Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

лешов Н․ А․, Анистратов Ю․ И․, Технология открытых горных работ, М․, 1968․

ԲԱՑ ՔԱՂԱՔ (միջազգային իրավունքում), պատերազմի ժամանակ ապառազմականացված հայտարարված քաղաք։ Բ․ ք․ զինված ուժերի պաշտպանությունից չի օգտվում և հակառակորդին դիմադրելու նպատակով պաշտպանական միջոցառումներ չի ձեռնարկում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բ․ ք․ են հայտարարվել Փարիզն ու Հռոմը։ Պատերազմի օրենքներով ու սովորույթներով Բ․ ք․ հայտարարվում է չեզոք, ռմբակոծության կամ գնդակոծության չի ենթարկվում։

Կ․ Մանուկյան

ԲԱՑԱՀԱՆՔ, հանքափորվածքների ամբողջություն, որոնք սարքավորված են բաց հանքային աշխատանքների միջոցով օգտակար հանածոներ արդյունահանելու համար։ Բ․ են անվանում նաև համապատասխան հանքային ձեռնարկությունը։

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, էլեկտրական շղթայի տարրի հատկություն, արտահայտվում է հոսանքի նվազմամբ, երբ լարման անկումը մեծանում է։ Այսինքն, հոսանքի ու լարման փոփոխությունները ըստ նշանի տարբեր են՝ R= –^ <0։ Շղթայի բացասական դիմադրությամբ տարրը էներգիա չի սպառում, այլ տալիս է շղթային։ Դա կատարվում է շղթայի էներգիայի պաշարը լրացնող և նրա կազմի մեջ մտնող լրացուցիչ որևէ աղբյուրի էներգիայի հաշվին։

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԹՎԵՐ, զրոյից փոքր իրական թվեր։ Տես նաև Թիվ։

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, տես Ջերմաստիճան։

ԲԱՑԱՍՄԱՆ ԲԱՑԱՍՄԱՆ ՕՐԵՆՔ, դիալեկտիկայի հիմնական օրենքներից։ Առաջինը ձևակերպել է Հեգելը։ Հետագայում մարքսիզմի դասականները մշակել են այն որպես «բնության, պատմության և մտածողության զարգացման չափազանց ընդհանուր և այդ պատճառով էլ չափազանց լայնորեն գործող ու կարևոր․․․ օրենք» (Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, 1967, էջ 188)։ Բ․ բ․ օ․ ցույց է տալիս զարգացման պրոցեսում հնի և նորի փոխհարաբերությունը, հիմնավորում զարգացման առաջադիմական բնույթը, նրա ընդհանուր ուղղությունը։ Դա արտահայտվում է «բացասում» հասկացությամբ, որը բնութագրում է իրերի և երևույթների անցողիկ բնույթը, հնի վերացումն ու նորի հաստատումը։ Համաձայն դիալեկտիկայի, բացասման պրոցեսում հինն ամբողջովին չի ոչնչանում, նրա դրական, զարգացմանը նպաստող կողմերն անցնում են նորին, որով և կապ է ստեղծվում զարգացման տարբեր փուլերի միջև։ Դիալեկտիկական բացասման էությունը բնորոշվում է նաև կրկնակի բացասմամբ։ Օբյեկտների ինքնազարգացումը առաջ է գալիս ներքին հակասություններից, որոնց մեջ առկա են նաև նրանց սեփական բացասման հնարավորությունները։ Բացասման նման ըմբռնումը հակադրվում է մետաֆիզիկականին, որը բացասման մեջ տեսնում է միայն ոչնչացումը։ Բ․ բ․ օ․ ցույց է տալիս հենց զարգացման ամբողջական շղթայում և ոչ թե նրա առանձին հանգույցներում դրսեվորվող օրինաչափությունները։ Դրանցից մեկը զարգացման վերընթաց բնույթն է, այն, որ բազմակի բացասումների հետեվանքով իրականանում է շարժումը ստորինից դեպի բարձրը, պարզից դեպի բարդը, պակաս կատարյալից դեպի ավելի կատարյալը։ Այս վերընթացությունը ներկայանում է ոչ թե ուղիղ գծով, այլ պարուրաձև։ Սա նշանակում է, որ զարգացումը վերընթաց է միայն իր հիմնական ուղղության, իր արդյունքի տեսակետից։ Իսկ ընդհանրության մեջ այն հակասական պրոցես է, որը ներառում է ինչպես վերընթաց, այնպես էլ վայրընթաց տենդենցներ, որոնց միջով էլ իր համար ուղի է հարթում զարգացման ընդհանուր վերընթացությունը։ Բ․ բ․ о-ի մեջ արտահայտված զարգացման մյուս օրինաչափությունը հնի կրկնությունն է կամ վերադարձ դեպի հինը՝ նոր, ավելի բարձր հիմքի վրա։ Այս օրինաչափությունը Հեգելի մոտ ներկայանում է «տրիադայի» սկզբունքով, ըստ որի զարգացման ամեն մի պրոցես պարտադիր կարգով անցնում է երեք աստիճան՝ թեզիս, անտիթեզիս, սինթեզիս, որը և Հեգելը դիտում է որպես համընդհանուր մի բանաձև՝ ողջ իրականությունը մեկնաբանելու համար։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է «եռաստիճանության» դերի նման բացարձակացում, այն, ըստ էության, դիտելով որպես մի մասնակի օրինաչափություն, որի մեջ յուրահատուկ արտահայտվում է զարգացման վերընթացությունը։

