ․ հպատակվում էր բուլղարներին [տես Բուլղարիա (Վոլգա–Կամայան)]։ X դ․ սկսած արմ․ Բ․ ներթափանցեց իսլամը։ XIII դ․ 1-ին կեսին Բ․ ընկավ մոնղոլների տիրապետության տակ։ Ոսկե Հորդայի անկումից հետո (XV դ․ 2-րդ կես) Բ․ բաժանվեց տարբեր խանությունների։ Իվան IV-ի ժամանակ, Կազանը ռուսների գրավումից հետո, բաշկիրներն ընդունեցին ռուս. հպատակություն․ 1557-ին Բ–ի մեծ մասը ինքնակամ մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Որպես ազգություն բաշկիրները հիմնականում ձևավորվեցին XVI դ․։ Տեղական և ռուս. ֆեոդալների ճնշումը, դաժան հարկահանությունը պատճառ դարձան հաճախակի ապստամբությունների (1662-64, 1681-83, 1704-11, 1735-40,