Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միաժամանակ առկա է նաև ազոտ, ապա ստացվում է ցիանիդ՝ Ва(CN)2։ Բ․ լուծվում է հեղուկ ամոնիակում, առաջացնելով հեքսամին՝ Ва(NH3)6 կոմպլեքսային միացությունը։ Բ–ի կարբոնատը՝ ВаСО3, ջրում վատ լուծվող, անգույն նյութ է։
Բ–ի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրը բարիտն է։ Բոցային վառարաններում այն վերականգնում են ածխածնով՝ BaSO4+4C=BaS+4CO։ Ստացված BaS-ից ստանում են Բ–ի մյուս միացությունները։ Մետաղական Բ․ ստանում են նրա օքսիդի և ալյումինի խառնուրդը վակուումում տաքացնելով (1100-1200°C)։ Ստացված Բ․ գոլորշիանում է և նստում սարքի սառը մասերի վրա։ Մետաղական Բ–ի գործնական կիրառությունը սահմանափակ է։ Բ․ և նրա համաձուլվածքները մագնեզիումի և ալյումինի հետ օգտագործում են բարձր վակուում ստանալու համար, որպես մնացորդային գազերի կլանիչներ (գետտեր)։ Բ․ չնչին քանակով մտնում է շփման փոքր գործակից ունեցող մի քանի համաձուլվածքների բաղադրության մեջ։ Տպագրական տեխնիկայում օգտագործվող կապարը պարունակում է Բ․, որը մեծացնում է կապարի կարծրությունը։ Բ–ի և նիկելի համաձուլվածքները օգտագործում են ռադիոլամպերում և ներքին այրման շարժիչների բռնկիչ էլեկտրոդներ պատրաստելիս։ Փոքր քանակներով Բ․ օգտագործվում է նաև պղինձը և կապարը ծծմբից և գազերից մաքրելու համար։ 140Ba ռադիոակտիվ ինդիկատոր է։ Մեծ կիրառություն ունեն Բ–ի միացությունները։ ВаО3-ը օգտագործում են ջրածնի գերօքսիդ ստանալու, մետաքսը և բուսական թելերը սպիտակեցնելու, ալյումինաթերմիայում՝ հրկիզող խառնուրդներ պատրաստելու համար։ ВаСl2-ը օգտագործվում է որպես միջատասպան, նաև կաշին ծանրացնելու և գունաթափելու համար։ BaS-ը կաշին մազազերծող է։ Ва(ОН)2-ը պոլիմերման հարուցիչ է՝ ռեակտիվ ՏO4-2 և СO3-2 իոնները հայտնաբերելու համար։ ВаСО3-ը Բ–ի միացությունների ստացման ելանյութ է, օգտագործվում է նաև կրծողներին ոչնչացնելու, արծններ և ջնարակներ ստանալու համար։ Ва(NO3)2-ը օգտագործվում է պիրոտեխնիկայում։ Բ–ի քրոմատը՝ BaCrO4, և մանգանատը՝ Ba(MnO4)2, պիգմենտներ են։ Բ–ի տիտանատը՝ ВаTiO3, կարևոր սեգնետոէլեկտրիկ է։ Բ–ի պլատինացիանատը ռենտգենյան և ճառագայթների ազդեցության տակ ֆլուորեսցենցում է դեղնականաչավուն լույսով և օգտագործվում համապատասխան էկրաններ պատրաստելու համար։ Բ․ և նրա միացությունները ռադիոակտիվ ճառագայթների լավ կլանիչներ են և մտնում են պաշտպանողական նյութերի բաղադրության մեջ։
Գրկ․ Баранова М․ К․, Барий․ (Обзор литературы), М․, 1962․
Լ․ Գրիգորյան


ԲԱՐԻՈՒՄԻ ՍՈՒԼՖԱՏ, BaSO4, ծծմբական թթվի բարիումական աղը։ Անգույնբյուրեղներ են, խտությունը՝ 4500 կգ/մ3, հալմ․ ջերմաստիճանը՝ 1580°C։ Ջրում և նոսր թթուներում գործնականորեն չի լուծվում (1 լ ջրում լուծվում է 2 մգ, 18°C-ում)։ Լուծվում է ծծմբական թթվի խիտ լուծույթներում (կոմպլեքսային միացության առաջացում)։ Բնության մեջ հանդիպում է բարիտ միներալի ձևով։ Բ․ ս․ օգտագործվում է թղթի, ռետինի, խեցեղենի արտադրություններում որպես լցանյութ, նավթահորերի հորատման համարօգտագործվող խառնուրդներում՝ ծանրացուցիչ։ Բ․ ս․ լավ կլանում է ռենտգենյան ճառագայթները և օգտագործվում ստամոքս–աղիքային հիվանդությունների ռենտգենահետազոտման համար։ Մտնում է բարիտային ցեմենտի և լիտոպոնի բաղադրության մեջ (տես նաև Բլանֆիքս


