Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գացման առկա մակարդակից, որպեսզի ապահովվի տեխնիկական առաջադիմությունը։ 1971-ին ՍՍՀՄ–ում որակավորվել է 19 մլն., ՀՍՍՀ–ում՝ մոտ 140 հզ. բանվոր և ծառայող։


ԱՇԽԱՏՕՐ (աշխատանքի ժամանակ), օրվա որոշակի մաս, որի ընթացքում մարդն աշխատում է ձեռնարկությունում կամ հիմնարկությունում։ Ա. փոփոխուն մեծություն է միայն որոշակի սահմաններում։ Ա. բաժանվում է անհրաժեշտ աշխատաժամանակի և հավելյալ աշխատաժամանակի։ Շահագործողական հասարակության մեջ այդ բաժանումն ունի հակամարտ բնույթ, որովհետև հավելյալ աշխատաժամանակում ստեղծված արդյունքները անհատույց յուրացնում են ձեռնարկատերերը։ Հավելյալ արժեքի չափերը մեծացնելու նպատակով կապիտալիստը ձգտում է երկարաձգել Ս. ի հաշիվ հավելյալ աշխատաժամանակի ավելացման։ Կապիտալիզմի օրոք աշխատանքային օրվա տևողությունը որոշվում է բուրժուազիայի և պրոլետարիատի պայքարի հարաբերակցությամբ։

Սոցիալիզմի պայմաններում այն պայմանավորված է աշխատավորների առողջության պահպանության պահանջներով և աշխատանքի արտադրողականության մակարդակով։ Սովետական իշխանության առաջին օրերին դեկրետ հրապարակվեց 8-ժամյա աշխատանքային օրվա մասին, իսկ առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքային պրոցեսներում այն իջեցվեց մինչև 7 և 6 ժամի։ 1956-ին դեռահասների համար սահմանվեց 6 և 4-ժամյա, բանվոր–ծառայողների համար՝ նախահանգստյան և նախատոնական օրերին 6-ժամյա Ա., սկսվեց անցումը 7-ժամյա աշխատանքային օրվա։ 1966–67-ին իրականացվեց անցումը երկու հանգստյան օրով հնգօրյա աշխատանքային շաբաթի՝ պահպանելով շաբաթվա աշխատաժամերի ընդհանուր քանակը:


«ԱՇԽԱՐՀ», հայ մատենագրության մեջ այս կամ այն ժողովրդի երկիրը սովորաբար կոչվել է «աշխարհ»՝ «Պարսից աշխարհ» (պարսիկների երկիր, Պարսկաստան), «Վրաց աշխարհ» (վրացիների երկիր, Վրաստան), «Հայոց աշխարհ» (հայերի երկիր, Հայք, Հայաստան) ևն։ «Ա.» էլ իր հերթին մասնատվում է տերիտորիալ ավելի փոքր միավորումների՝ «փոքր աշխարհ»–ների, իսկ սրանք էլ՝ գավառների։ Սակայն «փոքր աշխարհ»–ները նույնպես հաճախ կոչվել են «Ա.»։ Մեծ Հայքը (Պատմական Հայաստան) ուներ 15 «փոքր աշխարհ»՝ Այրարատ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Սոկք, Աղձնիք, Չորրորդ Հայք (Ծոփք), Բարձր Հայք և Տայք։ Դրանց մի մասը միջին դարերում սոսկ բնական մեծ շրջաններ էին (Այրարատ, Տուրուբերան ևն), իսկ մյուս մասը՝ վարչա–տերիտորիալ միավորներ (Սյունիք, Տայք, Մոկք, Գուգարք ևն)։ Որպես «փոքր աշխարհ»–ի հոմանիշներ գործ են ածված նաև «Կողմ», «Դունդ», «Տուն» տերմինները։


«ԱՇԽԱՐՀ», գրական–հասարակական թերթ, ֆրանսահայ մշակութային միության օրգան։ Լույս է տեսնում 1960-ից, Փարիզում։ Սկզբում շաբաթաթերթ Էր, 1967-ից՝ եռօրյա, 1971-ի վերջից՝ դարձյալ շաբաթաթերթ։ Խմբագիրն է Ավետիս Ալիքսանյանը։ «Ա.» պայքարում է հայրենիքի շուրջը սփյուռքահայությանը համախմբելու, հանուն ժողովուրդների խաղաղ գոյակցության, ջատագովում է հայ և ֆրանսիական ժողովուրդների բարեկամությունը։ «Ա.»–ի շուրջն են համախմբվել Ֆրանսիայի հայ առաջադեմ մտավորականներ Մ. Աթմաճյանը, Զ. Որբունին, Հ. Զարդարյանը, Պ. Զարոյանը և ուրիշներ։ 1968-ի հունվարից լույս է տեսնում Ա–ի հավելված «Աշխարհ գրականության և արվեստի» ամսաթերթը, որտեղ տպագրվում են սփյուռքահայ և սովետահայ գրողների ստեղծագործությունները։ «Ա.» պրոպագանդում է Սովետական Հայաստանի հաջողությունները։