Ա․ Հովսեփյան

ԲԱՑԱՐԿ, քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում մատնանշված մասնակիցների հեռացումը գործի քննությունից, երբ կասկածի տակ է առնվում նրանց անաչառությունը։ Դատավորը, ժողովրդական ատենակալը, դատախազը, քննիչը, հետաքննություն կատարող անձը, դատական նիստի քարտուղարը, փորձագետը, մասնագետը, թարգմանը (քաղաքացիական դատավարությունում՝ նաև հասարակական կազմակերպության կամ աշխատավորների կոլեկտիվի ներկայացուցիչը և դատական կատարածուն) չեն կարող մասնակցել գործի քննությանը, եթե ուղղակի կամ անուղղակի կերպով շահագրգռված են գործի ելքով։ Դատավորի (նաև մյուս մասնակիցների) դեմ դատավարության կողմերը կարող են P․ հայտնել կամ դատավորը (նաև մյուս մասնակիցներից յուրաքանչյուրը) պարտավոր է ինքնաբացարկման միջոցով հրաժարվել գործին մասնակցելուց, եթե տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող է․ եթե ազգակցական կապի մեջ է դատավարության որևէ մասնակցի հետ․ եթե տվյալ գործին մասնակից է եղել, եթե նրա օբյեկտիվության մասին կասկած հարուցող այլ հանգամանքներ կան։ Դատավորի դեմ հայտարարված Բ․ նրա բացակայությամբ լուծում են մնացած դատավորները։ Դատարանի կազմի, դատախազի, փորձագետի, մասնագետի, թարգմանի, դատական նիստի քարտուղարի դեմ հայտարարված Բ․ լուծում է դատարանն իր ողջ կազմով, ձայների պարզ մեծամասնությամբ։ Քննիչի կամ հետաքննություն կատարող անձի Բ․ լուծում է դատախազը։ Հետաքննության և նախաքննության ժամանակ դատախազի Բ–ի հարցը վճռում է վերադաս դատախագը, իսկ թարգմանի, մասնագետի և փորձագետի Բ․ համապատասխանաբար՝ հետաքննություն կատարող անձը, քննիչը կամ դատախազը։

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՍՏՂԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ, տես Աստղային մեծություն։

ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, բացարձակ նիշ, Երկրի մակերևույթի որևէ կետի ուղղաձիգ հեռավորությունը օվկիանոսի մակերևույթի միջին մակարդակից։ Որոշվում է հարթաչավւման միջոցով։ Օվկիանոսի մակարդակից բարձր տեղադրված կետերի Բ․ բ․ ընդունվում է դրական, ցածր տեղադրվածներինը՝ բացասական։ ՍՍՀՄ–ում Բ․ բ․ հաշվվում է Բալթիկ ծովի մակարդակից (Կրոնշտադի ջրաչափ ձողի զրոյից)։

ԲԱՑԱՐՁԱԿ ԶՐՈ, բացարձակ ջերմաստիճանի հաշվարկման սկիզբը, գտնվում է ջրի եռակի կետից 273,16° К ցած։ Բացարձակ ջերմաստիճանի և Բ․ զ–ի գոյությունը հետևում է թերմոդինամիկայի երկրորդ օրենքից։ Երբ ջերմաստիճանը մոտենում է Բ․ զ–ին, նյութի ջերմային բնութագրերը՝ էնտրոպիան, ջերմունակությունը, ջերմային ընդարձակման գործակիցը, ձգտում են զրոյի։ Բ․ զ–ին մոտ ջերմաստիճանում, մոլեկուլների ջերմային շարժման ինտենսիվության կտրուկ անկման շնորհիվ, համարյա բոլոր նյութերը (բացառությամբ հեղուկ հեյիումի) ունենում են կարգավորված բյուրեղային կառուցվածք։ Դասական ֆիզիկայի պատկերացումների համաձայն, Բ․ զ–ում նյութի մոլեկուլների և ատոմների ջերմային (քաոսային) շարժման էներգիան հավասար է զրոյի։ Իսկ ըստ քվանտային մեխանիկայի, Բ․ զ–ում նյութի բյուրեղային ցանցի հանգույցներում տեղավորված ատոմները կամ մոլեկուլները լրիվ դադարի մեջ չեն, այլ կատարում են «զրոյական» տատանումներ և ունեն, այսպես կոչված, զրոյական էներգիա։ Եթե ատոմների զանգվածներն ու նրս!նց փոխազդեցության էներգիան փոքր են, ապա զրոյական տատանումները կարող են խանգարել բյուրեղային ցանցի գոյացմանը։ Օրինակ, հելիումի 3Не և 4Не իզոտոպները չեն պնդանում նույնիսկ Բ․ զ–ին մոտ այն ջերմաստիճաններում, որոնք մինչև հիմա ստացվել են։ Բ․ զ–ին շատ մոտ ջերմաստիճանների ստացումը բարդ պրոբլեմ է (տես Ցածր ջերմաստիճաններ), սակայն արդեն ստացվել են այնպիսի ջերմաստիճաններ, որոնք աստիճանի միլիոներորդական մասերով են միայն տարբերվում Բ․ զ–ից։

ԲԱՑԱՐՁԱԿ ԻԴԵԱԼԻԶՄ, օբյեկտիվ իդեալիզմի տարատեսակ, որը ելնում է բացարձակ իդեայի օբյեկտիվ գոյության դրույթից։ Բ․ ի․ հատկապես հատուկ է Հեգելի և նրա հետևորդների փիլ․ համակարգին։

ԲԱՑԱՐՁԱԿ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ահս Օդի խոնավություն։