ԲԱՐԻՔՅԱՆ Մանուկ Ստեփանի (ծն․15․ 9․ 1920, Ադանա), հայ ջութակահար։ Ապրել է Կիպրոսում։ Ջութակ նվազել սովորել է 5 տարեկանից՝ աշակերտելով իր քեռուն՝ երաժիշտ–մանկավարժ Վ․ Պետելյանին։ 1936-ին փոխադրվել է Լոնդոն, 1936-39-ին սովորել «Թրինիթի քոլեջ օֆ մյուզիք»-ում։ 1946-ին մրցանակ է շահել Ժնևի միջազգային մրցույթում։ 1948-1957-ին եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը։ 1959-ից Լոնդոնի «Ռոյալ ակադեմի օֆ մյուզիք»-ի ջութակի պրոֆեսոր է։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայիև Ասիայի մի շարք երկրներում։ Հանդես է գալիս նաև իբրև դիրիժոր։
Ց․ Բրուտյան


ԲԱՐԽԱՆՆԵՐ, մայրցամաքային դյուներ, սորուն ավազի կիսալուսնաձև թմբեր՝ սուր ծայրերով դարձած դեպի տիրապետող քամիները։ Բնորոշ են պինդ գրունտով անապատներին։ Առանձին կամ խմբային Բ․ սովորաբար բարձր չեն՝ 0,5 մ մինչև մի քանի մ, սակայն ժամանակի ընթացքում կարող են հասնելմինչև 100 և ավելի մ բարձրության։ Բ–ի լայնական կտրվածքը անհամաչափ է․հողմադեմ, ուռուցիկ կողմի լանջը ավելի մեղմ թեքություն ունի (5-14°), քան հողմահար, գոգավոր կողմի լանջը (30-33°)։
Բարխանային ավազներ Կարա–Կումում
Կախված քամիների ռեժիմից՝ Բ–ի կուտակումից առաջանում են ռելիեֆի տարբեր ձևեր՝ բարխանային շղթաներ, բարխանային բուրգեր ևն։ Բուսականությամբ չամրացված Բ․ կարող են տեղաշարժվել տարեկան մի քանի տասնյակ սմ–ից մինչև մի քանի հարյուր մ։


ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Գևորգ (1835, Թիֆլիս - 1913, Թիֆլիս), հայ թարգմանիչ, գրող, մանկավարժ։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի գիմնազիայում։ 1851-ից ուսումը շարունակել է Դորպատում։ Որպես ուսուցիչ աշխատել է Հին Նախիջևանում, Ագուլիսում, Ախալցխայում (1855-76)։ Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է անցել Ներսիսյան դպրոցում։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ», «Փորձ», «Լումա», «Մուրճ» ամսագրերին ինչպես ինքնուրույն բանաստեղծություններով, այնպես էլ գերմաներենից կատարած թարգմանություններով(Գյոթե, «Ֆաուստ», Շիլլեր, «Դոն Կարլոս», «Վիլհելմ Տելլ», «Օռլեանի կույսը», Լեսինգ, «Նաթան իմաստուն» ևն)։ Գրել է պիեսներ («Սեր կամ մահ», 1869, «Բարեպաշտ մարդիկ», 1889); Բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1897-ին։
Գ․ Բարխուդարյան


ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Մկրտիչ Կարապետի [1862, Ագուլիս (Գողթան գավառ) - 1927, Մոսկվա], հայ գրականագետ, թարգմանիչ, խմբագիր–հրատարակիչ։ Սովորել է Լազարյան ճեմարանում, 1889-ին ավարտել Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժինը, եղել նույն համալսարանի հայ ուսանողության ընկերության կազմակերպիչներից ու ղեկավարներից։ 1888-96-ին Մոսկվայում հրատարակել է «Հանդես գրականական և պատմական» պարբերականը, որտեղ տպագրվել են Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկանյանի, Պ․ Պռոշյանի, Ղ․ Աղայանի, Ա․ Արփիարյանի, Հ․ Հովհաննիսյանի, Ա․ Ծատուրյանի, Գ․ Բարխուդարյանի, Ե․ Շահազիզի և ուրիշների արձակ, չափածո և գրականագիտական աշխատանքներն ու թարգմանությունները։ Իր տպարանում տպագրել է հայ գրողների երկերը, ինչպես նաև «Մարտ» թերթը։ Թարգմանել է Լ․ Տոլստոյի «Հաջի Մուրադ»-ը, Մ․ Գորկու պատմվածքներից մի քանիսը, Վիպպերի «Հին Արևելքը և Էգեյան կուլտուրան» գիրքը։ 1907-ին լույս է ընծայել «Անգլիայի պետական կազմը և քաղաքական կուսակցությունները» աշխատությունը։ 1920-ական թթ․ մասնակցել է Մոսկվայում արևելյան լեզուներով բառարանների հրատարակության աշխատանքներին։
Բ․ Հովակիմյան


ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Պատվական Անդրեյի [19(31)․ 8․ 1898, Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան) - 13․ 1․ 1948, Երևան], հայ սովետական կինոռեժիսոր։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ (1940)։ Սովորել է Թբիլիսիի թատերական դպրոցում, ապա Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստ–ի (Մոսկվա) ռեժիսորական ֆակուլտետում։ 1922-25-ին աշխատել է Վրաստանի կինոստուդիայում, 1926-ից՝ «Հայ–կինոյում»։ Բեմադրել է «Չար ոգի» (1927, Մ․ Գեյովանիի հետ), «Հինգը խնձորին»