ԱՇԽԱՐՀԱԲԱՐ (այլ անվամբ՝ նոր հայերեն, սխալ անվամբ՝ աշխարհաբառ), հայոց լեզվի նոր որակը, հայ ժողովրդի արդի ընդհանուր խոսակցական ու գրական լեզուն։ Հաջորդել է միջին հայերենին և իր սաղմերով թեև գալիս է հնից, բայց ըստ Էության սկզբնավորվել է XVII դարում։ Կենդանի բարբառներն իրենց ունեցած ընդհանրությունների շնորհիվ բանավոր հաղորդակցման հնարավորություն էին ընձեռում հայ հասարակությանը, իսկ որպես գրական լեզու գործածվում էր վաղուց ժողովրդին անհասկանալի դարձած գրաբարը։ Զգացվում էր նոր գրական լեզվի անհրաժեշտությունը, որի կազմավորումն սկզբնական շրջանում տարերային բնույթ էր կրում։ Ա–ի վաղ շրջանի գրավոր հուշարձաններում ժամանակի խոսակցական լեզվի ու բարբառների հետ օգտագործվել են նաև գրաբարն ու միջին հայերենը։ ժողովրդական լեզվամտածողության համապատասխան, Ա. հետզհետե կերպարանափոխվել է, թոթափվել ինչպես գրաբարյան, այնպես էլ բարբառային անհարկի ձևերից ու տարրերից։ Հայ հասարակության գոյավիճակն իր որոշակի կնիքն է դրել Ա–ի զարգացման ու ճակատագրի վրա, պայմանավորել նրա երկու ճյուղերի՝ արևելահայերենի կամ արևելահայ Ա–ի և արևմտահայերենի կամ արևմտահայ Ա–ի առաջացումը։ Արևելյան Հայաստանում «ում» ճյուղի բարբառները և հատկապես Արարատյան բարբառը, Արևմտյան Հայաստանում «կը» ճյուղի բարբառները և հատկապես Պոլսի բարբառը, համապատասխանաբար հենարան են ծառայել տարբեր պետությունների գերիշխանության ներքո ձևավորվող երկու գրական լեզուների համար։ Ա. զարգացման նոր հուն է մտել XIX դարում։ Բուրժուական հարաբերությունների զարգացմամբ պայմանավորված, հայ ժողովրդի՝ իբրև ազգի կազմավորման շրջանում, ուժեղ պայքար է ծավալվում մեռած գրաբարը ասպարեզից դուրս մղելու և գրականության մեջ աշխարհաբարի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Գրաբարի դեմ և աշխարհաբարի օգտին մղված պայքարում, որ ընդունված է կոչել «գրապայքար», արևելահայ իրականության մեջ մեծ դեր են խաղացել Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանցը և ուրիշներ։ XIX դ. 60-ական թթ. ժողովրդախոսակցական աշխարհաբարը իր վերջնական հաղթանակը տարավ գրաբարի նկատմամբ և հաստատուն դիրքեր նվաճեց գրականության մեջ ու կյանքի այլ բնագավառներում։ Արևմտահայ իրականության մեջ «գրապայքարը» ծավալվեց XIX դ. 40-ական թթ. և տևեց մինչև դարավերջը։ Արևմտահայ աշխարհաբարի իրավունքների հաստատման խնդրում կարևոր ծառայություն մատուցեցին Մխիթարյանները, ՜եահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Ստեփան Ոսկանը, Կարապետ Ություճյանը և ուրիշներ։ Մշակվեցին ու կատարելագործվեցին արևելահայ և արևմտահայ գրական լեզուները։ Այս խնդրում նշանակալից է Լազարյան ճեմարանի և այլ կրթական հաստատությունների, «Բազմավեպ» և «Հյուսիսափայլ» հանդեսների դերը։ Քաղաքացիության իրավունք նվաճելով և աստիճանաբար ընդարձակելով իրենց գործառնությունները՝ արևելահայերենը և արևմտահայերենը դառնում են դպրոցական ուսուցման առարկա, զգալի մշակվածության ու ճոխության հասնում գեղարվեստական գրականության (Րաֆֆի, Մուրացան, Նար–Դոս, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Հ. Պարոնյան, Պ. Դուրյան, Գ. Զոհրապ, Մ. Մեծարենց, Դ. Վարուժան, Սիամանթո և ուրիշներ) ու պարբերական մամուլի մեջ։ XIX դ. 60–70-ական թթ–ից կազմվում և գործածություն են ստանում հայ երկու գրական լեզուների քերականության դասագրքերը (Ա. Այտընյան, Ս. Պալասանյան), որոնք ևս զգալի դեր են խաղացել դրանց մշակման գործում։

Ա. զարգացման նոր շրջան է թևակոխել Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Եթե արևմտահայ գրական լեզուն զրկվել է զարգացման բարենպաստ պայմաններից և այժմ ծառայում է միայն սփյուռքահայությանը (բացի Իրանահայ ու հնդկահայ գաղթավայրերը), ապա արևելահայ գրական լեզուն Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ դարձել է Հայկական ՍՍՀ պետական լեզուն։ Զգալիորեն փոխվել ու հարստացել է նրա բառապաշարը, կայունացել է քերականական համակարգը, ստեղծվել գիտա–տեխնիկական հարուստ տերմինաբանություն ևն։ Արևելահայ գրական լեզուն, մեծապես ազդելով բարբառների վրա, ծավալվել, դարձել է ժողովրդական լայն զանգվածների սեփականությունը։

Գրկ. Շրոդեր Հ., Արամեան լեզուին գանձ, Ամստերդամ, 1711: Այտընյան Ա., Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Վնն., 1866։ Նալբանդյան Մ., Հատվածներ «Աշխարհաբարի քերականության» ներածությունից, Երկ. լիակտ. ժող., հ. 3, Ե., 1940։ Պալասանյան Ս., Ընդհանուր տեսություն արևելյան